Բերդաձորի ենթաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաձոր (այլ կիրառումներ)

Բերդաձորի ենթաշրջան, գյուղական համայնքների միավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շուշիի շրջանում, հետագայում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչատարածքային կառուցվածքում։ Ներառում էր Հինշեն, Մեծշեն, Կանաչ թալա, Տասը Վերստ, Եղցահող գյուղերը (2002)։ 20-րդ դարի սկզբին Բերդաձորի ենթաշրջանը մտնում էր Զանգեզուրի գավառի մեջ և բաղկացած էր Հինշեն, Եղցահող, Մարեն Կյումեր, Կանաչ Թալա, Տշտվեղ (Դաշտահող), Քըզկեն ձոր (Քեղաձոր), Մեծ Խեփոսն, Փոքր Խերխան, Շորեն Թալա, Չոբան Գունեյ, Թավան Ավի, Գրմանավըղ, Հինգըզվըղ, Պիժախութ (Բժշկաբլուր), Իլանաց, Բըղլավար, Ղոե Փեկե (Փակ), Թումասեռ են գյուղերից։ 1905-1906 թվականների հայ-թաթարական և 1918-1920 թվականների հայ-թուրքական ընդհարումների ժամանակ բերդաձորցիները հաջողությամբ դիմադրել են թյուրք-թաթարական ուժերին։

1988 թվականի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Բերդաձորում կրկին վերածվել է պատերազմական թատերաբեմի։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ ենթաշրջանի բնակավայրերը մնացել են առանց հաղորդակցության ուղիների, կապի միջոցներ չեն գործել վարչական ենթակարարցվածքները։ Հակառակոպը տարբեր գյուղերում տեղակայել էր ռազմական հենակետեր և զորախմբեր, պարբերաբար հարձակվել, թալանել, հրկիզել ես գյուղերը, պայթեցրել շինությունները, ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Թշնամու ոտնձգությունները կանխելու համար 1989 թվականին ստեղծվել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհուրդը (հրամանատարներ՝ Ա. Հարաթյունյան, Ա. Մկրտչյան, անդամներ՝ Վ. Սիմոնյան, Հ. Պետասյան, Գ. Հարությունյան, Ս. Գրիգորյան, Ս Դավթյան, Գ. Առստամյան)։ Խորհրդին և հրամանատարությանն են ենթարկվել Հինշենի հրամանատար՝ Գ. Առստամյան, շտաբի պետ՝ Ա. Սահակյան), Մեծշենի (Ս. Գրիգորյան, Գ. Հարությունյան), Եղցահոդի (Հ. Պետասյան, Վ. Սիմոնյան), Ծաղկաձորի (Շ. Ձոբանյան, Ա. Իսախանյան) ջոկատները, որոնք 1989-1990 թվականներին ՀՀ կամավորական ջոկատների հետ պաշտպանել են ենթաշրջանի գյուղերը։ 1990 թվականի հոկտեմբերին հակառակորդը գերակշիռ ուժերով հարձակվել է Հինշենի հարավարևմտյան դիրքերի վրա՝ նպատակ ունենալով գրավել Թումաս բերդի և «Քումա քափ» պահակակետերը։ Հինշենի ջոկատը կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը և պահել դիրքերը։ Հինշենի, Մեծշենի, Եղծահողի ջոկատները կատաղի մարտեր են մղել նաև Սափբաբ լեռան բարձունքներում։ Սակայն 1991 թվականին, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվել է հայաթափել ենթաշրջանի գյուղերը։ Ազատամարտիկները պայքարը շարունակել են ԼՂՀ տարբեր շրջանների ջոկատների կազմերում, իսկ Ասկերանի շրջանի Զան ախչի գյուղում տեղակայված ջոկատը մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, կատարել հետախուզական առաջադրանքներ, գրոհել Ձանախչի-Նաբիլար-Լիսագոր-Ծաղկաձոր-Մեծշեն-Հինշեն ուղղությամբ։ Մարտանցումը կատարվել է հաջողությամբ (առանց զոհերի)։

1993[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունվարից Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կամավորական ջոկատները ներառվել են Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում (հրամանատար՝ Վ. Կասյան)։ Տարածքային սկզբունքով կազմավորվել են գումարտակի Հինշենի, Մեծշենի և Եղցահոդի վաշտերը։ Գումարտակը առանձին, 1993 թվականի մարտից Շուշիի գնդի կազմում մասնակցել է Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզողիի, Հաադիգի, Մարտակերտի և այլ շրջանների ազատագրական մարտերին։

Ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդաձորի ենթաշրջանը ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին։ Բերդաձորի ենթաշրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետմահու), Վ. Կապանը, Հ. Պետրոսյանը (հետմահու), 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինասյանը, Կ. Սարգսյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։