Օսմանիզմ
Օսմանիզմ, օսմանականություն, Օսմանյան կայսրության քաղաքական դոկտրինա։ Առաջ էին քաշել երիտթուրքերը XIX դարի վերջին։ Օսմանիզմը սկզբնապես, քաղաքական նկատառումներով, հռչակել էր բոլոր օսմանցիների, այսինքն՝ կայսրության բոլոր հպատակների հավասարություն՝ անկախ ազգայնականությունից և կրոնական, պատկանելությունից։ Հետագայում, հատկապես 1908 թվականին երիտթուրքերի իշխանության հաստատումից հետո, դարձել էր ոչ թուրք ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման դեմ պայքարի զենք, «միասնական օսմանյան ազգ» ստեղծելու նպատակով այդ ժողովուրդներին թուրքացնելու անհրաժեշտության գաղափարական հիմնավորում։ Թուրքական, լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների աճը, 20-րդ դարի սկզբի պատերազմները (իտալա-թուրքերի, բալկանյան) ի հայտ բերեցին Օսմանիզմի, իբրև կայսրության ամբողջականությունը պահպանելու միջոցի, սնանկությունը, և այն իր տեղը զիջեց ւցանթյուրքիզմին ու երիտթուրքերի վերածնած պանիսլամիզմին։ Օսմանիզմը, պանթյուրքիզմը և պանիսլամիզմն առանձնապես ողբերգական հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։


Օսմանիզմ (գաղափարախոսություն) (թուրքերեն՝ Osmanlıcılık), գաղափարական հոսանք, որը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում՝ 1876–1878 թվականների Առաջին սահմանադրական դարաշրջանին նախորդած տարիներին։ Գաղափարախոսները կարծում էին, որ գաղափարախոսությունը կարող է հանգեցնել ժողովուրդների միասնության, որն անհրաժեշտ էր կրոնական հիմքերով ձևավորված միլլեթներին կայսրության մասնատումից զերծ պահելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտեսքյոյի (1689–1755) և Ռուսոյի (1712–1778) գաղափարները, ինչպես նաև 1789 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության իրադարձությունները զգալի ազդեցություն ունեցան օսմանիզմի ձևավորման վրա։ Այն խթանում էր միլլեթների միջև հավասարությունը։ Օսմանիզմի գաղափարը ծագեց Երիտասարդ օսմանցիների շրջանում (հիմնադրվել է 1865 թվականին), որոնք հանդես էին գալիս կայսրության բոլոր ազգությունների ընդունման օգտին՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։ Այլ կերպ ասած՝ բոլորը պետք է լինեին օսմանցիներ՝ հավասար իրավունքներով։ Այսինքն՝ օսմանիզմը ենթադրում էր, որ կայսրության բոլոր ենթակաները հավասար են օրենքի առջև։ Իդեալական պատկերացմամբ՝ բոլոր քաղաքացիները պետք է կիսեին նույն աշխարհագրական տարածքը, լեզուն, մշակույթը և ունենային իրենցից տարբեր «ոչ օսմանցի» կողմի ընկալում։
Միլլեթային համակարգի՝ ըստ հավատալիքի խմբավորումները չվերացվեցին, անգամ աշխարհիկ կազմակերպություններ ձևավորվեցին։ Հիմնական կրթությունը, գլխահարկը և զինվորական ծառայությունը պարտադիր էին ինչպես մուսուլմանների, այնպես էլ ոչ մուսուլմանների համար[1]։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանիզմը ներշնչված էր եվրոպական գաղափարներից և ձևավորվեց որպես արձագանք՝ Օսմանյան կայսրությունում Արևմուտքի աճող ազդեցությանը[2]։ 1839 թվականին սկսված Թանզիմաթի բարեփոխումներից հետո օսմանիզմը զարգացավ կայսրությունը համախմբելու անհրաժեշտությունից։ Օսմանցիները վախենում էին եվրոպացիների աճող սպառնալիքից, հատկապես այն իրադարձություններից հետո, ինչպիսին էր 1838 թվականի Բալթա Լիմանի պայմանագիրը, որը բրիտանացի վաճառականներին հնարավորություն էր տալիս հարկվել նույն կերպ, ինչպես տեղացիները, ինչպես նաև մեծ տերությունների՝ կայսրության տարածքում քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքի հանդեպ աճող անհանգստությունը։ Օսմանցիները կարծում էին, որ եթե հաջողվեր կայսրությունը ամբողջությամբ միավորել մեկ միասնական պետական համակարգի ներքո, ապա այն կդառնար ավելի հզոր, և եվրոպացիների համար դժվար կլիներ ներխուժել թե՛ օսմանյան տարածք, թե՛ օսմանյան ժողովուրդների կյանք։
Ավելի վաղ, երբ կայսրությունը բաժանված էր բազմաթիվ փոքր համայնքների, որոնք հիմնականում ինքնուրույն էին կառավարում իրենց գործերը, սուլթանը միայն վերահսկողություն էր իրականացնում, մինչդեռ այդ տարածքները շարունակում էին առաջնորդվել իրենց սեփական օրենքներով ու հավատալիքներով[3]։ Սա մասամբ ապահովում էր Օսմանյան կայսրության ներքին կայունությունը, սուլթանը նոր նվաճված բնակչություններից չէր պահանջում արմատական փոփոխություններ։
