Կարեն Մաթևոսյան (հայագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Մաթևոսյան
Ծնվել էմարտի 7, 1958(1958-03-07) (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունարվեստագետ, հայագետ և աղբյուրագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային պատկերասրահ, Մատենադարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1979)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2008)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
ՀայրԱրտաշես Մաթևոսյան
 Karen Matevossyan Վիքիպահեստում

Կարեն Արտաշեսի Մաթևոսյան (մարտի 7, 1958(1958-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն (2018 թվականից)[1], Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մարտի 7, 2023 - հուլիսի 18, 2023)[2][3]։

Զգալի ավանդ ունի հայագիտության մեջ, նրա ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, մատենագրությանը, ձեռագրերին, ճարտարապետությանն ու արվեստին։ Նրա աշխատությունների մեջ զգալի թիվ են կազմում Անիի պատմությանն ու մշակութային ժառանգությանը նվիրված հրատարակությունները[1][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Մաթևոսյանը ծնվել է 1958 թվականի մարտի 7-ին Երևանում, մտավորականի ընտանիքում[3]։ Հայրը՝ պատմաբան, աղբյուրագետ Արտաշես Մաթևոսյանը (1922–2004), պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի երկարամյա գիտաշխատող և գլխավոր ավանդապահ է եղել, իսկ մայրը՝ Սեդա Մարաբյանը (1933–2011), ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի աշխատակից էր[3]։

Կարեն Մաթևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 125 դպրոցում, ապա 1975–1979 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը[3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը սկսել է Բյուրականի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ (1979–1982)[3]։ 1980–2004 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում որպես գիտաշխատող, 1987–1995 թվականներին՝ հայ հին և միջնադարյան արվեստի բաժնի վարիչ, 1995-ից՝ գիտքարտուղար[3]։ 2007–2008 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մշակույթի բաժնի տնօրեն[3]։ 2005 թվականից աշխատում է Մատենադարանում, նախ՝ որպես գիտաշխատող, ապա՝ 2009 թվականից՝ Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ[3][6]։ 2018 թվականի մարտից Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն[3]։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անի քաղաքի գրչության կենտրոնը»[3], ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2008 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սամվել Անեցու ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական քննություն» թեմայով[3] և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Գիտական ուսումնասիրությունների հիմնական բնագավառները հայ միջնադարյան պատմությունը, արվեստը ու մշակութային ժառանգությունն են։ Աշխատությունների ամբողջական ցանկը` www.armenianart.org կայքի մատենագիտական բաժնում։

Դասախոսական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է մանկավարժական-դասախոսական աշխատանքով՝ 1985–1991, 1994–2001, 2011–2014 թվականներին դասախոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ դասավանդելով «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ եկեղեցական արվեստ» առարկաները[3]։ 2009-2022 թվականներին դասախոսել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ «Հայ ճարտարապետության պատմություն», «Հայերեն ձեռագիր գիրքը», «Ուշ միջնադարյան հայկական մանրանկարչությունը» առարկաները[3]։ 2016–2018 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է «Կիլիկիայի հայկական պետությունը և մերձավորարևելյան տարածաշրջանը» առարկան[3]։ Գիտամանկավարժական գործունեության համար 2015 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում արժանացել է պրոֆեսորի կոչման[3]։

Խմաբագրական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական և մանկավարժական գործունեությանը զուգընթաց Կարեն Մաթևոսյանը զբաղվել է նաև խմբագրական աշխատանքով[3]։ 1994-1996 թվականներին եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիր, 1997-2000 թվականներին՝ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեայ Հայաստան» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001 թվականից՝ «Գիտելիք» ուսումնական ամսագրի գլխավոր խմբագիր, և վերջապես 2002-2008 թվականներին` իր իսկ հիմնադրած «Հայ արվեստ» եռամսյա մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր[3]։

Հասարակական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1990-ականներից զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ[3]։ 1991-2000 թվականներին եղել է արվեստագետների միավորող «Մոմիկ» մշակութային միություն ՀԿ-ի փոխնախագահ, 2000–2007 թվականներին՝ նախագահ[3]։ Կազմակերպել է հայ արվեստագետների ցուցահանդեսներ Հայաստանում և արտասահմանում՝ Լիբանան, Կանադա, ԱՄՆ, Սիրիա, Դանիա, Ավստրալիա[3]։ Ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ գիտամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով եղել է մի շարք երկրներում՝ Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Չեխիա, Իրան, Թուրքիա[3]։ 2012–2014 թվականներին երեք գիտարշավի է մասնակցել Արևմտյան Հայաստանում[3]։

2009 թվականից եղել է Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, 2012-ից եղել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այժմ՝ Բարձրագույն որակավորման կոմիտեՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող և գիտական աստիճաններ շնորհող «Հայոց պատմության» մասնագիտական խորհուրդի անդամ[3], իսկ 2017-ից մինչև այժմ հանդիսանում է «Պատմագրություն և աղբյուրագիտություն» մասնագիտական խորհրդի անդամ, միաժամանակ, 2019 թվականից՝ Հայաստանի ազգային գրադարանի կառավարման խորհրդի անդամ է[3]։ Նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի անդամ է, իսկ 2020 թվականից՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտխորհրդի անդամ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Մաթևոսյանի գործունեությունը գնահատվել է հետևյալ պարգևներով․

  • Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշան՝ «հայագիտական վաստակի և մանկավարժական բեղուն գործունեության համար» (2019)[3]։
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ՝ «թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար» (2021)[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Մաթևոսյանը հեղինակ է միջնադարյան Հայաստանի պատմությանը, մատենագրությանը, ճարտարապետական, որմնանկարչական և մանրանկարչական արվեստին, ձեռագրական մշակույթին նվիրված շուրջ երկու տասնյակ գրքերի (25 գիրք, որից 8-ը` հեղինակակցությամբ[4]) և 100-ից ավելի գիտական հոդվածի (114-ից ավելի գիտական հոդվածներ[4])[3]։

Կրթությամբ լինելով պատմաբան՝ իր գիտական և մշակութային-հասարակական գործունեությունը Կարեն Մաթևոսյանը սկսել է մանրանկարչությանը, գրչության արվեստին և որմնանկարչությանը նվիրված աշխատություններով, որին նպաստեցին թեկնածուական ատենախոսությունը և 24 տարի Հայաստանի ազգային պատկերասրահում աշխատելը[3]։ Առաջին իսկ գործում ի հայտ են գալիս գիտահետազոտական արդյունքները հանրայնացնելու նրա մղումը, որը բացատրվում է նաև 1990-ական թվականների ընդհանուր իրավիճակով, երբ հայ միջնադարյան հոգևոր արվեստը և պատկերագրությունը մեծապես անծանոթ էին ո՛չ միայն հասարակական լայն խավերին, այլև արվեստասեր հասարակայնությանը[3]։ Հայ միջնադարյան եկեղեցական արվեստը հարկավոր էր դուրս բերել լայն ուղեծիր, վերջինիս պատկերները ընկալելի դարձնել[3]։ Այս նպատակին են ուղղված Կարեն Մաթևոսյանի առաջին աշխատանքները[3]։

