Jump to content

Անգղ (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անգղ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Արտամետի (էդրեմիտի) շրջան
ՀամայնքԱրտամետ
Այլ անվանումներԱնգեղ, Էնկիլ, Դյոնեմեչ
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն, քրդերեն
Բնակչություն172 տուն մարդ (2013)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱնգղեցի (մինչև Մեծ եղեռնը)
Անգղ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)##
Անգղ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)

Անգղ (Դյոնեմեչ, թուրքերեն՝ Dӧnemeç), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1][2][3][4][5][6]։

Անգղ գյուղը հաճախ կոչվել է նաև Անգեղ, երբեմն՝ Էնկիլ անվանաձևերով։ Ներկայումս թուրքական պաշտոնական անունն է Դյոնեմեչ (Dӧnemeç)[1]:

Ըստ որոշ պնդումների՝ գյուղի անունն առաջացել է անգղ թռչունի անունից, քանի որ այնտեղ բնակվում էին բազմաթիվ անգղեր[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն Անգղ գյուղը տեղակայված է Վան քաղաքից 21,5 կմ հարավ-արևմուտք, իսկ Վանա լճի ափից՝ 7 կմ հեռու` Անգղ գետի ափին։ Ծովի մակարդակից բարձր է 1660-1685 մ[1]։

Հայկական բնակավայրը կազմված է եղել երկու թաղամասից, որոնք տարածված են եղել արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված լեռնաճյուղի հարավահայաց ստորոտին։ Գյուղի մոտ` Անգղ գետի վրա է գտնվում Սաչան անվամբ հայտնի փոքր ջրվեժը[1][7]։

Գյուղի մոտ` Անգղ գետի վրա է գտնվում Սաչան անվամբ հայտնի փոքր ջրվեժը[1]։

Անգղ գյուղը գոյություն է ունեցել սկսած նախաքրիստոնեական ժամանակներից։ Ավանդաբար նշվում է, որ Անգղում է տեղի ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանակներում հին հայկական մեհյանների ու տաճարների ավերման դեմ մոգերի առաջին ճակատամարտը քրիստոնյա քարոզիչների դեմ[8][1]։

Բնակավայրի առաջին հիշատակությանը հանդիպում է 5-րդ դարի կեսերին տեղի ունեցած Վարդանանց պատերազմի կապակցությամբ և այն ներկայացվում է որպես գյուղաքաղաք[1][9]։

Անգղ գյուղի հիշատակություններից մեկն այն է, որ 1307 թվականին Անգղի իշխանն էր Ատոմը[1][10]։ Բնակավայրին վերաբերող հիշատակությունները հետագա դարերում ավելի բազմաթիվ են։ Այն մե՛րթ հիշվում է որպես գրչօջախ, մե՛րթ այլ հարցերի առնչությամբ։ 1852 թվականին գյուղի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներն էին ռես Մանուկը, ռես Փանոսը, տեր Ասպատուրն ու մահտեսի Ավետիսն[1][11]։ Արդեն 1870-ական թվականների սկզբներից առավել հաճախ հանդիպող հիշատակությունների մեծ մասում խոսվում է հայերի նկատմամբ բոլոր ճակատներում իրականացվող խտրական քաղաքականության ու դրա հետևանքների մասին[1]։

1872 թվականի ապրիլի 26-ին Անգղ գյուղի մի խումբ բնակիչներ, որոնց շարքում էին Կարապետ տեր Գևորգյանը, տեր Պողոս Խաչատուրյանը, Պողոս Փանոսյանը, Հովսեփ Վերտոյանը, Ավետիս Մկրտչյանը, Գրիգոր տեր Ասպատուրյանը, Ասպատուր Միրոյանը, Գրիգոր Տոսյանը, Եղոն Մարտիրոսյան, տեր Հովհաննես տեր Բարսեղյանը, Ալահվերդի Պետրոսյանը, Հովհաննես Սարգսյանը, Հարություն Ատոմյանը, Փանոս Բերոսյանը, Ավետ Գասպարյանը, Գրիգոր Ավետիսյանը, Վարդան Սաֆարյանը, Ղազար Վարդանյանը, Մուրադ Օհանեսյանը, նամակ են ուղարկում Վանում ստեղծված «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությանը` հայտնելով որ հայերի համար ստեղծված այս անտանելի իրավիճակում իրենք պատրաստ են ընկերության հետ միանալ և անել այն, ինչ պահանջվում է ընդհուպ մինչև զոհվել[1][12]։

