Jump to content

Ալեքսանդրապոլի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրապոլի պաշարում
Թվականնոյեմբերի 7, 1920
Մասն էՀայ-թուրքական պատերազմ
ՎայրԱլեքսանդրապոլ, Հայաստան
ԱրդյունքԹուրքերի հաղթանակ և քաղաքի պաշարում, Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն ՀայաստանՕսմանյան կայսրություն Թուրքիայի ազգային շարժում

Աջակիցներ՝

Հրամանատարներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Դրաստամատ ԿանայանՕսմանյան կայսրություն Քյազըմ Կարաբեքիր
Կողմերի ուժեր
20 հազար զինվոր
40 թնդանոթ
250 գնդացիր
50-60 հազար զինվոր
75 թնդանոթ
204 գնդացիր
Ռազմական կորուստներ
Ամբողջ պատերազմի ընթացքում՝ 198-205 հազար զոհանհայտ
Ընդհանուր կորուստներ

Ալեքսանդրապոլի պաշարում (թուրքերեն՝ Gümrü Muharebesi), ռազմական ընդհարում 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի շրջանակներում, որի ժամանակ թուրքական բանակը բռնազավթում է Հայաստանի հանրապետության Ալեքսանդրապոլ քաղաքը։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվում է Հանրապետական Հայաստանի վրա։ Քեմալական բանակի գլուխ կանգնած էր Մուստաֆա Աթաթուրքի զորավարներից Քյազըմ Կարաբեքիրը, ում բանակում կռվում էին 75 թնդանոթով և 204 գնդացիրներով համալրված 50-60 հազար զորական։ Բացի այդ՝ թուրքական ուժերին օժդանակում էր նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Թուրքիայի բարեկամ» հորջորջվող Սոցիալիստական Ռուսաստանն ու Հայաստանի արևելյան հարևան Մուսավաթական Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։ Թուրքերի դեմ կռվում էր 20 հազար զինվորից, 40 թնդանոթից և 250 գնդացիրից կազմված հայկական զորախումբը՝ նշանավոր զորավար և ռազմական նախարար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ։ Ռազմական գործողությունները ծավալվում էին Հայաստանի արևմուտքում՝ Շիրակի երկրամասում (մերօրյա Գյումրի քաղաքի տարածքում)։

Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, երբեմնի մարտական և զորեղ հայկական բանակը չդիմադրելով թուրքական հարձակմանը ստիպված է լինում նահանջել։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմում է Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերություններից մերժում է ստանում։ արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավում են Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին վերջնականապես պաշարում Ալեքսանդրապոլը[1]։ Նրանք թրի և սրի են մատնում տեղի հայ բնակչությանը՝ մի մասին գերեվարում, մյուս մասին անարգաբար սպանում։ Բացի այդ, գրավված Ալեքսանդրապոլից վերջիններս Թուրքիա են տեղափոխում հափշտակված ավարն ու մեծաթիվ լծկան անասուններ։ Հետագա առաջխաղացումը կանխելու համար՝ Հայաստանի կառավարությունը ստիպված է լինում համաձայնության գալ թշնամու հետ։ Ալեքսանդրապոլի պաշարումն ու հայ-թուրքական պատերազմն ավարտվում է դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով[2]։ Թուրքիայի կողմից այն ստորագրում է տաճկական բանակի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը[3]։ Պայմանագրի պայմանները ստորացուցիչ էին Հայաստանի համար և հարցականի տակ էին դնում հայոց ինքնիշխան պետականությունը, քանզի այն Հայաստանի տարածքը սահմանափակում էր Սևանա լճի հարակից տարածքներով և Երևանով։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը սահմանափակում էր նաև հայկական բանակի ռազմական ներուժը։ Սակայն ամեն ինչ շրջադարձային է լինում, քանզի Սիմոն Վրացյանի հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետությունն անկում է ապրում։ Խորհրդային կառավարության ձեռնարկած միջոցների շնորհիվ 1921 թվականին թուրքերը դուրս են մղվում Ալեքսանդրապոլից, իսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը հայտարարվում է առ ոչինչ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-թուրքական հարաբերությունները 1918-1920 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական ծանր ժամանակահատվածում (արևմտահայության ցեղասպանություն, հայ-թաթարական բախումներ) Բագրատունյաց թագավորության անկումից հետո առաջին անգամ պատմական նախահայրենիքում ստեղծվում է հայկական կենտրոնացված պետականություն։ 1918 թվականի մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում Անդրկովկասյան Ֆեդերացիան անկում է ապրում․ մայիսի 26-ին՝ Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը, իսկ 28-ին՝ Հայաստանը, իրենց հռչակում են անկախ պետություններ։ Թուրքիան դառնում է առաջին պետությունը, որ պաշտոնապես ճանաչում է Հայաստանի նորաստեղծ Հանրապետության անկախությունը։ Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Մուսավաթական Ադրբեջանը միջազգային հանրության կողմից այդպես էլ չի ճանաչվում որպես անկախ պետություն։ 1918-1920 թվականների հայ-թուրքական հարաբերությունների բուն էությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի շարք կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններին։ 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի կառավարությունը (եռապետություն)՝ ի դեմս ներքին գործերի նախարար Թալեաթ Մեհմեդի, ռազմական նախարար Էնվերի և ռազմածովային նախարար Ջեմալի, իրագործում են արևմտահայության ցեղասպանությունը։ 1915 թվականի գարնանն տաճկահպատակ Արևմտյան Հայաստանի վիլայեթներում զոհվում է ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Շատերը մազապուրծ են լինում և գաղթում աշխարհի տարբեր ծայրեր։

Պատերազմի ավարտվում է Անտանտի դաշնակից երկրների հաղթանակով, իսկ Թուրքիան որպես պարտված կողմ, ենթարկվում է կապիտուլյացիայի։ 1920 թվականին տեղի է ունենում Սան Ռեմոյի կոնֆերանսը, որի արդյունքներն ամփոփվում են նույն տարվա օգոստոսին Ֆրանսիայի Սևի արվարձանում կնքված պայմանագրում։ Սևրի հաշտության պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։ Ըստ դրա՝ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է․ Թուրքիայում սուլթանական կառավարությունն անկում է ապրում, իսկ երկրի գլուխ անցնում է թուրք ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով հրաժարվում է կատարել Սևրի պայմանագրով նախատեսված պայմանները։ Սկսվում է թուրք ժողովրդի անկախության պատերազմը, որտեղ դաշնակից ուժերը (Հայաստան, Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա) պարտություն են կրում։ Սևրի պայմանագիրը մնում է թղթի վրա։

Ալեքսանդրապոլի առաջին պաշարում և Մայիսյան հերոսամարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյանճակատի կազմալուծումից, 1918-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917-ի դեկտեմբերի. 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալեքսանդրապոլի իրադարձությունների շուրջ 1920, նոյեմբեր -1921, ապրիլ Արխիվացված 2018-11-23 Wayback Machine Աբահամյան Հ․Բ, Երևան
  2. Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012, էջ 72-78
  3. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527