Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | Մայիս 6,1957 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնյա (առաքելական) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Նինա Հովնանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամարաս հասարակական բարեգործական միություն |
Արթուր Արտյուշայի Ալեքսանյան (մայիսի 6, 1957, Սովետական միություն, Լեռնային Ղարաբաղ), հայ ռազմական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ալեքսանյանը ծնվել է Խորհրդային միությունում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում՝ բազմազավակ ընտանիքում։
Հաճախել է տեղի թիվ 8 ռուսական դպրոցը։ 13 տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով և երաժշտությամբ։ Ինքնուրույն սովորել է նվագել հայկական թմբուկ՝ դհոլ, այնուհետև՝ դպրոցի փողային նվագախմբի փոքր թմբուկը։ Այդ ժամանակից ի վեր մասնակցել է դպրոցի ու քաղաքի բոլոր տոնակատարություններին ու համերգներին։
1977 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, որտեղ մինչև 1979 թվականը ծառայել է տանկային ուժերում որպես տանկի վարորդի մեխանիկ։ Անբասիր ծառայության, գերազանց մարտական պատրաստության համար ստացել է ավագ սերժանտի կոչում՝ մեխանիկ-վարորդ մասնագիտությամբ, ապա նշանակվել վաշտի ավագ։
Բանակում ծառայելուց հետո, վերադառնալով Ստեփանակերտ, դարձել է Կոշիկի գործարանի ակումբի գեղարվեստական ղեկավար, այնուհետև` Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի տան վոկալ ինստրումենտալ անսամբլի երաժիշտ։ 1982 թվականին եղել է Ղարաբաղի Պետէստրադայի նվագախմբի երաժիշտ-թմբկահարը և այնտեղ աշխատել մինչև Ղարաբաղյան շարժման սկիզբը։
1997 թվականին միացել է ընդհատակյա կազմակերպության, որը ղեկավարում էր Արկադի Կարապետյանը։ Կազմակերպության գործունեության նպատակը ստորագրահավաք իրականացնելն էր՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու համար։ Թողել է աշխատանքը և ամբողջովին նվիրվել հայրենի երկրի հեղափոխական շարժմանը։
Մարտական ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։
- 1987 թ. մի խումբ համախոհների հետ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միանալու կոչ անող պահանջի օգտին ստորագրություններ հավաքելու աշխատանքով։
- 1988 թ. մասնակցել է Ստեփանակերտում, Երևանում, Աբովյանում, Լենինականում և Չարենցավանում տեղի ունեցած ցույցերի և գործադուլների կազմակերպմանը։ Սումգայիթյան և Բաքվի ջարդերից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում զբաղվել է փախստականների տեղափոխման, ընդունման և տեղավորման խնդիրներով։
- 1988 թ. մարտին հիմնադրել է «Ամարաս» համահայկական բարեգործական միությունը, որի գործունեության բուն նպատակն էր բոլոր կարիքավորներին հոգևոր, նյութական և բժշկական օգնության ցուցաբերումը։ Ընտրվել է կազմակերպության փոխնախագահ և գործադիր տնօրեն։
- 1988 -1991 թթ․ ընթացքում «Ամարասը» դարձել է խոշորագույն հասարակական կազմակերպություն, որի շնորհիվ Արցախում իրականացվել են բազմաթիվ քաղաքական, ժողովրդատնտեսական և բարեգործական ծրագրեր։
«Ամարասում» իր գործունեության կարևորագույն նպատակն է եղել «Միացում» ընդհատակյա քաղաքական շտաբի (սպայակույտի) որոշումների կյանքի կոչումը, ներառյալ հետևյալ գործողությունները.
