Արիստակես Լաստիվերտցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստակես Լաստիվերտցի
Ծնվել է1002
Թուրքիա
Մահացել է1080
ՔաղաքացիությունԲագրատունիների թագավորություն
Մասնագիտությունպատմաբան
Գործունեության ոլորտպատմություն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Արիստակես Լաստիվերտցի, (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 11-րդ դարի հայ պատմիչ։

Ծնվել է Արծն քաղաքի մոտերքում գտնվող Լաստիվեր գյուղում։ Եղել է վարդապետ։ Գլխավոր աշխատությունն է «Պատմություն»-ը՝ գրված 1072-1079 թվականներին։ Նկարագրված դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը։ «Պատմություն»-ը բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլուխներից և հեղինակի հիշատակարանից։ Նախերգանքում Ա․ Լ․ նկարագրում է սելջուկ-թուրքերի պատճառած սարսափները, ողբում նվաճված Հայաստանի վիճակը։ Բուն շարադրանքը ընդգրկում է 1000-1945 թվականների հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկների ներխուժումը և Թոնդրակյան շարժման որոշ դրվագներ։ Մանրամասն նկարագրում է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000-1022), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) և այլն։

Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների հաղորդածին, երբեմն նաև լրացնելով նրանց, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին։ Արիստակես Լաստիվերտցու առաջին հայ հեղինակն է, որ նկարագրում է սելջուկյան արշավանքները 1047-1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում արշավանքների բնույթի, ուղիների մասին։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Ա․ Լ-ու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Արիստակես Լաստիվերտցու «Պատմություն»-ը 11-րդ դարի կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, ուր հեղինակը նկարագրում է 11-րդ դարի աղետները։

Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերտցու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ «Պատմություն»-ը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844 թվականին, թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, վերածվել աշխարհաբարի։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 62 CC-BY-SA-icon-80x15.png