Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ, կոչվում է նաև Արևելահայ ազգային խորհուրդ), հաջորդել է 1912 թվականի հոկտեմբերից Թիֆլիսում գործող Ազգային Բյուրոյին։ ՀԱԽ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 1916 թվականին, երբ մի շարք հայ քաղաքական կուսակցություններ ու հասարակական հոսանքներ հանդես եկան համազգային մի մարմին ստեղծելու նախաձեռնությամբ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ազգային բոլոր երկրամասերում քաղաքական հասարակական ուժերը ստեղծում էին տարաբնույթ կազմակերպություններ, որոնք իրենց ձեռքն էին վերցնում ազգային կյանքի տնօրինումը։ Այս ամենից հետ չմնացին նաև հայերը[1] :

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց համազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, Հարավային Կովկասում ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատման մասին և այլն։

Համախորհրդակցության ավարտից հետո ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։

Հայոց ազգային խորհուրդը կազմված էր 15 անդամից՝ 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազարյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Արամայիս Երզնկյան), Հայ ժողովրդական կուսակցության 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան)։ Բոլշևիկները չմասնակցեցին համագումարին, հանդես եկան համագումարի և նրա ընտրած ՀԱԽ-ի դեմ, որի նախագահը գրող և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն էր։

ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»։ Ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականական, դպրոցական, բժշկական։ ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս՝ գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թվականի ծանր ժամանակաշրջանում։ Հարավային Կովկասում ազգային հանրապետությունների կազմավորումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին, ՀԱԽ-ն իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր գործառույթները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար։

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918 թվականի հուլիսին) ՀԱԽ-ը դադարեցրեց իր գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hovannisian p.18