Իսպանիայի անցումը ժողովրդավարության
Իսպանիայի անցումը ժողովրդավարության (իսպ.՝ Transición española a la democracia), Իսպանիայում առավել հայտնի է որպես Իսպանական անցում, Իսպանիայի նորագույն պատմության ժամանակաշրջան է, որը սկսվել է 1975 թվականի նոյեմբերին՝ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո և նշանավորվել է թագավորությունում ժողովրդավարական կարգերի հաստատումով։ Մինչ այդ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում ազգայնականների հաղթանակից հետո երկրում հաստատվել էր ռազմական բռնապետություն[1]։ Այնուամենայնիվ, պատմաբանները անցման ամսաթվի վերաբերյալ ընդհանուր հայտարարի մինչ օրս չեն եկել, քանզի դա բավականին վիճարկելի հարց է։
Ոմանք ասում են, որ Իսպանիայի դեմոկրատացման գործընթացն ավարտվել է 1977 թվականին, իսկ մյուսները ավելի ուշ՝ 1978 թ.-ին[2]։ Պատմաբանների մի այլ խումբ կարծում են, որ ժամանակաշրջանի ավարտն ազդարարել է 1981 թվականին տեղի ունեցած ազգայնականների հեղաշրջման ապարդյուն փորձը։ Ժողովրդավարությանն անցումն ուղեկցվել է գործադիր իշխանության անցնցում փոխանցմամբ և 1982 թվականի ընտրություններում սոցիալ-աշխատավորական կուսակցության հաղթանակով[3]։
Խուան Կառլոս I-ի դերակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայում իշխանության է եկել 1939 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում ազգայնականների հաղթանակից հետո և որպես դիկտատոր իշխել է մինչև իր մահը՝ 1975 թվականը։ 1969 թվականին Ֆրանկոն արքայազն Խուան Կառլոսին՝ նախկին թագավոր Ալֆոնսո XIII-ի թոռանը, ճանաչում է որպես իր պաշտոնական իրավահաջորդ։ Հաջորդ վեց տարիներին Խուան Կառլոսն իր հրապարակային ելույթներում ակնարկում է այն իրողությունը, որ պատրաստվում է հետևել Ֆրանկոյի հետքերին և հավատարիմ մնալ վերջինիս վարած կենտրոնամետ քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, նա նպաստում է սահմանադրական միապետության զարգացմանը և ժամանակի ընթացքում շեղվում իր նախորդների որդեգրած քաղաքականությունից։ Ներքին քաղաքականության փոփոխությունը եղել է հավակնոտ ծրագիր, որը մեծ աջակցություն է ստացել ինչպես Իսպանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Արեւմտյան աշխարհի կառավարությունները, որոնք ղեկավարվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, խրախուսում էին Իսպանիայի սահմանադրական զարթոնքը, ինչպես շատ իսպանացի և միջազգային լիբերալ կապիտալիստներ։ Այնուամենայնիվ, ժողովրդավարության անցման գործընթացը բավականին բարդ էր և դժվարին։ Դա մեծապես պայմանավորված էր քաղաքացիական պատերազմով և Իսպանիայում արտաքին աշխարհի մեծ ազդեցությամբ։ Ֆրանսիան նպատակ ուներ ավելի սրել Իսպանիայում ստեղծված իրավիճակը և այդ գործի իրականացման ճանաչարհին վերջինս անթաքույց կերպով աջակցում էր ձախակողմյան և արմատական ուժերին, այդ թվում՝ Կատալոնիայի ազատատենչ խորհրդարանին և ինքնավար կառավարությանը։ Խուան Կառլոսի առաջին քայլը, որն ուղղված էր Իսպանիայի ժողովրդավարականացմանը, լինում է այն, որ վերջինիս ջանքերով իսպանական բանակը սկսում է չմիջամտել քաղաքացիական ներքին գործընթացներին։ Այդպես Իսպանիան կասեցնում էր նաև Ֆրանսիայի ազդեցության մեծացումը միապետության տարածքում։
Աստիճանական քայլերի արդյունքում Խուան Կառլոս I-ը կարողանում է արմատախիլ անել Ֆրանկոյի ավտորիտար վարչակարգի արմատները և նպաստել ժողովրդավարական իրավական և քաղաքական համակարգերի ձևավորմանը։
Ժողովրդավարական տրանզիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Կառլոս I-ը սկզբնական ժամանակահատվածում թափուր է թողնում վարչապետի պաշտոնը՝ շարունակելով Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարած բացարձակամիապետական քաղաքականությունը։ Արիաս Նավարոն, որը հետագայում զբաղեցնում է այդ պաշտոնը, սկզբնական շրջանում չէր ծրագրում բարեփոխել ֆրանկիստական վարչակարգը՝ հավատարիմ մնալով իր զինակից դիկտատորի ռեժիմին։
