Jump to content

Հայկազ Բաղմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Բաղմանյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1963(1963-10-24)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԳետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
Պարգևներ և
մրցանակներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Հայկազ Պապիկի Բաղմանյան (հոկտեմբերի 24, 1963(1963-10-24)[1], Գետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ։ 2018 թվականի մարտի 22-ին նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ (նստավայրը՝ քաղաք Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Բաղմանյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում։ 1985 թվականին ավարտել է Խմելնիցկու բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, 2002 թվականին՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։ Բաղմանյանը ծառայողական աստիճանակարգով շարժվել է բավական բարձր՝ զբաղեցնելով գնդի, բրիգադի, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։ Բաղմանյանը երկար տարիներ ծառայել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտի պաշտոնում[2]։ Դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 5-ին ՙՙԻրավաբան.net՚՚-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր․ «Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»[2] Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը՝ նախարարի խոսքով՝ աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն է[2]։ ՙՙՍիվիլնեթ՚՚ ընդդիմադիր համացանցային լրատվամիջոցը հաղորդել է հետևյալը․ ՙՙԲաղմանյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին։ Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն է հորդորել Բաղմանյանին հեռանալ պաշտոնից, և Բաղմանյանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել։ Հարցին, թե ինչն է Բաղմանյանին հեռացնելու պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»[3]։ Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել է աշխատանքից[2][4]։ Հայաստանի Երրորդ Հանրապետության երրորդ Նախագահի՝ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 22-ի հրամանագրի համաձայն գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով[2][5]։ Նրա նոր ծառայության վայրը, փաստորեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան է։

Զինվորական ծառայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների։
  • 1992 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պաշտպանական շրջանի հրամանատար։
  • 1993-1999 թվականներին զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն։
  • 1999 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • ՀՀ Նախագահի 2013 թվականի հունիսի 10-ի հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով[6]։
  • ՀՀ Նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[4]։
  • Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 22–ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ՝ կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր՝ երեք տարի ժամկետով[7]։
  • 2000 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
  • 2009 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[8]։

Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր։

Ներգրավվածություն կոռուպցիոն սկանդալներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցներում հաճախ է հայտնվել Հայկազ Բաղմանյանի անունը՝ որպես կոռուպցիոն սկանդալներում ներգրավված պաշտոնյաներից մեկը[11]։ Մասնավորապես, համացանցային լրատվամիջոցներից մեկը՝ ՙՙՍիվիլՆեթը՚՚ կազմել է պետական մարմիններում տարիներ շարունակ չարաշահումներ իրականացրած, կոռուպցիոն և այլ սկանդալների մեջ հայտնված պաշտոնյաների ցանկ, որոնց առավելագույն պատիժը եղել է պաշտոնից հեռացումը։ Ցանկում ներառված է նաև Բաղմանյանը[3][12]։ Հավանական է, որ հենց գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի այդ ներգրավվածությունը կոռուպցիոն զանազան սկանդալներում եղավ գործոններից մեկը, որը հանգեցրեց նրա պաշտոնակությանը։ Սակայն չի բացառվում, որ այդ պաշտոնանկությունը պայմանավորված էր նաև այլ հանգամանքներով, մանսավորապես՝ 2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմում հայկական զինուժի հետ կապված մի շարք սկանդալային բացահայտումներով։ Համենայն դեպս, Բաղմանյանին Հայաստանի Զինված ուժերից զորացրելու համար ՀՀ Նախագահին միջնորդած պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը այդ մասին հաղորդել է հետևյալը․ «Գեներալ Բաղմանյանը ներկայացրել է զեկուցագիր զորացրվելու մասին, իմ հորդորով։ Ինչպես միշտ, այդ որոշումները կայացնում է հանրապետության նախագահը»,- ասել էր նախարարը, որպես իր հորդորի պատճառ բերելով հետևյալ բացատրությունը․ «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»[13]։ Հատկանշական է, որ հայ հանրության մեջ, ինչպես նաև հայկական լրատվամիջոցներում հարց էր առաջացել, թե ինչպես եղավ, որ առաջին անգամ ոչ իր դիմումի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել։ Մասնավորապես, ՙՙԱզատություն՚՚ ռադիոկայանը հաղորդել է հետևյալը․ «Սովորաբար, երբ պաշտոնանկ են արվել հատկապես բարձրաստիճան զինվորականներ, գրեթե միշտ պաշտոնական տեղեկությունների մեջ նշվել է․ ազատվել են սեփական դիմումի համաձայն։ Ուշագրավ է, որ այս անգամ պաշտպանության նախարարը ոչ միայն հրապարակավ հայտնում է, որ իր հորոդորով է գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր գրել, այլև նշում է պատճառը՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալը չի կատարել իր պարտականությունները»[13]։ ՙՙԱզատությունը՚՚ շեշետըել է նաև, որ «Ըստ էության, սա առաջին դեպքն է, երբ հանրությանը տեղեկացնում են զինուժի բարձրաստիճան սպայի ոչ թե հրաժարականի, այլ պաշտոնանկության մասին։»[13] ՙՙԱզատություն՚՚ ռադիոկայանը ընդգծել է, որ Հայկազ Բաղմանյանը կարևոր պաշտոններ զբաղեցրած անձնավորություն է եղել՝ «Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը համարվում է բանակի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ 1999 թվականից մինչև 2009 թվականը նա զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։ 2009 թվականից նա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալն է։»[13] Լրատվամիջոցը շեշտել է այն հանգամանքը, որ՝ «Հայկազ Բաղմանյանի անունը շարունակաբար կապվում էր այս կամ այն քրեական պատմության կամ բիզնեսների հետ։ 2010 թվականին «Հետք» պարբերականը գրեց, որ հայկական զինված ուժերի բարձրաստիճան սպան մասնակցել է քրեական աշխարհում հայտնի Արմեն Կանևսկոյի հոգեհանգստի արարողությանը։»[13] Բերվել է նաև այլ կարևոր վկայություն․ «2014 թ․ հուլիսին հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Բաղմանյանը՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ, ռուսաստանյան պետհամարանիշներով Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած։ Ընդ որում, այդ նկարներում բարձրաստիճան սպային ուղեկցում է նույնպես թանկարժեք՝ Toyota Land Cruiser մակնիշի մի ավտոմեքենա։ Թե ժամկետային զինծառայությունից հետո մշտապես՝ նախ խորհրդային, ապա հայկական զինված ուժերում ծառայած սպան ինչպե՞ս է կարողացել ձեռք բերել նման թանկարժեք ավտոմեքենաներ, և արդյո՞ք այդտեղ չկան կոռուպցիոն ռիսկեր, պաշտպանության նախարարությունն այս հարցերն այդպես էլ չպարզաբանեց։»[13] ՙՙԱզատություն՚՚ ռադիոկայանը նույնպես հրապարակել է Հայկազ Բաղմանյանի կողմից հայ գործարարների ձեռնարկությունները խլելու որոշ փաստեր․ «Անցած տարվա սեպտեմբերին «Ազատության» հետ զրույցում Մարտունու պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը հրապարակավ հայտարարել էր՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը խլել է իր բիզնեսը՝ վերցնելով պանրագործարանի տարածքում կառուցված գազալցակայանը, որն այժմ կառավարում է գեներալի 28-ամյա որդին՝ Պավել Բաղմանյանը։ Գործարարի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն այն որևէ հետևանք չունեցավ։»[13]

