Ռուսական կայսրության Պետական դումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորրդ պետական դումայի նիստերց մեկում (դեկտեմբերի 5, 1912)

Պետական դումա կամ Կայսերական դումա, օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն Ռուսական կայսրությունում 1906-1917 թվականներին։ Ստեղծվել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ճնշման տակ, 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։

Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I (1906 թ.-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II (1907 թ.-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։

Հունիսերեքյան պետական հեղաշրջման ժամանակ (հունիսի 3, 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III (1907 թ.-ի նոյեմբեր 1-1912 թ.-ի հունիս 9) և IV (1912 թ.-ի նոյեմբեր 15-1917 թ.-ի փետր․ 25) Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ պատերազմը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917 թ.Փետրվարյան հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխների հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։

Հոկտեմբերյան հեղափոխության պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց։

Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910 թ.-ը), Ա․ Ի․ Գուչկովը (1910-1911), Մ․ Վ․ Ռոձյանկոն (1911-1912) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png