Քեմալական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարժման անդամները Սեբաստիայի համաթուրքական կոնգրեսի ժամանակ, ձախից աջ՝ Ռաուֆ Օրբայ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Ահմեդ Ռուստեմ Բիլինսկին

Թուրքիայի ազգային շարժում (թուրք.՝ Türk Ulusal Hareketi), Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանրապետությունը։[1] Իրականում Քեմալական շարժումը ազգայնամոլական ցեղապաշտական ուղղվածությամբ հետադիմական շարժում էր՝ ուղղված Թուրքիայի տիրապետության պահպանմանը ճնշված ենթակա ժողովուրդների և նրանց տարածքների նկատմամբ, իսկ նրանց դիմադրության դեպքում՝ ընդհուպ մինչև այդ ժողովուրդների մասնակի կամ ամբողջական բնաջնջումը։

Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին իրենց միջև բաժանել Օսմանյան կայսրության իրենց կողմից գրավված տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։

Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6Կարինում (Էրզրում) տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է «ներկայացուցչական կոմիտե»՝ Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) տեղի է ունենում «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչում Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է անում՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։ Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճողական ձգտում։ Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»:

Սվասի կոնգրեսի մասնակիցների խմբակային լուսանկար

1919 թվականի վերջին Քեմալական շարժման կենտրոնը դառնում է Անկարան: Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էին («ազգային ուժեր»)։ Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ, վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից՝ քեմալականները զենք են գնում Ֆրանսիայից և Իտալիայից:

Մուստաֆա քեմալը գաղափարակից հեղափոխականների հետ

1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվում է մեջլիս (ազգային ժողով)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱԱԺ), որն էլ կազմում է կառավարություն Քեմալի գլխավորությամբ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվում է Սևրի հաշտության պայմանագիրը, որը չի ճանաչում Անկարայի կառավարությունը, ուստի՝ այս հողի վրա Քեմալական շարժումը նոր ծավալ է ստանում։

Քեմալականների մերձեցումը բոլշևիկներին և ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմալական շարժման նոր թափ առնելուն նպաստում է քեմալականների մերձեցումը բոլշևիկների հետ, որոնք այդ ժամանակ արդեն գրեթե երկու տարի զավթել էին իշխանությունը Ռուսաստանում։ Քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված Ռուսաստանը գտնվում էր միջազգային քաղաքական մեկուսացման մեջ, ուստի փնտրում էր իր հետ դաշնակցելու ընդունակ ուժեր։ Դրանցից մեկն էր քեմալական շարժումը, որի պայքարը Արևմուտքի և մասնավորապես՝ Անտանտի դեմ լիովին համընկնում էր կարմիր Ռուսաստանի քաղաքական նպատակներին։ Ուստի Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը մեծապես նպաստում է քեմալական շարժման ծավալմանը և նրա հաղթանակին ընդդեմ հարևան նորանկախ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության։ Միջազգային հանրության կողմից չճանաչված Ռուսաստանի կառավարությունը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և ավելի քան 10 միլիոն տոննա ոսկով անհատույց տրամադրում է միջազգային հանրության կողմից չճանաչված Քեմալական Թուրքիային։

Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով Ռուսաստանի վիթխարի ռազմատեխնիկական օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝ 1920 թվականի սեպտեմբերին քեմալական զորքերը՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, ներխուժում են Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ։ Միաժամանակ, և նույնիսկ ամիսներ առաջ՝ մայիսից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քեմալականների դաշնակից Ռուսաստանը։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվում էր երկու ճակատով պատերազմ՝ արևելքից կարմիր Ռուսաստանի տասնմեկերորդ բանակը, արևմուտքից՝ Քյազիմ Կարաբեքիրի քեմալական բանակը։ Քեմալական զինվորները հրի ու սրի են մատնում արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց։ Քեմալականները փաստորեն շարունակում են երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը։ Արևելքում Քեմալական շարժումը կարողանում է հասնել այն բանին, որ չստեղծվի անկախ ու միացյալ հայկական պետություն։ Հայաստանի դեմ ռուս–թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի՝ հայ ժողովրդի և հայկական պետականության համար ողբերգական արդյունքները ամրագրվեցին Քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերով։[2]։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատում են այսօրվայ՝ ծայրահեղորեն անարդարացի, ստորացուցիչ և խեղդող սահմանը:</ref> Դրանցից առաջինը՝ 1921 թվականի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային է տրվում շուրջ 26 հազար կմ2 տարածք, որից 24 հազար կմ2՝ Հայաստանի Հանրապետության տարածքից։ Իսկ երկրորդը՝ Կարսի պայմանագիրն է, որը 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Իրականում, Հայաստանը և մյուս հանրապետությունները ձևականորեն, իսկ հատկապես Հայաստանը՝ ստիպողաբար էր ստորագրել այդ պայմանագիրը։ Իրականում պայմանագիրը ստոարգող կողմերը դարձյալ Թուրքիան և Ռուսաստանն է, թեպետ վերջինս այս անգամ հանդես էր գալիս որպես ոչ ստորագրող, այլ պարզապես, իբր, մասնակցող կողմ։ Կարսի Պայմանագիրը, լինելով, փաստորեն, ապօրինի պայմանագիր, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, որը նույնչափ ապօրինի պայմանագիր էր, նույն պատճառներով, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Դա նշանակում է, որ ժամանակակից սահմանները նշված պետությունների, և մասնավորապես, Թուրքիայի և Հայաստանի միջև օրինական չեն։ Այդ է պատճառը, որ Թուրքիան մինչև այժմ ձգտում է Հայաստանի կառավարություններին հարկադրել ստորագրելու նոր պայմանագիր, կամ արձանագրություն, որով կհաստատվեն ներկայիս՝ առայժմ գործող, սակայն ապօրինի սահմանները երկու պետությունների միջև։