«Միություն ի փրկությունն» գաղտնի ընկերությունը այդպես էլ չի կարողանում օգնել Անգղի բնակիչներին և արդեն 1877 թվականի մայիսի 8-ին Անգղը ենթարկվում էշեյխ Ջելալեդինի ավազակախմբի հարձակմանն ու ավարառությանը։ Նախօրոք իմանալով քրդերի հարձակման մասին և կարծելով որ եկեղեցին անվտանգ տեղ է, կանանց ու աղջիկներին թաքցնում են եկեղեցու մեջ, իսկ մնացածը թաքնվում լեռներում։ Գյուղ մտած քրդերը բացում են եկեղեցու դռներն ու առևանգում այնտեղ գտնվող մարդկանց[1][13]։

Համիդյան ջարդերի ժամանակ՝ 1896 թվականի հունիսին, թուրքական զինուժն ու քուրդ ավազակախմբերն առանց դիմադրության ներխուժում են Անգղ գյուղ և սպանում բազմաթիվ բնակիչների ու թալանում բնակավայրը։ Այդ հարձակման պատճառով սպանվում է 63 անձ, որից 15-ի դիակները թուրքերի կողմից նետվել են գետը[1][14]։

Հետագա տարիներին՝ մինչև 1914 թվականին սկսված Հայոց ցեղասպանության սկիզբը, Անգղի բնակչությունը պարբերաբար ենթարկվել է հարձակումների, սպանությունների ու թալանի[1][15][16][17][18]։ Ստեղծված աղետալի ու անպաշտպան իրավիճակից դուրս գալու համար Անգղի բնակիչները որոշ քանակությամբ զենք են ձեռք բերում, սակայն գյուղի գյուղապետը դրանք հավաքում է և հանձնում իշխանություններին։ Այդ արարքի համար գյուղապետը սպանվում է[19][20]։

Հայոց ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1914 թվականի վերջին զորահավաքի պատրվակով թուրքերը Անգղից տանում են 50 երիտասարդի, իսկ որպես պատերազմի հարկ Անգղից բռնագրավում են 80 օսմանյան լիրա, եզներ, 280 ոչխար, 150 չափ ցորեն, սայլեր և այլն։ Շատ չանցած 50 երիտասարդ անգղեցիներին սպանում են[1][21][22]։

1915 թվականի ապրիլի սկզբին Անգղի, հարևան Կեմ, Ղզլդաշ, Թրքաշեն, Խոսպ գյուղերի բնակիչներին թուրքական իշխանությունների 8 հոգանոց պահակախուբը կեղծ հավաստիացումներ է տալիս, որ մնան Անգղում, որպեսզի նրանց կարողանան պաշտպանեն։ Սակայն ապրիլի 8-ին (այլ տեղեկություններով՝ ապրիլի 7-ին[23]) Անգղի թուրք պահակախումբին օգնության է հասնում Խալըտ բեյի մեծաթիվ ուժերը և սկսում կոտորել Անգղում մնացած հայերին։ Նրանց կողմից սպանվում են ընդհանուր 340 հայ, որոնցից 130-ը՝ Անգղից[1][24][25] (այլ տվյալներով՝ շուրջ 600 հայ[23])։ Գյուղի բնակիչներից այդ կոտորածից փրկվում են միայն 15 հոգի, ովքեր չէին հավատացել թուրքերին և ապաստան էին գտել Իշխանիգոմ գյուղում[1][24][26]։ Մեկ այլ վկայության համաձայն՝ ապրիլի 4-ից -5-ը Վանի կուսակալ Ջևդէթի հրամանով և Շաքր աղայի որդի Լէզկիի առաջնորդությամբ թուրք և քուրդ հրոսակախմբերը, որոնց թվաքանակը շուրջ 1500 էր, հարձակվում են Անգղի վրա։ Միայն զինված երիտասարդությունն է կարողանում դուրս գալ գյուղից և միանալ Իշխանագոմ գյուղի զինված երիտասարդությանը։ Ըստ վկայության՝ Անգղում թուրքերը քրդերի հետ միասին սպանում են շուրջ 600 հայի[1][21][27]։ Մեկ այլ վկայության համաձայն թուրքերը մտնում են Անգղ և արժանանում դիմադրության։ Փրկվում է միայն քիչ թվով բնակչություն, որոնք դուրս են գալիս գյուղից[1][28]։ Վկաներից մեկն էլ նշում է, որ թուրքերն ու քրդերը Անգղում սպանում են մոտ 400 տղամարդ, որոնցից 130-ը եղել են Անգղի բնակիչներ[1][29]։

