Ֆրանկիստական Իսպանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկիստական Իսպանիա
իսպ.՝ Estado Español
 Իսպանիայի երկրորդ հանրապետություն
 Մալյորկայի բռնազավթումն իտալացիների կող
 մից
1936 - 1975 Իսպանիա 
(Դրոշ) (Զինանշան)

Նշանաբան
իսպ.՝ «Una, Grande y Libre»
«Միասնական, Հզոր և Ազատ»

Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բուրգոս
(1936 - 1939)
Մադրիդ
(1939 - 1975)
Լեզու Իսպաներեն (պաշտոնական),
Կատալաներեն,
Գալիսերեն,
Բասկերեն
Կրոն Հռոմի կաթոլիկ եկեղեցի
Հիմն Marcha Granadera
Արժույթ Պեսետա
Իշխանություն
Պետության գլուխ Ֆրանցիսկո Ֆրանկո
Պատմություն
- Իսպանիայի քաղաքացիական պատերազմ 1936 թվականի հուլիսի 17 - 1939 թվականի ապրիլի 1
- Իսպանական պետության ստեղծում 1936 թվականի հոկտեմբերի 1
- Իսպանիայի հանրապետական վտարանդի կառավարության ստեղծում 1939 թվականի ապրիլի 1
- Էլեկտրատեխնիկական և քիմիական արդյունաբերության զարգացման եռամյա պլան 1942 - 1945
- «Պետության ղեկավարի պաշտոնի ժառանգման մասին» օրենքի ընդունում 1947 թվականի հուլիսի 26
- Ինֆիի պատերազմ 1957 թվականի հոկտեմբերի 23 - 1958 թվականի հունիսի 30

Ֆրանկիստական Իսպանիա (նաև՝ ազգայնական Իսպանիա), Իսպանիայի պատմության ժամանակաշրջան, որը տևել է 1936-ից 1975 թվականներին, որի ժամանակ Իսպանիան գտնվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգի իշխանության ներքո[1][2][3][4]։

Ֆրանկիստական իշխանությունն Իսպանիայում հաստատվեց 1936 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ երկրում իշխանությունն անցավ Ֆրանցիսկո Ֆրանկոյին և Ազգֆային պաշտպանության կոմիտեին։ Վերջինը կազմված էր իսպանական բանակի՝ Հանրապետության դեմ ապստամբած մասից։ Ֆրանկիստները կարողացան ամրապնդել իշխանությունում իրենց դիրքը քաղաքացիական պատերազմում «Nacionales» ապստամբների դաշինքին հաղթելուց հետո։ Բացի երկրի ներսում աջակցությունից, Ֆրանկոյի խռովությունը սատարեցին արտաքին ուժերը, մասնավորապես՝ սալազարովյան Պորտուգալիան, Ֆաշիստական Իտալիան և Նացիստական Գերմանիան։ Միևնույն ժամանակ Իսպանիայի երկրորդ հանրապետությանը հիմնականում հիմնվում էր Խորհրդային Միության աջակցության վրա[1][2][5][5]։

Քաղաքացիական պատերազմում հաղթանակից հետո Իսպանիայում ազգայնականները ստեղծեցին միակուսակցական ավտորիտար պետություն գործնականում Ֆրանցիսկո Ֆրանկոյի բացարձակ իշխանությամբ։ Իշխող և միակ կուսակցությունը հանդիսանում էր Իսպանական ֆալանգան։ Իսպանիայում նոր կարգերի հաստատումից անմիջապես հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և, չնայած Իսպանիան պաշտոնապես չեզոք դիրք էր որդեգրել, սակայն իր Կապույտ դիվիզիան ուղարկեց Խորհրդային Միություն ի աջակցություն գերմանացիների։ Պատերազմում Իսպանիայի գերմանամետ դիրքորոշումը հանգեցրեց հետպատերազմյան ժամանակաշրջանում Առանցքի ուժերի կողմից երկրի մեկուսացման։ Իրավիճակը փոխվեց Սառը պատերազմի սկզբից, որի համատեքստում Ֆրանցիսկո Ֆրանկոյի ընդգծված հակակոմունիստական քաղաքականության պայմաններում Իսպանիան դարձավ Միացյալ Նահանգների դաշնակից [1][2][5] :

