Jump to content

Լենդրուշ Խուրշուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենդրուշ Խուրշուդյան
Ծնվել էմայիսի 1, 1927(1927-05-01)[1][2]
Շինուհայր, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունիսի 7, 1999(1999-06-07) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1][2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1][2] և Երևանի պետական համալսարան[1][2]
Գործունեության ոլորտՀայոց պատմություն[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1946) և Երևանի պետական համալսարան (1951)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Lendrush Khurshudyan Վիքիպահեստում

Լենդրուշ Արշակի Խուրշուդյան (մայիսի 1, 1927(1927-05-01)[1][2], Շինուհայր, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 7, 1999(1999-06-07), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1966), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թ. մարտի 1-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ Վեց տարեկանին, ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1946 թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1946-1951 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 1952-1955 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1956 թ. պաշտպանել է թեկնածուական, 1966 թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1980 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում (1956-1974), ապա՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչ (1974-19771977 թ.-ից մինչև 1999 թվականը Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչն էր։ Զբաղվել է հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմությամբ։ Աշխատություններում լուսաբանված են Հայաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, հայ քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և Սովետական Հայաստանի պատմության հարցերը։

Լենդրուշ Խուրշուդյանը նախաձեռնել է հայ ժողովրդի պատմության ուսումնական քարտեզների (25 քարտեզ) ստեղծման և հրատարակման աշխատանքները։

Խուրշուդյանի 100 գիտական աշխատությունների ցանկում են 15 գրքեր և կոլեկտիվ մենագրություններ, այդ թվում հայ ժողովրդի համահավաք պատմության ակադեմիական բազմահատորյակի 7-րդ հատորի (1967) համապատասխան բաժինները։ Նա ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի «Հայ ժողովրդի պատմության» ռուսերեն քառահատորյակի հեղինակային կոլեկտիվի անդամ էր, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի», «Հայկական համառոտ հանրագիտարանի», «Հայկական հարց. հանրագիտարանի» ստեղծման գործին, եղել է գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ, գլխավորել է Պատմաբանների հայկական րնկերությունը։

Լենդրուշ Խուրշուդյանի աշխատություններից մի քանիսը լույս են տեսել արտասահմանում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ութ թեկնածուական ատենախոսություն։ Իր ուսումնասիրությունների արդյունքներով և գիտական զեկուցումներով, Լենդրուշ Խուրշուդյանը հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում, Տաշքենդում, Ուլյանովսկում, Ռիգայում և այլուր։ Նա հայ պատմագրությունը ներկայացրել է միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (Բոստոն, Լոս Անջելես, Թեհրան, Բեյրութ, Բուենոս Այրես և այլն)։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը վախճանվել է 1999 թվականի հունիսի 7-ին Երևանում 72 տարեկան հասակում։

Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը Երևանում

«Ստեփան Շահումյանի պետական և կուսակցական գործունեությունը 1917-1918 թվականներին»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին երիտասարդ պատմաբանը ավարտում է իր անդրանիկ աշխատությունը՝ նվիրված Բաքվի կոմունայի օրերին Ստեփան Շահումյանի գործունեությանը։ Այդ աշխատության համար նա ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1977թվականին լույս է տեսնում նրա «Սովետական Ռուսաստանը և հայկական հարցը» մենագրությունը, որը հայ պատմագիտության համար, անկասկած մնայուն արժեք է։ Գրքում նա կատարել է սկզբունքային մի շարք եզրահանգումներ Հայկական հարցի վերաբերյալ, որոնց մի մասն այն ժամանակ նորույթ էր խորհրդահայ պատմագիտության համար։

«Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունր ստեղծելիս հեղինակն ուսումնասիրել է սփյուռքահայ իրականության մասին հսկայածավալ գրականություն հետազոտություններ և հուշագրություններ, գաղափարական տարրեր ուղղությունների մամուլի մեծաթիվ օրգաններ, արխիվային հարուստ նյութեր։ Ուսումնասիրությունը ներկայացնելով պաշտպանության Խուրշուդյանը 1966 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ որոշ ժամանակ անց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

«Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակաից էտապում» մենագրությանը հաջորդեցին «Հայ քաղաքական կուսակցությունների պատմության և գաղափարախոսության մի քանի հարցերը», «Դաշնակցության կուսակցության քաղաքականության լուսաբանումը սովետական պատմագրության մեջ» և այլ ուսումնասիրություններ։ Ժամանակին մեծ աղմուկի առիթ էր դարձել պատմաբանի «Դաշնակցություն կուսակցության սոցիալական բնույթի լենինյան գնահատականի հարցի շուրջ» հոդվածը, որտեղ նա վճռականորեն մերժել էր քաղաքական այդ կազմակերպության մասին եղած պաշտոնական տեսակետը, թե դա հայկական խոշոր բուրժուազիայի կուսակցություն է։

