Միապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թագավորությունից)
Jump to navigation Jump to search
Weltkarte über die Regierungssysteme
Պետությունների դասակարգումն ըստ կառավարման ձևերի
Հանրապետական համակարգ
     Նախագահական հանրապետություն

     Կիսանախագահական հանրապետություն      Խորհրդարանական հանրապետություն      Դիրեկտորիա


Միապետական համակարգ

     Խորհրդարանական միապետություն      Սահմանադրական միապետություն      Բացարձակ միապետություն


Բռնապետական համակարգ (հիմնականում՝ հանրապետություններում)

     Միակուսակցական համակարգ      Սահմանադրական կարգի տապալման արդյունքում ստեղծված
(դե ֆակտո՝ ռազմական դիկտատուրա)


     այլ համակարգեր կամ անհասկանալի
քաղաքական իրավիճակ

Թարմացվում է

Միապետություն, միջազգային եզրույթով՝ մոնարխիա (հին հուն․՝ μονάρχης, μόνος – «մոնոս»` մեկ, միակ, ἀρχων – «արխոն»` ղեկավար, առաջնորդ, լատ.՝ monarcha), պետական կառավարման ձև, որտեղ իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ[1][2]։ Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։ Միապետի փաստացի իշխանությունը կախված տվյալ երկրի պետական կառավարման ձևի առանձնահատկություններից կարող է խորհրդանշականորեն կրել ձևական բնույթ (թագակիր հանրապետություններում), լինել մասնակի կամ սահմանափակված (սահմանադրական միապետություններում), ինչպես նաև միահեծան (բացարձակ միապետություն): Գահը ժառանգելու դեպքում միապետը ստանում է ցմահ իշխանավարման իրավունք, որը կարող է վերացվել միայն վերջինիս հրաժարականի դեպքում։ Սակայն գոյություն ունեն նաև ընտրողական միապետություններ, որտեղ գահակալն ընտրվում է հատուկ ընտրակարգով[3]։

Միապետական համակարգը մինչև 19-րդ դարի կեսերը եղել է ամենատարածված կառավարման ձևն աշխարհում։ Հին և միջնադարյան ստրկատիրական և ավատատիրական պետություններում միապետը սովորաբար ուներ հետևյալ գործառույթները՝ ապահովել երկրի բնակչության ներքին կայունությունը, բանակցություններ վարել այլ երկրների հետ, պատերազմ հայտարարել, կնքել խաղաղության կամ դաշնակցության պայմանագիր, հատել սեփական դիմապատկերով մետաղադրամ և այլն։ Ներկայիս քաղաքացիական հասարակության պայմաններում միապետության ընկալումը բավականաչափ փոփոխված է։ Ժամանակակից աշխարհում միապետությունների ձևերից ամենագերակշիռը սահմանադրականն է, որտեղ միապետն ունի յուրօրինակ օրենսդրական և հանդիսակարգային նշանակություն, սակայն չունի քաղաքական և կառավարչական ոչ մի իրավազորություն։

Ներկայումս աշխարհում գոյություն ունեն միապետական կառավարման ձև ունեցող 45 ինքնիշխան պետություններ, որոնցից 16-ը որպես երկրի ղեկավար ճանաչում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետին։ Եվրոպայի բոլոր միապետություններում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Բելգիա և այլն) միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ։ Եվրոպայի «գաճաճ» պետությունները հիմնականում ունեն կառավարման առանձնահատուկ համակարգեր։ Օրինակ Վատիկանը ընտրողական բնույթի աստվածապետական (թեոկրատիկ) միապետություն է, Լյուքսեմբուրգը՝ մեծ դքսություն, Մոնակոն՝ իշխանապետություն, իսկ Լիխտենշտայնը՝ կոմսություն։ Սահմանադրական միապետության ձևը հաստատված է Կամբոջայում և Մալայզիայում ևս, սակայն, ի տարբերություն եվրոպական թագավորությունների, այստեղ միապետn ունի համեմատաբար ավելի շատ սոցիալական և իրավական ազդեցություն։ Բացարձակ միապետությունները թվով հինգն են (չհաշված Վատիկանը)՝ Բրունեյ, Օման, Սվազիլենդ, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրությունները (ինքնիշխան էմիրությունների համադաշնություն):

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետություն բառի փոխարեն շատ հաճախ օգտագործվում է միջազգային «մոնարխիա» բառը, որը նույնությամբ օգտագործվում է բազմաթիվ լեզուներում։ «Մոնարխիա» բառը ծագել է հին հունարեն «μονάρχης» (մոնարխիս, թարգմանաբար՝ մեկ, միայնակ) և «ἄρχω» (արխո կամ արխոն, թարգմանաբար՝ ղեկավար, առաջնորդ) բառերի հարադրումից։ Բառացի թարգմաբնությամբ նշանակում է միայնակ առաջնորդ։

Հետագայում հին հունական տարբերակի հիման վրա էլ ստեղծվել է լատիներեն «monarcha» բառը, որի շնորհիվ էլ այդ եզրույթը ներթափանցել է միջազգային տերմինաբանություն։ Հայերեն տարբերակի համար հիմք են ծառայել «մի» և «պետ» արմատները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի Սեթի II փարավոնը՝ իններորդ միապետական դինաստիայից։

Պետական կառավարման համակարգի առանձնահատկությունների ձևավորումը ուղիղ կերպով կապված է աշխարհի առաջին պետությունների առաջացման գործընթացների հետ։ Հին և հնագույն շրջանի պետություններում բացառապես գերակշռում էր միապետական կառավարման ձևը, որը ենթադրում էր որևէ անհատի բացարձակ իշխանությունը իրեն վերահսկողության տակ գտնվող պետության ժողովրդի վրա։ Մինչ այդ եղած միապետության կարծրատիպը վերանում է դասական ժամանակաշրջանում, երբ Հին Հունաստանում վերելք են ժողովրդավարության բազում ինքնատիպ ձևեր։ Միապետների աստվածային ծագման մասին պատկերացումներն առաջին անգամ ձևավորվել են Հին Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում և Միջագետքում։ Այս տարածաշրջանի երկրներում արքան (Եգիպտոսում՝ փարավոնը) դիտարկվում էր որպես զորեղագույն էակ, ում գործերն անքննելի են և միանշանակ։ Միապետների պատվին հատուկ ծիսակարգերով կատարվում էին նաև զոհաբերություններ։ Հին շրջանի չինական և ճապոնական միապետներն իրենց համարում էին երկնային աստծո յուրօրինակ պատկերը երկրի վրա։ Հնագույն ժամանակներում ստեղծված պետություններն իրենց բնույթով հակասում էին մերօրյա ժողովրդավարական սկզբունքներին, քանզի գրեթե միշտ հիմնված էին մեկ անհատի որոշումների հիման վրա։ Այնուամենայնիվ, խմբային որոշումների կայացման ընթացակարգեր գոյություն են ունեցել Հին Աթենքում և Հռոմեական հանրապետությունում։ Այնուամենայնիվ՝ չնայած աթենական և հռոմեական դեմոկրատիայի նվաճումներին, «պառլամենտարիզմը» վերստին նվազում է վաղ միջնադարում, երբ Եվրոպայում ի հայտ են գալիս առաջին ազգային պետությունները՝ դասական միապետությունների կարգավիճակով։