1947 թվականին Իսպանիա կրկին հայտարարվեց թագավորություն, սակայն «կաուդիլիո» Ֆրանկոյի ռեգենտության պայմաններում գահը թափուր էր մնում։ Ֆրանկոն իրեն էր վերապահել հայտնել այն մարդու անունը, ով պետք է լինի թագավոր և դիտավորյալ ձգձգում էր այդ քայլը կատարել քաղաքական իրավիճակից ելնելով[1][2] :

1959 թվականի ապրիլի 1-ին բացվեց Նահատակների հովիտ հուշահամալիրը, որը նվիրված էր քաղաքացիական պատերազմում երկու կողմերի զոհերի հիշատակին[1][2] :

1950-ական թվականների սկզբներից սկսվեց Իսպանիայի պահպանողական մոդերնիզացման ժամանակաշրջանը։ Ֆրանկոյի մտերիմ նախարար ադմիրալ Լուիս Կարերո Բլանկոն սատարում էր նոր քաղաքական ուղղվածությունը, որն իրենից ներկայացնում էր Եվրոպայի նկատմամբ երկրի լայն հարաբերություններ և տնտեսական արդիականացում, բայց ֆրանկիզմի սահմանած հստակ սահմաններում՝ բացառելով հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացում։ 1957 թվականի փետրվարին կառավարության առանցքային անձեր դարձան «Օպուս Դեյի» կրոնական կազմակերպության անդամներ Լաուրեանո Լոպես Ռոդոն, Մարիանո Նավարո Ռուբիոն (ֆինանսների նախարար) և Ալբերտո Ուլաստրեսը (առևտրի նախարար)[6]։ 1959 թվականի սկզբին նրանց կողմից ընդունվեց նախապատրաստական կայունացման պլան, որի իրականացումը հանգեցրեց տնտեսության աճի, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես «Իսպանական տնտեսական հրաշքը» անվանումով։ 1964 թվականից սկսված զարգացման նախագծերը օգնեցին ընդլայնել երկրի տնտեսությունը։ Զարգացում գրանցվեց պողպատածուլական, տեքստիլ արդյունաբերական, նավաշինարարական ոլորտներում։ Կարևորագույն դեր կատարեց Իսպանիայի բացումը որպես համաշխարհային բուժական կենտրոն։ 1960-1974 թվականներին տնտեսական ցուցանիշները աճեցին միջինը տարեկան 6,6 %։ Տնտեսության աճի արդյունքում հաջողության հասած ընկերություններից էր 1956 թվականին հիմնադրված Մոնդրագոնյան կորպորատիվ կորպորացիան [1][2] :

1962 թվականի հուլիսի 10-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն Գլխավոր շտաբի պետ Մունոս Գրանդեսին նշանակեց կրկին ստեղծված Իսպանիայի կառավարության փոխնախագահի պաշտոնում։ Նշանակման հրամանագրում նշված էր, որ կառավարության փոխնախագահը կարող է փոխարինել երկրի ղեկավարին նրա բացակայության, հիվանդության կամ անաշխատունակության դեպքում։ 1966 թվականի դեկտեմբերի 14-ին հանրաքվեյում հաստատվեց «Օրգանական օրենք», որը նախատեսում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան պարագայում ռեգենտային խորհրդի ստեղծում և թագավորի ու ռեգենտի նշանակում։ Օրենքը բաժանում էր պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի պաշտոնները, և 1967 թվականի հունվարի 10-ին օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մունյոսը դադարեց լինել կառավարության ղեկավարի տեղակալ [1][2] :

1969 թվականին ապագա թագավոր հայտարարվեց Խուան Կառլոս դե Բուրբոնը՝ որպես Ֆրանցիսկո Ֆրանկոյի պաշտոնական իրավահաջորդ։ 1973 թվականի հունիսին Ֆրանկոն հեռացավ կառավարության ղեկավարի պաշտոնից՝ իր փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Կարերո Բլանկոյին։ 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Կարերո Բլանկոն սպանվեց ԷՏԱ ռազմական կազմակերպության ներկայացուցիչների կողմից [1][2] :

1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո Խուան Կառլոսը դարձավ Իսպանիայի թագավոր։ Նա անմիջապես սկսեց երկրի ժողովրդավարացման գործընթաց, որն ավարտվեց Իսպանիայում սահմանադրական միապետության ձևով խորհրդարանական ժողովրդավարության հաստատմամբ [1][2] :

