Հին Եգիպտոսի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Սֆինքսն ու Հեֆրենի բուրգը Գիզայում։

Հին եգիպտական մշակույթի պատմությունը ընդունված է բաժանել 3 շրջանի՝ Հին թագավորության՝ մ.թ.ա. 2800–2250 թվականներ, Միջին թագավորության՝ մ.թ.ա. 2050–1700 թվականներ, Նոր թագավորության՝ մ.թ.ա. 1580–1070 թվականներ։ Հին և Միջին թագավորությունների ժամանակաշրջաններում կառուցվել են Քեոփս, Քեփրեն և Միկերեն փարավոնների դամբարանները, Քեփրենի և Ամենհոտեպ IIIսֆինքսները և այլն։ Դրանք կառուցվել են մեծ չափսերով՝ արտահայտելու համար թագավորների հզորությունը, որոնք համարվել են աստծու երկրային զավակներ։ Հին եգիպտական աստվածները պատկերվել են արծվի, աղվեսի, գայլի տեսքով, պալատներում պահվել են գիշատիչներ, որոնք հետագայում զմռսվել ու թաղվել են։ Հայտնաբերվել են գազանների ամբողջական պանթեոններ։ Փարավոնների ու աստվածների քանդակներին բնորոշ են մեծ չափերը, ժամանակի և երկրային իշխանությունից ազատ, դեպի հեռուն (հավիտենություն) միտված հպարտ հայացքը։ Նոր թագավորության ժամանակաշրջանում զարգացել է տաճարաշինությունը. առավել հայտնի են Ամոն-Ռայի տաճարները Լուքսորում և Կառնակում։ Այդ շինությունների ճարտարապետական առանձնահատկությունը բազմաշար սյուների կիրառությունն է։ Ուշագրավ նախշազարդեր են արվել Թեբեի և այլ դամբարաններում, որոնք աչքի են ընկնում պատկերների պլաստիկությամբ ու գեղարվեստական բարձր ճաշակով։ Հին եգիպտացիները պատկերել են մարդկանց ֆիգուրներ՝ գլուխը՝ կիսադեմով, իրանը՝ դիմացից, ոտքերը՝ թեքությամբ։ Այդ ավանդույթից հրաժարվել են միայն մ.թ.ա. 7-րդ դարում։ Եգիպտացիները լուրջ նվաճումների են հասել ֆիզիկայի, քիմիայի (զմռսման արվեստ), բժշկության` հատկապես վիրաբուժության բնագավառներում։ Նրանք իմացել են հաշվարկի տասնական համակարգը, թվաբանական ու երկրաչափական պրոգրեսիաները, կանխատեսել են Արևի խավարումները, Նեղոսի վարարումների փուլերը և դրանց հետ կապված հմայություններ ու գուշակություններ արել։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջերից օգտագործել են հիերոգլիֆային (սրբազան և փորագրված պատկեր) գիրը, որը 1822 թվականին վերծանել է ֆրանսիացի գիտնական Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։ Եգիպտացի աստղագետները մոլորակները տարբերել են աստղերից, կազմել օրացույց, ըստ որի՝ տարին ուներ 365 օր։ Զարգացած էր նաև գրականությունը. հայտնի են «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին», «Պատմվածք եգիպտացի Սինուհեթի մասին» և այլ գործեր։ Գիտական տեղեկությունները եղել են քրմերի մենաշնորհը և օգտագործվել են փարավոնի կենտրոնաձիգ իշխանությունն ամրապնդելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png