Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն
Danmark-Norge / Danmark-Noreg
 Կալմարյան միություն 1536 - 1814 Դանիա 
Նորվեգիա (1814) 
Flag of Denmark.svg Royal Arms of King Frederick IV of Denmark and Norway.svg
Քարտեզ

Denmark-Norway in 1780.svg
(Թագավորության սահմանները 1780 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոպենհագեն
Մակերես 487 476 կմ² (1780)
Բնակչություն 1 315 000 (1645)
1 859 000 (1801)
Լեզու դանիերեն, նորվեգերեն, գերմաներեն
Կրոն լյութերականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Հյուսիսային յոթնամյա պատերազմ 1563-1570
- Կալմարյան պատերազմ 1611-1613
- Առևտրական քաղաքների գրավում
(Հնդկաստան)
1620
- Գվինեայի գրավում
(Աֆրիկա)
1658
- Անթիլյան կղզիների գրավում
(Կարիբյան ծով)
1754
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (սեպտեմբերի 15, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները: Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Դանիա-Նորվեգական միություն կամ թագավորություն (դան․՝ Danmark-Norge, նորվ.՝ Danmark-Noreg), ուշմիջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում, Յուտլանդիա թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 1536-1814 թվականներին։ Հիմնադրել է Դանիայի արքա Քրիստիան III-ը 1536 թվականին[1]։ Երկիրը կառավարել է Օլդենբուրգների արքայատոհմը[2]: Տարածքը կազմել է առավելագույնը 487 476 կմ²՝ Քրիստիան VII արքայի օրոք (1766-1808)[3]։

Թագավորության մայրաքաղաքն էր Կոպենհագենը, քանի որ միության մեջ գերիշխող դերը Դանիայինն էր: Պետական լեզուներն էին դանիերենն ու գերմաներենը, իսկ պետության առաջնորդը կրում էր «Դանիայի և Նորվեգիայի, վենդերի ու գոթերի արքա» տիտղոսը[4]։ Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա, Իսլանդիա, Ֆարերյան և այլ կղզիներ՝ սահմանաբաժան դառնալով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Դանիայի կազմում են եղել նաև Շլեզվիգի և Հոլշտեյնի կոմսությունները (ժամանակակից Գերմանիայի նահանգներից Շլեզվիգ Հոլշտայնը): Թագավորությունն ունեցել է գաղութներ Հնդկաստանում, Աֆրիկայում ու Կարիբյան ծովում[5]։

16-րդ դարի սկզբին, երբ Շվեդիայում գահ է բարձրանում Գուստավ I Վազան, Կալմարյան միությունը լուծարվում է։ Վերջինս միավորում էր երեք սկանդինավյան երկրներ։ Դրանից հետո Նորվեգիան անցնում է Դանիայի գերիշխանության ներքո, թեև նրանց թագավորությունը դարձյալ միության սկզբունքներով էր գործում։ Նորվեգիայում մեծապես զարգանում է գրական լեզուն՝ բուկմոլը, որն իրենից ներկայացնում էր դանիերենի տարատեսակ՝ նորվեգերենի հիմքով։ Նապոլեոնյան պատերազմների և Կոպենհագենի ռմբակոծումից հետո անգլիացիները կարողանում են ծնկի բերել այս միությունը։ 1807-1814 թվականների դանիա-անգլիական պատերազմից հետո Դանիան կնքում է Քիլի պայմանագիրը, որի համաձայն Նորվեգիայի ցամաքային տարածքը զիջում է Շվեդիայի թագավորությանը[6][7]։

Նորվեգացիներն ընդդիմանում են Քիլի պայմանագրի որոշմանը և իրենց թագավոր ընտրում ապագա Քրիստիան VIII-ին, սակայն այդ թագավորությունը մեկ տարվա կյանք է ունենում[8]։ Առաջանում է մեկ այլ միություն, որի մեջ մտնում է Նորվեգիան՝ Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան թերակղզու երկու երկրները՝ Շվեդիան և Նորվեգիան, Դանիայի հետ կնքելով դաշինք՝ 1397 թվականին հիմնադրել են Կալմարյան միությունը[10]։ Շվեդիան դուրս է եկել այս միությունից մի քանի անգամ՝ մինչև 1521 թվականը, երբ վերջնականապես դարձել է ինքնիշխան թագավորություն։ Դանիա-Նորվեգական միության մեջ մտել են երկու պետությունների գաղութները՝ բազմաթիվ կղզիներ ու կղզեխմբեր Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում։