Չնայած այս ամենին, շատ երկրներում պահպանվում էր խմբային իշխանությունը՝ տարածաշրջանային ժողովների ձևով։ Նմանատիպ մարմիններ գոյություն են ունեցել Իսլանդիայում, Շվեյցարիայում և այլուր։ Զարգացած միջնադարում Կարոլինգյան պետության կազմալուծումից հետո եվրոպական գիտակցության մեջ գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության գահակալների ջանքերով պահպանվում են միապետության և միապետի ընկալումները որպես Աստծո արքայության երկրային մարմնավորում` պետության կառուցվածքի լավագույն մոդել։ Սրբազան Հռոմի գերմանացի միապետը պահպանում էր քրիստոնյա երկրների ներքին և արտաքին խաղաղությունն ու անդորրը, ապահովում և պայմաններ էր ստեղծում քրիստոնյա եկեղեցու ծաղկման համար։ Պառլամենտարիզմն ու հակամոնարխիզմը զարթոնք են ապրում Վերածննդից, Ռեֆորմացիայից և Աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո։ Դրա շարժառիթներն էին Անգլիական խորհրդարանի վերահաստատումը, Ամերիկայի ապագաղութացումը և Ֆրանսիական մեծ հաղափոխությունը։ Արդեն իսկ 19-րդ դարի քաղաքական աշխարհահամակարգերը բնութագրվում էին հակամիապետական արմատականությամբ և մոնարխիստական կոնսերվատիզմով[4]։ Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ավարտից հետո մեծ թափով շարունակվում է միապետությունների փլուզման գործընթացը, որի արդյունքում հանրապետական կառավարման համակարգը դառնում է բացարձակ գերակշռող[5]։ Մերօրյա իրականությունում ռոյալիզմը հիմնականում ձևական բնույթի է։

Միապետական կարգերի պատմությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ I Բագրատունի՝ 990-1020 թվականներին հայոց արքա Բագրատունիների արքայատոհմից։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։

Ըստ հայոց քերթողահայր Մովսես Խորենացու՝ համահայկական առաջին պետության միապետը եղել է Հայկյան տոհմից Պարույր Սկայորդին։ Հայոց միապետը կրել է «արքա» կամ «արքայից արքա» տիտղոսը, որը շատ դեպքերում եղել է հավասարազոր հռոմեական կայսրին։ Հին Հայաստանի արքայատոհմերն են՝ Հայկազունիները, Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, իսկ Միջնադարյան Հայաստանում՝ Բագրատունիները և Ռուբինյաններ-Հեթումյաններ-Լուսինյանները (Կիլիկիան Հայաստանում)։ Բացի այդ, հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում եղել են նաև տեղական թագավորական տոհմեր, որոնցից են Առանշահիկները, Արծրունիները, Սյունիները, Կյուրիկյանները և այլն։ Արտաշեսյանների տոհմից սերվող Տիգրան Բ Մեծ արքայի կառավարման տարիներին (մ․թ․ա․ 95-55 թվականներ) ստեղծվում է հայոց աշխարհակալությունը, որն իր մեջ ներառում էր բազում գրավյալ տարածքներ։ Հաղթելով Պարսկաստանի արքա Գոդերձ Բ-ին՝ Տիգրանը պարսից արքաներից խլում է «արքայից արքա» բարձրագույն տիտղոսը, որը Արտաշեսյանները կրում են մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը։

Այլ պատմիչներ վկայում են նաև, որ Տիգրանը հորջորջվում էր նաև «Վիրքի արքա» և «Աղվանքի արքա» տիտղոսներով, քանի որ այդ տարածքները ևս մտնում էին Հայոց տիրակալության կազմի մեջ։ 5-9-րդ դարերում պետականության բացակայության պայմաններում հայոց միապետի դերը մասնակիորեն ստանձնում է հայոց մարզպանը, հայոց իշխանը և հայոց իշխանաց իշխանը։ Հայոց միապետը Հայաստանի միահեծան տիրակալն էր, ինչպես նաև զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա էր նշանակում և հանում պաշտոնից պետական գործակալությունների ղեկավարներին, քրիստոնեության ընդունումից հետո միջամտում կաթողիկոսի ընտրություններին, հայտարարում պատերազմ, կնքում դաշինք օտար պետությունների և ցեղերի հետ։ Հայոց միապետի իշխանությունը ժառանգական էր՝ սովորաբար հորից անցնում էր ավագ որդուն։ Եթե չկար արու ժառանգ, ապա գահը կարող էր անցնել նաև տոհմի իգական ներկայացուցիչներին։ Ուշ միջնադարում հայոց միապետության կորստից հետո, միապետի որոշ ֆունկցիաներ իր վրա է վերցնում հայոց եկեղեցին՝ ի դեմս կաթողիկոսի։ Սակայն հայոց միապետի տիտղոսը՝ Լուսինյաններից ժառանգաբար անցել է Իտալիայի Սավոյան արքայատանը և պահպանվում է ընդհուպ մինչ մեր օրերում։

Միապետության ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետությունների կառուցվածքը գծապատկերով.png

Ընդհանրական իմաստով միապետությունները լինում են երկու ձևերի՝ անսահմանափակ և սահմանափակ իրավազորությամբ։ Առաջինի դեպքում միապետը երկիրը կառավարում է սեփական հայեցողությամբ՝ միահեծան կերպով, սահմանափակ իշխանությամբ միապետը հազվադեպ երկրներում կարող է անմիջական ներգործություն ունենալ քաղաքական որոշումների ընդունման վրա։

Վերոնշյալ գծապատկերում ներկայացված է անսահմանափակ և սահմանափակ իրավազորությամբ միապետությունների ձևերն ու տարատեսակները։

Բացարձակ միապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Բացարձակ միապետությունը պետական կառավարման այն ձևն է, որի պարագայում երկրի բարձրագույն իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է միապետի ձեռքում։ Բացարձակ միապետությունում միապետն ունի անսահմանափակ բացառիկ իշխանություն, որը ոչ մի կերպ չի սահմանափակվում որևէ գրավոր օրենքով (կամ սահմանադրությամբ) կամ օրենսդրական ակտերով։ Բացարձակ միապետություններում չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ քանզի միապետը միաժամանակ կատարում է և՛ օրենսդիր, և՛ գործադիր ֆունկցիաներ։ Նման պայմաններում հաճախ ակնառու է արդարադատություն իրականացնող մարմինների վրա իշխանությունների ներգործությունը։