Առաջին նմանատիպ աշխատանքն էր «Որմանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում» (Երևան, 1990) գիրք-ուղեցույցը, որում ներկայացվում են Ազգային պատկերասրահում պահվող հայկական 16 որմնանկարների պատճեները, և դրանք վերլուծվում են հայ ու ընդհանուր քրիստոնեական որմնանկարչության շրջագծում[3]։ Այս նույն նպատակին էր ծառայում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանի համահեղինակությամբ 1992 թվականին լույս տեսած ուղեցույցը, որի «Հայ հին և միջնադարյան կերպարվեստը» բաժինը գրել էր Կարեն Մաթևոսյանը[3]։

Կարեն Մաթևոսյանը, որպես գիտական խորհրդատու, մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու որմնանկարների վերականգնմանը[3]։ Այս եկեղեցուն է նվիրված 2015 թվականին Թբիլիսիում նրա առաջաբանով անգլերեն, հայերեն, վրացերեն և ռուսերեն տպագրված «Սուրբ Գևորգ տաճարը. Որմնանկարները» գիրքը[3]։

Քրիստոսի կյանքի գլխավոր դրվագները՝ Ավետումից մինչև Հոգեգալուստ, ներկայացնող 12 պատկերներին է նվիրված նրա «Ավետարանական պատկերներ» (Երևան, 1993) գիրքը՝ հեղինակակցությամբ Ավետ Ավետիսյանի[3]։ Տերունական պատկերներից յուրաքանչյուրը ներկայացվում է հետևյալ կառուցվածքով[3]։ Տվյալ թեմայով բնորոշ մի պատկեր, պատկերի անվանման վկայակոչումը, ուր ներկայացված է այդ թեման, վերջինիս պարունակած հոգևոր խորհուրդը, տվյալ պատկերին մաս կազմող դրվագների խորհրդաբանական նշանակությունը և յուրաքանչյուրի սկզբնաղբյուրն ըստ միջնադարյան մատենագրության[3]։ Այնուհետև այդ պատկերին բնորոշ մի շարք օրինակներ են բերվում հայ և համաշխարհային արվեստից[3]։ Յուրաքանչյուր պատկերին նվիրված բաժինը սկսվում է նույն թեմայով շարականով, որը ցույց է տալիս գրական և արվեստի ստեղծագործությունների ներքին միասնությունն ու ընդհանրությունները[3]։ Այս գրքի շնորհիվ ընթերցողը պատկերացում է կազմում միջնադարյան արվեստի կանոնի մասին[3]։ Այս նույն շրջագծում է ստուգաբանվում «Հայաստան. ուղեցույց ուխտավորների և զբոսաշրջիկների համար» (1998) գրքում Կարեն Մաթևոսյանի Հայ եկեղեցու պատմությանը նվիրված բաժինը[3]։

Արվեստի բնագավառում գիտահանրամատչելի հաջորդ երկու գործերն արդեն տեղայնացել են նրա մյուս գիտական նախընտրությունների շրջանակում[3]։ Նորավանքին վերաբերող հետաքրքրությունների շրջագծում է գրված ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկին նվիրված՝ «Մոմիկ» գիրք-ալբոմը (Երևան, 2010), ուր Մոմիկի ստեղծագործությունները ներկայացվում են Սյունիքում Օրբելյանների գործունեության շրջանակում[3]։ Հակիրճ և ընդհանրացված շարադրանքով թվարկվում են Մոմիկի ընդօրինակած և նկարազարդած ձեռագրերը, բերվում են մի շարք պատկերներ ու կատարվում է դրանց արվեստագիտական վերլուծությունը[3]։ Նույն կառուցվածքն ունի «Հաղբատի Ավետարանը» գիրք-ալբոմը (Երևան, 2012)[3]։ Այս գիրքը բնորոշ օրինակ է, թե ինչպես կարելի է ներկայացնել և վերլուծել առանձին մեկ Ավետարանը[3]։ Կարեն Մաթևոսյանի առանձնահատուկ ուշադրությունն այս ձեռագրի հանդեպ բացատրվում է վերջինիս՝ Անիի ձեռագրային միջավայրին պատկանելով, որովհետև գրվել ու նկարազարդվել է Հոռոմոսում, իսկ անվանումը ստացել է Հաղբատում գրված լինելու շնորհիվ[3]։

Մատենադարանի հայկական ձեռագրերի մանրանկարներին է նվիրված Էդդա Վարդանյանի հետ կազմված «Հայկական մանրանկարչություն» ֆրանսերենով հրատարակված ծավալուն ալբոմը (Երևան, 2018)[3]։ Կարեն Մաթևոսյանի գիտական հետաքրքրությունների առանցքում Բագրատունյաց մայրաքաղաք Անին է, որտեղ նա յուրաքանչյուր քայլը կատարում է զգույշ, բայց՝ հաստատուն՝ առաջնորդվելով միջգիտակարգային համադրական քննությամբ՝ պատմագիտության, հայ մատենագրության, հնագիտական նյութերի, հայ արվեստի, հայկական ձեռագրերի հիշատակարանների և հայ վիմագրական արձանագրությունների տվյալների միահյուսված քննությամբ[3]։ Դեպի Անի տանող երկու գլխավոր ճանապարհներն են հայ գրչության վանական մի քանի կենտրոնները և միջնադարյան ժամանակագրությունը[3]։ Պատահական չէ, որ նրա թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր Անիի գրչության կենտրոնին, իսկ առաջին գիրքը միջնադարյան հայտնի աշխարհիկ և վանական կենտրոններից Արուճին, որը նաև իր հայրական ծննդավայրն է, որի հանդեպ սերը ընտանեկան ավանդներ ունի[3]։ «Արուճ» (Երևան, 1987) ուսումնասիրության մեջ պատմաքննական անդրադարձ է կատարվում այս բնակավայրի անցյալին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններին, վերջիններիս վիմական արձանագրություններին և հայ մատենագրության մեջ եղած հիշատակություններին[3]։ Մեծ տեղ է հատկացված աշխարհիկ շինություններին, որովհետև Գրիգոր Մամիկոնյան իշխանի 661–685 թվականների կառավարման շրջանում Արուճը եղել է Հայաստանի վարչական կենտրոնը[3]։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջագծում կարևոր տեղ է գրավում նաև Նորավանքը՝ որպես միջնադարյան հայտնի գիտական և ձեռագրային կենտրոն, ուր ստեղծագործել է նաև Մոմիկը[3]։ Պատմաբանն իր գործուն մասնակցությունն է բերել Նորավանքի նորոգման հետ կապված աշխատանքներին, ապա՝ նորոգման տասնամյակին նվիրված հանդիսություններին՝ կազմելով «Նորավանք» (Երևան, 2009) ժողովածուն, որում վանքի պատմությանը նվիրված բաժնի հեղինակն է[3]։ Այս վանքին է նաև նվիրված «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» (Երևան, 2017) արժեքավոր ուսումնասիրությունը, որը կրկնակիորեն է կարևորվում[3]։ Նախ, որովհետև այստեղ մեկտեղվել են նախկինում Սեդրակ Բարխուդարյանի, Սուրեն Սաղումյանի և Մայքլ Սթոունի հրատարակած Նորավանքի վիմական արձանագրությունները, դրանց հավելել է վերջին շրջանում շինարարական աշխատանքների, պեղումների և իր իսկ որոնումների արդյունքում ի հայտ եկած ևս երկու տասնյակ վիմական արձանագրություն, ինչպես նաև՝ նորովի վերընթերցել ու տարբեր տողատումներ և բառաճշտումներ կատարել մինչ այդ հայտնի վիմական արձանագրություններում, միաժամանակ դրանք բոլորն օժտելով համապատասխան ծանոթագրություններով՝ երկրորդ կյանք է հաղորդել պահպանված և հայտնի վիմագրերին[3]։ Երկրորդ՝ վիմագրերին զուգահեռ բերել է Նորավանքին վերաբերող հայտնի հիշատակարանները՝ իրար հետ զուգադրելով վիմական և ձեռագրային հիշատակությունները և ցույց տալով, թե դրանք ինչպես են փոխլրացնում իրար[3]։