Հյուսիսային յոթնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հյուսիսային յոթնամյա պատերազմ

Հյուսիսային յոթնամյա պատերազմը տեղի է ունեցել 1563-1570 թվականներին՝ մի կողմից՝ Շվեդիայի, մյուս կողմից՝ Լեհաստանի և Դանիա-Նորվեգական միության միջև։ Դրա հրահրման պատճառը Դանիայի՝ Կալմարյան միությունը վերականգնելու ցանկությունն էր։ Երբ Դանիայի արքա Քրիստիան III-ը (1534-1559) իր զինանշանի մեջ ներառում է շվեդական ավանդական նշանները, Շվեդիան դա ընկալում է որպես ոտնձգություն՝ սեփական տարածքների հանդեպ։ Էրիկ XIV-ը (1560-1568) իր հերթին ավելացնում է դանիա-նորվեգական նշանը իր զինանշանին։

Դրանից հետո Էրիկը թշնամանում է լեհական քաղաքների հետ։ Վերջիններս Մոսկվայի մեծ իշխանության հետ ունեին առևտրական հարաբերություններ։ Հարաբերությունների սրման արդյունքում Ռեչ Պոսպոլիտան (Լեհական թագավորություն և Լիտվական մեծ իշխանություն) ընդհանուր դաշինք է կնքում Դանիա-Նորվեգական միության հետ՝ ընդդեմ Շվեդիայի։ Պատերազմն ավարտվեց 1570 թվականին՝ Շտետինի պայմանագրով։ Ըստ երևույթին, սահմանային լուրջ փոփոխություններ տեղի չունեցան, և պատերազմը հաստատեց Կալմարյան միության լուծարումը, ինչի արդյունքում կողմերը հրաժարվեցին միմյանց հանդեպ ունեցած ոտնձգություններից ու տարածքային պահանջներից։ Պատերազմի արդյունքում կայացավ շվեդական մշտական բանակը, բացի այդ, 150 000 ռիքսթալերի դիմաց Շվեդիան գնեց Էլվսբորգը[11]։

Կալմարյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կալմարյան պատերազմ
{{{box_caption}}}
{{{box_caption}}}
Կառլ IX (Շվեդիա, 1595-1611) և Քրիստիան IV (Դանիա, 1588-1648)

Բալթիկ և Հյուսիսային ծովերում ունենալով գերակայություն՝ Դանիա-Նորվեգական միությունը առևտրական ու ծովային հարկեր էր վերցնում Շվեդիայից։ Վերջինիս արքա Կառլ IX Վասան ցանկանում է առևտրական հարաբերություններ հաստատել Լապլանդիայի հետ՝ ծովային ճանապարհը շրջանցելու նպատակով։ 1607 թվականին նա իրեն հայտարարում է Նորդլանդի լապերի արքա, և սկսում է հարկ գավաքել Նորվեգիայի այդ տարածքից։

Դանիայի արքա Քրիստիան IV-ը (1588-1648), դժգոհ լինելով Շվեդիայի այս քայլից, պատերազմ է հայտարարում Կառլին և փորձում է հաղթանակի դեպքում վերստեղծել Կալմարյան միությունը՝ Դանիայի դրոշի ներքո։ 1611 թվականին 6000 զինվորներով Դանիան գրավում է Կալմար քաղաքը։ 1613 թվականի հունվարի 20-ին Քներեդի հաշտությամբ Դանիան ետ է գրավում Լապլանդիան, և շվեդական կողմը նրան վճարում է 1 միլիոն շվեդական արծաթե ռիկսթալեր ռազմատուգանք։ Շվեդիան, այնուամենայնիվ, հնարավորություն է ունենում դուրս գալ Սաունդ Թոլ, որի մենաշնորհը տրված էր միայն Անգլիային ու Հոլանդիային։ Դանիայի հաղթանակին որոշ չափով նպաստում է նաև Շվեդիայում տեղի ունեցած գահակալական փոփոխությունը[12]։

Պատերազմի հաղթական ավարտից հետո Դանիայի արքան հիմնադրում է մի քանի քաղաքներ՝ իր անունով, և նվաճումներ սկսում հեռավոր Հնդկաստանում։

Երեսնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երեսնամյա պատերազմ
Բրոմսբերոյի հաշտություն 1645.
     Դանիա-Նորվեգիա      Շվեդիա      Եմտլանդ, Հերյեդալեն, Իդրե և Սեռնա, Բալթիկ ծովի Գոթլանդ և Օզել կղզիներ, որոնք անցան Շվեդիային      Հալանդ մարզ