Բացարձակ միապետություններում որպես կանոն իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդե սերունդ։ Սակայն սա միանշանակ փաստարկ չէ, քանզի առկա են որոշ բացառություններ, երբ անսահմանափակ իշխանության ղեկավարը լինում է ընտրովի (օրինակ՝ Վատիկանում Հռոմի պապի իշխանությունը չի փոխանցվում ժառանգաբար և ունի ընտրողական բնույթ): Չնայած երկրում բացարձակ միապետի անսահմանափակ իշխանությանը՝ որոշ նմանատիպ միապետություններ ունեն ոչ ազդեցիկ կամ ձևական բնույթ կրող օրենսդրական մարմիններ։ Մերօրյա բացարձակ միապետություններն են Վատիկանը (Հռոմի պապի գլխավորությամբ), Բրունեյը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Յուրօրինակ պետական համակարգի առանձնահատկություններ ունի Արաբական Միացյալ Էմիրությունները։ ԱՄԷ-ի քաղաքական կառուցվածքն իրենից ներկայացնում է հանրապետության և թագավորության յուրահատուկ համադրություն։ Որպես երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները համարվում է դաշնային հանրապետություն, որը կազմված է միապետական կառավարմամբ բացարձակ ինքնիշխան յոթ էմիրություններից։ Պետությունը գլխավորում է Աբու Դաբիի էմիրությունը, իսկ կառավարությունը՝ Դուբայի Էմիրությունը։

Սահմանադրական միապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս միապետությունների ամենատարածված ձևը սահմանադրականն է։ Ի տարբերություն բացարձակ միապետության՝ սահմանադրական միապետությունում գահակալի իրավունքները մասնակիորեն կամ նույնիսկ լրիվ կերպով սահմանափակված են։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա որևէ կերպ չի ազդում, քանզի կառավարության ձևավորման բացառիկ իրավունքը պատկանում է ազգային օրենսդիր մարմնին՝ խորհրդարանին (տարբեր երկրներում անվանվում է տարբեր կերպ)։ Բացի երկրի գլուխ լինելուց՝ սահմանադրական միապետություններում գահակալն ունի նաև որոշակի այլ գործառույթներ։ Վերջինիս գլխավոր ֆունկցիան սահմանադրական կարգի ապահովումն է։ Բացի այդ միապետը կարող է նաև լուծարել խորհրդարանը և արքունական համաձայնություն տալ օրինագծի ընդունմանը (կամ հակառակը՝ վետո դնել նոր ընդունվող օրենքի վրա): Սահմանադրական միապետության ուրույն ձև է պլեբիսցիտարը, որի պարագայում միապետը հանդես է գալիս որպես սահմանադրական հանրաքվեի ներքո գտնվող ոչ կուսակցական քաղաքական ղեկավար: Վերջինս ստանում է պաշտոնական լիազորություններ, իսկ կառավարությունը կարող է օրինական կերպով աշխատել միապետի անունով։ Խոսելով այս թեմայի շուրջ՝ բրիտանացի նշանավոր քաղաքագետ Վերնոն Բոգդանորը ասել է «միապետ, որը տիրում է, բայց չի տիրապետում»։ Սահմանափակ միապետության մեկ այլ ձև է դուալիստական մոնարխիան, որտեղ միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր իշխանություն։

Այնուամենայնիվ, դուալիստական միապետության ներքո գտնվող միապետի իշխանությունը սահմանափակված է օրենսդրական դաշտում։ Այս պարագայում միապետը ունի ընդունված օրենքների առնչությամբ խորհրդարանը և բացարձակ վետոյիիրավունքը լուծելու անսահմանափակ իրավունք: Կառավարությունը ձեւավորում է միապետը, այդ իսկ պատճառով իրական քաղաքական իշխանությունը պատկանում է միապետին։ Տվյալ պարագայում միապետի գահակալության հարցը քվեարկության է դրվում խորհրդարանում։ Ներկայումս դուալիստական միապետությունների օրինակներ են՝ Քուվեյթը և Բահրեյնը։ Բացառությամբ Վատիկանի՝ Եվրոպայի բոլոր միապետությունները սահմանադրական են։ Այդ թվին է պատկանում նաև Միացյալ Թագավորությունը, որի խորհրդարանական կառավարությունը հիմնված է վեսթմինսթերյան համակարգի վրա։ Այդ կառավարությունն իրականացվում է նաև «բրիտանական թագի» ներքո գտնվող մյուս երկրներում, այսինքն՝ Միացյալ Թագավորության գահակալը դիտարկվում է որպես բրիտանական համագործակցության անդամ բոլոր երկրների միապետ։ Մյուս սահմանադրական միապետություններից են Բելգիան, Կանադան, Ճապոնիան, Հորդանանը, Նորվեգիան, Թաիլանդը, Իսպանիան, Սողոմոնի կղզիները և այլն։

Միապետի դերը միապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բոլոր ժամանակամիջոցներում միապետի պաշտոնն ընկալվել է որպես բարձրագույն իշխանության խորհրդանիշ, իսկ միապետը՝ այդ պաշտոնում ժողովրդի ընտրյալ[6]։ Հինաշխարհյան երկրներում միապետերն սրբացվում էին, իսկ շատ դեպքերում վերջիններիս տրվում էր աստվածային ծագում։ Հին Եգիպտոսում փարավոնը երկրի բացարձակ միապետն էր և հողի ու նրա ռեսուրսների ամբողջական վերահսկողը: Հավատն առ աստվածություն և հանդերձյալ կյանք, գոյություն է ունեցել եգիպտական քաղաքակրթության ստեղծման օրից և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փարավոնի իշխանությունը հիմնված էր աստվածային իրավունքի վրա: Եգիպտական պանթեոնը բնակեցված էր աստվածներով, որոնք ունեին գերբնական կարողություններ և նրանց դիմում էին օգնության կամ պաշտպանության համար: Սակայն միշտ չէ, որ աստվածները համարվում էին բարյացակամ և եգիպտացիները հավատում էին, որ իրենք ստիպված են նվիրաբերություններ անել և աղոթել: Աստվածացված միապետերի թվին է պատկանում նաև հին աշխարհի ամենանշանավոր առաջնորդներից Ալեքսանդր Մակեդոնացին։ Վերջինս ստեղծում է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։