Արուճին և Նորավանքին վերաբերող ուսումնասիրություններում մշակված եղանակով է գրված «Հավուց Թառի վանքը» (Երևան, 2012) աշխատությունը, որում դարձյալ մատենագրական հարուստ նյութի հիման վրա բերվում է այս վանքի հիմնումը, անվան ստուգաբանությունը, ավանդությունները, ապա և՝ բուն պատմությունը վանական համալիրին մաս կազմող միավորներով[3]։ Հեղինակը փորձել է վերականգնել նաև վանքի առաջնորդների ցուցակը կամ Գավազանագիրքը[3]։ Այս գործն առանձնահատուկ կարևորություն ունի ոչ միայն Հավուց Թառի միջնադարում խաղացած դերով, այլև պայմանավորված հանգամանքով՝ այն եղել է նաև Երևանի թեմական կենտրոնը, որի առաջնորդի նստավայրն այստեղ է գտնվել[3]։ Ուստի Հավուց Թառի պատմությունն ուղղակիորեն հարաբերվում է Երևանի պատմության հետ[3]։

«Աղթամար» (Երևան, 2013) գիրքը կարելի է անվանել Աղթամարին նվիրված հանրագիտարան, ուր հանգամանալից տեղեկություններ կան այս, ինչպես նաև՝ Վանա լճի մյուս կղզիների, համալիրի աշխարհիկ ու եկեղեցական շինությունների, տաճարի պատկերանշանների խորհրդաբանության, կղզում գրված ձեռագրերի և Աղթամարի կաթողիկոսության մասին[3]։ Համակարգմամբ ի մի է բերվում առկա ողջ գիտական գրականությունը և ամբողջական պատկերացում տրվում ողջ կղզու և այնտեղ գտնվող կառույցների մասին[3]։

Գիտական հիմքի և աղբյուրագիտական քննության վրա խարսխված հանրամատչելի տեղեկատվական աշխատանք է «Մուղնու Ս. Գևորգ» գրքույկը (Երևան, 2000)[3]։ Իր ընդգրկունության և գիտահանրամատչելի ոճով շարադրված լինելու համար այն թարգմանվել է նաև ռուսերեն ու անգլերեն (Երևան, 2009)[3]։ Կեչառիսի վանական համալիրի հիմնման հազարամյակին նվիրված «Կեչառիս 1000» ժողովածուի մեջ (համահեղինակներ՝ Մուրադ Հասրաթյան, Վարդան Դևրիկյան) (Սբ. Էջմիածին, 2004) Կարեն Մաթևոսյանը գրել է վանքի պատմությունը և այստեղ Պահլավունիների գործունեությանը նվիրված բաժինը[3]։

Կարեն Մաթևոսյանը պատկանում է հայագիտության և, ի մասնավորի, պատմագիտության բնագավառում Ղևոնդ Ալիշանին ու Գարեգին Հովսեփյանին հետևող այն գիտնականների թվին, ովքեր կատարում են պատմության երևույթների և իրար փոխկապակցված փաստերի առավել խորքային քննություն՝ ընդհուպ մինչև պատմագրական ավելի փոքր միավորների՝ վիմական արձանագրությունների, ձեռագրերի հիշատակարանների ու Մանր ժամանակագրությունների հաղորդած տեղեկությունների կիրառմամբ[3]։

Հայկական Ժամանակագրություններից Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրությունը, որը հասնում է մինչև 1163 թվականը, ապա շարունակվում և հետագա հավելողների կողմից ձգվում մինչև 18-րդ դար, թե՛ ամենածավալունն է հայկական ժամանակագրությունների շարքում և թե՛ բոլորից խոր տեղեկություններ է պարունակում անիական միջավայրի մասին, որը երևում է նաև հեղինակի Անեցի անվանումից[3]։ Հանգամանքը կարևոր դեր է խաղացել, որ Կարեն Մաթևոսյանը հանգամանորեն զբաղվի այս երկով՝ ուսումնասիրելով վերջինիս ձեռագրերի խմբագրությունները՝ առկա հավելումներով և տարընթերցումներով։ Կատարված հսկայական աշխատանքի նախապատրաստությունն է «Սամվել Անեցու ժամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները» (Երևան, 2009) ուսումնասիրությունը[3]։ Այս գործի տրամաբանական շարունակությունը դարձավ Ժամանակագրության գիտաքննական բնագրի հրատարակությունը («Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն», աշխատասիրությամբ Կարեն Մաթևոսյանի, Երևան, 2014)[3]։ Ժամանակագրությունների քննական բնագրերի կազմումը կրկնակիորեն է դժվար։ Բացի բոլոր բնագրերին բնորոշ տարընթերցվածներից, Ժամանակագրություններն ունեն մի շարք յուրահատկություններ[3]։ Դրանց խմբագիր-գրիչները ընդօրինակությունների ժամանակ բնագրերի մեջ կատարել են երկու բնույթի հավելումներ[3]։ Առաջին՝ հավելումներ են կատարվել տարեթվերի ներքո բերված շարադրանքում՝ այն ընդլայնելով կամ կրճատելով[3]։ Երկրորդ՝ նոր փաստեր կամ իրադարձություններ են հիշատակվել որևէ տարեթվի ներքո[3]։ Երրորդ կարգի փոփոխությունները, որոնք վերաբերում են Ժամանակագրությունների շարունակմանը որևէ Ժամանակագրության ավարտի տարեթվից հետո, բնականաբար, պարզ են[3]։ Ասվածը վերաբերում է նաև Անեցու Ժամանակագրությանը, որն ավարտվում է 1163 թվով, որից հետո հիշվող տարեթվերը, հասկանալի է, որ հետագա հավելողների կողմից են ավելացվել[3]։ Առավել բարդ է բուն ժամանակագրության կազմումը՝ անջատելով հետագա շրջանի հեղինակների բուն ժամանակագրության մեջ կատարած հավելումները, որոնք մանրակրկիտ քննությամբ վեր է հանել Կարեն Մաթևոսյանը՝ դրանք ընդհանուր բնագրի մեջ բերելով այլ շարվածքով և յուրաքանչյուր հավելման կողքին նշելով, թե այն որ ձեռագրում է հանդիպում[3]։ Նման հանգամանալից աշխատանքի շնորհիվ՝ ընթերցողը միանգամից տեսնում է հետագա հավելումների շերտը և թե դրանցից յուրաքանչյուրը որ ձեռագրում է կատարվել[3]։