- ինքնապաշտպանության ջոկատների կազմավորում;
- ջոկատների ֆինանսավորում և սպառազինում;
- Արցախի բոլոր շրջաններում գաղտնի նյութատեխնիկական բազաների ստեղծում։
«Ամարաս» բարեգործական միության նախագահ Բորիս Դադամյանը և Արթուր Ալեքսանյանը ենթարկվել են մշտական հետապնդումների ԽՄ ՆԳ և Ազգային անվտանգության մարմինների կողմից։ Այնուհանդերձ, այս ամենը չի կոտրել նրանց մարտական ոգին և Ալեքսանյանը շարունակել է զենք ու զինամթերք մատակարարել՝ օդային ճանապարհով դրանք տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի շրջաններ և Շահումյանի շրջան՝ գաղտնի փոխաբեռնման բազաների միջոցով։
- 1989 թ. Սբ. Էջմիածնում, ծանոթանալով Արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի հետ, ուժերի ներածին չափով սկսել է օգնել Արցախյան թեմի ստեղծման գործին։ Նշանակել է Արցախյան թեմի գործերի կառավարիչ։ Ստեղծելով նյութատեխնիկական բազա, ավտոպարկ և շինարարական բրիգադներ՝ Ալեքսանյանը նախաձեռնել է Արցախի և Շահումյանի շրջանի եկեղեցիների վերագանգնողական աշխատանքները։
Ա․ Ալեքսանյանը՝ որպես Ղարաբաղի ներկայացուցիչ Վազգեն Սարգսյանի ու «Մուշ» ջոկատի առաջնորդ Վոժդ Միշայի հետ զբաղվել է Հայաստանի անվերահսկելի մեկուսի զինված ջոկատների միավորմամբ, որոնց մի մասը Արցախին օգնելու պատրվակով զբաղվում էր շորթումով և կողոպուտով։ Ստեղծվել է «Մուշ» (Միացյալ ուժերի շտաբ) միավորված զինված ջոկատների շտաբը (սպայակույտը), որտեղ Ա․ Ալեքսանյանը զբաղվել է Ղարաբաղին վերաբերող հարցերով։ Հետագայում այն վերակազմավորվել է «Երկրապահ» Կամավորական միության, որտեղ Ալեքսանյանը ընտրվել է փոխնագահ։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ Պաշտպանության պետական կոմիտե։ 1991 թ. մարտին Ա. Ալեքսանյանը նշանակվել է Կոմիտեի Գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ տնտեսական և մատակարարման հարցերով։
Կարճ ժամանակահատվածում ձևավորել է տնտեսական և մատակարարման բաժին` կազմված պրոֆեսիոնալ սպաներից, որոնք կոմիտեին էին միացել Խորհրդային Բանակից, նաև ամբողջ Հայաստանում՝ Պաշտպանության կոմիտեի թիկունքային ապահովման համակարգ (կառուցվածք)։
Այդ ժամանակից սկսած ՀՀ, ԼՂՀ և Շահումյանի շրջանի Պետական Պաշտպանության Կոմիտեի Գլխավոր շտաբում գրանցված ինքնապաշտպանության ջոկատները կենտրոնացված կերպով և ժամանակին ապահովվել են նյութատեխնիկական և ռազմական միջոցներով։
Շուշիի գրավման նախօրյակին, թողնելով պաշտոնը, կամավոր մեկնել է Ղարաբաղ և Յուրա Հովհաննիսյանի մոտ նշանակվել Ստեփանակերտ քաղաքի պաշտպանության բնագիծ 26-ի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։
Կարճ ժամանակում Ա․ Ալեքսանյանին հաջողվել է կազմակերպել թիկունքային տնտեսություն, կառուցել պաշտպանողական շինություններ ողջ պարագծով` Քեսալարից մինչև Արմենավան, ինչպես նաև՝ դաշտային հիվանդանոց, ճաշարան և, ամենագլխավորը, ճանապարհային հաղորդակցման ուղիներ։ Շուշի քաղաքի ազատագրումից հետո Լաչինի ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով գլխավորել է Զառուսլու, Լիսագոր բնակավայրերի և Բերդաձորի երեք գյուղերի ազատագրման գործողությունը` ապահովելով հարձակման և ամբողջ շրջանի ազատագրման համար նպաստավոր պայմաններ։
Մարտակերտ քաղաքի և Շահումյանի շրջանի անկումից հետո, հակառակորդը սկսել է լիամասշտաբ առաջխաղացում Հաթերքի կիրճի ուղղությամբ՝ հղի անխուսափելի հետևանքներով և ռազմական գործողությունների հետագա բարդացմամբ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով Ալեքսանյանը մեկնել է Հաթերքի կիրճ և նոր շտաբ կազմավորել խուճապի մատնված և անղեկավարելի դարձած տեղական ջոկատներից։
- 1992 թ. աշնանը Վազգեն Սարգսյանի կողմից հայտարարվել է «Մահապարտ» կամավորների զորահավաք՝ Արցախի ինքնապաշտպանության նպատակով։ «Մահապարտների» և տեղական ջոկատների ջանքերով հուսալի պաշտպանություն է կազմակերպել Գանձասարից մինչև Չլդրան գյուղ՝ Ա. Ալեքսանյանի հրամանատարությամբ՝ Վազգեն Սարգսյանի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի և Հայկազ Բաղմանյանի հետ համատեղ։ Ստեղծվել է հզոր արգելապատնեշ, և, հետագայում անցնելով հակահարձակման, ազատագրվել է ամբողջ Հաթերքի կիրճը՝ մինչև Սարասանգ ՀԷԿ-ի մատույցներ։
