Մանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանա (այլ կիրառումներ)

Մանա (ուրարտ. սեպագրերում՝ KUR Mana, KUR Manani, աքքադականում 'Mat Mannat Mat Munna, Mat Manas, ելամ'. HarMinija, հին պարսկ.՝ Ar-Mina, Ar-Minija, ասոր.՝ Ar-Meni, եբր.՝ Minni), վաղ ստրկատիրական պետական կազմավորում մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում՝ Կապուտան (Ուրմիա) լճի ընդարձակ ավազանում։

Ընդգրկել է Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգի տարածքը և հարակից շրջանները։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Ուրարտու պետությանը, հարավային և հարավարևելյան սահմանները հասնում էին Զաղատու գետի հովիտները և Փոքր Զավի ակունքների շրջանը։ Կազմվել է մի շարք «ազգագավառներից» (Անդիա, Զիգերտու, Ուիշդիշ, Սուրիկաշ, Մեսսի և այլն)։ Ուսումնասիրողների (Ո. Դայսոն, Ե. Պորադ, Էդվին Գրանտովսկի) կարծիքով մանացիները ցեղակից են եղել Հայկական լեռնաշխարհի մյուս բնիկներին և էապես զատորոշվել իրենց արևելյան և հարավային դրացիներից՝ մարական, պարսկական և սեմական ցեղերից։ Մանայի հասարակական-տնտեսական զարգացման մակարդակը համեմատելի է ուրարտականին։ Մանայում հիմնվել էր ժառանգաբար իշխող արքայատուն։ Երկրի կառավարման գործում զգալի դեր էր խաղում նաև տոհմական ավագանին։ Մանայում բարձր զարգացման էին հասել երկրագործությունը, անասնապահությունը, մետաղամշակությունը, արհեստագործությունը։ Արհեստագործական արտադրությունները զգալիորեն կենտրոնացվել էին Մանայի մի շարք խոշոր քաղաքներում (Իզիրտու, Զիբիա, Արմաիդ, Պանզիշ են)։ Մանայից հայտնաբերված արհեստագործական առարկաները (օրինակ, «Սակկզի գանձ») վկայում են ոչ միայն դրանց բարձր մակարդակի, այլև Մանայի և Ուրարտուի (մ.թ.ա. 12-րդ դարից նաև սկյութական ցեղերի) փոխազդեցության մասին։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների՝ Մանայում կար դպրություն (հավանաբար ստեղծված ուրարտական և ասորեստանյան սեպագրության հիման վրա)։ Գտածո որոշ առարկաների վրա պահպանվել են նաև մեհենադրոշմ (հիերոգլիֆ) գրեր։ Սակայն ցարդ արձանագրություններ չեն հայտնաբերվել Մանայի արքաների անունով։ Մանայի մասին տեղեկություններ են հայտնում մ.թ.ա. 9-7-րդ դարերում ասորեստանյան և ուրարտական արձանագրությունները։ Առաջին տեղեկությունները հաղորդում է Ասորեստանի Սալմանասար III թագավորը՝ դեպի այդ երկիրն արշավելու (մ.թ.ա. 843 և 829 կամ 828) կապակցությամբ։ Այդ ժամանակ Մանան արդեն կայուն թագավորություն էր՝ Իզիրտու (Զիրտու) մայրաքաղաքով, որի Ուդակի (Ուալկի) թագավորը պաշտպանում էր իր երկիրն ասորեստանյան նվաճողներից։

Մ.թ.ա. 820 թվականին Մանան արշավելու մասին հիշատակում է նաև Ասորեստանի Շամշի-Ադադ V թագավորը։ Հայկական լեռնաշխարհի արյունակից ցեղերի ու նրանց հողերի միավորման ընթացքը գլխավորող Ուրարտու հզոր թագավորությունը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդից հետևողականորեն ձգտում էր միավորել նաև Մանան։ Մ.թ.ա. 807 և 806 թվականներին Մենուա թագավորը, Ասորեստանի Ադադներարի 3-րդ թագավորին դուրս մղելով Մանայից, հասել է մինչև Դիյալայի գետահովիտը (այժմյան Իրաքի հյուսիսային շրջանները)։ Մանայի համար Ասորեստանի դեմ համառ կռիվներ են մղել (մ.թ.ա. 781-776, 774) նաև Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորները։ Որոշ ուսումնասիրողների (Ն. Ադոնց, Բ. Պիոտրովսկի) կարծիքով Մինուայի, Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի գահակալման ժամանակ (մ.թ.ա. 9-րդ դարի վերջ-8-րդ դարի առաջին կես) Մանան միավորվել է Ուրարտու պետությանը։

