Մալթական խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալթական խաչ

Մալթական խաչ (անգլ.՝ Maltese cross), ութաթև աստղ, որ նախկինում եղել է Հիվանդախնամների ասպետական երբեմնի հզոր օրդենի խորհրդանիշը։ Միաբանությունը հիմնադրվել էր 12-րդ դարում Մերձավոր Արևելքի Պաղեստին պատմական շրջանում։ Խորհրդանիշը ծագում է իտալական Ամալֆի քաղաքի զինանշանից, որի բնակիչներից շատերը եղել են Հիվանդախնամների միության հիմնադիրները։

13-րդ դարում` Ռայմունդ դե Պյուի մագիստրոսի օրոք, լայն տարածում է գտել օրդենը, ինչպես և եկեղեցին, որը բաժանված էր ութ «լեզուների», որոնք ներկայացնում էին ֆեոդալական Եվրոպայի խոշորագույն միավորումները` Օվերնը, Պրովանսը, Ֆրանսիան, Արագոնը, Կաստիլիան և Պորտուգալիան, Իտալիան, Բավարիան և Անգլիան։ Ասպետները պահպանել են «Հովհաննես Մկրտիչի հիվանդախնամներ» անվանումը, ինչպես նաև կարմիր վերնազգեստների վրա սպիտակ մետաքսաթելով ասեղնագործած ութաթև աստղը, որ խորհրդանշում է իմաստնությունն ու ասպետական ութ առաքինությունները։ Դրանք են` հավատ, բարեգթություն, ճշմարտություն, արդարություն, անմեղություն, հաշտություն, անմիջականություն, համբերություն։ Խաչի չորս ուղղությունները խորհրդանշում են քրիստոնեական գլխավոր սկզբունքները` խելամտություն, արդարադատություն, հոգևոր ուժ և ժուժկալություն։ Օրդենի կնիքը պատկերում էր հիվանդին` գլխի մոտ նույնատիպ խաչով և ոտքերի մոտ ջահով։

Մալթական խաչը Ռուսական կայսրության զինանշանում

Մալթական խաչը երբեմն կոչվում է Հովհաննես Մկրտիչի կամ Գեորգիևյան խաչ։ Մալթական օրդենի խորհրդանիշը դարձել է ութաթև սպիտակ աստղը, որի ութ ծայրերը խորհրդանշել են ասպետական ութ առաքինությունները։ Ներկայումս այդ խորհրդանիշն օգտագործում են սուրբ Հովհաննես Մկրտիչի սանիտարական խմբերն Անգլիայում։

Մալթական խաչը` որպես սուրբ Հովհաննես Մկրտիչի օրդենի խորհրդանիշ, որոշ ժամանակ պատկերված է եղել Ռուսական կայսրության զինանշանում։ 1801 թվականին Ալեքսանդր I-ի հրամանով զինանշանից հանվել է խաչը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]