Լ․ Խուրշուդյանը շատ ժամանակ է նվիրել հայ պատմագրության հարցերի լուսաբանմանը։ Այս բնագավառում նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի առաջին հանրապետության և քաղաքացիական կռիվների պատմության, Խորհրդային Հայաստանի ազգային-պետական շինարարության հարցերին։ Տարիներ շարունակ պատմաբանի ուշադրության կենտրոնում է եղել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման հարցերի քննությունը։ Նա հանգամանորեն վերլուծել է թուրքերի մշակած և կենսագործած կրոնաազգայնական տեսությունները՝ օսմանիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ, պանթյուրքիզմ, ցույց է տվել, որ թուրք պետականության ազգային քաղաքականությունն ավանդաբար հենվել է բիրտ ուժի վրա։

Լ․ Խուրշուդյանի ջանքերով հայ ազատագրական պայքարի պատմության հարցերի ուսումնասիրությունը առաջնային խնդիր դարձավ պետական համալսարանի իր ղեկավարած ամբիոնի գործունեության համար։ Նա կոլեկտիվը համալրեց հիմնականում երիտասարդ շնորհալի կադրերով, որոնք նրա ղեկավարությամբ ձեռնամուխ եղան ազատագրական շարժման և հայոց նախընթաց դարերի պատմության առանցքային հիմնախնդիրների դիտական բազմակողմանի լուսաբանմանը[4]։

Անդրադարձ Լեռնային Ղարաբաղի խնդրին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին սկսված Ղարաբաղի հայության ազատագրական պայքարը Ադրբեջանի թուրքերի տիրապետության դեմ։ Նա անհուն եռանդով լծվեց ղարաբաղյան խնդրի ճշմարիտ լուսաբանմանն ու մասսայականացմանը հոդվածներով, գրքերով, գիտական զեկուցումներով, կրակոտ ելույթներով։ Լ․Խուրշուդյանը առաջիններից մեկն էր, որ գիտական անաչառությամբ պրպտումներ կատարեց Լեռնային Ղարաբաղի ոչ վաղ անցյալի պատմության մեջ։ Այդ աշխատանքները ամփոփվեցին «Լեռնային Ղարաբաղ․պատմական տեղեկանք» կոլեկտիվ մենագրությունում, «Լեռնային Ղարաբաղի պատմության մի քանի հարցեր», «Ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի մասին» գրքերում, գիտական և հանրամատչելի տասնյակ հոդվածներում։ Արխիվային փաստաթղթերի բազմակողմանի վերլուծությամբ հեղինակն արդ աշխատություններում ցույց է տվել, որ 1920-1921թվականներին Հայաստանը զոհաբերվել է ի շահ համաշխարհային հեղափոխության հաղթանակի անիրականանալի քաղաքականության, որը պարուրել էր իր ժամանակի խորհրդային ղեկավարության միտքը։ Այդ քաղաքականության իրականացման ճանապարհին ամենակոպիտ կերպով ոտնահարվել է հայ ժողովրդի ազգային իրավունքները հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, անդամահատելով Հայաստանի առաջին հանրապետության տարածքները։

