Քերծ (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քերծ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քերծ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Ոստանի (Գևաշի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Քրդեր (Մեծ եղեռնից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
##Քերծ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)
Red pog.png

Քերծ, (Աբալը, թուրք.՝ Abalı), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Ոստան (Գևաշ) շրջանում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը Քերծ է։ Ըստ ավանդության՝ բնակավայրը ստացել է Քերծ անունը, քանի որ բնակիչների մի մասի նախնիները այստեղ են եկել Մոկս գավառում գտնվող համանուն գյուղից։ Տարածված է եղել նաև Քերց, Քըռձ, Գերծ անվանաձևերը[1][2]։ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ բնակավայրն արդեն հայաթափվել էր, Թուրքիայի իշխանությունները այն վերանվանել են Աբալը։ Հայկական գրականության մեջ գյուղի անունը շարունակվում է օգտագործվել Քերծ անվանաձևով[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղը գտնվում է Վանա լճի ափից 7 կմ հեռավորության վրա՝ Անգղ գետի ձախ կողմում։ Քերծի հյուսիս-արևմուտքում գտնվում Է Պլթենց բնակավայրը, իսկ հյուսիս-արևելքում՝ Ղզլդաշ գյուղ։ Տեղակայված է ծովի մակարդակից 1930 մ միջին բարձրության վրա։ Գյուղի հարավային կողմում լեռներ են, որտեղ առատ խոտ է աճում։ Այդ լեռների ճյուղերը ձգվում և միանում են Արտոս լեռանը։ Արևմտյան կողմում գտնվում է դաշտավայր, որի լայնությունը շուրջ 5 կմ է, իսկ երկարությունը 8 կմ։ Արևելյան ու հյուսիսային կողմերում նույնպես դաշտավայրեր են։ Քերծի հարակից տարածքներն անջրդի են, սակայն ունեն բերրի հողեր[1][3][4][5]։

Կատալակ ջրվեժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղի հարևանությամբ էր գտնվում Կատալակ անվամբ հայտնի ջրվեժ։ Այն թափվում էր ժայռի ճեղքվածքի միջից՝ շուրջ 10 մ բարձրությունից։ Ջրվեժի թափվելու տեղում գոյացել էր փոս, որի ջուրը շատ սառն էր։ Ջրվեժից գետի հոսանքով ներքև գտնվում էր աղբյուրը, որը կոչվում էր Կաթողիկոսի աղբյուր[1][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղն ունի հնագույն պատմություն, ինչի մասին վկայում են բնակավայրի տարածքում պահպանված պատմամշակութային հնագույն հուշարձանները։ Քերծի մասին լրատվական հիշատակություններում, որոնք թվագրվում են 1800-ական թվականների կեսերից, մեծապես վերաբերում են թուրքերի և քրդերի կողմից գյուղի և բնակավայրի բնակչության հալածանքներին[1]։

Թուրք-քրդական հարձակումների վերաբերյալ բազմաթիվ վկայուններ կան։ Այդպիսիններից է 1894 թվականին քրդերի կողմից Քերծի վրա հարձակումն ու բնակավայրի կովերը գողանալը[1][7]։ Գյուղացիներին այդպիսի հարձակումներից պաշտպանելու նպատակով, հայտնի է, որ 1895 թվականի օգոստոսի վերջերին Խանասորա Վարդանն այցելել է Քերծ, որպեսզի բնակչությունից ինքնապաշտպանական ջոկատ կազմի[1][8][9]։ 1895 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թալանի նպատակով քրդերը պաշարել են Քերծը։ Քրդերը սպանել են միայնակ ինքնապաշտպանություն կազմակերպած հայդուկ Կարապետին, վիրավորել 7-ին, այդ թվում՝ կանայք և երեխաներ և գողացել բնակավայրի նախիրը[10][11]։

