Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 58 բնակիչ, հիմնականում հայեր, որից 25 տղամարդ և 33 կին, իսկ 2014 թվականին, գյուղում ապրում էր 38 մարդ, որից 19 տղամարդ և 19 կին։
Բրդաձոր (Բերդաձոր) գյուղը մասնագիտական գրականության մեջ հայտնի է իր նշանավոր սյունանման քառակող կոթողով (V դ․), որ տեղադրված է եղել գյուղի գերեզմանոցի միանավ եկեղեցու մնացորդների արևմտյան մասում։ Կոթողը հենվում է միակտոր քարից խորանարդաձև պատվանդանի վրա։ Այն պատած է բարձրարվեստ քանդակներով։ Երեք երեսներից յուրաքանչյուրը ողջ բարձրությամբ ունի քանդակային միևնույն մոտիվը․ առաջինում՝ հասկանման զարդաձևեր, երկրորդում՝ խաղողի որդագալար՝ ողկույզի և տերևի փոխ առ փոխ շարքով և երրորդում ՝ իրար կից երկու շարքում զուգորդված են արմավենու տերևներ հիշեցնող ալիքաձև ոլորազարդի և ընձյուղագալարի մոտիվները։ Չորրորդ երեսը, ինչպես Օձունի կոթողում, բաժանված է առանձին քառակուսիների, որոնց քանդակները միմյանցից տարբեր են։ Պատկերված են երկրաչափական և բուսական զարդամոտիվներ, կենդանական և մարդկային ֆիգուրներ, հավասարաթև խաչեր։ Պատվանդանի վերին մասը ողջ պարագծով պատած է ուղղահայաց գծերի շարքով, որից ցած առաջին երեսին պատկերված են ոլորազարդեր (հավերժության նշաններ), երկրորդում՝ շրջանաձև պատկերներ, երրորդում՝ պալատաձև զարդերի շարք և չորրորդում՝ շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ։
Բրդաձորի կոթողն իր պատկերագրությամբ ընդհանրության մեջ է Կողբի, Օձունի, Խոժոռնիի նույնատիպ հուշարձանների հետ[3]։