Ֆրանկիզմ

Ֆրանկիզմ (իսպ.՝ franquismo), Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության համակարգ և գաղափարախոսական հիմնավորում, որը 1939-1975 թվականներին ղեկավարել է Իսպանիան։ Իտալական ֆաշիզմի և գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հետ միասին այն պատկանել է ֆաշիզմի երեք «դասական» տեսակներին[1]։ Առանձնահատկություններից են ռեակցիոն շարժումների ներկայությունը (Ֆալանգա), որը մեծ ազդեցություն է ունեցել կաթոլիկ եկեղեցու վրա։
Կառավարման ձևն ու ֆրանկիստական համակարգն ունեցել են վառ արտահայտված անձնային բնույթ, այսինքն՝ ավելի շատ որոշվել է բռնապետի անձով, քան ինչ-որ որոշակի գաղափարախոսությամբ։ Աչքի չընկնելով խարիզմատիզմով՝ Ֆրանկոն կարողացել է իր ձեռքում պահել անսահմանափակ իշխանությունը մինչև իր մահը՝ 1975 թվականին։ Նրա օրոք Իսպանիայում չի եղել կոդիֆիկացված Սահմանադրություն, գործել է միայն նրա կողմից հրապարակված որոշակի հիմնական օրենքներ, որոնք ունեցել են սահմանադրական կարգավիճակ։ Պետության բոլոր նշանակալի պաշտոններին, ընդհուպ մինչև պրովինցիաների մակարդակ, Ֆրանկոն նշանակել է մարդկանց, որոնց հետ նրան կապել էին անձնական հավատարմագրային հարաբերությունները։ Այն հաստատությունները, որոնց նա հանձնել է իշխանական լիազորությունները կամ որոնք նա չի կարողացել անտեսել, օրինակ, «Ազգային շարժում» պետական կուսակցությունը, կաթոլիկ եկեղեցին և զինվորականներին նա մշտապես միմյանց դեմ է տրամադրել։
Ֆրանկիստական վերնախավի կարծիքով՝ ֆրանկիզմն իր լեգիտիմացումն ստացել է Քաղաքացիական պատերազմում տարած հաղթանակով, որը դիտարկվել է ոչ միայն որպես իր աշխարհայացքի հաղթանակ, այլև որպես իսպանական և եվրոպական քաղաքակրթության և մշակույթի պաշտպանություն։ Քանի որ կաթոլիկությունը համարվել է իսպանական մշակույթի բաղկացուցիչ մասը, եկեղեցին սերտորեն համագործակցել է պետության հետ այսպես կոչված ազգային կաթոլիկության շրջանակներում։
Իր գոյության 39 տարիների ընթացքում ֆրանկիստական պետությունը զգալի փոփոխություններ է կրել տնտեսության, արտաքին քաղաքականության և ավելի քիչ ներքին քաղաքականության մեջ։ Ֆրանկոյի բռնապետության շրջանը Իսպանիայում կարելի է բաժանել մի քանի փուլերի։ Սկզբնական՝ բռնապետական փուլում, երբ զանգվածային հաշվեհարդար է տեղի ունեցել քաղաքացիական պատերազմում պարտություն կրած բնակչության խմբերի նկատմամբ, հայտնաբերվել է այն ժամանակվա ֆաշիստական ռեժիմների և պլանային տնտեսության որոշակի գծեր։ Կառավարման վերջում Ֆրանկոյի ռեժիմը ավելի շուտ ավտորիտար-պահպանողական էր, երբ ներքին լճացման երկար շրջանից հետո երկիրը «տնտեսական հրաշք» է ապրել, որի սկիզբը դրել է 1959 թվականի կայունացման պլանը։ Իսպանիային հաջողվել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական տերությունների տասնյակում հասնել զարգացած երկրների մակարդակին։ Տնտեսական առաջընթացը, այնուամենայնիվ, չի աջակցվել քաղաքական հրապարակայնության որևէ ձգտումով։
Ֆրանկոյի մահից հետո Իսպանիան գլխավորել է Խուան Կառլոս թագավորը, որն անմիջապես ձեռնամուխ է եղել Ֆրանկոյի ստեղծած գաղափարական և քաղաքական համակարգի վերացմանը, որն ավարտվել է սահմանադրական միապետության ձևով խորհրդարանական ժողովրդավարության հաստատմամբ։
Ժամանակակից հետազոտողների մոտ բացակայել է ֆրանկիզմի դասակարգման միանշանակ դիրքորոշումը։ Արդյունքում տարբեր հեղինակների դիրքորոշումները տարբերվել են նրա ֆաշիզմից մինչև ավտորիտարիզմի ձև ճանաչելը։ Երբեմն ֆրանկիզմը նաև դասվել է քաղաքական (պետական) ռեժիմի յուրահատուկ ձևերի շարքին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александр Тарасов. Фашизмов много.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаэль Дорфман. Փոլա Պրեստոնա «Իսպանական Հոլոքոստը» Արխիվացված 2015-07-24 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկիզմ» հոդվածին։ |