Ֆրանկիստական ժամանակաշրջանի զոհերի թվաքանակն այդպես էլ չի հստակեցվել։ Ըստ ականատեսների վկայությունների՝ մարդկանց կարող էին սպանել նույնիսկ եկեղեցու հասցեին անհարգալից արտահայտության կամ ընդդիմադիր գրականություն կարդալու համար։ Համաձայն պատմաբան Պաուլ Պրեստոնի՝ պատերազմի ավարտից հետո «20 000 մարդ սպանվեց, տասնյակ հազարները մահացան բանտարկության ժամանակ հիվանդությունից կամ սովից։ Կես միլիոնը հեռացան երկրից»[7]։

Սահմանադրական հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածք
«Մեր վարչակարգը բաց վարչակարգ է, այլ ոչ թե Սահմանադրությամբ փակ, պատրաստ բոլոր տեսակի կատարելագործման, որոնք անհրաժեշտ են երկրին…»

Ազգայնական - սինդիկալիստական Իսպանիան Ֆրանցիսկո Ֆրանկոյի ժամանակաշրջանում չուներ միասնական սահմանադրություն։ Վերջինին փոխարինում էինտարբեր ժամանակ ընդունված յոթ «հիմնական օրենքները», որոնք միասին սահմանում էին ղեկավարման ձևը, պետական կարգի հիմքերը, քաղաքացիների կարգավիճակը և պաշտոնական գաղափարախոսությունը [1][2] :

Այդ հիմնական օրենքներն են՝

  • 1938 թվականի մարտի 9-ին ընդունված «Աշխատանքային խարտիայի» դեկրետ,
  • 1942 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Իսպանական կորտեսների ստեղծման մասին» օրենք,
  • 1945 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Իսպանացիների խարտիայի» հաստատման օրենք,
  • 1947 թվականի հուլիսի 26-ին ընդունված «Պետության ղեկավարի մասին»,
  • 1959 թվականին ընդունված «Ազգային շարժման սկզբունքների մասին» օրենք,
  • 1966 թվականին ընդունված «Պետության մասին Օրգանական օրենք»։

Ֆրանկիստական վարչակարգը, ստեղծելով սինդիկալիստական կառուցվածք, «եթե ցանկանար, կարող էր ունենալ ղեկավարվող սինդիկալիստական համակարգ։ Բայց չցանկացավ... Ֆրանկոն և նրա հետևորդների մեծ մասը հենց իրենք չէին հետաքրքրված այդ տեսությամբ և կարծում էին, որ այն միայն աշխատավոր դասակարգին վերահսկելու միջոց է» [1][2] :

Ուղղահայաց սինդիկատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխատանքի խարտիան» շարադրում է Իսպանիայում «կորպորատիվ համակարգի» կարևոր սկզբունքները։ Տնտեսության և արտադրության բոլոր ճյուղերում ստեղծվել էին պետական «ուղղահայաց սինդիկատներ» (այսինքն՝ կառուցված ոչ թե ըստ դասակարգային, այլ հիերարխիկ սկզբունքով) և աշխատավորներին, ձեռնարկատերերին և տեխնիկական անձնակազմը միասնական կազմակերպության մեջ միավորելով։ «Ուղղահայաց սինդիկատները» հանդիսանում էին «պետությանը ծառայող զենք», որով պետությունը իր ազդեցությունն էր ունենում երկրի տնտեսության վրա։ Սինդիկատները կազմակերպվում են ոլորտային սկզբունքով։ Սինդիկատների սկզբնային կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք ստեղծվում էին յուրաքանչյուր ձեռնարկությունում կամ ձեռներեցների խմբում, տեսականորեն կոչվում էին ընտրովի, ընդ որում սինդիկատների ներկայացուցիչների մեծ մասը ձեռնարկատերեր էին [1][2] :

Իսպանիայի սինդիկատներին ղեկավարում էր ֆալանգան։ Այն լայնորեն ներկայացված էր պետության բարձրագույն մարմիններում։ Նահանգների քաղաքացիական նահանգապետները միաժամանակ համարվում էին նահանգային ֆալանգայի ղեկավարներ։ Ֆալանգայի ապարատը ակտիվություն էր ցուցաբերում սոցիալ-կուլտուրական շրջաններում, բայց քաղաքական իրականության մեջ ֆալանգան իրենից ներկայացնում էր միայն մահացած բյուրոկրատական կուսակցության կմախք։ Սինդիկատների նահանգային և կենտրոնական ապարատը «Աշխատանքային խարտիային» համապատասխան «պարտադիր կարգով» զբաղվում են Իսպանական ֆալանգային ղեկավար անդամները։ Կառավարությունը նշանակում է «ազգային պատվիրակ» (ղեկավար) և «սինդիկատների ազգային խորհրդի» անդամ։ Այդ խորհուրդն իր հերթին նշանակում է «ճյուղային սինդիկատների ազգային պատվիրակներ (ղեկավարներ)» և նահանգներում կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ։ «Նահանգային պատվիրակները» նշանակում էին տեղական սինդիկատների բաժանմունքների ղեկավարներ [1][2] :

