Խրամորթ
Գյուղ | ||
---|---|---|
Խրամորթ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
ԲԾՄ | 575 մետր | |
Բնակչություն | 403[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խրամորթցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Խրամորթ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում անվանվել է Խրամուտ, հետո փոփոխության է ենթարկվել և անվանվել Խրամորթ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Հավքախաղաց և Խաչախութի արևելյան լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության բլրապատ արևելահայաց լանջի հարթավայրային մասում, Կարկառ գետի ձախ գետահովտում, Ստեփանակերտ քաղաքից 21 դեպի հյուսիս-արևելք, Ասկերան քաղաքից 6-8կմ դեպի հյուսիս։ Խրամորթ գյուղի հողային տարածությունը կազմում է 2283,40 հա։
Գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա։
Համայնքը հարթավայրային է, ունի 2283,4 հա տարածք, որից 1183,07 հա գյուղատնտեսական նշանակության, 1012,0 հա անտառային հողեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խրամորթ գյուղը եղել Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի , իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։
Խրամորթը, գտնվելով Ղարաբաղյան դաշտավայրից դեպի լեռնաստանի խորքերը տանող հանգուցային կետում, 7-րդ դարից սկսած, արաբների, սելջյուկ-թուրքերի, մոնղոլ-թաթարների, թուրքմենական ցեղախմբերի, պարսիկների, իսկ 20-րդ դարի վերջերին էլ՝ ադրբեջանցիների կողմից մշտապես հարձակումների է ենթարկվել։ Բնակչությունը՝ որպես ապահով վայր, պաշտպանվում էր Քարագլուխ գյուղի Շիկաքար անառիկ ամրոցում[3]։
Խրամորթում և նրա շրջակայքում դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին 1805 թվականի ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ։ Շուշին այդ օրերին պաշարված էր պարսակական բազմահազարանոց զորքի կողմից։ Շուշիում գտնվող պաշտպաններին օգնելու նպատակով գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ 1805 թվականի հունիսի 18-ին Գանձակից ուղարկվում է 400 հոգանոց ջոկատ։ Ռուսական ջոկատը, ծանր մարտեր կրելով, հայ կամավորականների օգնությամբ հասնում է Ասկերանի բերդին։ Կարյագինը հրամայում է կուսապատցի Վանի Աթաբեկյանին գումարտակի ծանր վիճակի մասին տեղյակ պահել Շուշիի կայազորին։ Վանի Աթաբեկյանին մեծ դժվարությամբ հաջողվում է գաղտագողի անցնել պարսիկների միջով և հասնել Խրամորթ։ Այստեղ Ջրաբերդի մելիք Ադամը և Ասրի-բեկ Փիրումյանը կամավորներ էին հավաքագրում՝ Կարյագինի պաշարված ջոկատին օգնելու նպատակով։ Շրջակա հայկական գյուղերից, այդ թվում և Խրամորթից հավաքագրված կամավորակնները թիկունքային հարվածներով օգնում են ռուսներին և նրանց փրկում կործանումից։ Զոհված հայ կամավորների և ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով ճակատամարտի վայր հանդիսացած բարձունքներից մեկում խրամորթցիները հուշաքար են տեղադրել[3]։
1905-1906 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ Խրամորթը հայտնվել էր ռազմական բախումների կիզակետում։ Թուրք-թաթար բեկերն ու հոգևորականությունը Արցախի հարակից մահմեդական բնակավայրերից մարտական նոր ուժեր են հավաքագրում։ Օգոստոսի 18-ին նրանք հավաքվում են Թարթառում և մզկիթում խորհրդակցելուց հետո, շարժվում են դեպի Շուշի։ Աղդամում նրանց են միանում Սեյիդլուից, Մարզուլուից, Շելլից հավաքված թուրք հեծյալները ր երեք ուղղություններով՝ Խրամորթով, Խնապատով և Ասկերանի ուղղություններով փորձում ճեղքել հայկական բնագծերը։ Մի քանի տասնյակ հայ մարտիկներ ջախջախեցին թշնամուն։ Թուրքերը, բազմաթիվ զոհեր կրելով, նահանջեցին և ապաստանեցին Աղդամումլ[3]։
Այս դեպքերի շուրջ 1905 թվականի նոյեմբերի 28-ին Արցախի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոսը հեռագիր է հղում փոխարքային։ Հեռագրում մասնավորապես ասված էր․
![]() |
Գավառներում տեղի են խմբակային յարձակումներ հայ գիւղերի վրա Դոլանլար, Խրամոթ, Խանաբադ և այլն։ Ամբողջ գաւառում փոստային խճուղիները փակել են թուրքերը։ ․․․Քաղաքին սով, ցուրտ և հիւանդություն է սպառնում, չյիշելով, որ իւրաքանչյուր րոպե կարող է սկսել կոտորած և հրդեհ։լ[3] | ![]() |
Մեկ օր անց՝ 1905 թվականի նոյեմբերի 29-ին Շուշիի քաղաքագլուխ Գ․ Մելիք-Շահնազարյանը նմանատիպ մի հեռագիր է ուղարկել փոխարքային, որի մեջ ասված է․