Հունաստանի ռազմական պարտության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաթուրքի և երեսփոխանների աղոթքը մեջլիսի անդրանիկ նիստի ժամանակ

Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձնում են արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին: 1921 թվականին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացնում է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

Ֆրանսիայի հեռացում Կիլիկյան Հայաստանից և Հայկական Միջագետքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհաքաղաքական նոր իրադրությունը հանգեցնում է նրան, որ 1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկյան Հայաստանից և Հայոց Միջագետքից։ Այդ ամենը, և հատկապես գրեթե մեռած Թուրքիայի կենդանացումը Ռուսաստանի կողմից և նրան ռուսական վիթխարի ռազմատեխնիկական օգնության տրամադրումը հզորացնում են թուրքական ռազմական ներկայությունը Հայկական Կիլիկիայում և Հայկական Միջագետքում։ Այդ ամենը թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն է տալիս։

Հունաստանի վերջնական ռազմական պարտությունը հույն–թուրքական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողնում են Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժում են Իզմիր (Զմյուռնիա) և կոտորում հայ և հույն խաղաղ բնակչությանը:

1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվում է զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև։ Հոկտեմբերի 13-ին զինադադարին է միանում նաև Հունաստանը։ Պատերազմն ավարտվում է Լոզանի կոնֆերանսով (1922-23), որը ճանաչում է թուրքական անկախ պետությունը, հույն–թուրքական պատերազմի արդյունքները, սակայն չի ճանաչում արևելքում Թուրքիայի սահմանները՝ այսինքն՝ հայ–թուրքական սահմանը պաշտոնապես մնում է այն, ինչ որ սահմանված էր Վիլսոնի իրավարար վճռով։

Քեմալական շարժման պատմական գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հայ ականավոր թուրքագետ Ռ․ Սաֆրաստյանի, որին համամիտ են հայ հետազոտողների գրեթե բացարձակ մեծամասնությունը՝ «Քեմալական շարժումը երիտթուրքերի նախապատրաստած ազգայնամոլական շարժում էր, որի նպատակն էր պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը և թուրքերի իշխանությունը հպատակ ժողովուրդների նկատմամբ»: Հատուկ շեշտադրվում է, որ «քեմալական շարժումը ի սկզբանե չէր ճանաչում Հայաստանի Հանրապետության գոյությունը և Արևմտյան Հայաստանի իրավունքը` անջատվելու Օսմանյան կայսրությունից»: Տարածքային հարցերում քեմալական ազգայնամոլական շարժման քաղաքական նպատակները արտացոլող կարևորագույն փաստաթղթում, այսպես կոչված «Ազգային ուխտի» մեջ անթաքույց ձևով նշվում էր, որ Թուրքիան չի կարող որևէ մեկին զիջել թեկուզ մի թիզ հող:[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
  • Корсун И. Г., «Грeко-турецкая война» 19191922 М, 1940;
  • Шамсутдинов А. М., «Национально-освободительная борьба в Турции», М., 1966,
  • Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429
  • Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։ [1]
  • Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։
  • Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։
  • Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ:
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ:
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ:
  • Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ:
  • Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ:
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար), 2011, 204 էջ:
  • Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ:
  • Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե․, 1935։
  • Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժողովրդական), Ե., 1930;
  • Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960;
  • Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961:
  • Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980:
  • Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961:
  • Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
  • Ա. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920», Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը
  • Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Հարց Հանրագիտարան։ Էջ 458։
  2. Տեղի է ունենում Հայաստանի հերթական՝ վեցերորդ բաժանումը։ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։
  3. Ռուբեն Սաֆրաստյան, Անուշ Հովհաննիսյան, Ռուբեն Մելքոնյան, Արթուր Դումանյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան, Հակոբ Չաքրյան։ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»։ Բուհական դասագիրք, ԵՊՀ հրատարակչություն, 2014։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png