Սինդիկատներին աշխատավորների, ծառայողների և ձեռնարկատերերի անդամակցությունը պարտադիր էր։ Սինդիկատներից կորտես (ինչպես նաև տեղական մարմիններ) անցնելու ընտրություններն իրականացվում էին մի քանի փուլից բաղկացած բարձ համակարգով։ Առաջին փուլն իրենից ներկայացնում էր ընտրության բաժանումն ըստ «սոցիալական» (աշխատավորական) և «տնտեսական» (ձեռնարկատիրական) խունտաների աշխատավորների և ձեռնարկատերերի համար ընտրական ցենզի։ Պրակուրատորների ընտրությունները նույնպես իրականացվում էին ոչ ուղիղ կերպով։ Յուրաքանչյուր համայնքային խորհուրդ սկզբնապես ընտրում է ընտրիչներ, որոնք հետագայում հավաքվում էին նահանգի մայրաքաղաքում և բացարձակ մեծամասնությամբ ընտրում էին համայնքային խորհուրդների նախագահի։ Պրակուրատորները դիտարկվում են ոչ թե որպես ժողովրդի ներկայացուցիչներ, և ոչ էլ որպես պատգամավորներ, այլ որպես կորպորացիաների կողմից վստահված ներկայացուցիչներ [1][2] :

Կորտեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտեսները ներկայացնում են ոչ թե ազգը, այլ կորպորացիաները (պետական «ուղղահայաց սինդիկատներ», մունիցիպալիտետներ, համալսարաններ, մասնագիտական միավորումներ)։ Կորտեսների ուղիղ ընտրություններ չէին իրականացվում։ Կորտեսների (պրոկուրադորների) անդամների մի մասը նշանակվում էին անուղղակիորեն կաուդիլիոյի կողմից «հատուկ ծառայությունների» համար։ Պրակուրադորների ընդհանուր թվաքանակը, որը նշանակվում է կաուդիլիոյի կողմից, չպետք է գերազանցի 50 մարդ։ Պետության ղեկավարը իրավասու է ցանկացած պահի չեղարկել իր նշանակումները։ 191 պրոկուրադորներ ստանում են իրենց պաշտոնը կորտեսներում ex officialo տարբերակով։ Այս ցանկին են առնչվում կառավարության անդամները (18 մարդ), Իսպանական ֆալանգայի ազգային խորհրդի անդամներ (103 մարդ), Պետական խորհրդի, Գերագույն դատարանի և ռազմական արդարադատության (3 մարդ), ալկալդիների 50 նահանգային կենտրոնների, Սեուտա ու Մելիլիա քաղաքների (52 մարդ) ներկայացուցիչներ, համալսարանների ռեկտորներ (12 մարդ), Իսպանական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի և Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի նախագահներ (3 մարդ)։

Պրոկուրադորների մնացած մասը ընտրվում են համապատասխան «կորպորացիաների» կողմից 3 տարի ժամկետով (վերընտրման իրավունքով)։

100 պրոկուրադորներ ընտրվում են իշխանության տեղական մարմինների կողմից (յուրաքանչյուր 50 նահանգից 2 անձ)։ 19 պրոկուրադորներ ընտրվում են գիտական և մշակութա-լուսավորչական հաստատությունների, առևտրային պալատի և փաստաբանների, դատական աշխատողների, բժիշկների, դեղագործների, ճարտարապետների մասնագիտական միավորումների կողմից։

Առավել բազմամարդ է հանդիսանում այն պրոկուրադորների խումբը, որը ընտրվում է պետական «ուղղահայաց սինդիկատների» կողմից։ Համաձայն 1942 թվականի հուլիսի 17-ին ընդունված «Կորտեսների ստեղծման մասին» օրենքի պրոկուրադորների թվաքանակը, որոնք ընտրվում են սինդիկատների կողմից, չպետք է գերազանցի ընդհանուր պրոկուրադորների մեկ երրորդը։ Հատուկ սահմանումը կանոնակարգում է յուրաքանչյուր կորպորացիայից ընտրության կարգը։

