Նոր քարի դար
| Քարի դար | |
|---|---|
| Հին քարի դար (Պալեոլիթ) | |
| Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ) | |
| Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ) | |
| Վերին պալեոլիթ (50 - 10 հզ տարի առաջ) | |
| Միջին քարի դար (Մեզոլիթ) | |
| Էպիպալեոլիթ (20 - 10 հզ տարի առաջ) | |
| Սուբնեոլիթ (12 - 9,5 հզ տարի առաջ) | |
| Նոր քարի դար (Նեոոլիթ) | |
| Վաղ նեոլիթ (9,5 - 8,5 հզ տարի առաջ) | |
| Ուշ նեոլիթ (8,5 - 7,5 հզ տարի առաջ) | |
Քարի դարի պորտալ |


Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος , նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος , լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։
Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտեսական հեղաշրջում։
Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործական-անասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջարմոն՝ Հյուսիս-Արևելյան Միջագետքում, Չաթալ-Հույուկը՝ Փոքր Ասիայում և այլուր)։ Եվրոպայում նեոլիթյան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել Թալինի շրջանում (Զաղաներ, Արեգունի բլուր, Բառոժ և այլն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր և այլն)։ Գտնվել են քարե (օբսիդիան, որձաքար և այլն) պրիզմայաձև միջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ, սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 226)։ |