Ռուսա ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսա ծով
38°28′12″ հս․. լ. 43°36′28″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Վանի նահանգ
Տեսակ Արհեստական ջրամբար
Հայելու բացարձակ բարձրությունը 2550 մ
Երկարություն 4,3 կմ
Լայնություն 2,1 կմ
Ռուսա ծով (Մեծ Հայք)##
Ռուսա ծով (Մեծ Հայք)

Ռուսա ծով (նաև` հայկական աղբյուրներում Երիցու լիճ, Տերտերալիճ, թուրքական աղբյուրներում Քեշիշգյոլ, Թուրնագյոլ (թուրքերեն՝ Turna Gölü)), արհեստական լիճ պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի հյուսիս-արևելքում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում[1]։ Ծովի մակարդակից բարձր է 2550 մ-ով, ունի 4,3 կմ առավելագույն երկարություն և 2,1 կմ առավելագույն լայնություն[1]։ Ի սկզբանե կառուցվել է այգիների և դաշտերի ոռոգման նպատակով և մինչ օրս էլ ծառայում է գյուղատնտեսական նշանակությամբ[2][3]։

Կառուցել է Վանի թագավորության արքա Ռուսա Գ[1][4][5], ինչի մասին վկայում է լճից 6 կմ հյուսիս գտնվող Էրմանց գյուղում 2002 թվականին հայտնաբերված սեպագիր արձանագրությունը[3]։ Սեպագրի մի կողմում գրված է (սեպագիր արձանագրության վերծանում)[3][6][7].

...Ռուսան, Էրիմենայորդին, ասում է. Քիլբանի (լեռան) առջևի հողերը ամայի էին, (չկար) ոչինչ ընդհանրապես՚ արտեր, խաղողուտ, այգի չկար, ոչ էլ ջրանցք էր այստեղ տարված։ Ինչպես Խալդին ինձ հրահանգեց, ես կատարեցի հզոր մեծագործություններ այստեղ. Ռուսան ասում է ջրերը կենարար դեպի Ուրա (երկիր) ... ուղղեցի, լցրեցի այս ծովը, որ իրոք չոր էր, (չկար) ոչինչ ընդհանրապես, արտեր այստեղ չկային, ... այստեղ չկային, ոչ ջրանցք էր տարված, ոչ աղբյուր այստեղ կար, ոչ էլ երբևէ արքաներն էին կառուցել

Լճի ամբարտակը հազարամյակներ շարունակ կանգուն է եղել և բազում դարում ընթացքում ծառայել է իր նպատակին։ Հայտնի է, որ միջնադարում լիճն ու լճից գոյացած հասույթը պատկանել են Վարագավանքին։ Այս մասին հայտնի է դարձել նաև լճի ամբարտակի վրա փորագրված արձանագրությունից[3][8]։

1813 թվականին լճի հեղեղման հետևանքով Ռուսա Գ թագավորի կառուցած ամբարտակը փլուզվել է, ինչի հետևանքով տեղի են ունեցել որոշակի ավերումներ։ Որոշակի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 19-րդ դարի կեսերին կառավարության ֆինանսավորմամբ։ Այդ աշխատանքների հետևանքով լճի կառուցվածքը փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվել, կառուցվել է 8 մ բարձրությամբ և 3 մ լայնությամբ նոր ամբարտակ, որի վրա առկա են մի քանի փոքր դռնակներ, որոնցով ջրի քիչ քանակություն հոսում է դուրս[3][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 8։
  2. Շէրենց Գ., «Սրբավայրեր», Թիֆլիս, 1902, էջ 54։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 9։
  4. Арутюнян Н., Корпус урартских клинообразных надписей, Ереван, 2001, с. 299-300(ռուս.).
  5. Լեւոնեան Խ., «Արուեստական լիճ մը խալտէական շրջանէն», Վանտոսբ, 1912, N 8, 10 փետրվարի, էջ 117։
  6. Salvini M., «Una Stele di Rusa III Erimenahi dalla zona di Van», Studi Micenei ed Egeo-Anatolici, XLIV/1, 2002, pp. 115-143.(իտալ.)
  7. Գրեկյան Ե., Գյովելեքի ուրարտական արձանագրությունը, «ՊԲՀ», 2004, N 1, էջ 250։
  8. 8,0 8,1 Լեւոնեան Խ., «Արուեստական լիճ մը խալտէական շրջանէն», Վանտոսբ, 1912, N 8, 10 փետրվարի, էջ 116։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսա ծով» հոդվածին։