Անգղի զանգվածային կոտորածներից հետո քրդերը սպանված հայերի դիակները հավաքել են գյուղում և այրել[1][25][30][31]։

1915 թվականի հուլիսի 15-ին Անգղի փրկված սակավաթիվ բնակիչներ մաս են կազմում հայության ընդհանուր գաղթի և 1916 թվականի դրությամբ հիմնականում հանգրվանում Սուրմալուի Ալիջան և Էջմիածնի շրջանի Խաթունարխ գյուղերում, 1 տուն էլ 3 անձով՝ Նոր Բայազետի Գյոլ (այժմ` Գեղարքունիքի մարզի գյուղ Լիճք) գյուղում[1][32][33]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգղ գյուղը հարուստ է եղել հայկական պատմամշակութային հուշարձաններով, որոնց մի մասը հիմնադրվել են վաղքրիստոնեական ժամանակաշրջանում։ Այդպիսի հուշարձաններից են Սուրբ Աստվածածին վանքը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Սուրբ Ծիրանավոր եկեղեցին, գերեզմանոցներ, ջրաղացները, կամուրջը և այլն։

Սուրբ Աստվածածին վանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին վանքը հայկական առաքելական ավերված վանական համալիր է, որի ավերակները գտնվում են Անգղ գյուղից 1,5 կմ հարավ-արևելք` համանուն գետի աջ ափին` ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա[1][34][35][36]։

Վանական համալիրը հայտնի է մի շարք անուններով։ Առավել տարածված անունը Սուրբ Աստվածածին վանքն է։ Հաճախ օգտագործում են Անգեղավանք կամ Անգեղա Սուրբ Աստվածածին վանք։ Վանական համալիրը հայտնի է նաև Ձիթատուր վանք, Կապեց ուխտ, Գաբենից վանք անուններով։ Թուրքերը հայկական վանական համալիրն անվանում են Մեյրամ քիլիսե, իսկ քրդերը` Դիրա Մեյրեմ[1]։

Սուրբ Աստվածածին վանական համալիրի հիմնադրման ստույգ թվական հայտնի չէ։ Ըստ ավանդության վանքի հիմնադրումը վերագրվում է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկին՝ Թադեոս առաքյալին[1][37]։ Համաձայն տեղեկությունների՝ Անգղավանքի տեղում եղել է հայկական մեհյան, որը քանդվել է Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ և տեղում կառուցվել քրիստոնեական պաշտամունքի շինություն։ Ըստ այդմ՝ կառույցը հիմնադրել է Թադեոս առաքյալն ու կոչել Սուրբ Աստվածածնի անունով[1][38][39][40][41]։

Ուսումնասիրողների թողած վկայությունների և տեղում ստեղծված բազում ձեռագրերի առկայությունը հուշում է, որ վանական համալիրը 16-ից 17-րդ դարերում ակտիվ մշակութային կյանք է վարել։ Հայտնի է, որ այդ ժամանակաշրժանում Սուրբ Աստվածածին վանքն ունեցել է հսկայական հարուստ գրադարան[1][42][43]։