Նույն սկզբունքով է կազմված նաև Կիլիկյան Հայաստանի 13-րդ դարի հեղինակ Հեթում Պատմիչի կամ Կոռիկոսցու Ժամանակագրությունը, որը Կարեն Մաթևոսյանը դիտարկում է նրա գործունեության ու գրական ժառանգության համապատկերում՝ «Հեթում պատմիչ Կոռիոսցին և նրա ժամանակագրությունը» գրքում (Երևան, 2011)[3]։

Կարեն Մաթևոսյանի գիտական հետաքրքրությունների առանցքում Բագրատունյաց արքայանիստ և հայոց քաղաքամայր Անին է, որի հետ են հարաբերվում և, ասես, մի ճյուղը լինեն հայ վանական տարբեր կենտրոններին ու առանձին տոհմերին և անհատներին նվիրված ուսումնասիրությունները[3]։ Անիական շարքը սկսվել է թեկնածուական ատենախոսության ընդլայնված տարբերակը եղող «Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը» (Սբ. Էջմիածին, 1997) մենագրությամբ[3]։ Ինչպես վերնագիրն է հուշում, գիրքն ունի երկմաս կառուցվածք[3]։ Առաջին մասը նվիրված է հոգևոր-եկեղեցական կյանքին[3]։ Ներկայացվում են Անիի կաթողիկոսական կենտրոնը, թեմական ընդգրկումը, վանքերն ու եկեղեցիները և քաղաքում հիշատակվող կրոնական տարբեր հարանվանությունները[3]։ Նման աշխատանքը միանգամայն նորություն էր, քանի որ անիագիտությունը առավել զարգացել էր նյութական մշակույթի և պեղումների արդյունքում գտնված նյութերի հիման վրա[3]։ Քանի որ Խորհրդային շրջանում եկեղեցուն վերաբերվող հարցերի ուսումնասիրությունը չէր խրախուսվում, շնորհիվ այս գրքի՝ ընդգրկուն պատկերացում է կազմվում Անիի եկեղեցական կյանքի և կառույցի մասին, որն իր հերթին օգնում է ավելի ճիշտ ըմբռնելու Անիի համար ասվող՝ «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» արտահայտությունը[3]։ Գրքի երկրորդ մասը նվիրված է Անիի ձեռագրային գրչագրական ժառանգությանը[3]։ Ձեռագրային նյութը ըստ գրչության վայրերի այնպես է ցույց տրվում, որ երևում է, թե որ վանքերն են եղել առավել նշանակալից գրչության կենտրոններ և թե ձեռագրերի գրության թիվն ինչպես է ուղիղ համեմատական եղել քաղաքի վանքերին, աղքատացմանն ու անկմանը, որը մեկ անգամ ևս գալիս է վկայելու՝ հայկական ձեռագրերի գրության ընթացքն ուղիղ համեմատական է եղել ժողովրդի անցած պատմական ուղուն[3]։

«Անի-Շիրակի պատմության էջեր» (Երևան, 2010) գրքում տեղ են գտել Անիի պատմությանը և Բագրատունյաց թագավորության կազմում եղած մի շարք վանքերին ու բնակավայրերին և Անիի հետ կապված տարբեր գործիչներին նվիրված հոդվածները[3]։ Հեղինակի ելակետը միայն այդ բնակավայրերի աշխարհագրական մերձավորությունը և վարչաքաղաքական կապվածությունը չի եղել Անիի հետ, այլ որ դրանք սերտորեն հարաբերվել ու իրենց մեջ պահել են Անիի պատմության շատ էջեր[3]։ Կարեն Մաթևոսյանը բերում է Հոռոմոսի և Բագնայրի վանքերի օրինակը, որոնց վիմական արձանագրություններում Անիի փողոցների և քաղաքամասերի անուններն ավելի շատ են պահպանվել, քան բուն քաղաքի արձանագրություններում[3]։ Գրքում այն դրույթն է ընդգծվում, որ Անիի գրային և մշակութային կապերը շատ ավելի հեռուն են գնում և, ըստ այդմ, անիագիտական ուսումնասիրությունները տարածական ու խորքային առումով ավելի լայն ընդգրկում պետք է ունենան[3]։

Որոշակիորեն հետադարձ հայացքով է գրված և նախորդ աշխատանքների հանրագումարն է «Պատմագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց Թառ, Անի, Աղթամար, Վայոց Ձոր» (Երևան, 2020) գիրքը[3]։ Ինչպես առաջաբանում նշվում է, հեղինակն այս գիրքը գրել է կորոնավիրուսային համավարակի օրերին և ընթերցողին բերում է իր կատարած աշխատանքները, նաև շեշտադրում, թե պատմամշակութային այդ տեղավայրերի հետ կապված ինչ խնդիրներ կան և դրանք ինչպես պետք է լուծել[3]։

Կարեն Մաթևոսյանն Անիի օրինակով պեղել և հանել է ոչ միայն իշխանական ու ազնվականական տոհմերի, այլև ժողովրդի տարբեր խավերի, արհեստավորների և անգամ ընտանեկան գերդաստանների մասին եղած հիշատակությունները[3]։ Այս հարցին են նվիրված նրա երկու գրքերը՝ «Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս» (Երևան, 2015) և «Անին և անեցիները» (Երևան, 2021)[3]։ Առաջին գրքում հեղինակն անդրադառնում է Պահլավունիների տոհմին և Գրիգոր Մագիստրոս անունը կրող անձնավորությունների հետ կապված շփոթին, երբ մեկի գործերը վերագրվել են մյուսին կամ հակառակը[3]։ Նաև ներկայացնում ու նշանավորում է Պահլավունյաց տոհմի պատմությունը և դերակատարությունը 10–13-րդ դարերում[3]։ Գրքի առաջաբանում հեղինակը կարևորում է նաև հայ ազնվականության պատմության ուսումնասիրությունը[3]։