1956 թվականի դրությամբ պրոկուրադորների ընդհանուր թվաքանակը կազմել է 443։

Կորտեսները գործում էին լիագումար նիստերին և հանձնաժողովներում։ Համաձայն կորտեսների կանոնակարգման մասին օրենքի՝ ձևավորվում էր 17 հանձնաժողով։ Ամբողջ օրենսդրական գործընթացը ղեկավարում է կորտեսների նախագահը։ Բացի այդ, գոյություն ունեին կորտեսների մշտական հանձնաժողով, որը աշխատում էր նիստերի ընդմիջումների ընթացքում։ Նախարարները, պետական քարտուղարների տեղակալները, նախարարների փոխքարտուղարները, ֆալանգայի ազգային պատվիրակները, ինչպես նաև նախարարությունների դեպարտամենտների տնօրենները կարող էին մասնակցել հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր համապատասխան կառույցներին առնչվող գործ։

Կառավարությանն էին պատկանում օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կորտեսների քննարկմանն էին ներկայացնում օրենսդրական նախագծեր։ Կորտեսների հանձնաժողովներն ունեին իրենց առաջարկները քննարկման ներկայացնելու իրավունք։ Սակայն, այդ նախագծերը կորտեսների աշխատանքային ընթացակարգում էին ընդգրկվում միայն կառավարության համաձայնությամբ։

Իշխանության տեղական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի տեղական իշխանության մարմինների համակարգը հիմնականում կառուցվել է 1945 թվականի հուլիսի 17-ին ընդունված վարչական և ընտրական կարգի մասին դեկրետի դրույթի համաձայն։

Իսպանիայի տարածքը բաժանվում էր 50 նահանգներին։ Որպես նահանգների ղեկավարներ հանդես են գալիս կառավարության կողմից նշանակված նահանգապետները։ Յուրաքանչյուր նահանգում առկա է այսպես կոչված սկզբունքային պատգամավորություն (մարզային խորհուրդ), որի անդամների երկու երրորդը հատկացվում է մունիցիպալիտետների և մեկ երրորդը՝ «կորպորացիաների» կողմից։

Յուրաքանչյուր նահանգ միավորում է մի քանի տասնյակ մունիցիպալիտետներ։ Մունիցիպալիտետների խորհրդի ղեկավարներ էին հանդիսանում ալկալդները, որոնք նշանակվում են կառավարության (նահանգային կենտրոնների դեպքում) կամ տվյալ նահանգի քաղաքացիական նահանգապետի (մնացած մունիսիպալիտետների դեպքում) կողմից։

Մունիցիպալիտետների խորհուրդները ձևավորվում էր ընտրությունների բարդ համակարգի միջոցով։ Մունիցիպալիտետների խորհրդականների մի մասը ընտրվում էին ուղիղ կերպով ընտրական ցուցակից ընտրված ընտանիքների ղեկավարների կողմից։ Երկրորդ մասին ընտրում էին յուրաքանչյուր շրջանի «ուղղահայաց սինդիկատների» ներկայացուցիչների կողմից։ Այնուհետև, մունիցիպալիտետների խորհրդականները, որոնք ընտրվում էին ընտանիքների ղեկավարների և «ուղղահայաց սինդիկատների» ներկայացուցիչների կողմից, ընդհանուր նիստում «կորպորացիաների» ներկայացրած հատուկ ցուցակից ընտրում էին լրացուցիչ խորհրդականներ։

Ավտարկիա և սոցիալ-տնտեսական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական խնդիրների լուծումը Ֆրանցիսկո Ֆրանկոն և իր շրջապատը հույս ունեին գտնել տնտեսության ավատարկիայի ստեղծման միջոցով, որը կապահովեր ներկրումից առավելագույն անկախություն։ 1939 թվականին ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին ազգային արդյունաբերության պաշտպանությանը, մասնավորապես սահմանափակվեցին արտասահմանյան կապիտալի ներդրումը իսպանական ձռնարկություններում 25 %-ով, ինչը գործնականում պետական վերահսկողության ներքո էր դնում նշանակալի թվով արդյունաբերական ձեռնարկություններին։

