Մարդպետունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդպետունիներ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Արքունիքում ժառանգաբար վարել են մարդպետության գործակալությունը։ Մարդպետունիների իրավասությանը ենթակա էին Հայոց թագավորի կանանոցի և արքունիքի վերակացությունը, արքունի ամրությունների, բերդերի, գանձերի, կալվածների, հանդերձարանի պահպանությունն ու հսկողությունը։ Հիշվում են «Հայր», «Հայր թագավորի», իրենց պաշտոնը՝ «Հայրություն» անուններով։ Համալրել են նաև արքունի պահակազորը։ Վարել են կենտրոնախույս նախարարությունների թուլացման, հնազանդեցման, արքունի կալվածների ընդարձակման քաղաքականություն, պայքարել կաթողիկոսի իշխանության, եկեղեցական աճող հողատիրության դեմ։ Սատարելով Արշակունիներին՝ Մարդպետունիները ձգտել են ընդլայնել իրենց տիրությունը և քաղաքական ազդեցությունը։ Մարդպետունիների տիրույթները հիմնականում եղել են Մարդաստան, և, ըստ երևութին, նաև Մարդաղի գավառները։ Տոհմը ունեցել է իր եպիսկոպոսը։ Նախարարությունների ներքին պառակտումները, ինչպես նաև հայ Արշակունիների անկումը պայմանավորել են Մարդպետունիների թուլացումը և նրանց վարած գործակալության վերացումը (Vդ. սկիզբ)։ Մարդպետունիները այնուհետև ենթարկվել են Արծրունիներին՝ թերևս դառնալով նրանց երկրորդական ճյուղերից մեկը։ Արծրունիները, տիրելով Մարդպետունիների կալվածները, յուրացրին նաև նրանց տիտղոսը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ սերել են Մարդերի ցեղերից, որոնք որոշ գիտապատմական ուսումնասիրությունների՝ ունեն Մադայան կամ Մարական, այսինքն՝ հյուսիսարևմտաիրանական ծագում։ Մովսես Խորենացու <Պատմություն Հայոց> աշխատությունում Մարդպետունիների հայկական կամ իրանամարական ծագումը նույնպես երկընտրանքի տեղիք է տալիս, որտեղ ասվում է՝ «ԵՎ արքունի չորս (մարդպետական) պահապան գունդ է  նշանակում …, բուն հին թագավորների սերունդներից, մեր նախնի Հայկից ծագած (այսինքն՝ Հայկյան կամ Հալդյան) …: Բայց վերջերս, Պարսից թագավորների ժամանակ, ինչպես լսում եմ ուրիշ գնդեր են կազմվել ու ոստան կոչվել (հավանաբար՝ պարսկա-իրանական /մարական/), չգիտեմ, արդյոք նախկին ցեղի սպառվելու պատճառով … : Բայց առաջինը հաստատ բուն թագավորների սերնդից էր (հայկական կամ հուրիական):» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե. -1968 թ., /125-127/ էջ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 308