Մ․թ․ա․ 332 թվականին Ալեքսանդրը նվաճում է Եգիպտոսը, իսկ տեղի քրմերը նրան հռչակում են «Եգիպտոսի փարավոն»՝ գերագույն աստված Ամոն-Ռայի որդի։ Միապետը ժառանգաբար փոխանցվող, իսկ որոշ դեպքում նաև ընտրողական պաշտոն է։ Տարբեր երկրներում ունի տարբեր անվանումներ, մասնավորապես՝ թագավոր, կայսր, փարավոն, շեյխ, սուլթան, ամիրա, շահ, խան, բեյ և այլն։ Մոնակոյում միապետը կոչվում է իշխան, իսկ Լյուքսեմբուրգում՝ դուքս չնայած, որ համաձայն դասական ռոյալիստական աստիճանակարգության՝ դուքսի, կոմսի, մարքիզի և նմանատիպ այլ պաշտոնների հավասարեցումը միապետին բացառելի է[7]։ Միապետը միշտ հանդես է գալիս որպես վերադաս և բացառվում է նրա ենթակայությումը որևէ այլ պաշտոնյայի։ Միապետերի ժառանգականության գլխավոր երաշխավորը արքայատոհմն է՝ դինաստիան։ Արքայատոհմն իր ծագումը մի գծով տանող, միևնույն նախնուց սերած լինելու ինքնագիտակցությամբ, ընդհանուր տոհմանուն կրող արյունակից ազնվականական տոհմ է։ Միապետությունում կամայական արքայատոհմի ժառանգական իշխանությունն ընտրում է ժողովուրդը, եթե տվյալ պետությունը առաջնորդվում է դեմոկրատական սկզբունքներով։ Որպես կանոն՝ ժողովրդավարական գաղափարախոսությամբ սովորաբար աչքի են ընկնում սահմանադրական և խորհրդարանական միապետությունները։ Միապետի իշխանությունը գրեթե միշտ կարող է ավարտվել մահվան կապակցությամբ։ Այդ պարագայում հաջորդ միապետը ստանձնում է իր նախորդի իրավահաջորդությունը՝ այդ երկրի ֆինանսական միջոցներով, արտաքին պարտքերով, ռազմաքաղաքական դրությամբ և դաշնակցային կապերով հանդերձ։

Պատմության մեջ նկատվել են ինքնահռչակ միապետությունների բազմաթիվ օրինակներ։ Այդ պարագայում ինքնահռչակ գործիչը պնդում է, որ ինքն է գահի օրինական ժառանգորդը՝ որևէ կապ չունենալով գործող արքայատոհմի հետ։ Այս կապակցությամբ ամենահայտնի նախադեպը եղել է Ֆրանսիական հեղափոխության արդյունքում, երբ հաղթանակած Նապոլեոն Բոնապարտն իրեն հռչակում է «բոլոր ֆրանսիացիների կայսր»՝ տապալելով Լյուդովիկոս XVI-ին և Բուրբոնների դինաստիայի ժառանգական իշխանությունը Ֆրանսիայում։ Նույն հաջողությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին նախագահ Յուան Շիկայն իրեն հռչակում է կայսր և թագադրվում կայսերական թագով[8]։ Նրա մահվանից հետո Չինաստանը վերադառնում է հանրապետական կառավարման համակարգին, իսկ Չինաստանի կայսրությունը գոյատևում է ընդամենը մեկ տարի:

Միապետի գործառույթներ և օրենսդրական լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ միապետությունները կառավարման տեսանկյունից հենված են անձի լիիշխանության վրա, իսկ միապետի իրավունքներն ու օրենսդրական լիազորություններն անսահմանափակ են։ Չնայած նրան, որ բացարձակ միապետությունները մեծապես կատարում են դիկտատուրայի ֆունկցիաներ, այնուամենայնիվ որոշ դեպքերում վերջինիս համակարգերը հիմնված են լինում ժողովրդավարական արժեքների վրա։

Նմանօրինակ բացարձակ միապետություններ հանդիպել են Լուսավորության դարաշրջանի Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և այլուր։ Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի գործիչ Շառլ Մոնտեսքյոն պնդում էր, որ հասարակության զարգացման գլխավոր խթանը կատարյալ օրենքներն են և պետական կարգի ճիշտ ընտրությունը։ Ըստ նրա՝ մարդու ազատությունը շաղկապված են կատարյալ օրենքներով ապրելու ձգտման հետ։ Մոնտեքսյոն եղել է այն առաջիններից մեկը, ովքեր մտահոգ են եղել լիիշխանական համակարգերի առաջացրած աղետներով։

Aquote1.png Պատմությանը հայտնի է պետության երեք հիմնական տարատեսակ՝ բռնապետություն` հիմնված վախի, միապետություն՝ հիմնված պատվի և հանրապետության՝ առաքինության վրա։ Իմաստասերը նախընտրում էր սահմանադրական միապետությունը, որի դեպքում օրենքները սահմանափակում են թագավորի իշխանությունը։
- Շառլ Մոնտեսքյո
Aquote2.png

Սահմանադրական և խորհրդարանական միապետություններում միապետը ենթարկվում է Սահմանադրությանը։ Սահմանադրական միապետության միապետն իր լիազորություններով նման է խորհրդարանական հանրապետության նախագահին, քանզի երկուսն էլ քաղաքականության իրականացման ժամանակ չունեն ոչ մի իրավազորություն։

Մերօրյա սահմանադրական միապետություններում միապետը ծառայում է որպես ազգային միասնության և պետականության շարունակականության խորհրդանիշ: Այնուամենայնիվ, չնայած նրա իրավազորությանն ու օրենսդրական լիազորությունների շրջանակին՝ բոլոր պարագաներում միապետը ինքնիշխան է և համարվում է երկրի գլուխը։ Ներկայումս գրեթե բոլոր սահմանադրական միապետությունների գահակալները կատարում են ձևական գործառույթներ։ Դրանք են՝ արտաքին աշխարհի հետ կապերը, դեսպանների հետ տարվող աշխատանքները, ներում շներհելը, շքանշանով պարգևատրելը և այլն։ Շատ հաճախ միապետերն ունեն նաև օրենսդրական ֆունկցիաներ, որոնց թվին են պատկանում խորհրդարանը ցրելը և նոր ընդունվող օրենագծի վրա վետո դնելը (վերջինիս ընդունումն արգելելը):

Միապետերն ունեն նաև անձեռնմխելիություն, քաղաքական ազատ կամահայտնություն և պաշտոնական նստավայրի արտոնություն։ Միապետի լիազորություններն ու ազդեցությունն անմիջականորեն կապված են տվյալ երկրի ավանդույթներից, նախադեպից, հանրային կարծիքից և օրենքից:

Միապետի դերը ռազմականացված վարչակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինամոտո նո Յորիմոտո՝ Միջնադարյան Ճապոնիայի Կամակուրյան սյոգունության առաջին գահակալը։
Սյոգունությունը միջնադարյան Ճապոնիայում

