Աղդամի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղդամի (Ակնա) ազատագրում
Արցախյան հակամարտություն
Agdam-nagorno-karabakh-3.jpg
Աղդամը (Ակնա) մարտերից հետո
Թվական 1993 թվականի հունիսի 12-ից հուլիսի 23
Վայր Ակնա
Արդյունք Հայկական ուժերի հաղթանակ՝ Աղդամը (Ակնա) անցավ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Մոնթե Մելքոնյան
Մովսես Հակոբյան
Վիտալի Բալասանյան
Թալիբ Մամեդով
Սուրաթ Հուսեյնով
Կողմերի ուժեր
6000 մարդ (4 հետևակային գունդ), որոշ քանակությամբ տանկեր, Մի-24-երի էսկադրիլիա (8-10 ուղղաթիռ), "Գրադ" համազարկային կրակի համակարգեր 6 000 մարդ (708-րդ բրիգադ՝ նախկին Աղդամի գումարտակ)
Կորուստներ
հայտնի չէ 6000

Աղդամի ազատագրում (հայտնի է նաև Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում անվանումով), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից 1993 թվականի հուլիսի 4-ից 24-ն իրականացրած ռազմական գործողություն, որի հետևանքով հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո է անցնում Աղդամ քաղաքն ու հարակից գյուղերը։

Ինչպես 20-րդ դարասկզբին, 1988 թվականին Աղդամը (Ակնա) կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝ Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և պահանջում էր շուտափույթ լուծում։ ԻՊՈՒ հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։

Ռազմական նախապատրաստության գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։ Հարավարևմտյան ուղղությամբ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ հարձակման են անցել Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկները՝ քաղաքի մատույցները հսկող Չուխուրմահլա, «Ուղտի մեջք», Խըդըրլու և այլ հենակետերի չեզոքացման նպատակով։ Եդդիխրմանի ստորոտում դիրքավորված 1-ին, 2-րդ և 4-րդ գումարտակներից մեկական մարտկոց 4 տանկի ուղեկցությամբ գրոհել են Չուխուրմահլա գյուղը։ Կարճատև դիմադրությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել։ 2-րդ գումարտակի մարտիկները Ռ. Հակոբջանյանի հրամանատարությամբ նույն գյուղում դիրքեր են զբաղեցրել, իսկ 1-ին գումարտակը Վ. Սաֆարյանի հրամանատարությամբ շարժվել է Խրամորթի ուղղությամբ։ Խրամորթի այգիներում կռվող խանաբադցիների մարտկոցը և մի ջոկատ Մ. Սարգսյանի հրամանատարությամբ ազատագրել են Խըդըրլու գյուղը, իսկ Ա. Հարությունյանի զորախումբը՝ Ահմեդավար գյուղը։ 3-րդ գումարտակը և 1-ին գումարտակից ընտրված մարտկոցը 1 ՀՄՄ-ի ուղեկցությամբ զբաղեցրել են «Ուղտի մեջք», ապա՝ «Հանգստյան տան» դիրքերը։ Երեկոյան ազատագրելով 579.1 բարձունքը՝ ազատամարտիկները մարտերը տեղափոխել են Շելլի գյուղի ուղղությամբ։ Հարավից մարտական գործողություններ են զարգացրել Մարտունու, հյուսիս-արևմուտքից՝ Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Հուլիսի 11-ին ադրբեջանական կրակակետերը ճնշելու համար ակտիվ գործողությունների են դիմել Մարտունու ՊՇ-ի հենակետի մարտիկները, որոնք մեկ օրվա ընթացքում թշնամուց մաքրել են Շելլի և Քյուրդալար բնակավայրերը։ Ադրբեջանցիները կորցրել են 40 զինծառայող, 1 տանկ, 2 զենիթային թնդանոթ։ Հակառակորդը փորձել է հետ գրավել կորցրած բարձունքները։ Հայ մարտիկները հաջողությամբ պաշտպանվել են և շարունակել վերահսկել «Ուղտի մեջք», «Եդդիխրման» ու «Շահբուլախ» ռազմավարական բարձունքները։ Հուլիսի 16-ին հակառակորդի հետևակը հարձակվել է «Ուղտի մեջք» բարձունքի ուղղությամբ, հրետակոծել Շելլիի և Շահբուլախի հայկական պաշտպանական դիրքերը։ Ասկերանի առանձին մոտոհրաձգային գումարտակները, համագործակցելով Ասկերանի ՊՇ-ի հետ, ճնշել են Կըզըլ, Քենգեռլի, Թալըշլար, Մահսուդլու, Թարնայուդ բնակավայրերի և 610 բարձունքի հակառակորդի կրակակետերը։ Մարտական գործողությունների կարճատև դադարից հետո Ադրբեջանը վերստին լայնամաշտաբ հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանագծի երկու հիմնական՝ Ասկերանի և Մարտունու շրջանների ուղղություններով։ ԻՊՈՒ և ՊՇ ստորաբաժանումները, լուծելով հակառակորդի կրակակետերի ոչնչացման խնդիրը, ձեռնամուխ են եղել քաղաքում տեղակայված առավել խոշոր և Ստեփանակերտին անմիջականորեն սպառնացող ռազմակայանի վնասազերծմանը։

