Արշակ Ջամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Ջամալյան
123 arshak jamalyan.jpg
Ծնվել է1882
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահացել է1940
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Arshak Jamalyan Վիքիպահեստում

Արշակ Ջամալյան (Իսահակյան) (22 սեպտեմբերի 1882, Գանձակ - 27 դեկտեմբերի 1940, Փարիզ), հասարակական-քաղաքական, պետական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է Գանձակի հայոց ծխական դպրոցում, իսկ երբ 1892 թ.-ին ցարական հրամանագրով փակվեցին հայոց ծխական վարժարանները, նա հաճախել է Գանձակի ռուսական գիմնազիան։ 1897 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն իր հեղափոխական գործունեության հետևանքով հեռացվել է 1901 թ.։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայատյաց ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է։ 1906 թ.-ին Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՀԴ «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», հրատարակել «Ուսանող» պարբերականը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։

1909 թ.-ին վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն» օրաթերթին։ 1914 թվականին, ՀՀԴ 8-րդ Ընդհանուր Ժողովում ընտրվել է կուսակցության Բյուրոյի անդամ (պաշտոնը վարել է մինչև 1933 թ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանողական կամավորական ջոկատում)։ 1917 թ.-ի հոկտեմբերից՝ Հայոց ազգային խորհրդի անդամ։ Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917 թ.-ի դեկտեմբեր)։ 1918 թ.-ին՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918 թ.-ին)՝ Բեռլին մեկնած ազգային պատվիրակության կազմում։

1918 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանը Թիֆլիսում, 1919 թ.-ին՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, զինահավաքման արտակարգ կոմիսար, 1920 թ.-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար։ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսիում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ։ 1921 թ.-ին մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ.Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա։ 1925-1933 թ.-ին Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրի խմբագրության անդամ էր։

1934 թ.-ին կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»։ Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908 թ.), թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» և այլն։

Մահացել է Փարիզում, 27 դեկտեմբերի 1940 թ.-ին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», 1928 թ., հ. 6, N 6-12, հ. 7, N 1. 1929, հ.7, N4-6[1]։
  • Յովհաննէս Քաջազնունի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք», 1924 թ., հ.2, N 3, 4, 5, 8, 9։
  • Մարքսիզմի փոխակերպութիւնները, «Դրօշակ», 1926 թ., N 251-253։
  • Ազգային հարցը մարքսիզմի քուրայում, «Դրօշակ», 1928 թ., N 277։
  • Հայաստանի անկախութեան խնդիրը եւ Ռուսաստանը, «Յուսաբեր», 1938 թ., հունիսի 8-11։
  • Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 185 էջ[2]:
  • Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 143 էջ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջամալեան Արշակ (2011)։ Հայ-վրացական կնճիռը (հայերեն)։ "Mitkʻ" verlutsakan kentron։ ISBN 9789994125227 
  2. Ջամալյան Արշակ (2016)։ Հ.Քաջազնունին եվ Հ.Յ.Դաշնակցությունը (հայերեն)։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ 
  3. Ջամալեան Արշակ (2016)։ Հ.Յ.Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան (հայերեն)։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ։ ISBN 9789939102993 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png