Բաղմանյանի հեռացումը և Մոսկվայում նոր պաշտոնի նշանակումը որպես Հայկական բանակի մաքրման չհաջողված փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ռազմաքաղաքական ոլորտում կատարված փոփոխությունները արժանացան հայկական փորձագիտական հանրության ուշադրությանը։ Մասնավորապես, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքը, թե իր հորդորով է գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր ներկայացրել, նպատակ ունի ցույց տալ, որ նախարարն անհրաժեշտ կշիռ ունի նախարարությունում՝ նման մակարդակի որոշումներ կայացնելու և փոփոխություններ իրականացնելու համար[13]։ «Սա ազդակ է թե՛ արտաքին ուժային կենտրոններին, թե՛ հասարակությանը, թե՛ իշխող համակարգին՝ զինված ուժերում Վիգեն Սարգսյանի քաղաքական կշռի առնչությամբ։ Այդ աննախադեպ բնորոշումը, որ իր հորդորով է պաշտոնանկ լինելու Բաղմանյանը, կարծում եմ հենց այդ ազդակն է, հաշվի առնելով այն օդիոզ կերպարը, որն ունի Բաղմանյանը բանակում և հանրության շրջանում, երբ մեղմ ասած բացասական կարծիքներն են գերակշռում[13]։ Այս պաշտոնանկությունն ուշագրավ է այն հայտարարության ֆոնին, որն արեց Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի իմաստով, արդիականացման հեռանկարը, որն անհրաժեշտ է մեր բանակին, անպայման ենթադրելու է նաև էս տեսակ կադրային փոփոխություններ։ Մեր բանակին անհրաժեշտ է լիովին նոր մտածողությամբ բարձրագույն հրամկազմ, որը դաշտային անցյալից բացի ունի նաև ռազմաքաղաքական տեսլական»,- ասաց մեկնաբանը[13]։ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական–քաղաքական ձայնափողը՝ ՙՙՀայկական ժամանակ՚՚ պարբերականը, որի գլխավոր խմբագիրն այդ ժամանակ նրա տիկինն էր՝ Աննա Հակոբյանը, Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության և ապա Մոսկվայում նոր պաշտոնի նշանակելու մասին գրեց հետևյալը․ «Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ։»[14] ՙՙՀայկական ժամանակը՚՚ հիշեցնում է, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի և Հայկազ Բաղմանյանի, մեղմ ասած, լավ հարաբերությունները, վերոնշյալ տեղեկությունները դժվար է անլուրջ համարել»[14]։ ՙՙՀայկական ժամանակը՚՚ փաստորեն ցույց է տալիս, որ Սերժ և Վիգեն Սարգսյանների փորձը՝ հայկական բանակը մաքրել առավել վարկաբեկված կադրերից մեկից՝ հաջողություն չունեցավ, քանզի Մոսկվայի իր հովանավորների միջոցով Հայկազ Բաղմանյանին հաջողվեց շարունակել իր զինվորական ծառայությունը Հայկական զինված ուժերում, այն էլ ավելի բարձր պաշտոն ստանալով Մոսկվայում և դրանով իսկ հայտնվելով ՀՀ իշխանությունների ազդեցությունից դուրս․ «Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով։ Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»։»[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=359
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ի՞նչ կենսագրություն ունի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նորանշանակ տեղակալ Հայկազ Բաղմանյանը։ [1]
  3. 3,0 3,1 Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ 22 մարտ, 2018 16:46․ ՙՙՍիվիլնեթ՚՚։[2](չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ։ 2017 թվականի Դեկտեմբերի 5։ Երևան։ ՆՀ-913-Ա։[3]
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ։ Հ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ։ 2018 թվականի Մարտի 22։ Երևան։ ՆՀ -177- Ա։[4]
  6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին
  7. Նախագահ Սարգսյանի հրամանագրով՝ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ
  8. Հ. Պ. Բաղմանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
  9. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  10. Հ. Պ. ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. Մարտունի. Հայկազ Բաղմանյանի խլած բիզնեսի հետքերով։ CivilNet․ Published on Sep 28, 2016։[5]
  12. Առավելագույն պատիժը՝ պաշտոնից հեռացում․ Հայկազ Բաղմանյանից մինչև Սուրիկ Խաչատրյան։CivilNet․ Published on Dec 7, 2017 [6]
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 Գեներալ Բաղմանյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, ավելի վաղ նրան հորդորել էր հեռանալ Վիգեն Սարգսյանը։ ՙՙԱզատություն՚՚ ռադիոկայան։ Դեկտեմբեր 05, 2017։[7]
  14. 14,0 14,1 14,2 Պարտականություններում թերացող Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալ։ 22/03/2018․[8]