Եթե նախորդ աշխատություններում Կարեն Մաթևոսյանն Անին ներկայացնում էր ըստ աշխարհագրական ընդգրկման ու պատմամշակութային շերտերի, ապա «Անին և անեցիները» գրքում արդեն քաղաքի բնակչությունն է ըստ հասարակության շերտերի՝ թագավորական ընտանիք, ազնվականներ և իշխաններ, հոգևոր դասը, իր բազմաստիճանությամբ ու ամենաբազմազան ժողովրդական մասը՝ Անիի գերդաստան-տոհմերը, ընտանիքները, արհեստավորներն ու առևտրականները[3]։ Քննվող նյութի վերհանման նույն սկզբունքով ներկայացվում են նաև Անիի քաղաքամասերն ու փողոցները[3]։ Հեղինակը Րաֆֆուն համահունչ (Րաֆֆին «Սամվել» վեպի առաջաբանում գրում է՝ մեր պատմագրության մեջ անտեսված է եղել ժողովուրդը և հիշատակություններ չկան:) նշում է, որ պատմագրական տվյալները հնարավորություն չեն տալիս գրել ժողովրդի մասին, սակայն գրական ավելի փոքր ժանրերը՝ վիմական արձանագրությունները, հիշատակարանները, Մանր ժամանակագրությունների հիշատակություններն արդեն ուրվագծում են ժողովրդական կյանքի խճանկարը[3]։ Այսօր պատմագիտության կարևոր ուղղություններից է առօրեականության պատմությունը, և Անիի տոհմերին, գերդաստաններին, արհեստավորների դասերին ու վաճառականներին նվիրված բաժիններով՝ Կարեն Մաթևոսյանի ջանքերով գրվել է նաև Անիի նմանօրինակ պատմությունը, որը առաջին նման աշխատանքն է՝ նվիրված միջնադարյան Հայաստանում առօրեականության պատմությանը[3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արուճ», (ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպ. և օգտ. գլխավոր վարչություն), Երևան, «Հայաստան», 1987, 140 էջ, նկ.[3]։
  2. «Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում», գիրք-ուղեցույց, (Հայաստանի պետ. պատկերասրահի հրատ.), Երևան, 1990, 64 էջ, նկ.[3]։
  3. «Հայաստանի Ազգային պատկերասրահ. Ուղեցույց», խմբագրությամբ Շահեն Խաչատրյանի, («Հայ հին և միջնադարյան կերպարվեստ» բաժինը՝ էջ 32-57), (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն), Փարիզ, 1992[3]։
  4. «Ավետարանական պատկերներ», (հեղինակակից՝ Ավետ Ավետիսյան), («Մոմիկ» մշակութային միության հրատ.) Երևան, 1993, 104 էջ, նկ.[3]։
  5. «Անի. Եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը», (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.), Ս. Էջմիածին, 1997, 412 էջ, նկ.[3]։
  6. «Հայաստան. Ուղեցույց ուխտավորների և զբոսաշրջիկների համար» («Հայոց Եկեղեցին առաքյալներից մինչև մեր օրերը» բաժինը՝ էջ 75-122) Հայկական Հանրագիտարանի հրատ., Երևան, 1998[3]։
  7. «Կեչառիս - 1000» (հեղինակակիցներ՝ Մ. Հասրաթյան, Վ. Դևրիկյան), (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Ս. էջմիածին, 2004[3]։
  8. «Մուղնու Սուրբ Գևորգ վանքը», («Մուղնի» հրատ.) Երևան, 2000, 48 էջ, նկ.։ Վերահրատարակություն լրացումներով, Ս. Էջմիածին, 2009, (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.), 64 էջ, նկ., նաև ամբողջական ռուսերեն և անգլերեն թարգմանությամբ[3]։
  9. «Սամվել Անեցու Ժամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները», Մատենադարանի հրատ., Երևան, 2009, 222 էջ[3]։
  10. «Մոմիկ մանրանկարիչը», (հեղինակակից՝ Լ. Զաքարյան), ալբոմ-ուսումնասիրություն, Մատենադարանի հրատ., «Նաիրի», Երևան, 2010, 64 էջ նկ.։ Նույնը անգլերեն՝
  11. Miniaturist Momik, Compiled with and introduction by Karen Matevosyan and Lilit Zakaryan, Yerevan, 2010.
  12. «Մոմիկ», (ՀՀ մշակույթի նախարարություն), (հայերեն, անգլերեն), Երևան, 2010, 88 էջ[3]։
  13. «Անի-Շիրակի պատմության էջեր» (հոդվածների ժողովածու), Երևան, 2010, 294 էջ[3]։
  14. «Հեթում Պատմիչ Կոռիկոսցին և նրա ժամանակագրությունը», Երևան, «Մուղնի» հրատ., 2011, 112 էջ[3]։
  15. «Հավուց թառի վանքը», Երևան, «Մուղնի» հրատ., 2012, 120 էջ, նկ[3]։
  16. «Հաղբատի Ավետարանը», Երևան, «Նաիրի», 2012, 64 էջ, նկ.[3]։
  17. «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» (հեղինանկակից՝ Լ. Թումանյան, Ա. Ասրյան), Ս. Էջմիածին, 2013, 176 էջ նկ.[3]։
  18. «Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն», աշխատասիրությամբ Կարեն Մաթևոսյանի, Երևան, «Նաիրի» հրատ., 2014, 504 էջ[3]։
  19. «Սուրբ Գևորգ տաճարը. Որմնանկարները» (անգլ.՝ Surb Gevorg Cathedral. The Frescoes), Preface authors Karen Matevosyan, Avet Avetisyan, Yerevan, 2015 (անգլերեն, հայերեն, վրացերեն, ռուսերեն), 304 էջ[3]։
  20. «Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս», «Մուղնի» հրատ., Երևան, 2015, 144 էջ[3]։
  21. «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները», «Մուղնի» հրատ., Երևան, 2017, 244 էջ, նկ.[3][7]։
  22. «Դադիվանք. վերածնված հրաշալիք», Մաթևոսյան Կարեն, Ավետիսյան Ավետ, Զարյան Արա, Լամուրե Քրիստին, (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 2018, 224 էջ։
  23. La miniature Arménienne (հայերեն՝ «Հայկական մանրանկարչություն»), Karen Matevosyan, Edda Vardanyan. Matenadaran (Album), Erevan, 2018, 304 p[3].
  24. «Պատմահնագիտական դիտարկումներ», «Մուղնի» հրատ., Երևան, 2020, 136 էջ[3]։
  25. «Անին և անեցիները», «Մատենադարան» հրատ., Երևան, 2021, 464 էջ[1][3]։