- 1993 թ. գարնանը Ա․ Ալեքսանյանին և Մոնթե Մելքոնյանին հանձնարարվել է Քելբաջարի շրջանում` հակառակորդի թիկունքում, կազմակերպել հետախուզական գործողություններ։ Կարճ ժամանակահատվածում նրանք կյանքի են կոչել առաջադրանքը` պատրաստելով հետախուզական տեղեկություններ և Քելբաջարի շրջանի ազատագրման վերաբերյալ առաջարկություն պարունակող զեկույց։
- 1993 թ. հոկտեմբերի 8-ին Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ հրետանու հրամանատարի տեղակալ։ Ստանձնելով պաշտոնը` մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի, Կուբաթլուի, Ջաբրահիլի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանների ազատագրման բոլոր մարտական գործողություններին։ Այդ գործողությունների բարեհաջող ավարտից հետո 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար Աշոտ Առուշանյանի առաջարկով նշանակվել է նրա տեղակալ` թիկունքի գծով։ Ստեղծելով զորագնդի թիկունքի համակարգը` միաժամանակ օգնել է Մարտակերտի շրջանի Գործադիր կոմիտեի նախագահին՝ շրջանի ժողովրդական տնտեսության վերականգման աշխատանքներում։
- 1994 թ. հունվարի կեսերին ադրբեջանցիները ճեղքել են Օմարի սահմանի պաշտպանության գիծը։ Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Մարտակերտի զորագնդի երկու գումարտակներով Ա. Ալեքսանյանը կազմակերպել է պաշտպանություն` կանգնեցնելով հակառակորդին Կամիշլիի շրջանում։ Նշված մարտական գործողությունների ընթացքում կրկին երկու անգամ վիրավորվել և տեղափոխվել է Երևան, այնուհետև Ֆրանսիա և ԱՄՆ՝ բուժման։
Ադրբեջանական կողմի հետ հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, փոքր-ինչ ապաքինված, շարունակել է գործունեությունն արդեն Հայաստանում։
- 1994 թ. մայիսին նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության վարչությանը կից` Հատուկ Մարտական Ստորաբաժանումների Վարչության (ՀՄՍՎ) պետ։
Կազմավորել է հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը` «Կարմիր բերետներ 5165» անվանումով։
ՀՄՍՎ գործունեության ընթացքում իրականացվել են տասնյակ հատուկ մարտական առաջադրանքներ՝ ՀՀ և ԼՂՀ պետական սահմանների անվտանգության կազմակերպում, պետական կարևորություն ունեցող հաղորդակցության ուղիների` երկաթուղու, գազատար խողովակագծի, ԷՀԳ ԱԷԿ, ճանապարհների անխափան աշխատանքի ապահովման իրականացում, ինչպես նաև՝ ՀՀ ՊՆ ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու հետ կապված խնդիրների լուծում։
Հատուկ Մարտական Ստորաբաժանման սպայական կազմն ու զինծառայողներն իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ բարձր են պահել ստորաբաժանման պատիվը, անթերի իրականացրել առաջադրանքները։ Շուրջ 14 տարի ռազմական այդ կառույցը պատրաստել է բացառիկ մասնագետներ և սպայական կազմ, կրթել ու զորացրել է հազարավոր զինծառայողների, ովքեր ի վիճակի են եղել փոքր կազմով և նվազագույն սպառազինությամբ արդյունավետ կերպով կատարել պաշտպանության, պահպանության և անվտանգության ապահովման ցանկացած առաջադրանք։
Ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացրել է մինչև 2007 թվականը և այնուհետև, անհայտ պատճառներով, լուծարվել։ Հարյուրավոր սպաներ և մասնագետներ տեղափոխվել են այլ համակարգեր, մնացել անգործ կամ լքել հայրենիքը։
ԶՈԻ-ից պաշտոնաթող լինելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնաթողությունից հետո Ա. Ալեքսանյանը, առանց քաղաքացիական մասնագիտության, սկսել է յուրացնել նոր, քաղաքացիական դերը։ Շտապ սովորելով շինարարություն և հարակից այլ մասնագիտացումներ, 2006 թվականին Ալեքսանյանը հիմնել է ճանապարհաշինական ընկերություն՝ «Ամարասշինը»։
Տասնյակ տներ է կառուցել Վահագնի ավանում և շուրջ 300 կմ գրունտային ճանապարհներ Հայաստանում և Արցախում։ Ստեղծել է հեղափոխական նոր տեխնոլոգիա՝ հիմնված գերմանաավստրիական սարքավորումների վրա։
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 ՀՀ Նախագահի Հրամանագրով՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշան
- 1996 ՀՀ Պաշտպանության Նախարարի անվանական զենք
- 1998 «Արծիվ Մահապարտ» Մարտական գործողությունների մասնակցի մեդալ
- 2000 ԼՂՀ Նախագահի Հրամանագրով՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշան
- 2000 ԼՂՀ ՊՆ Պատվոգիր՝ Շուշիի գրավման համար
- 2000 ԼՂՀ Պաշտպանության Նախարարի անվանական զենք
- 2002 ԼՂՀ Նախագահի Պատվոգիր
- 2004 ՀՀ Ազգային Անվտանգության Նախարարի անվանական զենք
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004։