Համեմատաբար բնականոն պայմաններում վանքն իր իր գոյությունը պահպանում է մինչև 19-րդ դարի կեսերը, որից հետո ավելի են հաճախակիանում վանքի ունեցվածքին տիրելու նպատակով քրդական ցեղերի ոտնձգությունները[1][21][22]։ 1895 թվականին հերթական անգամ Սուրբ Աստվածածին վանքը թալանվում է, որից հետո վանքը հայտնվում է ծայրահեղ վիճակում[1][44][45]։ Վերջնականապես Սուրբ Աստվածածին վանքը ամայանում է 1915 թվականի ապրիլին, երբ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվում էր հայերի ցեղասպանություն։ Չնայած հետագա տասնամյակներում վանքը չէր ընդգրկվել Թուրքիայի պետական ծրագրով ոչնչացվող հայկական հուշարձանների ցանկում, սակայն, ինչպես հետազոտողներն են նշում, այն աստիճանաբար ոչնչացվել է և ներկայում գրեթե գոյություն չունի[1]։

Սուրբ Աստվածածին վանական համալիրը բաղկացած է եղել միմյանց մոտ գտնվող երկու եկեղեցիներից, վանականների և ուխտավորների բնակության համար նախատեսված բազմաթիվ սենյակներից, ինչպես նաև շրջապարսպից և գերեզմանոցից։ Վանքի հյուսիսային կողմում գտնվող Սուրբ Աստվածածինը թաղածածկ, քառակուսուն մոտ հատակագծերով գրեթե միահավասար կառույց էր։ Ունի 6,45 x 6,40 մ և 6,0 x 5,55 մ արտաքին չափերով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին խորանից բացի հարավային կողմում ունի նաև ավանդատուն։ Աչքի ընկնող գլխավոր առանձնահատկությունը խորանի ուղղանկյունաձև հորինվածքն է։ Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Կառուցված է եղել անմշակ և կիսամշակ տեղական քարով ու կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է եղել։ Կիսամշակ քարն օործածվել է միայն արտաքին երեսապատման մեջ[1]։

Վանքի հարավային կողմում գտնվող Սուրբ Գևորգը թաղածածկ, քառակուսուն մոտ հատակագծերով գրեթե միահավասար կառույց էր։ Ունի 6,45 x 6,40 մ և 6,0 x 5,55 մ արտաքին չափեր։ Սուրբ Գևորգը երկխորան եկեղեցի է։ Կառուցված է եղել անմշակ և կիսամշակ տեղական քարից ու կրաշաղախից։ Ներքուստ սվաղված է եղել, որից առկա են հատվածական մնացորդներ։ Կիսամշակ քարը գործածվել է միայն արտաքին երեսապատման մեջ։ Աչքի ընկնող գլխավոր առանձնահատկությունը թերևս երկու խորանների ուղղանկյունաձև լուծումն է։ Հայտնի է, որ եկեղեցու հարավային խորանն օծված է եղել Սուրբ Հովհաննեսի անվամբ։ Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից, իսկ դեպի ներս լայնացող ընդհանուր թվով 6 լուսամուտները` մեկական բոլոր խորաններից և արևմտյան ճակատներից[1]։

2015 թվականի դրությամբ հարդարանքի տարրեր կամ արձանագրություններ չեն պահպանվել, քանի որ եկեղեցիները գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Հանդիպել են հատուկենտ խաչքարերի մնացորդներ[1]։

Սուրբ Սարգիս եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին նշվում է, որ Անգղ գյուղում գտնվել է Սուրբ Սարգիս անունով եկեղեցի։ Այն կառուցված էր գյուղի հյուսիսային եզրի փոքրիկ բլրի վրա` Սուրբ Աստվածածին վանքի Սուրբ Գևորգ եկեղեցուց 120 մ հեռու։ Ծովի մակարդակից բարձր է եղել 1685 մ[1][38]։ 2004 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ եկեղեցին վաղուց ամբողջությամբ ոչնչացված է եղել, սակայն դեռևս 20-րդ դարի կեսերին պահպանվել էին մնացորդները[1]։

Անգղ գյուղում՝ համանուն գետի վրա է գտնվել հին կամուրջը։ Այն արդեն 1914 թվականի դեկտեմբերին արդեն քանդված էր։ Վերջնականապես քանդվել է 1915 թվականին ռուսական զորքերի թնդանոթներն անցնելու հետևանքով[1][1][46][47]։

Գերեզմանոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգղ գյուղի գերեզմանոցներից մեկը տարածված է եղել ծխական եկեղեցու շուրջ։ Հինավուրց գերեզմանոցը 1920-ական թվականներից հետո հիմնահատակ ոչնչացվել է, իսկ գերեզամանաքարերն օգտագործվել են որպես շինանյութ։ Գերեզմանի տարածքի մի մասը կառուցապատվել է բնակելի տներով, մյուս մասն էլ հայտնվել նորաբաց ճանապարհի տակ։ Պահպանված շատ քիչ խաչքարերի մեջ առկա են 9-ից 11-րդ դարերով թվագրվողներ[1]։

Գյուղի գերեզմանոցներից հաջորդը տարածված է եղել Սուրբ Գևորգ եկեղեցուց 460 մ հյուսիս-արևելք՝ բարձրադիր վայրում՝ ծովի մակարդակից 1718 մ բարձրության վրա։ 2013 թվականի դրությամբ գերեզմանոցի գերեզմանաքարերն անհետացված են, իսկ աճյունները պղծած։ Գանձախույզության հետևանքով գերեզմանոցի տարածքը փորված է[1]։

Անգղ գյուղը Հայոց ձոր գավառում Խառնուրդ-Վերին Մժնկերտից հետո շատ ջրաղացներ ունեցող բնակավայրն էր։ Հայտնի է, որ գյուղում գործել է 12-ից[1][48] 14 ջրաղաց[1][21][31]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուլիստանի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1832 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][49]
315
53
0
0
1873[1][50]
-
50
0
0
1883[1][51]
-
70
0
0
1895[1][52]
-
60
0
0
1897[1][53]
-
84
1
0
1906[1][54][55]
-
90-100
0
0
1909[1][56]
492 (495)
105 (96)
0
0
1914[1][57][58][59]
678
108
1915 (Մեծ Եղեռնի նախօրե)[1][21][22]
880
150
0
0
1915 (նոյեմբեր)[1][60]
30
6
0
0
1916 (հոկտեմբեր)[1][61]
-
21
0
0
1990[1]
0
0
940
-
2000[1]
0
0
1249
-
2011[1]
0
0
1207
-
2012[1]
0
0
1170
-
2013[1]
0
0
-
172

Հնագույն ժամանակներից Անգղ գյուղում բնակվել են հայեր։ Միայն 1800-ական թվականներից վերջերից է, որ բնակավայրում սկսել են հաստատվել քրդեր։ Մասնավորապես, 1893 թվականին 60-ից 70 տնտեսություն ունեցող հայերի կողքին բնակվում էին նաև մի քանի քուրդ[1][62]։

2013 թվականի տվյալներով Անգղ գյուղում բնակվում էր Բրուքի աշիրեթին պատկանող 172 տուն շաֆիղի ճյուղից սուննի քուրդ[1]։

Անգղ գյուղի ազգաբնակչության ազգային և թվային փոփոխությունը սկսած 1855 թվականից, որը կազմվել է հասանելի աղբյուրների հիման վրա՝

Անգղ գյուղում 1882 թվականի հունիսի 1-ին Կոստանդնուպոլսում հիմնադրված Ուսումնասիրաց ընկերության նախաձեռնությամբ բացվել է դպրոց[1][5][63][64]։ 1883 թվականին բնակավայր այցելածներից մեկը նշել է, որ գյուղը դպրոց չունի[1][38], իսկ 1884 թվականին բանտում է հայտնվում դպրոցի նախկին ուսուցիչ Հովհաննես Գազանճյանը[1][65][66]:Գ․Շէրենցի գրքում նշվում է, որ Համիդյան ջարդերի ժամանակ՝ 1896 թվականին դպրոցի շենքը հրդեհվում է[1][67]

