Jump to content

Ծատուր Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծատուր Աղայան
Ծնվել էհունվարի 12, 1912(1912-01-12)[1]
Փիփ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Բաքվի պետական համալսարան[2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[2], Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[3] և ՀԿԿ[2]
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2][1][4][…]
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][1][3] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[2] «Պատվո նշան» շքանշան[2] «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Հենրի Աղայան

Ծատուր Պավելի Աղայան (հունվարի 12, 1912(1912-01-12)[1], Փիփ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950 թվականից)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում։ 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։

Ծատուր Աղայանի հուշատախտակը Երևանի Կորյունի փողոցում

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (1938)։ 1954-1961 թվականներին և 1977-1979 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թվականներին և 1969-1973 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թվականներին` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թվականներին` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[6][7]։

Մանկավարժական և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծատուր Աղայանը հասարակական ակտիվ աշխատանքի ջիղ ուներ, նա 1925 թվականին ընդունվեց կոմերիտմիության շարքերը։ 1926 թվականին ընդունվում է նաև Գյանջայի մանկավարժական տեխնիկումը, ուր սովորել է այնպիսի ճանաչված դասախոսների մոտ, ինչպիսիք էին՝ Ա․ Բորյանը, Ա․ Մաթևոսյանը, Հ․ Միսկարյանը և ուրիշներ։ Նա գերազանց գնահատականներով ավարտում է նաև Գյանջայի ԼԿԵՄ քաղաքային կոմիտեին կից քաղաքական դասընթացները և գործուղվում Շամքորի շրջան՝ կոլտնտեսությունների կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար։ Տեխնիկումը հաջողությամբ ավարտում է 1930 թվականին և աշխատանքի է անցնում Շամքորի շրջանի Մարտունու, Ջագիրի և ապա Չարդախլուի բազային օրինակելի դպրոցում որպես ուսուցիչ և ուսմասվար[8]։ 1933 թվականին Ծատուր Աղայանն ընդունվում է Մոսկվայի պատմա-փիլիսոփայական-գրական ինստիտուտը, որն ավարտում է 1937 թվականին՝ առաջին կարգի դիպլոմով։ 1936 թվականին միաժամանակ ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Ծատուր Աղայանն աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի մարզի Մարտունու շրջանի լուսբաժնի տեսուչ, ապա՝ մարզային լուսբաժնի մեթոդ կաբինետի վարիչ, պատմություն է դասավանդել Ստեփանակերտի և Բաքվի միջնակարգ դպրոցներում, Լեռնային Ղարաբաղի պարբերականներում հանդես է եկել մի շարք հոդվածներով[9]։ Երեսնական թվականների Ծատուր Աղայանը բեղմնավոր մանկավարժական աշխատանք ծավալելով, գործուն աջակցություն է բերում գյուղի սոցիալիստական վերակառուցման, հատկապես կուլտուրական հեղափոխության գործին։ Նա 1938 թվականին ընդունվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան, մասնագիտանում ՍՍՀՄ ժողովուրդների պատմության հետազոտման բնագավառում։ 1939 թվականին Ծատուր Աղայանը Մոսկվայից երկու ամսով գործուղղվել է Երևան և ակադեմիկոս Հ․ Մանանդյանի ղեկավարությամբ ավարտել է «Սասունցի Դավիթ» էպոսի էպոխային վերաբերվող ասպիրանտական աշխատությունը։ Ասպիրանտական ուսումնառության տարիներին նա կոնսուլտացիա է ստացել նաև ակադեմիկոս Հ․ Օրբելուց ու արևելագետ պրոֆ․ Ի․ Պետրուշևսկուց։ Հաջողությամբ և ժամկետից շուտ ավարտելով ասպիրանտուրան Աղայանը 1941 թվականի հունիսի 25-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետում պաշտպանում է «Ադրբեջանական առաջին լուսավորիչ-պատմաբան Ա․ Կ․ Ա Բաքիխանով-«Կուդսի» դիսերտացիոն աշխատությունը, որի համար նրան շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[8]։ Ադրբեջանի ՍՍՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրավերով 1941 թվականին Աղայանը վերադառնում է Բաքու և անցնում գիտական-մանկավարժական աշխատանքի։ 1942 թվականին ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մինչև 1948 թվականը Բաքվում նա վարում է Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի պրոռեկտորի պաշտոնը։ 1950 թվականին ընտրվում է ՀՍՍՀ ԳԱԱ թղթակից անդամ և նշանակվում ՄՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմ ինստիտուտի հայկական ֆիլիալի դիրեկտորի գիտական գծով տեղակալ։ 1950-1954 թվականներին Աղայանը եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գիտության և կուլտուրայի բաժնի վարիչ։ 1954-1961 թվականններին ղեկավարել է Հայաստանի Գա պատմության ինստիտուտի նոր պատմության բաժինը[9]։ 1968 թվականին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս և ակադեմիայի հասարակական գիտությունների ակադեմիկոս և ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1979 թվականից մինչև իր կյանքի վերջը գլխավորել է Երևանի պետական համալսարանի կուսակցության պատմության ամբիոնը[8]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աչքի ընկնող աշխատությունների համար Ծատուր Աղայանը 1950 թվականին ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։ Գիտական գործունեությանը զուգընթաց նա Հայաստանում վարում է կուսակցական, սովետական և հասարակական աշխատանքներ։ Ակադեմիկոս Ծատուր Աղայանի գիտա-հետազոտական ուսումնասիրությունների շրջանակները լայն են, նա իր սերնդի առաջատար պատմաբաններից է։ Նրան հատուկ է մարքսիստ գիտնականին բնորոշ բարեխղճությունն ու պահանջկոտությունը։ Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ Հեղինակը ցույց է տվել, թե Ռուսաստանում ծագած հեղափոխության շունչը ինչպես է ոգևորել հայ բանվորներին, մտավորակնաությանը, համախմբել ազատագրական պայքարի դրոշի ներքո[9]։

