Վիտալի Բալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Բալասանյան
Վիտալի Միխայիլի Բալասանյան
Վիտալի Բալասանյան.jpg
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ծննդյան օր՝ մարտի 5, 1959 (60 տարեկան)
Ծննդավայր՝ԼՂՀ Ասկերան, ԼՂՀ
Պարգևներ՝Արցախի հերոս, Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Վիտալի Միխայիլի Բալասանյան (մարտի 5, 1959, Ասկերան, ԼՂՀ), ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս։ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ 2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական որևէ կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ[փա՞ստ] մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։

Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը, ձգվելով մինչև Վազգենաշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարակից էր Աղդամ քաղաքին և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին։ Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։

Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թվականի ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։

1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993 թվականի հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։

Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակողական մարտերի։ Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ։

Վիտալի Բալասանյանը և Քրիստափոր Իվանյանը Մարտակերտի Մեծ Շեն գյուղում, 1995 թվականի դեկտեմբերի 20

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991 թվականին, երբ նա ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թվականին պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ 2010-2012 թվականներին հանդիսանում էր «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2007-2010 թվականներին եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2012 թվականի ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում։ 2012 թվականից ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր։

Մասնակցությունը 2012 թվականի նախագահական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական ընտրություններում առաջադրվելուց հետո Վիտալի Բալասանյանը համարվել է Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը։ Չունենալով երկրի հիմնական քաղաքական ուժերի աջակցությունը՝ Բալասանյանին այնուամենայնիվ հաջողվել է պաշտոնական տվյալներով հավաքել քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների գրեթե մեկ երրորդը (32,5%)։ Չնայած իր դեմ վարչական ռեսուրսների օգտագործմանը՝ Բալասանյանին հաջողվել է հաղթանակներ տանել Մարտունի, Ասկերան, Մարտակերտ քաղաքներում, մի շարք գյուղական համայնքներում։ Սա, ինչպես նաև Բալասանյանի հավաքած ձայների քանակությունն աննախադեպ երևույթ են ԼՂՀ պատմության մեջ, որտեղ իշխանության թեկնածուն միշտ հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 85 տոկոսից ավելին։ Նախընտրական շրջանում Վիտալի Բալասանյանը ստեղծել է կայք, ինչպես նաև էջ ֆեյսբուքում, ինտերակտիվ հաղորդակցվել ընտրողների հետ, ինչը բարձրացրել է նրա հեղինակությունը[փա՞ստ] երիտասարդության և ազատական հայացքներ ունեցող ընտրազանգվածի մոտ։ Ընտրություններից հետո Վիտալի Բալասանյանն ընդունել է ընտրության արդյունքները, սակայն չի շնորհավորել թեկնածու Բակո Սահակյանին։ Հուլիսի քսանի իր ուղերձում Բալասանյանը նշել է, որ գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ։ Օգոստոսի մեկին Արցախի ժողովրդի հղած իր ուղերձում Վիտալի Բալասանյանը նշել է, որ իր գաղափարակիցների հետ ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի ստեղծմանը։ Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրարշավում, ինչպես նաև նոր քաղաքական ուժի ստեղծման գործում աջակցում է 2007 թվականի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը։

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Վիտալի Բալասանյանը ընտրողներին խոստացել էր ստեղծել քաղաքական ուժ՝ անկախ ընտրությունների արդյունքից։ Սակայն 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Բալասանյանը և նրա որոշ համախոհներ հայտարարեցին քաղաքացիական շարժման ստեղծման մասին, որը կրում էր «Սահմանադրական Արցախ» անվանումը։ Բացի Բալասանյանից նախաձեռնող խմբի մեջ էին նաև Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Նույն օրը տարածված հայտարարության մեջ քաղաքացիական շարժման նախաձեռնողները հայտնում էին, որ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախի» նպատակների մեջ չի մտնում։

Մահափորձ Վիտալի Բալասանյանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ըստ ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության, անհայտ անձը Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։ ԼՂՀ Ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/։

Մոտեցումներն արցախյան հակամարտության կարգավորման շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան կարգավորման հարցի շուրջ Վիտալի Բալասանյանն ունի մոտեցումների մի ամբողջ փաթեթ, որն արտահայտվել է նաև իր նախընտրական ելույթներում, տարբեր տարիների տված հարցազրույցներում։ Նա համարում է, որ Հայաստանի և ԼՂՀ միջև հարկավոր է ռազմավարական դաշինքի ձևավորման մասին միջպետական պայմանագրի ստորագրում՝ որպես ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ճանաչման սկզբնական քայլ[փա՞ստ]։ Իր նախընտրական ծրագրում նա նախատեսում էր ՀՀ և ԼՂՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում՝ կապված Արցախյան հակամարտության հետ։ Բալասանյանը բացառում է նաև որևէ տարածքային զիջում Ադրբեջանին և հանդես գալիս Օմարից մինչև Թալիշ, Թալիշից մինչև Արաքս ընկած գծի հզորացման ու բնակեցման առաջարկներով[փա՞ստ]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]