Իսպանիայում ձախակողմյան ուժերի ընդվզումից հետո Արիաս Նավարոն մասամբ փոխում է իր քաղաքական դիրքորոշումը՝ հայտնելով, որ քաղաքական փոփոխությունները որոշակի սահմանափակումների կարիք ունեն։ Շուտով նա նաև հրապարակային կերպով հայտարարում է, որ Ֆրանկոյի օրենքներն ու ինստիտուտները թարմացման կարիք ունեն։ Կառլոս Արիաս Նավարոն ֆրանկիստական վարչակարգի ժամանակ զբաղեցրել է նահանգապետի պաշտոններ, եղել է Մադրիդի քաղաքապետ, ղեկավարել է պետական անվտանգության ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը։ 1973-1976 թվականներին հանդիսացել է ֆրանկիստական ժամանակաշրջանի Իսպանիայի կառավարության նախագահի վերջին ներկայացուցիչ և առաջինը անցումային շրջանում։
1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո սատարել է աջ ծայրահեղական «Բունկեր» խմբավորմանը։ 1976 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունենում համաիսպանական հանրաքվե, որի արդյունքում 1977 թվականի հունիսի 15-ին ձևավորվում է սահմանադիր կորտես, որը կազմված էր երկու պալատներից՝ պատգամավորական կոնգրես և սենատ։ 1936 թվականին տեղի էին ունեցել առաջին բազմակուսակցական ընտրությունները, որի արդյունքում պառլամենտական մեծամասնություն էր կազմել «Ժողովրդավարական կենտրոնի միություն» ձախակողմյան կուսակցությունը, որը նպատակ ուներ արմատախիլ անել ֆրանկիստական վարչակարգի մնացորդները երկրի տարածքից։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունը՝ Ֆելիպե Գոնսալեսի գլխավորությամբ։ 1977 թվականի հոկտեմբերի 25-ին Կատալոնիային, իսկ դեկտեմբերի 31-ին՝ Բասկերի Երկրին շնորհվում է մասնակի ինքնավարություն, որը ևս հակոտնյա էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարած խիստ ունիտարիստական քաղաքականությանը։ 1977 թվականի հոկտեմբերի 25-ին երկրի հիմնական քաղաքական ուժերը ստորագրում են այսպես կոչված «Մոնկլոայի պակտը»։ Այն նպատակ ուներ բարեփոխումներ անցկացնել երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում՝ վերջնականապես ավարտելով Իսպանիայի ժողովրդավարականացման գործընթացը։ Դաշնագիրը նախատեսում էր խոսքի և մամուլի ազատականացում, անվտանգության և ուժային կառույցների վերակազմակերպում, սոցիալական բարեկեցության և կրթական ոլորտի բարելավում, հարկային բարեփոխումներ և այլն։
Սահմանադրության ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիան ստեղծված է որպես սոցիալական և ժողովրդավարական պետություն, որը ենթակա է օրենքի գերակայությանը։ Վերջինս պաշտպանում է իր իրավական համակարգի բարձրագույն արժեքները՝ ազատությունը, արդարադատությունը, հավասարությունն ու քաղաքական բազմակարծությունը։
Քաղաքական մի շարք բարեփոխումներից հետո Իսպանիան նախապատրաստվում է նոր, ժողովրդավարական Սահմանադրության ընդունմանը։ Սկզում Կորտեսի կողմից 1978 թվականի դեկտեմբերի 6-ին գումարվում է սահմանադրական հանձնաժողով, որը կազմում է Սահմանադրության նախագիծը՝ հիմք ունելով գործող օրենքներն ու միջազգային իրավունքում ամրագրված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Սահմանադրությունը լայն իրավունքներ և լիազորություններ է ընձեռում երկրի ինքնավար մարզերին՝ Կատալոնիային և Բասկերի Երկրին։ Կարճ ժամանակահատվածում ԶԼՄ-ների տարածած նյութերի շնորհիվ խորհրդի անդամները հայտնի են դառնում որպես Իսպանիայի «Սահմանադրության հայրեր»։