«Ցզյան» («սյո») բառը չինարենում նշանակում է «պահել ձեռքում», «կառավարել», իսկ «ցզյուն» («գուն»)՝ զորք։ Այդ ձևով «սյոգուն»-ը դա «առաջնորդ»-ն է։ «Ճապոնական պատմական հանրագիտարան»-ի («Կոկուսի դայձիտեն») համաձայն «սյոգուն» հասկացությունը բացատրվում է ինչպես՝ «կայսեր հրամանով զորքի գլուխ կանգնած գնդապետ, որը ճնշում է ապստամբությունը կամ բարբարոսներին»։ Սակայն ավելի ուշ «սյոգուն»֊ը պարզապես գնդապետի կոչում չէր, որը ժամանակավոր նշանակված էր որևէ զորքի ղեկավար, այլ ավելի երկարատև կոչման անվանման կրճատում։

Պատմության մեջ լինում են դեպքեր, երբ միապետի իրավունքները սահմանափակվում են ոչ թե Սահմանադրությամբ, այլ գործող վարչակարգի կողմից։ Ռազմական խունտաներում (զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և որպես կանոն իրականացնում է բռնապետական կառավարում) հիմնականում երկրի գլուխ կանգնած պաշտոնյան սկսում է կրել ձևական բնույթ, իսկ ռազմական ուժի միջոցով իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած անհատը սկսում է միահեծան կերպով ղեկավարել երկիրը։ Ռազմականացված վարչակարգի պարագայում ևս իշխանության մարմինները տարանջատված չեն (կամ պարզապես գործում են ձևականորեն)։

Նմանօրինակ իրավիճակի առաջին հայտնի նախադեպը գրանցվել է դեռևս հինաշխարհյան հասարակությունում՝ Հռոմեական կայսրությունում։ Մեզ հայտնի աղբյուրները վկայում են այն մասին, որ իր պատմության մայրամուտին կայսերական Հռոմի պրետորիական գվարդիան մեկը մյուսի ետևից գահընկեց էր անում նշանակված կայսրերին՝ փոխարինելով վերջիններիս նորերով։ Իսկ արդեն զարգացած միջնադարում նման նախադեպեր նկատվում են նաև Աբբասյան խալիֆայությունում։ Հին Մակեդոնիայում և Էպիրոսի թագավորություններում միապետն ընտրվում էր բանակի կողմից, իսկ այս շրջանում նշված երկրների զինված ուժերում կարող էին կռվել միայն ազատ քաղաքացիները։ Միջնադարում Ճապոնիան կառավարվում էր մեկ կայսերական տոհմի միապետերի կողմից, սակայն 12-րդ դարից ի վեր այս երկրում փաստացի իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում սյոգունները՝ միաժամանակ պահելով կայսրի ինստիտուտը։ Կայսեր և սյոգունի միջև սկզբունքային տարբերությունը ծիսական բաղադրիչի բաղակայությունն էր։

Սյոգունը համարվում էր երկրի հիմնական կառավարիչը և պաշտպանը, սակայն չէր համարվոմ աստծո մարմնավորում։ Ավելի նոր շրջանում իշխանության ռազմականացումը դառնում է ավելի տարածված երևույթ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Իտալիայում հաստատվում է բռնապետ Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական իշխանությունը, որը ենթադրում էր միակուսակցական համակարգով երկրի կառավարում և անձնիշխանություն։ Ֆաշիստական վարչակարգի հաստատման ժամանակահատվածում Իտալիայի թագավորի տիտղոսը կրում էր Վիկտոր Էմանուիլ III-ը, ով հանդիսանում էր Մուսոլինիի անմիջական կամակատարը։ 20-րդ դարի կեսերին շուրջ մեկ տասնամյակ ռազմական խունտան իշխում է նաև միապետական Հունաստանում և Ռումինիայում։ Նշանավոր դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարման տարիներին Իսպանիան ուներ միապետական կառավարման համակարգ, թեև թագավորական գահը թափուր էր։ Վերջինիս մահվանից հետո Իսպանիան անցում է կատարում ժողովրդավարության, իսկ գահն օրինական կերպով ժառանգում է Խուան Կառլոս I Բուրբոնը։

Միապետական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետական տիտղոսները բազմաթիվ են և բազմաբովանդակ։ Դասական եվրոպական միապետների տիտղոսներն են կայսրը կամ կայսրուհին (լատ.՝ imperator, imperatrix), թագավորը կամ թագուհին, մեծ դուքսը կամ դքսուհին, արքայազնը կամ արքայադուստրը և այլն[9]։ Որոշ երկրների առանձնահատկություններից ելնելով ստեղծվել են նաև տեղական մոնարխիստական տիտղոսներ։ Օրինակ՝ Գերմանիայում և գերմանախոս երկրներում միապետները կոչվում էին կյուրֆուրստ (գերմ.՝ Kurfürst, թարգմանաբար՝ «արքայազն») կամ մարկգրաֆ (գերմ.՝ Markgraf), Ֆրանսիայում՝ մարքիզ (ֆր.՝ marquis) և այլն։ Կային նաև ազնվականական ավելի ցածր տիտղոսներ, որոնցից են կոմսը, դուքսը, իշխանաց իշխանը, հերցոգը և այլն։ Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ սլավոնական երկրներում, միապետական տիտղոսներն ունեին այլ անվանումներ։ Կիևյան Ռուսիայում միապետին անվանում էին կնյազ (ռուս.՝ князь), իսկ ավելի ուշ շրջանի պետական կազմավորումներում՝ ցար կամ ցարիցա (ռուս.՝ ц︢рь, царица, ծագել է լատիներեն «կայսր» բառից)։

Արևելքի իսլամադավան երկրներում (Արաբական խալիֆայություն, Օսմանյան կայսրություն, Շահական Պարսկաստան և այլն) միապետներին տրվող տիտղոսներն ունեին բավականին տարբեր անվանումներ։ Արաբական պետություններում բացարձակ միապետին անվանում էին խալիֆ (արաբ․՝ خليفة‎‎), էմիր (արաբ․՝ أمير‎‎) կամ շեյխ (արաբ․՝ الشيخ‎‎)։ Այս պատվանունը կրող առաջին անձնավորությունը եղել է Մուհամեդը՝ իսլամի բարձյալ մարգարեն։ Տարաբնույթ արքայական տիտղոսներով էին հորջորջվում Պարսկաստանի միապետերը։ Արքային փոխարինող դասական տիտղոսը շահն էր, սակայն պարսից գահակալներն առավել շատ ստանում էին արքայից արքայի՝ շահնշահի կոչում (պարս․՝ شاهنامه): Հնդկաստանում և հարավային Ասիայում միապետները մեծամասամբ կրում էին մահառաջայի (հինդի՝ महाराजा, համապատասխանում է կայսրին), մահարանի (հինդի՝ महारानी), ռաջայի (հինդի՝ राजा, համապատասխանում է արքային), ռանիի (հինդի՝ रानी, համապատասխանում է թագուհուն) և այլ տիտղոսներ։ Պատմականորեն՝ մոնղոլներն ու թուրքմեններն օգտագործում էին խանի կամ խաթունի (կանանց պարագայում) տիտղոսը, իսկ Հին Եգիպտոսում երկրի գերագույն ղեկավարը փարավոնն էր։

