Զարդապատկեր, օռնամենտ (լատին․՝ ornamentum – զարդ, զարդարանք), տարրերի ռիթմիկ դասավորությամբ կազմված զարդ (դրվագ, նախշ, զարդաքանդակ, զարդանկար)։ Զարդապատում են զանազան առարկաներ (սպասք, գործիքներ, զենքեր, մանածագործական ապրանքներ, կահույք, գրքեր են) ճարտարապետական շինություններ (ինչպես դրսից, այնպես էլ ներսից), պլաստիկ արվեստի ստեղծագործություններ (հիմնականում կիրառական), նախնադարյան ժողովուրդները կիրառել են նաև մարդկային մարմինը գունազարդելու, վիտելու համար։ Զարդարելով և կազմակերպելով առարկայի մակերեսը՝ Զարդապատկերը բացահայտում կամ ընդգծում է նրա արխիտեկտոնիկան։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Յուրաքանչյուր դարաշրջան, ազգային մշակույթ ստեղծել է Զարդապատկերի իր համակարգը։ ժողովրդական արվեստում ձևավորված Զարդապատկերի կայուն ձևերն ու սկզբուևքները խոր հետք են թողել ազգային արվեստի նկարագրի վրա։ Զարդապատկերի ձևական առանձնահատկություններից են դեկորատիվ ոճավորումը, հարթապատկերայնությունը, օրգանիզմի կապը մակերեսի հետ, առարկայի կառուցվածքի ընդգծումը։ Ըստ կոմպոզիցիայի, որ պայմանավորված է առարկայի ձևով, Զարդապատկեր լինում է ժապավենաձև, կենտրոնակազմ, եզրավոր, հերալդիկ և այս տիպերի բարդ համադրումներով, իսկ օգտագործվող մոտիվներով՝ երկրաչափական (կետեր, ուղիղներ, զիգզագներ և հատվող գծեր, շրջանագծեր, շեղանկյունիներ, աստղիկներ, դալարազարդեր են), բուսական (լոտոս, պապիրուս, արմավիկ, արջամագիլ), կենդանակերպ։ Որպես Զարդապատկերի մոտիվ կիրառվում են նան մարդկային ֆիգուրներ, ճարտարապետական հատվածներ, զենքեր, տարբեր նշաններ և գերբեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 665)։