Սակայն ինքնորոշման պայքարի արդյունքում Եվրոպայում սկսեցին ծագել ազգ-պետությունների գաղափարները՝ համընդհանուր ինքնորոշման հիման վրա։ Ամենաակնառուն 1821–1830 թվականների Հունական անկախության պատերազմն էր, որն ազդեց նաև Օսմանյան կայսրության տարբեր ժողովուրդների վրա։ Այս իրադարձություններից բխելով՝ օսմանիզմը զարգացավ որպես սոցիալական և քաղաքական հոսանք՝ կայսրությունը անկումից փրկելու հույսով։
Օսմանյան ազգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանիզմի ձևավորման հիմնական նախադրյալներից էին 1856 թվականի «Բարենորոգումների հրովարտակը», որը խոստանում էր օրենքի առաջ լիակատար հավասարություն՝ անկախ կրոնական պատկանելությունից, ինչպես նաև 1869 թվականի «Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը», որը սահմանում էր միասնական օսմանյան քաղաքացիություն՝ առանց կրոնական կամ էթնիկ պատկանելության տարանջատման։ «Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը», որը հրապարակվեց 1869 թվականի հունվարի 19-ին, այն օրենսդրական ակտերից էր, որն իր մեջ համադրում էր հողի իրավունք և արյան իրավունք սկզբունքները և նմանություն ուներ Ֆրանսիայի քաղաքացիության մասին օրենքին, մասնավորապես՝ 1851 թվականի ձևակերպմանը, որից էլ ինչպես հաճախ պնդվում է, ներշնչվել էր[4][5]։
Քաղաքացիության օրենսդրությունը XIX դարի նորարարական հասկացություն էր, և Օսմանյան կայսրությունը այն որդեգրեց բավականին վաղ։ «Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը» ընդունվեց նախքան միջազգային մակարդակով այդպիսի օրենսդրության հիմնական տարրերի հստակ ձևակերպումը։ Այնուամենայնիվ, թե՛ ոչ մուսուլմանաբնակ միլլեթներում, թե՛ մուսուլմանների շրջանում օսմանիզմը լայն աջակցություն չգտավ։ Ոչ մուսուլմանները այն ընկալեցին որպես քայլ՝ իրենց ազգային-ավանդական արտոնությունները վերացնելու ուղղությամբ, իսկ մուսուլմանները՝ որպես իրենց բարձր դիրքի վերացում։
Կային պնդումներ, որ օսմանիզմը Թանզիմաթի պատասխանն էր՝ 1839–1876 թվականներին Օսմանյան կայսրությունում բյուրոկրատական վերնախավի կողմից իրականացված լայնածավալ բարեփոխումներին։ 1876 թվականի Գլխավոր ժողովի (Մեջլիսի) բացումը նույնպես խթանեց բարենորոգումների ոգին, քանզի երկպալատ խորհրդարանում ներկայացված էին բոլոր միլլեթները։
Երիտթուրքերի հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանիզմը վերածնունդ ապրեց 1908 թվականի Երիտասարդ թուրքերի հեղաշրջման ժամանակ, ինչպես նաև 1908–1920 թվականներին ընթացած Երկրորդ սահմանադրական շրջանում[6]։ Սակայն այն կորցրեց իր հետևորդների մեծ մասը 1912–1913 թվականների Առաջին բալկանյան պատերազմի ընթացքում, երբ Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տարածքների զգալի մասը, որոնք բնակեցված էին ազգային փոքրամասնություններով։ Օսմանիզմի ձախողումից առաջացած հիասթափությունը դարձավ 1920-ականներին քեմալականության վերելքի հիմնական շարժիչ ուժերից մեկը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dawn, C. Ernest. «From Ottomanism to Arabism: The Origin of an Ideology». Review of Politics. 23.
- ↑ Cleveland, William L. (2013). A History of the Modern Middle East. Westview Press. էջ 265.
- ↑ Kemal H. Karpat (2002). Studies on Ottoman Social and Political History: Selected Articles and Essays. BRILL. էջ 207. ISBN 978-90-04-12101-0. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Akcasu A.E. Nation and Migration in Late-Ottoman Spheres of (Legal) Belonging: A Comparative Look at Laws on Nationality. Nationalities Papers. 2021;49(6):1113-1131. doi:10.1017/nps.2020.79
- ↑ Will Hanley. “What Ottoman Nationality Was and Was Not.” Journal of the Ottoman and Turkish Studies Association 3, no. 2 (2016): 277–98. https://doi.org/10.2979/jottturstuass.3.2.05.
- ↑ Moroni, Ileana (2010). O Ergatis, 1908-1909: Ottomanism, National Economy and Modernization in the Ottoman Empire. Libra Books.
- ↑ Kayalı, Hasan (1997). Arabs and Young Turks: Ottomanism, Arabism, and Islamism in the Ottoman Empire, 1908-1918. University of California Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The concept is covered under the section The era of Modern Reform:Tanzimat at "History of the Ottoman Empire and Modern Turkey" by Stanford J. Shaw, Ezel Kural Shaw.
- Cleveland, William L. A History of the Modern Middle East. Boulder, CO: Westview, 2004. Print
- https://tr.boell.org/en/2019/08/22/nationalism-turkey-roots-and-contemporary-answers
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 565)։ |