Հուլիսի 21-ին Վ. Սաֆարյանի և Ռ. Հակոբջանյանի գումարտակներից 30-ական մարտիկներ երկու կողմից գրոհելով՝ մտել են Կասումլու, Կարադաղլու և Փոլադլու գյուղերը։ Սայբալուի և հարակից կրակակետերը ոչնչացրել են Կենտրոնական ՊՇ-ի մարտիկները։ Հուլիսի 22-ին Ասկերանի ՊՇ-ի մարտիկները շարժվել են և երեք խմբի բաժանված՝ հասել են Աղդամի «Հաղթանակի հուշարձանին»։ Նույն օրը ժամը 17։00-ին Մարտունիի ՊՇ-ի մարտիկները գործողություններ են սկսել Նովրուզլու բնակավայրի ուղղությամբ, վերահսկողության տակ առել Իսմայիլբեյլին։ Մարտերը շարունակվել են Յուսուֆջանլուի տարածքում։ Նովրուզլու գյուղում ոչնչացվել է հակառակորդի թնդանոթը։ Երեկոյան հակառակորդը պայթեցրել է Նովրուզլու տանող կամուրջը և դադարեցրել Մարտունու ՊՇ-ի առաջխաղացումը այդ ուղղությամբ։ Վերջինիս մարտիկները վերադարձել են Մարզիլու գյուղի մոտակայքի իրենց նախկին դիրքերը։

Հուլիսի 23-ին արյունահեղ մարտեր են ծավալվել Աղդամի տարբեր հատվածներում։ Նահանջի ճանապարհին հակառակորդը պայթեցրել է արդյունաբերական կարևոր օբյեկտներ և բնակելի շենքեր։ 1-ին և 2-րդ գումարտակները շարժվել են քաղաքի հարավային մասով, 3-րդ գումարտակը՝ «Հաղթանակի հուշարձանի» մոտից դեպի կենտրոնական մզկիթի ուղղուըթյամբ։ Հարավ-արևելյան կողմից քաղաք են մտել Կենտրոնական և Մարտունու ՊՇ-ների ազատամարտիկները։ Հակառակորդը դիմադրել է հատկապես Բարդա թեքվող ճանապարհի շրջակայքում։ ՊԲ մյուս ստորաբաժանումների համագործակցությամբ հաղթահարվել է հակառակորդի դիմադրությունը։ Հայ ազատամարտիկները մարտանցումով մտել են Աթյեմազլի գյուղը, որտեղ Խանաբադի վաշտը խփել է մեկ տանկ։ 4-րդ և 5-րդ գումարտակներն առաջացել են Խըդըրլու-Կիյասլի գծով և Աթյեմազլիի մոտ հանդիպել Ասկերանի ՊՇ-ի մյուս ստորաբաժանումներին։ Հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի, հյուսիս-արևմուտքից ՊԲ մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողություններն ավարտվել են հաղթանակով, և 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամ քաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ է առնվել։

Աղդամի ռազմական գործողության նախապատրաստման և իրականացման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 մմ-անոց առանձին հրետանային գումարտակի և 82 մմ-անոց առանձին ականանետային գումարտակի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային 122 մմ-անոց մարտկոցի, Ասկերանի և Մարտունու ՊՇ-ի հրետանավորների դերը։

Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։ Ադրբեջանի ղեկավարությունը կրակի դադարեցման խնդրանքով հուլիսի 23-ին դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին։ Արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ին ժամը 12։00-ից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993 թվականի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլխին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները և պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից։ Կրակը դադարեցվել է միայն 1994 թվականի կնքված զինադադարից հետո և հիմնականում պահպանվում է մինչ օրս։

Աղդամի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։ 1993 թվականի հուլիսից Աղդամը հարակից գյուղերով հանդերձ գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png