Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպություն, բոլշևիկյան կազմակերպություն Ալեքսանդրապոլում։ Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից։

Ստեղծվել է 1905 թվականին, Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյումրի)։ Հիմնադիրներից են՝ Ա. Գ. Շահինյանը, Ա. Հ. Վարդանյանը, Վ. Հ. Խաչատրյանը։ 1902-1905 թվականներին Ալեքսանդրապոլում գործում էր սոցիալ-դեմոկրատական երեք խմբակ. կայազորում, երկաթուղային դեպոյում և քաղաքում, որոնք և դարձան կազմակերպության հիմքը։ 1905-1907-ին հեղափոխության ժամանակ կազմակերպությունը հրապարակեց կոչեր և թռուցիկներ, ղեկավարեց բանվորների ու ծառայողների գործադուլները, զինվորների ելույթը։ Կազմակերպությունը կանոնավոր գործել է մինչև 1909, ապա ընդհատումներով՝ մինչև 1916 թվականը։

1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը վերախմբվել է և դարձել բոլշևիկյան կազմակերպություն։ Անջատվելով մենշևիկներից՝ բոլշևիկները 1917-ի հուլիսի 16-ի համաքաղաքային ժողովում ստեղծեցին իրենց կազմակերպությունը։ Ընտրվեց ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրո, որի մեջ մտան Պ. Արվելաձեն (նախագահ), Բ. Ղարիբաջանյանը (քարտուղար), Ն. Լեժավան, Վ. Տարախչյան, Ի. Շապովալենկոն, Ի. Կորոստալիենկոն, Լ. Հովհաննիսյանը, Ֆ. Ամաշուկելին և Մակարովը։ 1917 թվականի դեկտեմբերին, երբ Պ. Արվելաձեն տեղափոխվեց Բաքու, բյուրոն գլխավորեց Բ. Ղարիբաջանյանը։ Կազմակերպությունը սկսեց հրատարակել «Նոր կյանք»(1917 թ.հունիսից) և «Պրավդա ժիզնի» (1917 թ.օգոստոսից) թերթերը։ Կազմակերպությունն արագ աճեց. սեպտեմբերին արդեն ուներ մոտ 600 անդամ։ Կազմակերպությունն իր ազդեցությունը տարածեց Ալեքսանդրապոլում գործող արհեստակցական միությունների վրա, որոնք ձեռնարկատերերին ստիպեցին ընդունել 8-ժամյա բանվորական օր սահմանելու, աշխատավարձը բարձրացնելու և այլ պահանջներ։ Հոկտեմբերի 7-9, ելույթ ունենալով Ալեքսանդրապոլի աշխատավորների ու զինվորների ժողովներում և գավառի գյուղացիական համագումարում, Ս. Շահումյանը կոչ արեց միացյալ ուժերով պայքարել ժամանակավոր կառավարությունը տապալելու և բանվորների ու գյուղացիների իշխանություն հաստատելու համար։

Կազմակերպության գործունեությանը նոր թափ հաղորդեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1917 թվականի նոյեմբերի սկզբին հրապարակած թռուցիկում բոլշևիկները սովետական իշխանությունը պաշտպանելը համարում էին աշխատավորների առաջնահերթ խնդիրը։

1918-1921 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև պայքար Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ մղելուց հետո 1918 թվականի հունվարի 21-ի ժողովում կազմակերպությունը բացահայտեց Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների քաղաքականության պառակտողական բնույթը, ցույց տվեցին, որ անջատողական ձգտումները քայքայում են Կովկասյան ռազմաճակատը հօգուտ թուրքերի։ Անդրկովկասը թուրքական ագրեսիայից փրկելու, նրա ժողովուրդների ազգային ու սոցիալական-քաղաքական ազատագրության համար կազմակերպությունը 1918-ի ապրիլի 6-8ը կայացած խորհրդակցությունում առաջարկեց ճանաչել ՌՍՖՍՀ Ժողկոմսովետը և երկրամասում հռչակել խորհրդային իշխանություն։

Կազմակերպությունը տուժեց թուրքական օկուպացիայից։ 1919 թվականի սկզբներին տեղի բոլշևիկների և Բաքվից ուղարկված բանվոր կոմունիստների ջանքերով կազմակերպությունը վերականգնվեց։ 1920 թվականին կազմակերպությունն Ալեքսանդրապոլում Մայիսյան ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարն էր։ Ապստամբության պարտությունը ծանր հարված հասցրեց կազմակերպությանը։ Այնուհանդերձ նա շարունակեց գործել։ Թուրքական զորքերի երկրորդ ներխուժման և Ալեքսանդրապոլի օկուպացիայի ժամանակ(1920 նոյեմբեր-1921 ապրիլ) կազմակերպությունը պայքարում էր քաղաքը զավթիչներից ազատագրելու, սովետական կարգեր հաստատելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիք-Յոլչյան Ե. Հայաստանի բանվորական շարժման պատմությունից, 1903-07, Ե., 1930
  • Ղարիբջանյան Գ. Բ. Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917-20 թթ., Ե., 1953
  • Աղայան Ծ. Պ. Ռևոլյուցիոն շ0արժումները Հայաստանում 1905-07 թթ., Ե., 1955
  • Մելքոնյան Ա. Հ. Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 155