Իսպանիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանիայի զինանշան
Escudo de España (mazonado).svg
Մանրամասնություններ

Իսպանիայի զինանշան (իսպ.՝ Escudo de España), Իսպանիայի գերբագիտական խորհրդանշան:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Իսպանիայում ընդունված զինանշանը հաստատվել է 1981 թվականի հոկտեմբերի 5-ին 33/1981 օրենքով[1]: Օրենքում զինանշանը նկարագրված է հետևյալ կերպ.

Իսպանիայի զինանշանում պատկերված է վահան, որ բաժանված է չորս մասի, որի ներքևի հատվածները փոքր-ինչ կլորավուն են: Առաջին մասում կարմիր ֆոնին պատկերված է երեք աշտարակներով ոսկեգույն ամրոց` կապույտ պատուհաններով ու դարպասներով: Երկրորդ քառորդում արծաթագույն ֆոնին պատկերված է հետևի ոտքերին կանգնած վարդագույն առյուծ` ոսկեգույն թագով: Երրորդ քառորդում ոսկեգույն ֆոնին պատկերված են կարմիր գույնի չորս ուղղահայաց շերտեր: Չորրորդ քառորդում կարմիր ֆոնին պատկերված են ոսկեգույն շղթաներ, որոնք խաչ են ձևավորում` կենտրոնում զմրուխտ: Վահանի բացվածքին ներքևում նուռ է պատկերված` կարմիր միջուկով, երկու կանաչ տերևներով:

Վահանի երկու կողմերում պատկերված են արծաթագույն սյուներ, որոնք հենվում են ոսկեգույն ֆոնին և լազուր ալիքներին: Սյուները պսակված են կայսերական ու թագավորական ոսկեգույն թագերով: Սյուները փաթաթված են կարմիր ժապավենով, որի վրա ոսկեգույն տառերով մակագրություն կա` ձախից` «Plus», աջից` «Ultra» (լատիներեն` «Plus Ultra» - «Սահմաններից դուրս»): Զինանշանի վերին մասը պսակված է սրքայական թագի պատկերով, որն իրենից ներկայացնում է թանկարժեք քարերով շրջան` ութ մարգարիտներով պսակված ութ վարդակներով, որոնք վերևից փակված են ութ կիսաշրջաններով, որոնցից տեսանելի են հինգը. դրանք նույնպես զարդարված են մարգարիտներով և պսակված խաչով, ինչը խորհրդանշում է երկիրը: Թագի ներքին հատվածը կարմիր գույնի է:

Հոդված երկրորդ: Իսպանիայի զինանշանի վահանի կենտրոնում, որ նկարագրված է նախորդ հոդվածում, տեղադրված է լազուր շրջանակ` կարմիր շրջանագծի մեջ ներառված, որում պատկերված են երեք ոսկեգույն ջրաշուշաններ` երկուսը մեկի վերևում, ինչը խորհրդանշում է կառավարող Բուրբոն-Անժու դինաստիան:

Զինանշանի նշանաբանն է «Plus Ultra» (լատ.՝  Սահմանից այն կողմ, մինչև Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը նշանաբանը եղել է` լատ.՝ «Nec Plus Ultra», բառացի` Այլևս ոչ մի տեղ, քանի որ համարվում էր, որ Հերկուլեսյան սյուները աշխարհի վերջն էին):

Հետագայում ընդունվել են թագավորական երկու որոշումներ, որոնք ճշգրտում են մտցրել զինանշանի դիզայնի, չափսի, գունային երանգների և Իսպանիայում զինանշանի կիրառման կարգի մասին:

  • 1981 թվականի դեկտեմբերի 18-ի թագավորական որոշում 2964/1981: Սահմանում է իսպանական զինանշանի պաշտոնական դիզայնը, կիրառումն ու չափսերը[2]:
  • 1982 թվականի սեպտեմբերի 3-ի թագավորական որոշում 2267/1921: Ներկայացնում է գույների տեխնիկական նկարագիրը[3]:

Պաշտոնական դիազայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային գամմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի զինանշանի գույները պաշտոնապես որոշվել են 1982 թվականի սեպտեմբերի 3-ի 2267 որոշմամբ միջազգային LAB և CIE-1931 համակարգերով[3]: Իսպանական պետության արարողակարգաին ծառայությունը սահմանում է, որ «զինանշանի գույների նախընտրելի ձևը հիմնվում է ութ գույների շրջանակներում, որը պետք է կիրառվի` կախված միջավայրից ու դիմացկունությունից»[4]:

Սև Կարմիր Արծաթագույն Ոսկեգույն Կանաչ Լազուր Վարդագույն Նռնագույն
Գույն (RGB)
CIELAB (H,C,L) (35,0;70,0;37,0) (255,0:3,0;78,0) (90,0;37,0;70,0) (165;0,41,0;31,0) (270,0;35,0;26,0) (0,0;52,0;50,0) (որոշված չէ)
RGB (0,0,0) (181,0,39) (178,178,178) (159,126,0) (0,111,70) (0,68,173) (196,76,122) (246,203,126)
CMYK (0,0,0,100) (0,100,80,0) (0,0,0,30) (20,30,100,0) (100,10,70,0) (100,50,0,0) (0,70,0,0) (0,10,40,0)
Pantone 186 877 872 3415 2935 218 1345

Զինանշանի գերբագիտական տարրեր և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիլիա և Լեոնի արքա Ֆերնանդո III-ի զինանշան (1230)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդո III-ի զինանշան

Ֆերնանդո III Կաստիլացին, միավորելով Կաստիլիան, Լեոնը և Գալիսիան, ձևավորել է մեկ միասնական թագավորություն` Կաստիլիա և Լեոնի թագավորությունը և 1230 թվականին հաստատել Կաստիլիա և Լեոնի զինանշանը: Ֆերնանդո III-ը գերբագիտության մեջ ներմուծել է վահանի բաժանումը չորս մասի: Նրա օրինակին են հետևել Արագոնի և Նավառայի արքաները, նաև եվրոպական այլ միապետներ:

Կաթոլիկ արքաներ (1469-1516)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ արքաների զինանշան (մինչև 1492)

Իսպանացի երկու կաթոլիկ միապետների` Իզաբելլա I Կաստիլացու (1451-1504) և Ֆերդինանդ II Արագոնցու (1452-1516) ամուսնությունը, որը կայացել է 1469 թվականին, հիմք է դրել Արագոնի և Կաստիլիա Լեոնի թագավորությունների միավորմանը, ինչն իր հերթին հանգեցրել է ժամանակակից Իսպանիայի ստեղծմանը[5]: Այս իրադարձությունը իր արտացոլումն է գտել նաև գերբագիտության մեջ: 1475 թվականին Ֆերդինանդ II-ն ու Իզաբելլա I-ը ընդունել են նոր զինանշան, որտեղ նeրկայացված են եղել 15-րդ դարավերջի Պիրենեյան թերակղզու երկու խոշորագույն պետական միավորները` Կաստիլիայի թագավորությունը, որը ներառում էր ներկայիս Գալիսիան, Աստուրիան, Կանտաբրիան, Բասկերի Երկիրը, Ռիոխան, Կաստիլիա և Լեոնը, Մադրիդը, Էստրեմադուրան, Կաստիլիա-Լա Մանչան, Մուրսիան, Անդալուզիան և Կանարյան կղզիները, և Արագոնի թագավորությունը, որը ներառում էր ներկայիս Արագոնը, Կատալոնիան, Վալենսիան, Բալեարյան կղզիները, ինչպես նաև Միջերկրական ծովի ավազանի այլ տարածքներ[6][7]:

Կաթոլիկ արքաների զինանշանի վահանը բաժանված էր չորս մասի, որոնցում պատկերված էին Կաստիլիայի թագավորության (կարմիր ֆոնին պատկերված է ոսկեգույն ամրոց` երեք աշտարակներով, դարպասներով ու պատուհաններով), Լեոնի թագավորության (հետևի ոտքերին բարձրացած վարդագույն առյուծ), Արագոնի թագավորության (ոսկեգույն ֆոնին կարմիր գույնի չորս շերտեր) և Երկու Սիցիլիաների թագավորության (ոսկեգույն ֆոնին կարմիր գույնի չորս շերտեր` երկու արծիվների պատկերով) զինանշանները: Հետագայում` 1492 թվականին Գրանադայի նվաճումից հետո, զինանշանին ավելացվել է նռան պատկեր` երկու կանաչ տերևներով: Վահանից ձախ եղել են գորդյան հանգույցով լուծ և ամուսինների միասնության նշանաբանը` «Tanto monta» (բառացի` ամեն ինչ միասնական է), որի վերևում դաջված է եղել F տառը` Ֆերնանդոյի անվան սկզբնատառը: Վահանից աջ պատկերված է եղել նետերի կապոց, որի վրա դաջված է եղել Y տառը` Իզաբելլա թագուհու անվան սկզբնատառը: Այս զինանշանում առաջին անգամ վահանը բռնողի կերպարում հայտնվում է Սան Խուան արծիվը:

Ավստրիական տուն (1516-1700)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս I-ի, նույն Կառլոս V-ի զինանշանը, որ եղել է Հռոմեական սրբազան կայսրության կայսր
Ֆիլիպ II-ի զինանշան, 1580

Ֆերնանդո II-ի մահից հետո Իսպանիայի (Կաստիլիա և Արագոն) գահն անցնում է նրա թոռ Կառլոս V-ի, ով Խուանա I-ի և Ֆիլիպ I-ի որդին էր, կայսր Մաքսիմիլիան I-ի թոռը հայրական գծով:

Կառլոս I-ի զինանշանը ներառում էր նախորդ զինանշանի վահանին պատկերված խորհրդանիշերը` Կաստիլիա և Լեոնի, Արագոնի, Երկու Սիցիլիաների և Գրանադայի թագավորությունների զինանշանները, սակայն այն լրացվել է Ավստրիայի (արծաթագույն գծեր կարմիր ֆոնին), Բուրգունդիայի (լազուր վահան` ոսկեգույն շուշաններով և արծաթագույն ու կարմիր գծերով), Բրաբանտի հերցոգության (հետևի ոտքերին կանգնած ոսկեգույն առյուծ` գլխին թագով), Ֆլանդրիայի (հետևի ոտքերին կանգնած ոսկեգույն առյուծ` կարմիր եզրազարդով), Տիրոլի (կարմիր արծիվ ոսկեգույն ֆոնին) զինանշանների պատկերներով: Կառլոս I-ը զինանշանի մեջ է ներառել նաև Հերկուլեսյան սյուները` «Plus Ultra» մակագրությամբ, որ խորհրդանշում էր անդրօվկիանոսյան կայսրությունը, և Ոսկեգեղմի օրդենի շղթաները:

Երբ Կառլոս I-ը 1519 թվականին թագադրվել է որպես Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V, նա վահանի մեջ ներառել է կայսերական թագի և կայսրության երկգլխանի արծվի պատկերները, որը հանդես էր գալիս վահանը բռնողի դերում: 1520 թվականից վահանին նաև ավելացվում են Նավառայի և Նեապոլի թագավորությունների զինանշանների պատկերներ[8]:

Կառլոս I-ի հետնորդները զինանշանին ավելացրել են մի քանի դետալներ, փոխել են կայսերական թագի պատկերը թագավորական թագի պատկերով և ավելացրել են կախազարդի պատկեր` Ոսկեգեղմի պատկերով, որը մնացել է զինանշանի հետագա տարբերակներին:

1580 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը իրեն հռչակել է նաև Պորտուգալիայի արքա, ինչից հետո զինանշանում նոր փոփոխություններ են կատարվել. ավելացվել է Պորտուգալիայի փոքր զինանշանը, որտեղ վահանի սպիտակ ֆոնին պատկերված են արծաթագույն հինգ բեզանտներ: Այս փոփոխությունները պահպանվել են մինչև Պորտուգալիայի անկախության հռչակումը 1668 թվականին, երբ թագավորում էր Կառլ II-ը:

Ֆրանկոյական բռնատիրություն և անցում դեմոկրատիայի (1939-1981)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոյական Իսպանիայի զինանշան

1945-1977 թվականներին Իսպանիայի զինանշանը պատկերում էր հինգ մասի բաժանված վահան` պսակված թագով, որը խորհրդանշում էր Իսպանիայի` միապետական երկիր լինելը: 1-ին և 4-րդ դաշտերը նույնպես բաժանված էին չորս մասերի և ունեին տրամագծով կրկնվող պատկերներ. ամրոցի աշտարակը Կաստիլիայի զինանշանն էր, և հետևի ոտքերին կանգնած առյուծը` Լեոնի զինանշանը: 2-րդ և 3-րդ դաշտերը բաժանված են ուղղահայաց: Աջ հատվածի մասերում կային չորս գծեր, որոնք խորհրդանշում էին Արագոնի զինանշանը: Ձախ հատվածներում կար շղթաներով զարդանախշ` Նավառայի զինանշանը: Վահանի վերջավորության վրա` ռոմբոյանման դաշտում, պատկերված է նուռ` Գրանադայի խորհրդանշանը: Վահանի կողմերում երկու սյուներ են, որնցից մեկը պսակված է արքայական, մյուսը` կայսերական թագով: Սյուները խորհրդանշում են Հերկուլեսյան սյուները` Ջիբրալթարը, որը ժամանակին համարվում էր աշխարհի ծայրը: Սյուները փաթաթված են ժապավենով, որոնց վրա մակագրություն կա` "Plus Ultra " (բառացի` Սահմանից այն կողմ): Վահանը պահում է արծիվը, որի գլուխը պարուրված է լուսապսակով ու ժապավենով, որի վրա գրություն է` "Una Grande Libre " — «Միասնական, մեծ, ազատ»: Արծվի պոչի կողմերում կան Ֆերդինանդ և Իզաբելլա կաթոլիկ արքաների խորհրդանշաններ` լուծ (jugo) և հինգ նետի խուրձ (flechas). վերջինս համարվում էր ֆրանկոյական «Ֆալանգա» կազմակերպության խորհրդանշանը:

Իսպանիայի պետական հաստատությունների զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]