![]() |
Քաղաքի դրութիւյնը վատ է, ամեն օր սպանութիւն կայ․ խմբակային յարձակումներ են տեղի ունեցել Խանաբադ և Խրամորթ հայ գիւղերի վրայ։լ[3] | ![]() |
Գյուղը Արցախյան առաջին ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
1989թ գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, իսկ 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի հուվարի 31-ին մոտ վեց հազար ադրբեջանցի զինվոր, օգտագործելով տանկեր ու զրահամեքենաներ, գնդակոծել են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Խրամորթ, Ասկերան գյուղերը։ Խրամորթ գյուղ է ներխուժել 8 տանկ , 7 զրահամեքենա և ադրբեջանական բանակի մի քանի հարյուր զինվոր։ Միաժամանակ տանկերը և զրահատեխնիկան շրջապատել են Նախիջևանիկ ու Խնապատ գյուղերը՝ ենթարկելով հրթիռակոծության։ Ստեփանակերտը և Ասկերանը նույնպես հրթիռակոծության են ենթարկվել։ Ադրբեջանական կողմը, օգտագործելով զրահատեխնիկան, շարժվել է դեպի Մարտունու շրջանի Ավդուռ, Աղ-բուլաղ գյուղերը, Ասկերանի շրջանի Փրջամալ (Վարդաձոր) գյուղերը՝ գնդակոծելով ու հարձակման ենթարկելով Խնապատ, Փիրջամալ, Մարտունու շրջանի Ավդուռ Աղ-բուլաղ գյուղերը։ 1993 թվականին Արցախի ինքնապաշտպանական ուժերը, մշակելով լայնածավալ ռազմական գործողություններ, անցել են հարձակման և նրանց հաջողվել է ազատագրել Մարտակերտի շրջանի, Ասկերանի Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Դագրազ և մի շարք այլ բնակավայրեր՝ թշնամուն ետ շպրտելով իրենց ելման դիրքերը[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակաչության թիվը 19-րդ դարավերջի տվյալներով կազմել է 19 տուն հայ բնակիչ, 1959 թվականի տվյալներով կազմել է 576 բնակիչ, 1985 թվականին՝ 691 տուն հայ բնակիչ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 403 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 511 մարդ, 129 տնտեսություն։
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 512 | 510 | 511 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովետական տարիներին կոլտնտեսությունը զբաղվել է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և խաղողագործությամբ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում և նրա շրջանում պահպանվել են բազմաքանակ պատմամշակույթային հուշարձաններ, որոնցից են՝ 12-19-րդ դարի «Հին Խրամորթ» գյուղատեղին, 1800-1876 թվականների «Հին Խրամորթ» եկեղեցին, 12-19-րդ դարերի «Հին Խրամորթ» խաչքաչը, 19-րդ դարի «Հին Խրամորթ» գերեզմանոցը, 1830 թվականի «Հին Խրամորթ» տապանաքարը։ Հին գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ. կամ XVIII դ.), գերեզմանոց (XIX-XX դդ.), խաչքար (XIII դ.), աղբյուր (1851թ.), հաշվառված է 18 հուշարձանլ։
Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Տնջրի աղբյուր», «Շենին աղբյուր», «Տանձին աղբյուր», «Աղի աղբյուր», «Գյադուկի աղբյուր», «Կաչաղակի ձորի աղբյուր», «Մինդ աղբյուր», ինչպես նաև հին գյուղի «Վերին ջուր», «Ներքին ջուր» աղբյուրները։
Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին, որի ընթացքում զոհվածների հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։ Այնտեղ նաև կառուցվել են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված երեք հուշակոթողներ։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի և գաջի հանքային պաշարներ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամռանը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +16 աստիճանից +30 աստիճանի, առավելագունը ՝ կազմում է +36 աստիճան։ Ձմռանը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է -10 աստիճանի։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600մմ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականի դրությամբ ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, փոստի բաժանմունք։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 54 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 90–93
- ↑ Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջեր 108–109
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 57
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 94)։ ![]() |