Կալմարյան պատերազմից քիչ անց, միացյալ թագավորությունը մասնակցություն է ունենում մեկ այլ՝ առավել մեծ պատերազմում։ Դա սկսվել էր 1618 թվականին՝ Գերմանիայի բողոքականների ու կաթոլիկների միջև տեղի ունեցած հակամարտության արդյունքում, և ընդգրկեց գրեթե ամբողջ Եվրոպան։ Բողոքական նահանգների սատարմամբ հանդես են գալիս Եվրոպայի՝ ոչ կաթոլիկ (այդ թվում՝ բողոքական և ուղղափառ) գրեթե բոլոր երկրները՝ այդ թվում՝ Շվեդիան և Դանիա-Նորվեգական միությունը։ Պատերազմին մասնակցություն է ունենում նաև Օսմանյան կայսրությունը՝ ընդդեմ կաթոլիկների, իսկ բուն Իտալիայի տարածքում՝ Սավոյան դքսությունն ու Վենետիկի հանրապետությունը։

Քրիստիան IV թագավորը ցանկանում էր ղեկավարել գերմանական լյութերական նահանգ-պետությունները, սակայն մի քանի անհաջող ճակատամարտերից հետո Դանիան դուրս է գալիս պատերազմից։ Մյուս կողմից, Շվեդիան, որը զինակցում էր այս միությանը պատերազմի ժամանակ, ռազմական բախում է ունենում նրա հետ. այդպես տեղի է ունենում Դանիա-շվեդական պատերազմը[13]։

Շվեդիան կարողանում է առավել հաջող մասնակցություն ունենալ Երեսնամյա պատերազմին։ Օգտվելով սրանից՝ նա ցանկանում է վերադասավորել ուժերի հարաբերակցությունը Հյուսիսային Եվրոպայում։ 1643 թվականին շվեդական դեսպանը հայտարարում է մի շարք շրջաններ Շվեդիային միացնելու պահանջով։ Պատերազմում Դանիան պարտվում է, և Շվեդիան կարողանում է ստանալ դրանք։ 1645 թվականին կնքված Բրոմսբերոյի հաշտության պայմանագրով Դանիան Շվեդիային է զիջում ընդարձակ տարածքներ՝ Սկանդինավյան թերակղզում, և երկու կղզի Բալթիկ ծովում։ Դրանով սկսվում է Շվեդական կայսրության պատմությունը։

Ռոսկիլդի հաշտության պայմանագիր, 1658.
     Հալանդ մարզը՝ օկուպացված շվեդների կողմից      Սկանիա և Բեհուս      Թրոյնդելագ և Բորնհոլմ՝ վերադարձված Դանիային

Դանիա-Շվեդական երկրորդ պատերազմը տեղի է ունենում 1657-1658 թվականներին, և հանդիսանում է Հյուսիսային երկրորդ պատերազմի մասը[14]։ Դրա արդյունքում,կրելով ռազմական մեծ կորուստներ, Դանիան պետք է զիջեր իր տարածքների կեսը Շվեդիային։ Սակայն կորուստները երկու տարի անց՝ 1660 թվականին կնքված Կոպենհագենի պայմանագրով, վերականգնվեցին։

Բացարձակ միապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1521 թվականին Շվեդիայի՝ Կալմարյան միության կազմից դուրս գալու արդյունքում, Նորվեգիայում ու Դանիայում սկսվեցին քաղաքացիական ու ներկրոնական պատերազմներ։ Դրանց հետևանքով առավել զորեղացավ լյութերական եկեղեցին, ապա նաև՝ կենտրոնաձիգ արքայական իշխանությունը. 1660 թվականին լուծարվեց ռիգսռաադը[15]։ Դրանով միացյալ թագավորությունը վերջնական անկախություն ձեռք բերեց, իսկ նրա միապետի իշխանությունը դարձավ բացարձակ։ Երկիրը սկսեց կառավարվել ժառանգական սկզբունքով, ինչպիսին այն Նորվեգիայում էր զարգացած միջնադարում։ Այս փոփոխություններն ամրագրվեցին 1665 թվականի նոյեմբերի 14-ին[16]։

Նորվեգիան ունեցավ իշխանության սեփական մարմինը և զինված ուժերը, նույնիսկ՝ դրոշը։ Սակայն որոշ ժամանակ անց այն զրկվեց իր առավելություններից։ Վերջինը՝ Դանիայի պետական դրոշը, որը հաստատվեց ընդհանուր՝ պետության համար, տեղի ունեցավ 1748 թվականին։