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արուճի տաճարի 666 թ. որմնանկարը», ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հաս. գիտ., 1981, № 3, էջ 85-92։
  2. «Հայոց կաթողիկոսարանի մատենադարանն ու գրչատունը Անիում», «Էջմիածին», 1981, Ժ, էջ 41-45։
  3. «Իշխան Գրիգոր Մամիկոնյան-պատվիրատու և հովանավոր եկեղեցական շինարարության», «Էջմիածին», 1981, Դ, էջ 39-44։
  4. «Հոռոմոս-Անի ճանապարհին գտնվող կամարը», «Պատմա-բանասիրական հանդես» 1982, № 1, էջ 143-149։
  5. «Գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցի», «Բանբեր Երևանի համալսարանի», 1982, № 1, էջ 121-133։
  6. «Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու որմնանկարը», «Էջմիածին», 1982, Դ, էջ 53-55։
  7. «Արուճի Ս. Գրիգոր և Թալինի Կաթողիկե տաճարների որմնանկարները», «Էջմիածին», 1982, Ը-Թ, էջ 67-70։
  8. «Նկարիչ մարգարեի «Մուտք Երուսաղեմ» մանրանկարը», ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հաս. գիտ., 1982, № 9, էջ 52-63։
  9. «Եղվարդի Ս. Զորավար եկեղեցին և մենաստանը», «Էջմիածին», 1983, Է, էջ 49-52։
  10. «Ձեռագիր գրված Անի քաղաքի Բեխենց վանքում», «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 1, էջ 221-225։
  11. «Արջո Առիճի դպրոցը XIII դարում», ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հաս. գիտ., 1984, № 3, 67-70։
  12. «Հոռոմոսի գրչության կենտրոնի պատմությունից», «Էջմիածին», 1984, Ե, էջ 45-49։
  13. «Անի քաղաքի Ներքին բերդի Ավետարանը», «Էջմիածին», 1984, ԺԱ-ԺԲ, էջ 110-115։
  14. «Անիի քաղաքացիների դիմանկարները «Հաղբատի Ավետարանի» խորաններում», «Բանբեր Երևանի համալսարանի», 1984, 3, էջ 162-168։
  15. «14-րդ դարի հիշատակարանները Անի քաղաքի և անեցիների մասին», Պատմա-բանասիրական հանդես, 1985, № 3, էջ 108-114։
  16. «Չորս խորան «Բագնայրի Ավետարանից»», ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հաս. գիտ., 1985, № 10, էջ 93-97։
  17. «Անիի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկ գրիչը», «Էջմիածին», 1985, Ը, էջ 38-44։
  18. «Կազմարարությունը Հոռոմոսի գրչության կենտրոնում», ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հաս. գիտ., 1986, № 10, էջ 64-68։
  19. Scriptoria et bibliotheques d’Ani, “Revue des études Arméniennes”, Tome XX, Paris 1986-1987, p. 209-221.
  20. «Անի քաղաքի և նրա մերձակա վանքերի ձեռագրական հավաքածուները», «Հուշարձան» տարեգիրք, Երևան, 1987, էջ 96-98։
  21. «Անի քաղաքի գրչության կենտրոնը», «Պատմա-բանասիրական հանդես», 1988, № 1, էջ 132-137։
  22. «Վրթանես Քերթողի հայտնած մի տեղեկության շուրջ», «Պատմա-բանասիրական հանդես», 1989, № 1, էջ 242-244։
  23. «Հազարամյա մշակույթի վկան («Էջմիածնի Ավետարան» - 1000)», «Արվեստ», 1989, № 10, էջ 22-25։
  24. «Անիի Մայր տաճարը - հոգևոր և մշակութային կենտրոն», «Էջմիածին», 1989, ԺԱ-ԺԲ, էջ 105-110։
  25. «Հայոց աշխարհիկ որմնանկարչությունը», «Արվեստ», 1990, № 9, էջ 17-22։
  26. «Գրչի և ստացողի միջնորդը (վաճառքի համար նախատեսված գիրքը միջնադարյան Հայաստանում)», «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 121- 131։
  27. «Կոշավանքը VII-XIV դդ.», «Էջմիածին», 1991, Ա-Բ-Գ, էջ 95-108։
  28. «Կեռան թագուհու և Հեթում արքայորդու Ավետարանը», «Գիտություն և տեխնիկա», 1991, № 5, էջ 46-50։
  29. «Հայոց պատմության բախտորոշ 1441 թվականը», «Էջմիածին», 1991, Է-Ը, էջ 5-17։
  30. «Անիի մանրանկարչությունը», «Արվեստ», 1991, № 10, էջ 28-35։
  31. «Սարգիս վարդապետ Անեցի», «Անի», 1992, № 1, էջ 40-47։
  32. «Սամուել Անեցու «Ժամանակագրության» ավարտման թվականը և պատվիրատուն», «Պատմա-բանասիրական հանդես», 1992, № 1, էջ 156-162։
  33. «Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը և քաղաքամայր Անին», «Էջմիածին», 1992, Ը, էջ 38-45, Թ-Ժ-ԺԱ, էջ 115-125, 1993, Ա-Բ-Գ, էջ 119-134։
  34. «Հոռոմոսի վանքի պատմության նոր էջեր (ԺԴ-ԺԹդդ.)», «Էջմիածին», 1993, Դ-Ե-Զ, էջ 72-79։
  35. «Ավետարանական թեմաները կերպարվեստում», «Արվեստ», 1993, № 9-12, էջ 4-7։
  36. «Անի քաղաքի հոգևորականությունը», «Էջմիածին», 1993, ԺԱ-ԺԲ, էջ 44-53, 1994, Բ-Գ, էջ 56-70։
  37. «Անի քաղաքի եկեղեցիները», «Էջմիածին», 1994, ԺԱ-ԺԲ, էջ 48-80։
  38. «Անիի եպիսկոպոսական աթոռը (Գաւազանագիրք եպիսկոպոսաց Անւոյ)», «Էջմիածին», 1996, Է-Ը, էջ 149-184։
  39. «Անիի եպիսկոպոսական աթոռը», «Բազմավէպ», Վենետիկ, 1996, էջ 254-271, 1997, էջ 153-170։
  40. «Անիում Զաքարյանների հաստատման ժամանակն ըստ նորահայտ հիշատակարանի», «Պատմա-բանասիրական հանդես», 1997, N 1, էջ 280-283։
  41. «Հայ մանրանկարիչների յիշատակարանները», «Սիոն» (Երուսաղեմ), 1997, հուլիս-դեկտեմբեր, էջ 312-326։
  42. «Խոր Վիրապի վանքը և նրա գրչության կենտրոնը», «Էջմիածին», 1997, Բ-Գ, էջ 174-178։
  43. «Հառիճի վանքը ԺԳ դարի սկզբին (գրչության կենտրոնը և հարակից հարցեր)», «Էջմիածին», 1998, Ա, էջ 115-124։
  44. «Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն)», «Էջմիածին», 1998, Բ-Գ, էջ 185-190։
  45. «Հայ եկեղեցու թեմական բաժանումը. Գուգարաց թեմի պատմությունից», «Էջմիածին», 1998, Զ, էջ 68-76։
  46. «Նոր էջեր Նորավանքի եպիսկոպոսական Աթոռի պատմության», «Էջմիածին», 1999, Բ, էջ 71-86։
  47. «Դրուագներ Նորավանքի եպիսկոպոսական Աթոռի պատմութիւնից (Արատես և Վերին Նորավանք)», «Նորավանք» տարեգիրք Բ, Մոնթրէալ-Երևան, 2001, էջ 62-76։
  48. clercs dans la cité ou la ville «aux mill et une eglises», ANI capitale de l’Armenie en l’an mil, Paris musees, 2001, p. 136-143.