«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը XIX դարի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները և Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձին Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն[10]։ Մեծ է Աղայանի վաստակը «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի պատրաստման և հրատարակման գործում։ Հայ ժողովրդի պատմության մշակման ուսումնասիրությանը որոշակի նապստ է բերել «Ակնարկներ Սովետական Հայաստանի պատմության» աշխատությունը, որտեղ Աղայանին պատկանող բաժնում լուսաբանված են 1935-1941 թվականներին Հայաստանում ծավալված սոցիալիստական շինարարության հարցերը։ Աղայանը երկար տարիներ խմբագրել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների «Լրաբերը»[9]։ Աղայանը զգալի դեր է կատարել հայ ժողովրդի պատմության կարևորագույն շրջաններին նվիրված փաստաթղթերի ժողովածուներ պատրաստելու և դպրոցական դասագրքեր գրելու գործում։ Նա զգալի ավանդ ունի երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ասպարեզում։ Ծատուր Աղայանը գիտության վաստակավոր գործիչ է։ Նա 1975 թվականի օգոստոսի սովետական պատգամավորության կազմում մասնակցել է Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցած պատմական գիտության միջազգային կոնգրեսին, ուր ելույթ է ունեցել «փոքրամասնությունը որպես երևույթ» թեմայով կարդացված զեկուցման շուրջը։ Նա փորձում էր բարձրացնել հասարակական գիտության արդյունավետությունը, ուշադրության կենտրոնում պահել ֆունդամենտալ հետազոտությունների, գիտա-տեխնիկական հեղափոխության և առավել կարևոր ու հեռանկարային ուղղությունների մշակումը։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և Բաքվի 1918 թվականի սովետական իշխանությունը, Երևան, 1948, 18 էջ։
  • Սովետական Հայաստանը սոցիալիզմի հաղթանակի և Ստալինյան կոնստիտուցիայի ժամանակաշրջանում, Երևան, 1950, 76 էջ[11]։
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 46 էջ։
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 297 էջ։
  • Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Երևան, 1961, 471 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962։
  • Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967։
  • Արշավիր Մելիքյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1969, 205 էջ։
  • Հայերը Թուրքիայում, Երևան, 1969, 85 էջ։
  • Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային – ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970։
  • Գեհենից վերածնունդ (հոդվածներ), Երևան, 1975, 140 էջ։
  • Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976, 868 էջ։
  • Պատմական գիտությունների 14-րդ միջազգային կոնգրեսը, Երևան, 1976, 18 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը և համաշխարհային հեղափոխական պրոցեսը, Երևան, 1977, 148 էջ։
  • Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981, 384 էջ։
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982, 416 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989, 320 էջ։
  • Հայերը Թուրքիայում (ճամբորդական նոթեր), Երևան, 1994, 65 էջ։
  • Անդրանիկ (Դարաշրջան։ Դեպքեր։ Դեմքեր), Երևան, 1995, 813 էջ։
  • Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80[11]
  • Հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացումը Արշավիր Մելիքյանի գնահատմամբ (Արշ. Մելիքյանի ծննդյան 90-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 7[10]։

Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  3. 1 2 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 628. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  4. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. «ԾԱՏՈւՐ ՊԱՎԵԼԻ ԱՂԱՅԱՆ». publishing.ysu.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  8. 1 2 3 Բաբաջանյան, Ռ․ (1976). ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ․ Ծատուր Պավելի Աղայան. Երևան. էջեր Էջեր՝ 11-33.
  9. 1 2 3 4 Թավաքալյան, Ն․ (1982). «Ծատուր Աղայան». Պատմա-բանասիրական հանդես.
  10. 1 2 «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  11. 1 2 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ծատուր Աղայան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծատուր Աղայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։