Խորհրդի անդամների կուսակցական պատկանելիությունը եղել է բոլորովին տարբեր, ինչպես և քաղաքական դիրքորոշումը։ Խորհրդի անդամներն էին Գաբրիել Սիսներոսը (Ժողովրդավարական կենտրոնի միություն), Խոսե Պեդրո Պերես Յորկան, Միգել Էռերո Ռոդրիգես դե Մինյոն, Միկել Ռոկա Խունյենտը (Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա), Մանուել Ֆրագա Իրիբարնեն («Հայտնի դաշինք» կուսակցություն), Գրեգորիո Պեսես Բարբան (Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցություն) և Խորդի Սոլե Տուրան։ Իսպանիայի Սահմանադրությունը Կորտեսի կողմից հաստատվել է 1978 թվականի հոկտեմբերի 31-ին[4] և ամրագրվել դեկտեմբերի 6-ի ժողովրդական հանրաքվեով[5][6]։ Հանրաքվեի ժամանակ ընտրողների 91.81%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը։ Վերջիվերջո, դեկտեմբերի 27-ին խորհրդարանի ներկայացուցչության ներկայությամբ արքա Խուան Կառլոսն ընդունում է Թագավորության Սահմանադրությունը։ Այն վերջնական իրավական ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 29-ին և նույն օրը հրապարակվում պաշտոնական տեղեկագրում։ Այպիսով՝ դեկտեմբերի 6-ն Իսպանիայում նշվում է որպես Սահմանադրության տոն։ 1981 թվականի փետրվարի 23-ին ֆրանկիստները երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ են կատարում։ Դրան հաջորդում է բասկ անջատողականների և ձախակողմյան ուժերի քաղաքացիական անհնազանդությունների։ Գործողությունների ընթացքում տեղի է ունենում բախում ոստիկանության հետ, բռնության զոհ է դառնում շուրջ 3500 իսպանացի, 714 անձ զոհվում է։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սա Իսպանիայում տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպն է դառնում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ortuño Anaya, Pilar (2005). Los socialistas europeos y la transición española (1959–1977) [European socialists and the Spanish transition (1959–1977)] (Spanish). Madrid: Marcial Pons. էջ 22. ISBN 84-95379-88-0. «Con respecto al final del proceso de la transición española, existen diferencias de opinión entre los especialistas de este periodo.»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Татьяна Ворожейкина. Прощание с авторитаризмом: уроки испанского // Неприкосновенный запас (журнал)|Неприкосновенный запас, 2016, № 4(108).
- ↑ Ruiz, David (2002). La España democrática (1975-2000). Política y sociedad. Madrid: Síntesis. ISBN 84-9756-015-9.
- ↑ «Испания: Конституция Испании 1978 года (с изменениями от 28 августа 1992 г.)». www.wipo.int (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Edles, L.D.; Seidman, S. (1998). Symbol and Ritual in the New Spain: The Transition to Democracy After Franco. Cambridge Cultural Social Studies. Cambridge University Press. էջ 104. ISBN 978-0-521-62885-3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Constitution of 1978 | Spanish history». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Preston, Paul (2003). Juan Carlos. El rey de un pueblo. Barcelona: Plaza & Janés. ISBN 84-01-37824-9.
- Ruiz, David (2002). La España democrática (1975-2000). Política y sociedad. Madrid: Síntesis. ISBN 84-9756-015-9.
- Tusell, Javier (1997). La transición española. La recuperación de las libertades. Madrid: Historia 16-Temas de Hoy. ISBN 84-7679-327-8.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Preston, Paul (2003). Juan Carlos. El Rey de un pueblo [Juan Carlos. The King of a people] (Spanish). Barcelona: Plaza & Janés. ISBN 84-01-37824-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Ruiz, David (2002). La España democrática (1975–2000). Política y sociedad [Democratic Spain (1975–2000). Politics and society] (Spanish). Madrid: Síntesis. ISBN 84-9756-015-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)