Խարականց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթիՀայոց ձոր գավառում։ 1909 թվականին ուներ 173 (34 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Խարականցի արևմտյան կողմում, Վանա լճի մոտ, նշմարվում էին Քրմանց կոչվող գյուղի ավերակները։
Ըստ ավանդության այդ գյուղում ապրել են արհեստավոր քրմեր, որոնք նույն գավառի Աստվածաշեն գյուղում եղած հեթանոս աստվածների արձանների համար պատրաստել են թագեր, և գյուղը ստացել է Քրմանց անունը։ Այնուհետև այդ թագերը զարդարել են խառն ակներով, և այստեղից առաջացել է Խառնականց անունը, որը, աղավաղվելով, դարձել է Խարականց։ Խարականցի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 36)։