Վանի թագավորության արքաների միապետական տիտղոսները
Վանի թագավորությունում (այլ հիշատակումներով՝ Ուրարտու կամ Արարատյան թագավորություն) միապետերն իրենց թողած արձանագրություններում իրենց հորջորջել են բազմաթիվ միապետական տիտղոսներով, որոնք նրանք կապել են իրենց կատարած արշավանքների, նվաճումների և քաղաքաշինական աշխատանքների հետ։ Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական հասարակարգին։ Վանի թագավորության հստակ թվագրվող առաջին արքան՝ Սարդուրի I-ը, Տուշպա-Վան քաղաքի հիմնադրման մասին գրավոր արձանագրությունում իրեն անվանել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ», «Բիայնա երկրի արքա»։

Ժառանգորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգական միապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկական պետության Կարոլինգ արքաների իրավահաջորդության օրինակ
Պիպին Կարճահասակի օրոք Ֆրանկական պետությունում հաստատվել է Կարոլինգների արքայատոհմը։ Հաջորդել է հորը՝ Կառլոս Մարտելին:
Կառլոս Մեծի օրոք Ֆրանկական պետությունը վերածվել է կայսրության։ Գահը ժառանգել է հորից՝ Պիպին Կարճահասակից։

Ժառանգական միապետության ինստիտուտը ենթադրում է միևնույն արքայատոհմի (միջազգային տերմինով՝ դինաստիայի) շարունակական և սերնդե սերունդ իշխանությունը որևէ երկրի տարածքում։ Տվայլ դեպքում գահի իրավահաջորդության սկզբունքը բավականաչափ պարզ է, քանիզ գործող միապետի գահընկեց լինելուց հետո իշխանությունն անցնում է վերջինիս ավագ որդուն[10][11]։ Ժառանգական միապետությունները ևս որոշակի տարբերակման առանձնահատկություններից ելնելով լինում են մի քանի տեսակների։ Պրիմոգենիտուրան ժառանգական միապետությունների ամենատարածված համակարգն է, որի պայմաններում իշխանությունը փոխանցվում է գահընկեց եղած արքայի հետ ամենամոտ արյունակցական կապ ունեցող ազնվականին։ Այս տիպի ժառանգական միապետությունների ֆունկցիաներն ու ընթացակարգերը մանրակրկտորեն նկարագրված է Սալիական դատաստանագրքում, որը սակայն բացառում է արքայատոհմի ժառանգական սկզբունքով շարունակությունը իգական սեռի ներկայացուցչի միջոցով[12]։

Հին և միջնադարյան շրջանի բազում արքաներ, առանց որևէ օրենսդրական հարկադրանքի, նախքան գահին բազմելը նախ և առաջ ամուսնանում էին և հնարավորինս շուտ ունենում արու զավակ։ Վերջինս ավելի հասուն տարիքում դառնում էր արքայազնի, իսկ որոշ դեպքերում՝ կրտսեր արքա։ Այսպիսով, միջնադարյան Եվրոպայի բազում երկրներում եղել են դեպքեր, երբ երկիրը կառավարվել է երկու՝ ավագ և կրսեր արքաների կողմից (Օրինակ՝ Անգլիայի թագավոր Հենրիխ Երիտասարդը): Միջնադարի ավելի ուշ շրջաներում նկատվում են կանանց միջոցով արքայատոհմի ժառանգական իշխանության շարունակության առաջին նախադեպերը։ Դրա վառ օրինակն է Կիլիկյան հայոց թագավորությունում Լևոն Ա Մեծագործ արքայի եղերական մահվանից հետո նրա դուստր Զապելի իշխանավարումը։ Վերջինս սակայն ամուսնանում է Հեթում իշխանի հետ և գահը փոխանցում ամուսնուն։ Չնայած այս ամենին՝ կանայք կարող էին գահին բազմել միայն այն եզակի դեպքում, երբ տվյալ արքայատոհմում գահի հավակնորդ որևէ արական սեռի ներկայացուցիչ չկար[13]։

1980 թվականին Շվեդիայի թագավորությունը դառնում է առաջին եվրոպական միապետությունը[14], որը հայտարարում է հավասար (կոգնատիկ) պրիմոգենիտուրա, ինչը նշանակում էր, որ միապետի ավագ երեխան՝ անկախ նրա սեռից, համարվում էր գահի օրինական ժառանգորդ։ Երեք տարի անց նմանօրինակ կառավարման ձևաչափը որդեգրում է նաև Նիդերլանդները, 1990-ին՝ Նորվեգիան, 1991-ին՝ Բելգիան, 2011-ին՝ Լյուքսեմբուրգը և Դանիան 2009 թվականին[15][16]։ 2013 թվականի ապրիլի 25-ին նախկինում Բրիտանական գաղութային կայսրության մաս կազմող 16 երկրներ (այդ թվում՝ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլն)՝ կառավարության ղեկավար հանդիսացող վարչապետի համաձայնությամբ իրենց երկրի ձևական ղեկավարումը հանձնում են Միացյալ Թագավորության միապետին[17][18]։ Անմիջականորեն, Մեծ Բրիտանիայի միապետը համարվում է նաև անգլիական եկեղեցու ղեկավարը, ուստի վերջինս պարտավոր է լինել Անգլիայի ազգային եկեղեցու հետևորդ։

Ժառանգական միապետություններում եթե արքան մահանում է անժառանգ, ապա գահը կարող է ժառանգել վերջինիս հետ արյունակցական ամենամոտ կապի մեջ գտնվող անձը։ Այս սկզբունքը բազմիցս (հատկապես միջնադարյան Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում) դարձել է գահակալական կռիվների և ներքին անկայունության պատճառ։ Փոքր ինչ տարբեր է ժառանգորդության կարգը Սաուդյան Արաբիայում։ Ժառանգական այս միապետությունում գահը նախ և առաջ օրինական կերպով անցնում է արքայի կրտսեր եղբորը՝ և վերջում նոր որդիներին։