Մ.թ.ա. 8-րդ դարի երկրորդ կեսից Մանան, օգտագործելով Ասորեստանի և Ուրարտուի հակասությունները, հպվելով մե'րթ մեկին, մե'րթ մյուսին, հիմնականում պահպանել է իր ինքնուրույնությունն ու ամբողջականությունը։ Այսպես, Մանայի Իրանզու թագավորը, որը սկզբում դաշնակցել է Ուրարտուի Ռուսա Ա թագավորին (մ.թ.ա. մոտ 735-714), մ.թ.ա. 718 թվականին հարել է Ասորեստանին՝ հարուցելով իր գավառակալ-իշխանների դժգոհությունը։ Վերջիններիս ապստամբական ելույթը նա կարողացել է ճնշել միայն Սարգոն 2-րդի օգնությամբ։ Մ.թ.ա. 716 թվականին Մանայի Ուիշդիշ, Զիգերտու և Անդիա գավառների իշխանները՝ Ռուսա Ա-ի օգնությամբ Ուաուշ լեռան մոտ (Ուրմիայից հյուսիս-արևելք) տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և սպանել են Իրանզուի որդուն և հաջորդին՝ Ազա (Ածա) թագավորին, որը սատարել էր Սարգոն 2-րդին։ Մանայի թագավոր է հռչակվել Ուիշդիշի Բագադատի իշխանը։ Չհանդուրժելով Ուրարտուի օգտին կատարված այդ գահաշրջությունը՝ Սարգոն 2-րդը ներխուժել է Մանա, տապալել Բագադատիին և թագավոր հռչակել Ազայի Ուլուսունու եղբորը։ Սակայն վերջինս, հաշվի առնելով Մանայի ավագանու հակաասորեստանյան տրամադրությունը, մ.թ.ա. 715 թվականին դաշնակցել է Ռուսա Ա-ին՝ նրան պատանդ տալով իր որդուն, ինչպես նաև Ուրարտուին զիշելով Մանայի Ուիշդիշ գավառը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 22 բերդ։ Սարգոն 2-րդը նույն թվականին վերստին ներխուժել է Մանա, գրավել մի շարք քաղաքներ և ընկճել ընդդիմադիրներին։ Մանայի «ավագանու խորհրդի «երաշխավորությամբ Ուլուսունուն հնազանդվել է Սարգոնին՝ նրան տալով հարկ և պատանդներ։ Մ.թ.ա. 714 թվականի ամռանը Սարգոն 2-րդը, օգտվելով կիմերներից պարտություն կրած Ուրարտուի դժվարին իրավիճակից, մտել է Մանայի իր «կրտսեր դաշնակից» կոչված Ուլուսունուի օգնությամբ (պարենով, ձիերով) ներխուժել Ուրարտու, ավերել և կողոպտել նրա հարավային 7 գավառը։ Մանայի միավորման համար Ասորեստանի դեմ պայքարը շարունակել է Ռուսայի որդի Արգիշտի Բ թագավորը (մ.թ.ա. 714-մոտ 680)։ Ատրպատականի Արտավետ (Արդաբիլ) քաղաքից ոչ հեռու, Սավալան լեռան հարավային լանջին պահպանված Արգիշտի Բ-ի արձանագրությունը վկայում է հարավարևելյան շրջաններում նրա ձեռք բերած ազդեցության մասին։ Մ.թ.ա. 670-ական թվականներին Ասորեստանի դեմ Մանան և Ուրարտուն դաշնակցել են այդ ժամանակ Կուրի և Երասխի միջագետքում հիմնված Ասքանագյան թագավորությանը։