Գյուղի դպրոցը 1904 թվականին կրկին գործում էր։. գործում էր և ուներ քիչ թե շատ ապահով վիճակ[1][68]։ Հայտնի է, որ դպրոցը գործում էր նաև 1913 թվականին[1][69]։ Դպրոցը գործել է մինչև Հայոց ցեղասպանությունը, որի նախօրեին այնտեղ որպես ուսուցիչ աշխատում էր գյուղի բնակիչ Գարեգին Միրզիկյանը[1][31][70]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 1,63 1,64 1,65 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986։
  3. Փ. Մ., Վանի մէջ հարստահարութիւններ, «Մշակ», 1877, N 56, 4 օգոստոս, էջ 3։
  4. Երամեան Հ., Յուշարձան, հ. Ա, Աղէքսանդրիա, 1929, էջ 200։
  5. 5,0 5,1 Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 56։
  6. «Մասիս», 1882, N 3235
  7. «Արաքս», 1897, էջ 20։
  8. Յարութիւնեան Մ., Թիւրքաց Հայաստանում, «Հորիզոն», 1914, N 229, 16 հոկտեմբեր, էջ 2։ Սամվել Կարապետյան, Հայաստանի պատմություն, հ. Ա, Հայոց Ձոր, Երևան, 2015, էջ 39։
  9. Եղիշէի վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին, աշխ.` Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 58։
  10. ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1950, էջ 49։
  11. Մաթևոսյան Կ., Աղթամար, Սբ. Էջմիածին, 2013, էջ 145։
  12. Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԳ, Թիֆլիս, 1915, էջ 271։
  13. Փ. Մ., Վանի մեջ հարստահարություններ, «Մշակ», 1877, N 56, 4 օգոստոս, էջ 3։
  14. «Հնչակ», 1896, N 16, 10 օգոստոս, էջ 123։
  15. «Դրօշակ», 1904, N 12, էջ 186։
  16. «Դրօշակ», 1906, N 4, էջ 54։
  17. «Ալիք», 1906, N 4, 30 ապրիլ, էջ 4։
  18. «Աշխատանք», 1913, N 35, 13 յուլիս, էջ 7։
  19. Արամ, Յուշեր, «Հայրենիք», 1923, N 9, էջ 84։
  20. Արամը. մահուան յիսնամեակին առթիւ, Երևան, 1991, էջ 272։
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 54։
  22. 22,0 22,1 22,2 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152։
  23. 23,0 23,1 Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 204-205։
  24. 24,0 24,1 Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 93։
  25. 25,0 25,1 Germany, Turkey and Armenia, pp. 21-22․(անգլ.)
  26. Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 58, 19 նոյեմբեր, էջ 3։
  27. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152
  28. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 187
  29. Հայոց ցե-ղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հ. 1, էջ 153
  30. «Հովիտ», 1915, N 43, 8 նոյեմբեր, էջ 676։
  31. 31,0 31,1 31,2 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 153։
  32. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 55։
  33. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 152, 153
  34. Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 253։
  35. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 98
  36. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 342․(ֆր.)
  37. Ա. Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 10, 20 մարտ, էջ 5։
  38. 38,0 38,1 38,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884։
  39. «Արաքս», 1897, էջ 20-21։
  40. «Հանդէս ամսօրեայ», 1942, էջ 165։
  41. Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947, էջ 747-752։
  42. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», գիրք Զ, Թիֆլիս, 1900, էջ 844։
  43. «Հանդէս ամսօ¬րեայ», 1942, էջ 165։
  44. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  45. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. առաջին, Վենետիկ, 1903-1905, էջ 177։
  46. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, էջ 133։
  47. Հուշագրական ժառանգություն, Երևան, 2011, էջ 345։
  48. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 45
  49. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  50. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  51. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 132։
  52. «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  53. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, с. 262.(ռուս.)
  54. «Դրօշակ», 1906, N 2, էջ 22։
  55. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3
  56. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
  57. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
  58. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., с. 93․(ռուս.)
  59. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  60. Կ. Խ., Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  61. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  62. Լինչ Հ-Ֆ., Հայաստան. ուղեւորութիւն եւ ուսումնասիրութիւններ, թարգմ.` Լևոն Լարենց, հ. Բ, Կ. Պոլիս, 1914, էջ 139։
  63. «Մասիս», 1882, N 3235:
  64. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 100
  65. «Մասիս», 1884, N 3738, էջ 159:
  66. Վաղինակ (Տոնապետյան Պետրոս), Նամակ Կ. Պօլսից, «Արձագանք», 1884, N 40, 18 հոկտեմբեր, էջ 588:
  67. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 100։
  68. Ծերուկ, Վանի նահանգը ներկայումս, «Մուրճ», 1904, N 4, էջ 32։
  69. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  70. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 204։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 384