  49. «Վարդան Արևելցին Անիի մասին», «Էջմիածին», 2002, ԺԱ-ԺԲ, էջ 92-95։
  50. «Սամուել Անեցի (կենսագրական լրացումներ)», «Էջմիածին», 2003, Զ, էջ 47-57։
  51. «Հազարամյա Կեչառիսի հիմնադրման պատմությունից», «Էջմիածին», 2004, Ա, էջ 77-91։
  52. «Սամվել Անեցու Ժամանակագրության հնագույն ձեռագրերը», ակադեմիկոս Ն. Մառի ծննդյան 140 և մահվան 70-ամյակներին նվիրված ժողովածու, Երևան, 2005, էջ 37-48։
  53. «Հովհաննես Սարկավագի պատմական թղթերն ըստ Սամվել Անեցու», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայոց պատմության հարցեր, գիտական հոդվածների ժողովածու, թիվ 6, Երևան, 2005, էջ 122-131։
  54. «Հովհաննես Սարկավագի գործունեությունն Անիում», «Էջմիածին», 2005, Է-Ը, էջ 59-72։
  55. «Սամվել Անեցին Անիի պատմության մասին», «Էջմիածին», 2006, Բ-Գ, էջ 72-85։
  56. «Հավուց թառի վանքի և Ապիրատյան տոհմի պատմության նորահայտ տվյալներ», «Բանբեր Մատենադարանի», 17, Երևան, 2006, էջ 147-167։
  57. «Սամվել Անեցու Ժամանակագրության Մխիթար Անեցու ընդօրինակությունը», «Էջմիածին», 2006, Ժ-ԺԱ, էջ 88-100։
  58. «Պատմամշակութային նորաբաց էջեր», «Հայ արվեստ», 2006, № 4, էջ 34-36։
  59. «Մշո Ս. Կարապետ վանքի պատմության մի դրվագ», «Պատմա-բանասիրական հանդես», 2007, № 1, էջ 188-197։
  60. «Ժամանակագրական նոր միավորներ Մատենադարանի երկու ձեռագրից», «Հանդէս ամսօրեայ», 2007, էջ 257-276։
  61. «Սամվել Անեցու Ժամանակագրության Հայրապետ վարդապետի ընդօրինակությունը», «Հայկազեան հայագիտական հանդէս», հտ. ԻԷ, 2007, էջ 77-88։
  62. «Ժամանակագրական նոր միավորներ Սամվել Անեցու ձեռագրերից», «Էջմիածին», 2007, Ե, էջ 50-59։
  63. «Սամվել Անեցու Ժամանակագրության Ստեփանոս Օրբելյանի օրինակը», ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Տարեգիրք Բ, Երևան, 2007, էջ 180-192 ։
  64. «Հայոց կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Ս. Էջմիածնում՝ 1441 թ.», հոդված «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կատալոգում (Երևան, 2007) էջ 399-402։
  65. «Գրիգոր Ապիրատ Մագիստրոսը և նրա տոհմը 11-րդ դարում», «Բանբեր Մատենադարանի», թիվ 18, Երևան, 2008, էջ 67-93։
  66. «Սմբատ Մագիստրոս», «Հանդէս ամսօրեայ», 2008, էջ 173-186։
  67. «Սամվել Անեցու Ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական արժեքը», ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, «Հայ աստվածաբան», գիտական հոդվածների ժողովածու, 2008 թ. հ. Բ, էջ 257-266։
  68. «Յոհան գրչի ընդօրինակած պատմական ժողովածուն և կատարած հավելումները», «Էջմիածին», 2008, Զ-Է, էջ 102-112։
  69. «Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ», «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 3, էջ 3-30։
  70. «Անի քաղաքը և Ծառաքար-Մաղասբերդը 11-14-րդ դդ.», «Հուշարձան» տարեգիրք Դ-Ե, Երևան, 2008, էջ 236-247։
  71. «Ճարտարապետ Մոմիկ (կենսագրական նոր տվյալեր)», «Նորավանք-2009» Նորավանքի վերաօծման 10-ամյակին նվիրված ժողովածու, Երևան, 2009, էջ 22-32։
  72. «Արուճի պատմամշակութային ժառանգության և դրա պահպանությունը», (Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում, Կլոր սեղան, Երևան-Օշական, 2008 թ. դեկտեմբերի 2-6), էջ 129-134։
  73. «Արուճի և Թալինի պատմության էջեր», «Էջմիածին», 2009, Ա, էջ 50-62։
  74. «Գրիգոր Հառիճեցու նորայայտ թուղթը», «Հանդէս ամսօրեայ», 2009, էջ 171-178։
  75. «Հոռոմոսի վանահայրերի գավազանագիրքը», «Էջմիածին», 2009, Է, էջ 60-64։
  76. «Գրիգոր Պիխտ Շիրակացի», «Էջմիածին», 2009, Ժ, էջ 95-105։
  77. Les tentatives de restauration du siège Patriarcal d`Ani au XIIe siècle, L`Eglise armռnienne entre Grecs et Latins fin XIe-milieu XVe siècle, Geuthner, Paris 2009, p. 235-240.
  78. «Բագնայրի վանքի հազարամյակը», «Էջմիածին», 2010, Բ, էջ 53-76։
  79. «Արուճի հնագոյն բազիլիկ եկեղեցին», «Հանդէս ամսօրեայ», 2010, էջ 198-211։
  80. «Բագնայրի հազարամյա վանքը», ՀՀ ԳԱԱ և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի միջազգային 8-րդ գիտական նստաշրջանի նյութեր (Գյումրի, 22-24 հոկտեմբեր, 2010 թ.), Երևան, 2010, էջ 3-9։
  81. «Հեթում Կոռիկոսցու ժամանակագրությունը և նորահայտ ժամանակագրական լրացումները», Լ. Խաչիկյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը, Երևան, 2010, էջ 119-149։
  82. «Հեթում Կոռիկոսցու լրացումները Սամվել Անեցու ժամանակագրության մեջ», «Էջմիածին», 2010, Թ, էջ 48-61։
  83. «Սամուէլ Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց...» Ժամանակագրութիւնը», «Հայկազեան հայագիտական հանդէս», 2011, հ. ԼԱ, էջ 73-91։
  84. «Իլու «Քառասուն խորան Ս. Աստուածածին» եկեղեցու կառուցման մասին», «Հանդէս ամսօրեայ», 2011, էջ 409-418։
  85. «Սամվել Անեցին և նրա շարունակողները մի քանի վանքերի կառուցման մասին», «Էջմիածին», 2012, Բ, էջ 10-21։
  86. «Լրացումներ Սամվել Անեցու Ժամանակագրության ձեռագրերում», «Էջմիածին», 2013, Ա, էջ 130-139։
  87. «Հոռոմոսի վանքի հնագոյն եկեղեցու անուան շուրջ», «Հանդէս ամսօրեայ», 2013, էջ 311-326։
  88. «Հավուց թառի գրչության կենտրոնը», «Բանբեր Մատենադարանի», թիվ 19, Երևան, 2013, էջ 159-172։
  89. «Վիմագրական նշխարներ Արևմտյան Հայաստանից», «Էջմիածին», 2015, Դ, էջ 142-153։
  90. «Գրիգոր Մագիստրոսը և կաթողիկոսական աթոռի անցումը Պահլավունիներին», «Հանդէս ամսօրեայ», 2015, էջ 89-138։
  91. «Գրիգոր Ապիրատ Մագիստրոս. 11-րդ դարի մոռացված մեծ իշխանը», «Վէմ», 2015, № 3, էջ 24-41։