Ընտրողական միապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրողական միապետություններում գահակալն ընտրվում է հատուկ ձևավորված մարմնի կողմից՝ ցմահ իշխանավարման կամ որոշակի ժամանակահատվածի համար։ Ընտրովի միապետություններում բացառելի երևույթ է ընտրակեղծարարությունը, քանի որ ընտրովի մարմինը սովորաբար բաղկացած է լինում մի քանի իրավասու անձանցից։ Ընտրողական միապետությանների պատմական օրինակներից ամենանշանավորներն են գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Ռեչ Պոսպոլիտան (այս երկրի ղեկավարն ընտրվում էր հատուկ գումարման սեյմի կողմից՝ ցմահ, և կրում էր Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի տիտղոսները): Հայտնի է նաև, որ Ֆրանկական պետության նշանավոր արքա Պիպին Կարճահասակը ևս հոր մահից հետո միապետ է ընտրվել արքունյաց ժողովի կողմից։ Ժողովուրդների մեծ գաղթի հետևանքով Եվրոպա ներթափանցած գերմանական ժողովուրդները ևս իրենց ստեղծած պետական միավորումներում գահակալ ընտրում էին ընտրութունների միջոցով։

Մերօրյա ընտրողական միապետություններից ամենահայտնին Վատիկանն է, որը միահեծան կերպով կառավարվում է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապի կողմից։ Վերջինիս ընտրությունը կատարվում է կարդինալների սրբագույն կոլեգիայի կողմից։ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը և մեծ վարպետը ընտրվում է հատուկ խորհրդի կողմից՝ որոշակի ժամանակահատվածով։ Նմանատիպ միապետության մեկ այլ հայտնի օրինակ է Մալայզիան, որի դաշնային արքային ընտրում են իննը սահմանադրական նահանգների կառավարիչները (սուլթաններ)։ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հորդանանը ևս ընտրողական միապետություն է։ Անդորրան աշխարհի միակ երկիրն է, որն ունի յուրօրինակ այնպիսի սահմանադրական կարգավորում, որի համաձայն այդ երկրի իշխանի պաշտոնը ստանձնում է Ֆրանսիայի Հանրապետության գործող նախագահը։ Այսպիսով՝ Անդորրան ներկայումս գոյություն ունեցող միակ երկիրն է, որի օրինական ղեկավարին ընտրում են այլ երկրի քաղաքացիները։