Ըստ Ասարխադդոնի արձանագրությունների՝ մ.թ.ա. 674 թվականին Մանայի Իշկուզայի (Ասքանազյան թագավորության) և Կուտիների (կորտիներ-կորդվացիներ) զինակցությամբ, սպառնում էր ներխուժել Ասորեստան։ Մ.թ.ա. 673-ին, երբ հաշտության և փոխօգնության պայմանագիր է կնքվել Ասարխադդոնի և Ասքանագյան Պարտատուա թագավորի (նույնացվում է հունական աղբյուրների Պրոտոթիասին և հայկական աղբյուրների Պարույր Սկայորդուն) միջև, Մանայի Ախշերի թագավորը Ասորեստանի դեմ պայքարում փորձել է դաշնակցել հարևան Մարաստանին։ Սակայն Ասորեստանի Աշշուրբանապալ թագավորը հաղթել և տապալել է (մ.թ.ա. 660 կամ 659) Ախշերի թագավորին և Մանայի գահը հանձնել նրա Ուալլի որդուն։ Վերջինս, Աշշուրբանապալին պատանդ տալով իր Երիսինի որդուն և նրա կանանոցը ուղարկելով իր դուստրերից մեկին, դարձել է Ասորեստանի «կրտսեր դաշնակից»։ Այդ հարաբերությունները շարունակվել են մինչև մ.թ.ա. 7-րդ դարի վերջին քառորդը։ Մեծ հզորության հասած Ասքանազյան թագավորությունը, ի դեմս Պարտատուա Պրոտոթիասի որդու և հաջորդի՝ Մադիես թագավորի, մ.թ.ա. 625 թվականին պարտության մատնելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին, ապա՝ Եգիպտոսի փարավոնին և Փոքր Ասիայում հաստատված կիմերական տրերների ցեղերին, 28 տարի գերիշխանություն է հաստատել Մերձավոր Արևելքում (Հերոդոտոս, գիրք 1, 106)։ Մանան և Արարատյան (Ուրարտու) թագավորությունը այդ ժամանակ ռազմաքաղաքական սերտ դաշինքի մեջ են եղել Ասքանազյան թագավորության հետ։ Այդ է պատճառը, որ հրեաների առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 629-586) Հայկական աշխարհը ներկայացնում է որպես հիշյալ երեք թագավորությունների (Արարատ, Միննի, Աշքենազ) միություն (Աստվածաշունչ, Երեմիա, գլ. LI, 27)։ Աստվածաշնչի հին հունական և հայկական թարգմանություններում (Յոթանասնից) այդ թագավորությունները հիշատակվում են հավաքական անունով՝ «Արարատյան թագավորություններ»։ Աստվածաշնչի հին ասորական թարգմանությունը (Պեշիտտա) Մանան հիշատակվում է «Ար-Մենի» անունով, որը համապատասխանում է հին պարսկերեն «Ար-Մինա» կամ «Ար-Մանիյա» և ելամերեն «խարՄինայա» անվանաձևերին։

Մ.թ.ա. 6-րդ դարում ելամացիները, մարերը և պարսիկները իրենց անմիջական դրացի Մանայի և մանացիների անունը տարածեցին նաև բովանդակ Հայոց աշխարհի ու հայ ժողովրդի վրա, որովհետև Մանան արդեն կազմում էր Հայոց միասնական աշխարհի նահանգներից մեկը, իսկ մանացիները՝ հայ ժողովրդի էթնիկական բաղադրամասը։ Աքեմենյանների եռալեզու արձանագրություններում (Բագհաստանա, Նագշ-ի Ռուստամ, Պերսեպոլիս) Հայաստանը հին պարսկական բնագրում հիշատակվում է «Արմինա» կամ «Արմանիյա», ելամերենում՝ «խար-Մինայա», իսկ աքքադերենում՝ «Ուրաշտու» անունով։ Մարաստանի, ապա Աքեմենյան Պարսկաստանի աշխարհակալության ժամանակ (մ.թ.ա. 6-4-րդ դարեր) Մանա երկրանունից ծագած Հայաստանի «Արմինա» («Ար-Մինա») օտարաշխարհիկ անունը «Արմենիա», «Առմանա», «Առմոնա», «Ռեմանա» և այլ ձևերով տարածվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 209 CC-BY-SA-icon-80x15.png