Արտաշես Բաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Բաբալյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1886(1886-11-17)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 1, 1959(1959-08-01) (72 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԿրթությունԺնևի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ, հրա­տա­րա­կիչ
Կոչումբժշկու­թյան դոկ­տո­ր
ԿուսակցությունՀՅԴ

Արտաշես Ադամի Բաբալյան (նոյեմբերի 17, 1886(1886-11-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1959(1959-08-01), Թեհրան, Իրան), հայ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, հրատարակիչ, դաշնակցական կուսակցության անդամ։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության անդամներից մեկը, Հայաստանի առաջին և երկրորդ խորհրդարանների անդամ։ 1919 թվականի հոկտեմբերի 31-ից 1920 թվականի մայիսի 5-ը եղել է սոցիալական ապահովության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 17-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի ռուսական ռեալական դպրոցում։ Պատանեկան տարիքից մասնակցել է ՀՅԴ աշակերտական խմբերին։ Վաղ երիտասարդ տարիքում անդամակցել է ՀՅԴ Շուշիի կոմիտեին, ապա՝ Ղարաբաղի կենտրոնական կոմիտեին։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանության ճակատում։ 1906-1907 թվականներին Բաքվում գործակատար է աշխատել նավ թարդյունաբերական մի ընկերությունում։ 1907-1912 թվականներին սովորել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկության դոկտորի աստիճան ստացել։ Ժնևում ևս շարունակել է կուսակցական եռանդուն գործունեությունը, եղել «Ուսանող» ամսագրի խմբագրական կազմի անդամ և աշխատակցել ՀՅԴ օրգան «Դրօշակին»։ 1912 թվականին վերադարձել է Շուշի, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ և Օբուխովի հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ Միաժամանակ պատրաստվել է պետական քննություն հանձնելու՝ Ռուսաստանում բժշկությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար։ 1913 թվականի օգոստոսին, որպես ՀՅԴ Ռուսաստանի ուսանողական միությունների խորհրդից ընտրված պատվիրակ, մասնակցել է Կարինում ՀՅԴ 7-րդ ընդհանուր ժողովին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, թողնելով Խարկովը, մտել է Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) հրամանատարած հայ կամավորական գնդի մեջ, եղել դրա բժշկապետը և գնդի հետ միասին հասել Վան։ 1915 թվականի մայիսի 7-ին Վանն ազատագրելուց հետո այդտեղ հիվանդանոցներ էկազմակերպել։ Համագործակցել է Վանի ժամանակավոր կառավարության հետ և նշանակվել ժամանակավոր կառավարության առողջապահության բաժնի պետ ու քաղաքապետության անդամ։ Վանի նահանջի օրերին, նրա ջանքերի շնորհիվ, հիվանդանոցներում բուժվող վիրավոր և հիվանդ հայ զինվորները Իգդիր են տեղափոխվել։ Այս տարհանումը հաջողությամբ կազմակերպելու և իրագործելու համար պարգևատրվել է ռուսական կառավարության Գեորգիևյան խաչի շքանշանով և մեդալով։ Կարճ ժամանակ Էջմիածնում զբաղվել է գաղթականների խնամատարության գործով։ 1916 թվականին ուղարկվել է Վան, այնտեղ վերադարձած գաղթականների խնամատարությունը կազմակերպելու առաքելությամբ։ Այնուհետև մեկնել է Թիֆլիս, երբ սկսվել է ռուսական բանակի նահանջը Կովկասյան ռազմաճակատից։ 1917-1920 թվականներին Թիֆլիսում հրատարակել է «Աշխատաւոր» օրաթերթը։ 1917 թվականին Թիֆլիսում ընտրվել է Հայոց ազգային խորհրդի անդամ, «Համառուսական քաղաքների միություն» կազմակերպության մեջ կարևոր պարտականություններ կատարել։ Անդրկովկասի սեյմի կազմավորումից հետո մասնակցել է ընտրապայքարին՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ 1918 թվականի ամռանը, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ՀՀ խորհրդարանի անդամ է ընտրվել։ 1918 թվականին գնացել է Կոստանդնուպոլիս` միանալու Ավետիս Ահարոնյանի պատվիրակությանը, որպես ՀՀ կառավարության խորհրդական։ 1919 թվականին սեպտեմբերին մասնակցել է Երևանում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին։ 1919 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 1920 թվականի մայիսի 5-ը եղել է ՀՀ հանրային խնամատարության և աշխատանքի, ապա` հանրային խնամատարության և վերաշինության նախարար, մայիսի 5-ից հոկտեմբերի 30-ը եղել է այդ գերատեսչության նախարարի պաշտոնակատար։ 1920 թվականի մայիսին Ղարաքիլիսայում մասնակցել է բոլշևիկյան ապստամբության ճնշմանը։ 1920 թվականի սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմին, ՀՀ կառավարության որոշումով, Սիմոն Վրացյանի հետ ուղարկվել է Կարս-Սարիղամիշի ռազմաճակատ` կառավարության լիազոր ներկայացուցիչի իրավունքներով։ 1920 թվական հոկտեմբերի 30-ին Կարսի անկման ժամանակ թուրքերի ձեռքը գերի է ընկել։ 1920-1921 թվականներին արգելափակվել է Կարսի, ապա Կարինի բանտերում։ 1921 թվականին հոկտեմբերին գերությունից ազատվելուց հետո անցել է Թավրիզ, քանի որ Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր։ Բժշկի կինն ու երեխան հետագայում ևս Թավրիզ են տեղափոխվել։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին և 1939 թվականին բժիշկը ծանր ողբերգություններ է ապրել կորցնելով զավակներին` Ռենոյին և Վիգենին։ Իր ծանր վիշտը փարատելու համար ամբողջությամբ նվիրվել է հանրային և կուսակցական գործերին։ 1943 թվականին սեպտեմբերին խորհրդային զորքերի Իրան մուտքից հետո ձերբակալվել է խորհրդայինների կողմից։ 1943-1945 թվականները անցկացրել է բանտում։ 1945 թվականի հունիսի 4-ին ազատվել է բանտից։ 1945 թվականին և հետագա տարիներին ընտրվել է Թեհրանի գործակալական ժողովի անդամ, ապա՝ Եկեղեցական վարչության ատենապետ, ապա Թեհրանի թեմի Պատգամավորական ժողովի անդամ և Թեմական խորհրդի փոխնախագահ, ապա՝ նախագահ։ Այնուհետև Հայոց ազգային խորհրդի նախագահ է ընտրվել։ Երկու անգամ մասնակցել է ՀՅԴ ընդհանուր ժողովներին։ 1959 թվականին Կահիրեում հրատարակել է հուշերի գիրք։ Նրա հոդվածները տպագրվել են Բեյրութի «Նաիրի» շաբաթաթերթում[1][2]։