Սկանիայի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դանիա-շվեդական պատերազմ (1675-1679)

Դանիան նախորդ պատերազմներում կորցրել էր իր տարածքները Սկանիայում՝ Ռոսկիլդի հաշտությամբ։ Այն կա՛մ պետք է վերանվաճեր դրանք, կամ ընդուներ Շվեդիայի գերակայությունը դրանց հանդեպ։ Քրիստիան V-ը (1670-1699) Դանիա-Նորվեգական միացյալ թագավորության նախկին դիրքը վերականգնելու համար մասնակցեց ֆրանկ-հոլանդական պատերազմին, որի արդյունքում 1675 հարձակվեց Շվեդիայի վրա։

Շվեդիայի 19-ամյա թագավոր Կառլ XI-ը (1675-1697) կարողացավ արժանի հակահարված տալ դանիական արշավանքին։ Չորս տարի տևած պատերազմի արդյունքում կնքվեց Լունդի պայմանագիրը, և երկու կայսրությունների միջև հաստատվեց ստատուս-քվո։ Բացի այդ, կողմերը պարտավորվեցին չզինակցել երրորդ պետության՝ միմյանց դեմ պատերազմելու համար[17]։

Նապոլեոնյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիական նավատորմը պատերազմի ժամանակ

Ֆրանսիական հեղափոխության պատերազմների (1792-1802) ընթացքում Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը ձգտել է չեզոք հարաբերություններ ունենալ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Դանիայի՝ Զինված չեզոքության լիգա մուտք գործելուց հետո անգլիական նավատորմը 1801 թվականին հարձակվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի վրա[18]։

1807 թվականին բրիտանացիները երկրորդ անգամ են հարձակվում Կոպենհագենի վրա՝ ձգտելով ոչնչացնել դանիա-նորվեգական նավատորմը[19]։ Վերջինս Տրաֆալգարի ֆրանս-իսպանական ծովամարտից հետո միակն էր Եվրոպայում, որ կարող էր սպառնալիք լինել Անգլիայի համար։ Զգալով, որ սեփական ուժերը բավարար չեն բրիտանացիներին դիմակայելու համար՝ Դանիայի արքա Քրիստիան VII-ը (1766-1808) ռազմական դաշինք է կնքում Ֆրանսիայի հետ՝ ընդդեմ Անգլիայի։ Համագործակցությունը շարունակում է նրա հաջորդը՝ Ֆրեդերիկ VI-ը (1808-1839)։

1814 թվականին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրում եվրոպական տերություններից։ Արդյունքում Դանիա-Նորվեգական միության հարցը քննարկվում է նույն թվականին՝ Քիլի պայմանագիրը կնքելիս։ Նապոլեոնն աքսորվում է Միջերկրական ծովում գտնվող Էլբա կղզի։ Քիլի պայմանագիրը կյանքի է կոչվում. դրա համաձայն Դանիան կորցնում է Շլեզվիգը և Հոլշտայնը՝ հօգուտ Պրուսիայի, և Նորվեգիայի սկանդինավյան տարածքը՝ հօգուտ Շվեդիայի, իրեն պահելով Նորվեգիայի ծովային տիրույթները՝ Իսլանդիա և Գրենլանդիա կղզիները[20]։ Նորվեգացիներն ընդդիմանում են և 1814 թվականի մայիսի 17-ին Քրիստիան Ֆրեդերիկ արքայազնին ընտրում իրենց թագավոր։ Այդպես ստեղծվում է Նորվեգիայի թագավորությունը, որ ունենում է մեկ տարվա կյանք։

1815 թվականին Նապոլեոն Բոնապարտը կարողանում է փախչել Էլբա կղզուց. սկսվում են «հարյուր օրերը», որի ավարտին՝ 1815 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած Վաթեռլոոյի ճակատամարտում Ֆրանսիան վերջնական պարտություն է կրում։ Կայսրն աքսորվում է Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող սուրբ Հեղինե կղզի։ Նորվեգական թագավորությունը պատերազմից հետո բռնակցվում է Շվեդիային[21]. նոր՝ Շվեդա-Նորվեգական միությունը գոյատևում է մինչև 1905 թվականը։

Գաղութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դանիայի գաղութային կայսրություն

Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունն ունեցել է բազմաթիվ գաղութներ, որոնք գտնվել են բուն երկրից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Դա կապված էր ծովագնացության ու նավաշինության զարգացման հետ։ Վաղ ժամանակներում գաղութներն էին հիմնականում անբնակ կղզիները, որոնք գտնվում էին Հյուսիսային Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում, մասնավորապես՝ ժամանակակից Էստոնիայի տարածքում գտնվող կղզիներ, Իսլանդիա, Գրենլանդիայի ծովափնյա հատվածներ, Ֆարերյան կղզիներ։ Դանիայի գաղութային կայսրությունը գոյատևել է ավելի քան 4 հարյուրամյակ՝ 1536-1953 թվականներին։

Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենը՝ Յուտլանդիա կղզու վրա. 19-րդ դար

17-րդ դարից Դանիա-Նորվեգական նավատորմը կարողանում է գաղութացնել ընդարձակ տարածքներ Աֆրիկայում, Հնդկաստանում ու Կարիբյան ծովում։ Դանիայի հետաքրքրությունը Հնդկաստանի հանդեպ սկսել էր դեռ 17-րդ դարից։ Հիմնական գաղութները՝ Տրանկեբարը և Սերամպորը, Դանիան պահում է իր հսկողության տակ ընդհուպ մինչև 1845 թվականը, իսկ Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևելքում գտնվող Նիկոբարյան կղզիները վաճառվում են Մեծ Բրիտանիային 1869 թվականին։

1754 թվականին դանիական նավատորմը կարողանում է իր գերիշխանությունը հաստատել Կարիբյան ծովում գտնվող Անտիլյան կղզիների նկատմամբ. Պուերտո Ռիկոյից արևելք գտնվող սենթ Ջոն և սենթ Թոմաս, ինչպես նաև՝ դրանցից հարավ գտնվող սուրբ Խաչ կղզիներում Դանիայի և Նորվեգիայի գերիշխանությունը տևում է մինչև 1814 թվականը, ապա՝ Դանիայի միանձնյա իշխանությունը՝ ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1917)։ Դանիական «Վեստ Ինդիան» դառնում է ԱՄՆ տարածք՝ Վիրջինյան կղզիներ անվամբ։

1658-1850 թվականներին Դանիայի և Նորվեգիայի (1814 թվականից՝ Դանիայի) գերիշխանության տակ էր գտնվում Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին գտնվող «Ոսկե ափը»։ Այն վաճառվում է Մեծ Բրիտանիային՝ որպես վերջինիս գաղութ։ Հետագայում Դանիական Ոսկե ափը հայտնի է դառնում որպես Գանա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Denmark and Norway". thereformation.info. Retrieved August 15, 2016.
  2. The Royal lineage: The Danish monarchy
  3. Rosenborg. Christian VII
  4. Nyt om Trediveårskrigen (դան.)
  5. Olson, James Stuart; Shadle, Robert, eds. (1991). Historical Dictionary of European Imperialism. Greenwood Publishing Group. Retrieved September 4, 2012
  6. «Denmark»։ World Statesmen։ Վերցված է 18 January 2015 
  7. «Norway»։ World Statesmen։ Վերցված է 18 January 2015 
  8. Павлова Л. Я. Шведско-датско-норвежский конфликт 1814 года и Россия (дипломатическая миссия М. Ф. Орлова) // Новая и новейшая история, № 1. — 1971.
  9. Ulf Sundberg: Svenska krig 1521-1814 [Swedish Wars 1521-1814]
  10. The Kalmar Union
  11. The Northern Wars, 1558—1721 (2000) — Robert I. Frost; Longman, Harlow, England; ISBN 0-582-06429-5
  12. Форстен Г. В., Балтийский вопрос в XVI и XVII столетиях, т. 2, СПБ, 1894
  13. Sweden and the Baltic, 1523–1721, by Andrina Stiles, Hodder & Stoughton, 1992 ISBN 0-340-54644-1
  14. Roskildefreden (1658) (դան.)
  15. Krig og Enevælde: 1648–1746
  16. Kongeloven. Lex Regia
  17. Том 3, глава IX Война между Швецией и Данией 1675-1679 гг.
  18. Danish naval history. Great Britain's unprovoked assault on the neutral Danish-Norwegian kingdom
  19. The Bombardment of Copenhagen in 1807; by Jens Rahbek Rasmussen; translated by David Frost, British Ambassador in Copenhagen
  20. Շվեդա-դանիական հաշտության պայմանագրի տեքստը (շվեդերեն և ֆրանսերեն)
  21. The Norwegian-Swedish War of 1814
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 281 CC-BY-SA-icon-80x15.png