Լեռնային Ղարաբաղի խնդրի բարձրացման աղերսով Ադրբեջանում բորբոքոված հակահայկական հիստերիայի պատճառների ու նպանակների բացահայտմանն էր նվիրված պատմաբանի «Ճշմարտությունը պատմական գիտության միակ չափանիշ է» գրքույկը/1989/։ Աշխատությունը գրված է պրոֆեսիոնալ բարձր հմտությամբ և խոր գիտականությամբ։ Իր ժողովրդի դժվարին օրերին ազնիվ մտավորականը պատմաքննական վերլուծություններով և ընդհանրացումներով մերկացնում էր ադրբեջանական պատմաշինության դպրոցի արատավոր մեթոդները, պատմական սանձարձակ նենգափոխումը։Աշխատության հեղինակը լայն ընթերցողներին տեղեկացնում էր, թե խորհրդային իշխանության գոյության տասնամյակների ընթացքում, հատկապես 50-ական թվականների կեսերից սկսած՝ Բաքվի շովինիստ իշխանությունների բացահայտ խրախուսանքով և կենտրոնի լուռ համաձայնությամբ, ինչպես էր անդրբեջանական պատմագրությունը կեղծ կատարում իր սև գործը։ Լ․Խուրշուդյանը ցույց է տալիս, որ Ղարաբաղը և Նախիջևանը իրենց իշխանության տակ գցելուց անմիջապես հետո ադրբեջանցի թուրքերը փաստորեն իրավունք էին ստացել այդ երկրամասերում իրականացնել լայնածավալ ազգային հալածանքներ և էթնիկական զտումներ։ Ղարաբաղյան շարժման շիկացած օրերին Լ․Խուրշուդյանի հրապարակային ելույթները բուռն ոգևորություն էին առաջացնում զանգվածների մեջ։ Լ․Խուրշուդյանը վճռականորեն մերժեց անկախ Հայաստանի իշխանության գլուխ ելած ՀՀՇ-ական ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականությունը, տարիներ շարունակ պայքար մղեց Լ․ Տեր-Պետրոսյանի հակաժողովրդական ռեժիմի դեմ։ Միաժամանակ, գիտնական-պատմաբանը շաոունակում էր ակտիվ ստեղծագործական աշխատանքը։ 1995թվականին և 1999թվականին լույս տեսան նրա «Հայկական հարցը» և «Հայ ազգային գաղափարախոսությունը» աշխատութոյւնները։

  • Ստեփան Շահումյան (պետական և պարտիական գործունեությունը 1917–1918 թվականներին), Երևան, 1959, 341 էջ։
  • Միջազգային կոմունիստական շարժումը ժամանակակից էտապում, Երևան, 1960, 94 էջ։
  • Հայաստանում սոցիալիստական մրցության պատմությունից (1928–1932 թթ.), Երևան, 1961, 115 էջ։
  • Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Երևան, 1964, 470 էջ։
  • Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը (1917–1918 թթ.), Երևան, 1977, 208 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության դասընթացի գործնական պարապմունքների թեմաներ և գրականություն, կազմող՝ Լենդրուշ Խուրշուդյան, Երևան, 1978, 33 էջ։
  • Ծրագիր հայ ժողովրդի պատմության, խմբագիր՝ Լենդրուշ Խուրշուդյան, Երևան, 1979, 80 էջ։
  • Ծրագիր հայ ժողովրդի պատմության։ ԵՊՀ և մանկավարժական ինստիտուտների համար / Կազմ.՝ Շ. Թ. Թորոսյան և ուրիշն., խմբ.՝ Լ. Ա. Խուրշուդյան, ՀԽՍՀ Բարձր. և միջն. մասնագիտ. կրթ. մին., Երևան, Եր. համալս. հրատ, 1985։
  • Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր (1920–1922 թթ.), Երևան, 1987, 292 էջ։
  • Некоторые вопросы истории Нагорного Карабаха. Ереван, Б. и., 1988 (համահեղինակ)։
  • Истина - единственный критерий исторической науки. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1989, 48 с.
  • Գոյատևման պայքարի քառուղիներում։ Երևան, «Հայաստան», 1989 (համահեղինակ)։
  • Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը։ Երևան, Մ. Վարանդեան, 1994 (համահեղինակ)։
  • Հայկական հարցը (բովանդակությունը, ծագումը, պատմագրության հիմնական փուլերը), Երևան, 1995, 100 էջ։
  • Ընդհանուր պատմություն։ Ձեռնարկ բուհ ընդունվողների համար։ Ընդունելության քննության հարցեր և պատասխաններ, Երևան, Նոր դպրոց, 1996 (համահեղինակ)։
  • Արցախյան գոյապայքարի տարեգրություն / Բ. Ա. Ուլուբաբյան, խմբ.՝ Լ. Ա. Խուրշուդյան, Երևան, Ա. հ., 1997:
  • Հայոց ազգային գաղափարախոսություն, Երևան, 1999, 282 էջ։
  • Ծրագիր հայոց պատմության։ Խուրշուդյան Լենդրուշ Արշակի, Սիմոնյան Հրաչիկ Ռուբենի, Երևան, Երևանի համալս. հրատ., 2000:
  • Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Երևան, 2002, 315 էջ[5][6][7][8]։
  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 103.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  4. Լենդրուշ Խուրշուդյան https://arar.sci.am/dlibra/publication/192509/edition/174887/content
  5. [1]
  6. [2]
  7. [3](չաշխատող հղում)
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լենդրուշ Խուրշուդյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենդրուշ Խուրշուդյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենդրուշ Խուրշուդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 103