Բժշկական պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին տեղափոխվել է Խարկով և Տրուդովսկու հիվանդանոցում աշխատել։ Մասնակցել է պետական քննություններին և ստացել վկայական՝ բժշկական ազատ գործունեությամբ զբաղվելու համար։ 1924 թվականին տեղափոխվել է Զանջան։ 1928 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թեհրան և Պարսկաստանի մայրաքաղաքում հաստատվել։ 1928-1938 թվականներին բաժանմունքի վարիչ է աշխատել Թեհրանի «Փահլավի» զինվորական հիվանդանոցում։

Մահացել է 1959 թվականի օգոստոսի 1-ին, Թեհրանում, սրտի հիվանդությունից, 73 տարեկանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիևյան խաչի շքանշան (1915)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուշերի գիրք, Գահիրէ, 1959
  2. Կարսի անկումը, «Նաիրի» շաբաթաթերթ, Պէյրութ, ԺԵ տարվա (1968 թ.- Հ. Մ.) 4550 միացյալ համարների փոխարեն լույս տեսած բացառիկ համար
  3. Հայաստանի անկախութեան պատմութիւնը եւ այլ յիշատակներ, Գլենդեյլ, 1997

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պոտուրյան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, գիրք Բ. Պուքրէշ, 1939։
  2. Աւօ, Յեղափոխական Ալպոմ, Հալէպ, Գ. շարք, 1960, թ. 2 (26)։
  3. Գէորգեան Կարօ, Դոկտ. Արտաշէս Բաբալեան, Ամէնուն տարեգիրքը, Է. տա րի, 1960, Պէյրութ, 1961։
  4. Վրացյան Սիմոն, Հայաստ ան ի Հանրապետություն, Երևան, 1993։ 5. Իշխանյան Եղիշե, Լեռնային Ղարաբաղ, 1917-1920, Երևան, 1999։
  5. Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  6. Ով ով է, Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005
  2. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]