Ուրմիո լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուրմիա լիճից)
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Ուրմիո լիճ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Picto infobox map.png
Ուրմիո լիճ
պարս․՝ دریاچه ارومیه

Արբանյակային լուսանկար, 1984 թվականի հոկտեմբեր
Կոորդինատներ Կոորդինատներ: 37°36′17.9″ հս․ լ. 45°28′39.2″ ավ. ե. / 37.604972° հս․. լ. 45.477556° ավ. ե. / 37.604972; 45.477556
Երկիր Իրան Իրան
Վարչատարածքային բաժանում Արևելյան Ադրբեջան
Արևմտյան Ադրբեջան
Հայելու բացարձակ բարձրությունը 1275 մ
Ավազանի մակերեսը 5 200-6 000 կմ²
Ամենամեծ խորությունը 16 մ
Միջին խորությունը 5 մ
Ջրահավաքի մակերեսը 50 000 կմ²

Կապուտան լիճը 1984-2014 թվականներին

Ուրմիո լիճ նաև Ուրմիա (հնում՝ Կապուտան լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս -արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։

Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ[1]։

Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով։ Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։ Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ։ Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված տեկտոնական շարժումների հետ։

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։

Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։

Աղիությունը շատ բարձր է՝ 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։

Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։

Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։

Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները։

1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի։ 1970 լճին վերադարձվել է նախկին անունը։ 1967 թվականից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ պետության՝ Վանի թագավորության կազմում, լիճը հայտնի էր «Արևմուտքի ծով» անվամբ։ Դրա մասին հայտնի է դառնում Ասորեստանի զորքերի՝ մ.թ.ա. 820 թվականի դեպի Ուրարտու կատարած արշավանքին վերաբերող արձանագրությունից։ Ուրմիան Արևմուտքի ծով է կոչված «Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի համեմատությամբ[2]։

Մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը՝ մոտ մեկ հազարամյակ[Ն 1], լճի տարածքը մտնում էր հայոց պետության կազմի մեջ։ Այն հայտնի էր որպես «Կապուտան ծով», և որպես այդպիսին ամրագրվել էր պատմահայր Մովսես Խորենացու և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատություններում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց պետականությունը վաղ շրջանում ղեկավարել են երեք արքայատոհմեր՝ Երվանդունիները (Երվանդունիների թագավորություն, մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201), Արտաշեսյանները (Արտաշեսյանների թագավորություն, մ.թ.ա. 189-1) և Արշակունիները (Արշակունիների թագավորություն, մ.թ. 52-428)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիո լիճ ուղարկելու նախագծի իրագործումը
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 430 — 992 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]