Քերծ գյուղը թուրքերի և քրդերի կողմից հարձակումների է ենթարկվել նաև 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ տեղի ունեցած համատարած հարձակումների ժամանակ, որոնք պատմության մեջ մտել են որպես Համիդյան ջարդեր։ Այդ հարձակումներին զոհ է դարձել Քերծի 72 բնակիչ։ Այլ տվյալների համաձայն բնակավայրից սպանվել է 48, հարկադրաբար կրոնափոխ եղել 24 բնակիչ և կողոպտվել 70 տուն[1][12][13]։

Քերծ գյուղի վրա թուրք-քրդական հարձակումների ավելի սաստկանալուն պատճառով Հայոց ձոր գավառի մի շարք գյուղերի ղեկավարներ որոշել են բնակչության շրջանում առկա զենքերը հանձնել թուրքական իշխանություններին։ Քերծ գյուղի ղեկավարները հրաժարվել են զենքերը հանձնել և նույնիսկ կազմակերպել են այլ գյուղերի բնակիչներից զենքերը հավաքած և թուրքական իշխանություններին հանձնած ղեկավարներին պատժելու գործընթաց։ Հայտնի է, որ Քերծ գյուղի բնակիչ Սողոն մի երիտասարդի հետ սպանել է Անգղ գյուղի ղեկավարին այն բանի համար, որ նա բնակչությունից հավաքել և իշխանություններին էր հանձնել զենքերը[1][14][15]։ Քերծի երիտասարդությունը եղել է բավականին ակտիվ ինքնապաշտպանական գործում և չէր հնազանդվել թուրքական իշխանությունների և քրդերի հետապնդումներին։ Այդպիսի դեպքերից է 1912 թվականի ձմռանը 3 քրդերի սպանության մեջ կասկածվող Բուլղարացի Սարգիսը, ով թուրք ոստիկանների կողմից հետապնդվելու ժամանակ սպանել է նրանցից մեկին[1][16]։ Նույնիսկ հողագործական աշխատանքների ժամանակ Քերծի որոշ բնակիչները իրենց մոտ ինքնապաշտպանական նպատակներով կրել են զենք[1][17]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ Քերծը, ինչպես մնացած բնակավայրերը ենթարկվել են թուրքական իշխանությունների և քրդերի հարձակումների։ Աշխարհագրական առումով լինելով առավել հարմար դիրքում և ունենալով զինված բնակիչներ՝ 1915 թվականի ապրիլի 7-ին և 8-ին հարձակման ենթարկված հարակից գյուղերից կենդանի մնացած հայերը հավաքվել են այստեղ։ Մասնավորապես Քերծ էին եկել Աթանանց, Պլտենց, Խարականց, Կզլտաշ, Անգղ, Մաշտակ, Իշխանիգոմ, Քեոշք, Մարքս ու Թրքաշեն, Սիպտակ վանքի գյուղերի փրկված բնակիչները։ Արդեն մոտավորապես ապրիլի վերջ Հուսեյին աղան շուրջ 500 թուրք ոստիկաններով ու քրդերով, որոնք զինված էին նաև հրանոթներով, ցանկացել է մտնել գյուղ։ Գյուղի ինքնապաշտպանության նպատակով Պլտենցի Տիգրանի, Աթանաից Տեր Հովակիմի, Քերծից Հովհհաննեսի ու Նշանի ղեկավարությամբ 200 հայ դիմել է ինքնապաշտպանության։ Մինչև երեկո տեղի է ունեցել անհավասար կռիվ, որից հետո բնակչությունը հեռացել է Արտոս լեռ։ Այդ ընթացքում գյուղում սպանվել են բազմաթիվ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, 20 երեխա։ Բնակիչների մի մասն էլ հեռացել է Վարագա լեռ[1][18]։ Այլ տեղեկություններով հարձակումը տեղի է ունեցել 1915 թվականի ապրիլի 28-ի առավոտյան, երբ շուրջ 200 թուրք ոստիկաններ ցանկացել են մտնել Քերծ։ Բնակիչները հեռացել են դեպի լեռները, որոնք սկսել են հետապնդել 50 թուրք ոստիկաններ։ Հանդիպելով դիմադրություն ցույց տվող հայերի՝ նրանք նահանջել են։ Թուրքերը, մտնելով բնակչությունից զրկված Քերծ, իրենց հետ տարել են գյուղի հացի պաշարը։ Զրկվելով սննդամթերքից՝ նույն օրվա գիշերը բնակիչները բաժանվել են երկու մասի և հեռացել դեպի Վարագ լեռ ու Վան, մյուսները՝ մեկնել Փեսանդաշտ[1][19]։

