Ձգվում է Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի պետական սահմանի երկայնքով ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելագույն բարձրությունը 3042 մ է (Մեծ Եղնախաղ լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպյան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը մեղմաթեք են, հովիտներով մասնատված, տեղ-տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտներին կան սառցադաշտային գոյացումներ։ Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարածվում են լավային ալիքավոր սարավանդներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Ձյունածածկույթը մնում է ավելի քան 6 ամիս։ Եղնախաղի լեռնաշղթան հարուստ է աղբյուրներով։ Տիրապետում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահողերը։ Եղնախաղի լեռնաշղթա ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 508)։