1939 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Ազգային նշանակության հաստատությունների և ձեռնարկությունների պաշտպանության մասին» օրենքը, իսկ մեկ ամիս անց՝ 1939 թվականի նոյեմբերի 24-ին՝ «Ձեռնարկություններում պետության միջամտության սկզբունքների և սահմանների մասին» օրենքը, որոնցում հստակեցվում էր արդյունաբերության զարգացման ուղղությունները, ընդ որում, հատուկ ուշադրություն էր դարձվում լեռնահանքարդյունաբերությանը։ Այդ օրենքները գործնականում պետական վերահսկողությանը ենթարկեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ։ Պետությունը արդյունաբերության նախարարության միջոցով կանոնակարգում էր հումքի բաշխումը։ Վառելիքը, էլեկտրաէներգիան նոր ձեռնարկությունների բացման և գոյություն ունեցողների արդիականացման հնարավորություն էր տալիս, սահմանում էր ստանդարտներ և սահմանված գներ։ Դրան զուգահեռ մեծ դեր էին կատարում «ուղղահայաց սինդիկատները»։ Սինդիկատների դերը նկարագրելիս «Ինֆորմասոնես դե Մադրիդ» թերթը ներկայացրել է այդ կառույցները որպես տնտեսության ինքնակառավարվող համակարգ, որը Իսպանիայի համար բացում էր «կառավարվող տնտեսության ճանապարհ»։

Պատերազմի հետևանքով հանրապետականների փոփոխությունը, ավերը հանգեցրեցին երկրի գյուղատնտեսության անկման։ Դեռևս քաղաքացիական պատերազմի ավարտը ստեղծվեց տնտեսական և սոցիալական հողերի բարեփոխումների գլխավոր դիրեկցիա։ 1939 թվականի հոկտեմբերի 18-ին Բուրգասում սկսեց իր գործունեությունը գաղութացման ազգային ինստիտուտը, որը կալվածատիրոջ և գյուղացիների միջև առք ու վաճառքի հետ կապված հարցերում հանդես էր որպես միջնորդ։ Գոյություն ուներ պետության վերահսկողության հին համակարգը, որը կանոնակարգում էր գյուղատնտեսական ապրանքների գները։

1941 թվականի սեպտեմբերի 25-ին ընդունված օրենքով ստեղծվեց Ազգային արդյունաբերական ինստիտուտ, որն իրենից ներկայացնում էր պետական մենաշնորհային միավորում։ Այդ ինստիտուտի խնդիրն էր այն ձեռնարկությունների ձևավորումն ու կայացումը, որոնց գործունեությունը ապահովում էէր ավատարկայի համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ինստիտուտի դրամական միջոցները հավաքվում էին բյուջետային հատկացումների, բանկային վարկերի ու փոխառությունների շնորհիվ։ Այդպիսի միջոցներով կառուցված ձեռնարկությունների մեծ մասը ենթարկվում էին այս ինստիտուտին։ 1941 թվականին ստեղծվեց «Ազգային երկաթուղային ցանց» պետական միավորումը, որին պատկանում էր երկաթուղային տրանսպորտի 5/6-րդ մասը։

1942 թվականին կատարվեց էլեկտրատեխնիկական և քիմիական արդյունաբերության «պլանավորման» առաջին փորձը։ Եռամյա պլանը նախատեսում էր հետևյալ ընկերությունների ու ձեռնարկությունների ստեղծում՝ «Սեֆա Նիտրո», «Նիտրատոս դե Կաստիլիա», «Սալտոս դել Դուերո» էլեկտրատեխնիկական կոնցերն, «Հիդրոէլեկռրիկա Իսպանյոլա» էլեկտրատեխնիկական կոնցերն, «Միրանդա դել Էբրո» արհեստական մանրաթելի կոնցերն և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 S. Payne. (1987). The Franco regime. 1st ed. Madison, WI: University of Wisconsin Pres.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Luis Fernandez. Franco. Editorial.
  3. Unearthing Franco's Legacy, p 31, and Paul Preston, "The Theorists of extermination" essay in Unearthing Franco's Legacy, University of Notre Dame Press ISBN 0-268-03268-8 :
  4. Helen Graham, The Spanish Civil War: A Short Introduction (2005).
  5. 5,0 5,1 5,2 Esparza, José Javier (2011). Juicio a Franco (1. ed.). Madrid: Libroslibres. ISBN 9788492654697
  6. Дмитрий Травин, Отар Маргания Франсиско Франко. Две жизни каудильо // Модернизация: от Елизаветы Тюдор до Егора Гайдара. — АСТ; Астрель; Теrrа Fantastica, 2011. — ISBN 978-5-17-074320-9 ; 978-5-271-35920-0 ; 978-5-7921-0823-3
  7. Михаэль Дорфман. Испанский Холокост: есть времена, когда молчать — значит лгать Archived 2014-10-06 at the Wayback Machine. // Sensus Novus