1916 թվականի նոյեմբերի 10-ին Քերծում տեղի է ունենում վերջին կռիվը գյուղում հաստատված շատախցի հայերի և ռուսների հպատակության ներքո գտնվող քրդերի միջև։ Մեկ օր տևած կատաղի կռիվների ընթացքում քրդերի ուժերը համալրվում են նոր ժամանած քրդերով և թուրքերով։ Չկարողանալով շարունակել անհավասար կռիվը՝ գյուղի պաշտպանությունն իրականացնող Մեսրոպի խումբը բնակիչներին հեռացնում են գյուղի և դիրքեր զբաղեցնում բնակավայրի շրջակայքում։ Հաջորդ առավոտ վերսկսվում է կռիվը։ Քերծի պաշտպաններին օգնության են գալիս մոտակա գյուղերի զինված հայ երիտասարդները։ Սակայն թուրք-քրդական ուժերն արդեն հասել էին մի քանի հազարի և թնդանոթներից կրակելով առաջ էին գալիս։ Հայերը դիմադրելով նահանջել են և, չկարողանալով շարունակել անհավասար կռիվը, հեռացել են[1][20]։

Քերծեցիները առանձին խմբերով գեղթել են մինչև 1918 թվականի գարնանը[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 19-րդ դարի վերջերին դարի վերջերին Քերծ գյուղի հյուսիսարևելյան կողմում նկատելի են եղել բերդի ավերակներ։ Ըստ ավանդության այն եղել է հայկական ամրոց, որը հետագայում գրավել են օտարազգիները[1][21]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղում է գտնվել հայկական առաքելական կամարակապ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն գտնվում էր բնակավայրի հյուսիսային կողմում և կառուցված էր սրբատաշ քարով։ Ըստ հիշատակության՝ 1860-ական թվականներին այն գտնվում էր բարեկարգ վիճակում[1][3][22]։ 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Համիդյան ջարդերի ժամանակ եկեղեցին թալանվում է, իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում հրկիզվում[1][23][24]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղում է գտնվել Սուրբ Ստեփանոս անունը կրող եկեղեցին, որը թվագրվում է 16-րդ դարով։ 1883 թվականիի նկարագրության մեջ այն նկարագրվել է որպես անշուք կառույց։ Ըստ այլ ուսումնասիրությունների այն կառուցվել է մոտավորապես 1580-ական թվականներին[1][25]։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղում առկա են եղել մի շարք գերեզմանոցներ, որոնց հիմնականի մասին ուսումնասիրողները 2004 թվականին նշել են որպես ավերված։ Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ գերեզմանոցի տարածքում 2004 թվականին մնացել էր միայն մեծ չափեր ունեցող մեկ խաչքար և խայռի վրա փորագրված խաչ։ Գերեզմանոցի որոշ տապանաքարեր ու խաչքարեր քրդերի կողմից օգտագործվել են տների, ցանկապատերի, գոմերի տների, գոմերի շինարարության մեջ։ Շինությունների պատերի մեջ հայտնաբերված խաչքարեր ու խաչքարաբեկորները թվագրվում են տարբեր դարերով, այդ թվում՝ 1478, 1634, 1892 թվականներ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][26]
280
47
0
0
1860-ականներ[1][3]
-
50
0
0
1873[1][27]
-
40
0
0
1879[1][4][28][29]
-
80
0
0
1883[1][22]
-
60
0
0
1895[1][30]
-
80
0
0
1897[1][31]
-
72
-
2
1909[1][32]
-
97 (85[1][33])
-
11 (8[1][33])
1914[1][34][35][36]
637
104
52
12
1915 (մինչև Մեծ եղեռնը)[1][37]
850
135 (95[1][2])
0
(10[1][2])
1916 (հոկտեմբերի 10)[1][38][39]
216
-
0
0