Ժամանակակից միապետությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Միապետության ձև Միապետի տիտղոս Ներկայիս միապետ Նշումներ, ներածական բովանդակություն
1 կայսրություն
rand Ճապոնիա Խորհրդարանական կայսր Ակիհիտո Համարվում է ներկայումս գոյություն ունեցող միակ երկիրը, որի գահակալի միապետական տիտղոսը համապատասխանում է կայսրին։
33 թագավորություններ
Flag of Antigua and Barbuda.svg Անտիգուա և Բարբուդա Խորհրդարանական միապետ Եղիսաբեթ II
Flag of Australia.svg Ավստրալիա
Flag of the Bahamas.svg Բահամյան Կղզիներ
rand Բահրեյն Սահմանադրական միապետ Համադ Բին Իսա ալ-Խալիֆա Նախքան 2002 թվականն այս երկիրը եղել է նախ էմիրություն և ապա՝ թագավորություն։ 2000 թվականին սկսված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում ի վերջո այս երկրում հաստատվում է սահմանադրական միապետություն։
Flag of Barbados.svg Բարբադոս Խորհրդարանական միապետ Եղիսաբեթ II
Flag of Belgium.svg Բելգիա միապետ Ֆիլիպ Լյուդովիկ
Flag of Belize.svg Բելիզ միապետ Եղիսաբեթ II
Flag of Bhutan.svg Բութան Սահմանադրական միապետ Ջիգմե Խեսար Նամգյալ Վանգչուկ 1907 թվականից ի վեր Բութանը եղել է բուդդիստական բացարձակ միապետություն, որտեղ գահակալն ունեցել է անսահմանափակ իշխանություն։ 2008 թվականի հուլիսի 18-ին Բութանը հռչակվել է սահմանադրական միապետություն։ Այս երկրում արքան կոչվում է դրուկ գյալփո։
Flag of Denmark.svg Դանիա Խորհրդարանական միապետ Մարգարետ II Դանիայի միապետը համարվում է նաև Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների ղեկավարը։ 1953 թվականից ի վեր Դանիայի գահին բազմած միապետները եղել են բացառապես կանայք։
Flag of Grenada.svg Գրենադա Եղիսաբեթ II
Flag of Jamaica.svg Ճամայկա
Flag of Jordan.svg Հորդանան Սահմանադրական միապետ Աբդալլահ II Միապետությունը հիմնադրվել է 1921 թվականին՝ Միացյալ Թագավորության կողմից։
Flag of Cambodia.svg Կամբոջա Նորոդոմ Սիհամոնի
Flag of Canada.svg Կանադա Խորհրդարանական միապետ Եղիսաբեթ II
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ միապետ Վիլեմ Ալեքսանդր Վերջինիս վերահսկողությունը տարածվում է Նիդերլանդների Թագավորության բոլոր վարչատարածքային միավորների և կախյան տարածքների վրա։
Flag of Lesotho.svg Լեսոթո Լետսիե III Մինչև 1960 թվականը կոչվել է «գլխավոր պետ»։ Ներկայումս Լեսոթոյի արքան չունի որևէ գործադիր կամ օրենսդիր ֆունկցիաներ։
Flag of Malaysia.svg Մալայզիա Մուհամմադ V Երկրի միապետն ընտրվում է բոլոր սուլթանությունների կառավարիչների ընտրությամբ։
Flag of Morocco.svg Մարոկկո Սահմանադրական Մոհամմեդ VI Մինչև 1957 թվականը եղել է Մարոկկոյի սուլթանություն։
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա Խորհրդարանական միապետ Եղիսաբեթ II
Flag of Norway.svg Նորվեգիա Սահմանադրական՝ ուժեղ խորհրդարանական հատկանիշներով միապետ Հարալդ V 1380-1905 թվականներին Դանիայի հետ հանդես է եկել միացյալ թագավորության կարգավիճակով։ Անկախ թագավորությունը ստեղծվել է 1905 թվականին, իսկ 1990 թվականին կանանց տրվել է գահի ժառանգման ազատ իրավունք։
Flag of Papua New Guinea.svg Պապուա Նոր Գվինեա Խորհրդարանական միապետ Եղիսաբեթ II
Flag of the Solomon Islands.svg Սողոմոնի Կղզիներ
Flag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա բացարձակ միապետ Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդ Համարվում է իսլամական միապետություն, որտեղ միապետը երկրի միահեծան ղեկավարն է։
Flag of Sweden.svg Շվեդիա Խորհրարանական Կառլ XVI Գուստաֆ
Flag of Spain.svg Իսպանիա Ֆիլիպ VI Գեներալ Ֆրանկոյի դիկտատուրային վարչակարգի անկումից հետո Իսպանիան անցում է կատարել ժողովրդավարության։ Երկրում կառավարում է Բուրբոնների արքայատոհմը։
Flag of Saint Kitts and Nevis.svg Սենթ Քիթս և Նևիս միապետ Եղիսաբեթ II
Flag of Saint Lucia.svg Սենթ Լյուսիա
Flag of Saint Vincent and the Grenadines.svg Սենթ Վինսենթ և Գրենադիններ
Flag of Eswatini.svg Սվազիլենդ Բացարձակ միապետ Մսվաթի III Այս երկրում պետական կառավարման համակարգի և առանձին ենթակառուցվածքների ժողովրդավարականացումը շարունակվում է։
Flag of Thailand.svg Թաիլանդ Սահմանադրական Մահա Վաջիրալոնգկորն Բուդդիստական միապետ
Flag of Tonga.svg Տոնգա Խորհրդարանական Տուպոու VI Ավանդական պոլինեզիական արքայի «Թուի տոնգո» տիտղոսը 1865 թվականի սկզբին փոխարինվում է բրիտանական պրոտեկտորատով։
Flag of Tuvalu.svg Թուվալու միապետ Եղիսաբեթ II
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորության կազմի մեջ 4 պատմաշխարհագրական շրջաններից (Անգլիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ուելս) բացի մտնում են նաև 14 անդրծովյան տարածքների մեջ մտնում են Անգիլիան, Բերմուդյան կղզիները, Բրիտանական անտարկտիկական տարածքը, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքները, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Կայմանյան կղզիները, Մոնտսերատ կղզին, Սուրբ Հեղինե կղզին, Փիտկերն կղզին, Թյորքս և Կայկոս կղզիները, Ֆոլկլենդյան կղզիները, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիները և երկու բրիտանական հենակետերը Կիպրոսի տարածքում՝ Ակրոտիրին և Դեկելիան։ Հարկ է նշել, որ բրիտանական պահանջներն Անտարկտիկայի նկատմամբ ճանաչված չեն, Կիպրոսը վիճարկում է իր տարածքում գտնվող ռազմական բազաների ներկայությունը, իսկ Ֆոլկլենդյան կղզիների համդեպ իրավունքը վիճարկում է Արգենտինան։ Միացյալ Թագավորության միապետը բրիտանական համագործակցության երկրիների գահակալն է։
1 մեծ դքսություն
Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ Խորհրդարանական մեծ դուքս Հենրի Ալբերտ Մինչև 1890 թվականը Լյուքսեմբուրգը ղեկավարվում էր Նիդերլանդների միապետի կողմից։ Դրանից հետո Լյուքսեմբուրգի մեծ դուքսը ստացել է սահմանափակ իշխանություն։ 2008 թվականի օրենսդրական բարեփոխումներից հետո մեծ դուքսը ստացել է որոշակի իրավազորություն։
3 իշխանություններ
Flag of Andorra.svg Անդորրա Խորհրդարանական իշխան Ժոան Էնրիկ Վիվես ի Սիսիլիա Անդորրայի իշխանի պաշտոնը կրում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը։ Անդորրայի միապետին ընտրում են այլ երկրի քաղաքացիները։
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ)
Flag of Liechtenstein.svg Լիխտենշտայն Սահմանադրական՝ ուժեղ խորհրդարանական հատկանիշենրով մեծ իշխան Հանս-Ադամ II
rand Մոնակո Սահմանադրական Ալբեր II Սերում հանրահայտ Գրիմալդիների տոհմից և ունի «Ձերդ պայծառափայլության» կոչում:
2 սուլթանություններ
Flag of Brunei.svg Բրունեյ Դարուսալամի Բացարձակ սուլթան Հասանալ Բոլկիահ
rand Օման Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդ
3 էմիրություններ
rand Կատար Բացարձակ էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանի
Flag of Kuwait.svg Քուվեյթ Սահմանադրական Սաբահ Ջաբեր ալ-Սաբահ 1991 թվականից ի վեր սահմանադրական միապետություն է
Flag of the United Arab Emirates.svg Արաբական Միացյալ Էմիրություններ Սահմանադրական նախագահ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյան 1967 թվականի փետրվարին Խալիֆան նշանակվեց Աբու Դաբիի Էմիրության կայսր ժառանգորդ։ Մինչև ԱՄԷ-ի նախագահ ընտրվելը, նա ղեկավարում էր ամենaմեծ՝ Աբու Դաբիի Էմիրությունը, որտեղ գտնվում է ԱՄԷ-ի նավթի պաշարի 80 %-ը։
1 թեոկրատական բացարձակ միապետություն
rand Վատիկան Բացարձակ թեոկրատական միապետություն Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապ Վատիկանի կառավարիչը համարվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պապը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Monarch»։ Oxford Dictionaries։ 2014 
  2. Webster's II New College Dictionary. Monarch. Houghton Mifflin. Boston. 2001. p. 707. 0-395-96214-5
  3. Stuart Berg Flexure and Lenore Carry Hack, editors, Random House Unabridged Dictionary, 2nd Ed., Random House, New York (1993)
  4. The Feminist Companion to Literature in English, ed. Virginia Blain, Patricia Clements and Isobel Grundy, (London: Batsford, 1990), p. 272.
  5. Veenendaal Wouter (2016-01-01)։ «Monarchy and democracy in small states: An ambiguous symbiosis»։ in Wolf Sebastian։ State Size Matters (անգլերեն)։ Springer Fachmedien Wiesbaden։ էջեր 183–198։ ISBN 9783658077242։ doi:10.1007/978-3-658-07725-9_9 
  6. L.G. Pine (1992)։ Titles: How the King became His Majesty։ New York: Barnes & Noble։ էջ 86։ ISBN 978-1-56619-085-5 
  7. "Overturning Centuries of Royal Rules" (2011-10-28). BBC.com. Retrieved 2018-11-02.
  8. Spence, Jonathan D. (1999) The Search for Modern China, W.W. Norton and Company. p. 274. ISBN 0-393-97351-4
  9. Meyers Taschenlexikon Geschichte 1982 vol.1 p21
  10. Young W. Kihl, Hong Nack Kim. North Korea: The Politics of Regime Survival. Armonk, New York, USA: M. E. Sharpe, Inc., 2006. Pp 56.
  11. Bong Youn Choy. A history of the Korean reunification movement: its issues and prospects. Research Committee on Korean Reunification, Institute of International Studies, Bradley University, 1984. Pp. 117.
  12. Robert A. Scalapino, Chong-Sik Lee. The Society. University of California Press, 1972. Pp. 689.
  13. The Twisted Logic of the N.Korean Regime, Chosun Ilbo, 2013-08-13, Accessed date: 2017-01-11
  14. SOU 1977:5 Kvinnlig tronföljd, p. 16.
  15. «Overturning centuries of royal rules»։ BBC News։ 28 October 2011 – via www.bbc.com 
  16. «New Ducal succession rights for Grand Duchy»։ luxtimes.lu 
  17. Canada: History Archived 2007-02-19 at the Wayback Machine.
  18. Ferguson, Will; The Lost Kingdom; Macleans, October 27, 2003