Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողություն,
Արցախյան պատերազմ
Թվական 1992 թվականի մայիսի 17-18
Վայր Բերձոր
Արդյունք Հայկական բանակի հաղթանակ

Արցախի հետ ցամաքային կապի հաստատում

Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Արկադի Տեր-Թադևոսյան Սաֆար Աբիև
Կողմերի ուժեր
<2800 ~3000
Բերձորի միջանցքը Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից և զինադադարի կնքումից հետո

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և Հայաստանից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել Հայաստանի պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը Հայաստանին կապող «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png