Լինելով հնագույն հայկական բնակավայր՝ Քերծը մինչև Հայոց ցեղասպանությունը ունեցել է հայ բնակչություն։ Հայտնի է, որ 14-ից 15-րդ դարերում գյուղն ունեցել է 700-800 տուն։ Քերծի բնակչության մի մասի նախնիները գաղթել են Մոկսի և Կորդուքի շրջաններից։ Պատմիչները գրել են, որ 10 տուն Քերծ են եկել Բարվարի շրջանի Ոզիմ գյուղից, ովքեր զբաղվում էին բրդի մշակությամբ։ Ութ տուն եկել են Շատախից, քսանհինգ տուն՝ Տիգրանակերտի շրջանից[1][21][40][41]։

Արդեն 1916 թվականի հոկտեմբերին, երբ տեղի էր ունեցել Քերծի բնակչության երկու բռնագաղթերը, բնակավայրում չէին մնացել տեղաբնիկներ, այլ միայն այլ գյուղերից եկած հայերն էին հանգրվանել, մեծամասամբ Շատախից և Ոստանից եկածնմերը։

Հայոց ցեղասպանության հետևանքով կրած մարդկային մեծաթիվ կորուստներից հետո Քերծի փրկված բնիկները սփռվել էին տարբեր տեղերում։ Քերծի այդպիսի փրկված հայերի մասին պահպանված տեղեկություններից է այն, որ Բաքվի N 2 որբանոցում էր գտնվում Քերծից 9-ամյա Հովհաննես Հակոբյանը, որն իր 4 անձից բաղկացած ընտանիքից ողջ մնացած միակ մարդն էր[1][42]։ 1916 թվականի օգոստոսին Նոր Բայազետի Լիճք գյուղում բնակվում էր Քերծից փրկված հայերի 9 տուն՝ 29 անձով[1][43]։ 1919 թվականի ամռանը Թիֆլիսի ամերիկյան հայանպաստ հանձնախմբի ցանկում հիշատակվում է Քերծի բնակիչ Տիգրան Տեր-Կարապետյանի 4 անձից բաղկացած ընտանիքը և Տիլպե Մկրտիչյանի 7 անձից կազմված ընտանիքը[1][44]։ Քերծի բնակիչ Քերծոն, ով մասնակցել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական բազմաթիվ կռիվների, իր ընկերներու հետ 1918 թվականին մեկնել էր Իրաք։ Որոշ ժամանակ մնալով Իրաքի հարավում գտնվող գաղթակայանում՝ տեղափոխվում է Իրաքի հյուսիսում Լևոն Շաղոյանի նախաձեռնությամբ կառուցված գյուղ։ 1939 թվականին նա տեղափոխվում է Բարսա քաղաք, որտեղ 1941 թվականին մահանում է[1][45]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 1883 թվականին Քերծ գյուղում գործում էր դպրոց, որը հիմնադրվել էր Աղթամարի կաթողիկոսի նախաձեռնությամբ[1][46][22]։ 1903 թվականին դպրոցն ուներ 1 ուսուցիչ և 50 աշակերտ[47]։

Հայոց ցեղասպանության ժամանակ գյուղի երկդասյա դպրոցը հրդեհվում և ավերվում է[1][37][24]։