  92. «Մրենի եկեղեցու շինարարական առանձնահատկությունները», վարպետանշանները և որոշ վիմագրեր (համահեղինակ՝ Ա. Ղազարյան), «Պատմաբանասիրական հանդես», 2015, N 3, էջ 125-144։
  93. “History of the Monastery of Horomos”, in Horomos monastery: Art and History (Edited by Edda Vardanyan), Paris, 2015, pp. 17–53.
  94. “The scriptorium of Horomos Monastery”, (համահեղինակ՝ S. Baloyan), in Horomos monastery: Art and History (Edited by Edda Vardanyan), Paris, 2015, pp. 325–359.
  95. «Անիի մերձակա Արջոառիճի վանքը», «Էջմիածին», 2016, Զ, էջ 35-49։
  96. «Երկու նոր գրիչ-հեղինակ Անիի շրջանից», ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», պրակ 19, Երևան, 2016, էջ 19-26։
  97. «Միջնադարյան հեղինակների վկայությունները հայկական որմնանկարչության մասին», «Հայկական որմնանկարչություն», հոդվածների և նյութերի ժողովածու, Երևան, 2019, էջ 7-18։
  98. «Նյութեր հայկական միջնադարյան որոշ որմնանկարների վերաբերյալ», «Հայկական որմնանկարչություն», հոդվածների և նյութերի ժողովածու, Երևան, 2019, էջ 85-97։
  99. «Մաշտոցյան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի 60-ամյակը», «Բանբեր Մատենադարանի», թիվ 28, Երևան, 2019, էջ 5-15։
  100. «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների հրատարակության հարցի շուրջ», «Բանբեր Մատենադարանի», թիվ 29, Երևան, 2020, էջ 447-463։
  101. «Հայկական ձեռագիր գիրքը և գրչության կենտրոնները», «Պատմության և մշակույթի հարցեր», օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար, Երևան, 2020, էջ 9-16։
  102. «Հայկական մանրանկարչության հիմնական դպրոցները», «Պատմության և մշակույթի հարցեր», օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար, Երևան, 2020, էջ 17-28։
  103. «Հոռոմոսի վանքը և գրչատունը», «Բանբեր Մատենադարանի», N 30, Երևան, 2020, էջ 166-210։
  104. «Աշոտ Գ Ողորմածի Անիում թագադրվելու հարցի մասին», «Բանբեր Մատենադարանի», № 30, Երևան, 2020, էջ 589-601։
  105. K. Matevosyan, L. Sargsyan, “Illuminated Manuscripts in the Primacy of the Armenian Diocese in Romania”, in “Armenian Treasures in Romania”, edited by Armenian Archidiocese in Romania, Bucharest, Zamca publ. house, 2020, pp. 195–199. ISBN 978-606-93853-8-8 2 008
  106. «Անիի քաղաքացիները (քաղաքային տոհմեր)», «Էջմիածին», 2020, Զ, էջ 51-68։
  107. «Անի քաղաքի փողոցները», «Էջմիածին» 2021, № 3, էջ 68-82։
  108. «ԺԳ դարի վիմագրական որոշ տվյալներ անեցիների մասին», Տոնագիր գիտական ժողովածու Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առիթով, Երևան, 2021, էջ 129-143։
  109. «Վանքերի և ուսումնական կենտրոնների ծաղկումը Վայոց ձորում (13-րդ դ. վերջ - 14-րդ դ. առաջին կես)», Վայոց ձոր. պատմամշակութային ժառանգության դրվագներ, Երևան, 2021, էջ 68-77։
  110. «Անիի Մայր տաճարի շինարարական արձանագրության կարծեցյալ հիջրայի թվականի մասին», «Բանբեր Մատենադարանի», № 31, Երևան, 2021, էջ 23-40։
  111. «Անիի հնագույն քաղաքամասերը (Ներքին բերդ, միջնաբերդ, Փոքր քաղաք)», «Էջմիածին» 2021, № 6, էջ 93-103, «Էջմիածին» 2021, № 7, էջ 74-87։
  112. La localité de Caṙavan, “Revue des études Arméniennes” , Tome 40, Paris 2021, pp. 101–108.
  113. Armenian Frescoes, in “Historical and Cultural Heritage of Armenia”, Yerevan, 2022, pp. 89–96.
  114. «Ռումի սուլթանության հակաթոռ կաթողիկոս Անանիան», «Բանբեր Մատենադարանի», № 34, Երևան, 2022, էջ 22-39։
  115. «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», «Բանբեր Մատենադարանի», № 35, Երևան, 2023, էջ 44-54։
  116. «Հռոմկլան որպես Հայոց կաթողիկոսանիստ և տեղի ձեռագրերի հիշատակարանները (ԺԲ. դար)», «Էջմիածին», 2023, № 8, էջ 42-68։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կարեն Մաթևոսյան, Անին և Անեցիները (Մատենադարան) (խմբ. Վահան Տեր-Ղևոնդյան), Երևան էջ 432 — 464 էջ, ISBN 978-9939-897-01-1։
  2. «Մատենադարանի աշխատակազմ». matenadaran.am. Վերցված է 2023-13-03-ին.
  3. 3,000 3,001 3,002 3,003 3,004 3,005 3,006 3,007 3,008 3,009 3,010 3,011 3,012 3,013 3,014 3,015 3,016 3,017 3,018 3,019 3,020 3,021 3,022 3,023 3,024 3,025 3,026 3,027 3,028 3,029 3,030 3,031 3,032 3,033 3,034 3,035 3,036 3,037 3,038 3,039 3,040 3,041 3,042 3,043 3,044 3,045 3,046 3,047 3,048 3,049 3,050 3,051 3,052 3,053 3,054 3,055 3,056 3,057 3,058 3,059 3,060 3,061 3,062 3,063 3,064 3,065 3,066 3,067 3,068 3,069 3,070 3,071 3,072 3,073 3,074 3,075 3,076 3,077 3,078 3,079 3,080 3,081 3,082 3,083 3,084 3,085 3,086 3,087 3,088 3,089 3,090 3,091 3,092 3,093 3,094 3,095 3,096 3,097 3,098 3,099 3,100 3,101 3,102 3,103 3,104 3,105 3,106 3,107 3,108 3,109 3,110 3,111 3,112 3,113 3,114 3,115 3,116 3,117 3,118 3,119 3,120 3,121 3,122 3,123 3,124 3,125 3,126 3,127 3,128 Վարդան Դևրիկյան ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Ծննդյան 65-ամյակի առթիվ) (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  334 - 341. — ISSN 0135-0536.
  4. 4,0 4,1 4,2 Պատմաբան Կարեն Մաթևոսյան, Գիտական աշխատությունների ցանկ
  5. «Կարեն Արտուշի Մաթևոսյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  6. «Կարեն Մաթևոսյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  7. Մաթեւոսյան, Կարեն (2017). Նորավանքի վիմագրերը եւ հիշատակարանները. Mughni. ISBN 9789994133833.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Մաթևոսյան (հայագետ)» հոդվածին։