Մեծ եղեռնից հետո դպրոցի ուսուցիչ Տիգրան Տեր-Կարապետյանը բռնագաղթից հետո հայտնվում է Ռուսաստանում, այնուհետև մեկնում Ամն-ի Ֆրեզնո քաղաք։ Նա ավարտել էր Աղթամարի դպրոցը և վերադարձել Քերծ։ Եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, մասնակցել է ֆիդայի և մասնակցել բազմաթիվ կռիվների[1][48]։

Կոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղի բնակչությունը հին ժամանակներից եղել են քրիստոնեյաներ և դավանել են հայ առաքելականություն։ Հայտնի է, որ Համիդյան ջարդերի ժամանակ գյուղի քահանան էր տեր Հովհաննեսը[1][49]։ Հայոց ցեղասպանության ժամանակակ ըստ որոծշ տեղեկությունների գյուղի բնակչության մի մասը բռնի կրոնափոխ է եղել[1]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերծ գյուղի բնակչությունը մինչև Հայոց ցեղասպանությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Հայտնի է, որ Մեծ եղեռնից առաջ ունեցել են 281 խոշոր և փոքր եղջերավոր անասուն, որից 1840-ը՝ ոչխար։ Մշակել են ցորեն, գարի և այլ մշակաբույսեր[1][37][24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 2,2 Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 24
  3. 3,0 3,1 3,2 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 37։
  4. 4,0 4,1 Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 37։
  5. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 74, 77։
  6. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 21։
  7. «Դրօշակ», 1894, N 6, էջ 8։
  8. Վարդանի յիշատակարանը, «Դրօշակ», 1912, N 7-8, էջ 187։
  9. Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 49։
  10. Նօթինկ, Տեղեկագիր Վասպուրականի. 1895 թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներու, «Հնչակ», 1896, N 8, էջ 63։
  11. Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 97։
  12. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 62։
  13. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  14. Արամ, Յուշեր, «Հայրենիք», 1923, N 9, էջ 83-84։
  15. Արամը. մահուան յիսնամեակին առթիւ, Երևան, 1991, էջ 272։
  16. «Վան-Տոսբ», 1912, N 13, 27 ապրիլ, էջ 228։
  17. «Աշխատանք», 1913, N 43, 7 սեպտեմբեր, էջ 5։
  18. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 188։
  19. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 207-208։
  20. Հուր, Վասպուրականի չորրորդ նահանջը, «Աշխատանք», 1916, N 60, 26 նոյեմբեր, էջ 1։
  21. 21,0 21,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 190։
  22. 22,0 22,1 22,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 189։
  23. «Արարատ», 1896, Բ, էջ 88։ Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 71։
  24. 24,0 24,1 24,2 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 148։
  25. Thierry J-M., “Les églises arméniennes à double abside,” Revue des Études Arméniennes, nouvelle série 18, 1984, էջ 348։(ֆր.)
  26. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  27. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  28. «Հայրենիք», 1879, N 522:
  29. «Մասիս», 1879, N 2320:
  30. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  31. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 262:(ռուս.)
  32. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  33. 33,0 33,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
  34. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93։
  35. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18
  36. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  37. 37,0 37,1 37,2 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 71։
  38. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  39. «Աշխատանք», 1917, N 72, 14 յունուար, էջ 3։
  40. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 23-24, 44։
  41. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 33։
  42. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 187-188։
  43. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 188։
  44. «Կոչնակ Հայաստանի», 1919, N 34, էջ 1103։
  45. «Վարագ», 2009, N 56, ապրիլ, էջ 78-79։
  46. Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 37։
  47. «Նոր-Դար», 1903, N 129, էջ 2-3։
  48. Պաջիկեան Ա., Անմոռանալի Տիգրանի յիշատակին, «Վարագ», 1960, N 28, հունվար, էջ 8-9։
  49. Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով, Երևան, 2009, էջ 61։