Յուրի Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Պողոսյան
Yura-poghosyan.jpg
Ծնվել էապրիլի 8, 1961(1961-04-08)
ԾննդավայրԿոտովո, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 12, 1992(1992-06-12) (31 տարեկանում)
Մահվան վայրՆախիջևանիկ, Ասկերանի շրջան, Արցախ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս Հայաստանի ազգային հերոս Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան Հայաստանի Հանրապետության Հայրենիքի շքանշան և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան

Յուրի Վաղարշակի Պողոսյան[1] (ապրիլի 8, 1961(1961-04-08), Kotovo, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 12, 1992(1992-06-12), Նախիջևանիկ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի, զրահամեքենայի հրամանատար։ Հայաստանի ազգային հերոս։ Զոհվել է 1992 թվականի հունիսի 12-ին Արցախի Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Պողոսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի Կոտովո քաղաքում (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզ): Մանկության ու պատանեկության տարիները անց է կացրել Ստեփանակերտում։ Փոքրամարմին լինելու պատճառով նրան «Կուճուր Յուրա» էին ասում։ Չնայած փոքրամարմին լինելուն շատ ամուր, աթլետիկ կազմվածք ուներ։ Զբաղվել է ըմբշամարտով, բազմաթիվ անգամներ մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցումներին։ Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով։ Աշխատել է ավտոմեխանիկ։

Պատմում է հերոսի մայրը՝ Էլվիրա Պողոսյանը. «Փոքր տարիքից նրա տարերքը երկաթն էր, իսկ երկաթը ամրության և կայունության խորհրդանիշ է, որն, ինչպես հետագայում պարզվեց, չափազանց հարիր էր Յուրայի բնավորությանը։ Նրանում ամեն բան երկաթակուռ էր, և՛ սերը ընտանիքի հանդեպ, և՛ ազնվաբարո ընկերությունը, և՛ մարդասիրությունն ընդհանրապես...

Նախքան 1988 թվականի շարժումը Յուրայի ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, ընկերները նրան նվիրեցին Անդրանիկի լուսանկարը, որը նա պահում էր իր սենյակում, իսկ դրա փոքրացված տարբերակը կախել էր ավտոմեքենայի դիմապակուց։ Այդ տարիներին զորավարի լուսանկարը այլ խորհուրդ ուներ և բացասաբար էր ընդունվում Բաքվին քմահաճ մարզային իշխանությունների կողմից... Բայց Յուրան դա արել էր գիտակցաբար և, ինչպես հետագայում կպարզվեր՝ Անդրանիկից եկող գաղափարները սկզբունքորեն ընդունելով։

Պատմում է հերոսի հայրը՝ Վաղարշակ Պողոսյանը. «Մանուկ հասակից աչքի էր ընկնում համառությամբ և նպատակասլացությամբ։ Նրա բնավորության այս գծերն առավել ցայտուն իրենց զգացնել տվին շարժման ժամանակ։ Չնայած ակտիվորեն մասնակցում էր զանգվածային ցույցերին և հանրահավաքներին, բայց միշտ ասում էր, որ պատերազին հարկավոր է լրջորեն նախապատրաստվել, քանի որ առանց պատերազմի դժվար թե լուծվեն մեր խնդիրները։ Եվ նա իր բոլոր գործերը թողնելով մի կողմ, սկսեց լրջորեն պատրաստվել պատերազմին...

1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Նրա ստեղծած զենքն առաջին անգամ կիրառվել է 1990 թվականին՝ Հադրութի մարտերում։ Որպես ջոկատի հրամանատար՝ մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին։ 1990-91 թվականներին Յուրի Պողոսյանն՝ իր ջոկատով արդեն օմոնականների դեմ ծավալած ինքնապաշտպանական մարտերում էր։ Դրանցից հատկապես առանձնացման արժանի է Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի մերձակայքում տեղի ունեցած առճակատումը, որտեղ թշնամին առաջին անգամ ստացավ լուրջ հակահարված։

Պատմում է հերոսի մարտընկերը. «1991 թվականի սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտ ժամանած Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի պատվիրակության կազմում կային լրագրողներ, այդ թվում՝ նաև Բաքվից։ Այդ օրն իր համախոհների հետ միասին Յուրան որոշում է պատանդ վերցնել ադրբեջանցի լրագրողին և վերջինիս փոխանակել օմոնականների կողմից առևանգված հայ գերու հետ։ Գործողությունը հաջող իրականացնելուց հետո, ադրբեջանցուն բերում է իրենց տուն և տեղավորում սեփական բնակարանի սենյակներից մեկում։ Բացի կենցաղային նորմալ պայմաններ ապահովելուց, ամեն օր նրան հնարավորություն էր տալիս հեռախոսով կապվել իր հարազատների հետ։ Մի քանի օր անց, հետագա անելիքները ճշտելու համար, ընկերեներն այցելում են Յուրային և տեսնում, թե ինչպես է վերջինս նախաճաշից հետո ադրբեջանցու հետ նարդի խաղում... Ի պատասխան տղաների զարմանքով լի հայացքներին, Յուրան հանգիստ տոնով ասում է. «Այս պահին իմ դիմաց նստած է մեզ բոլորիս նման մարդ, այլ ոչ թե թշնամի...»

1991 թվականի նոյեմբերին՝ Յուրի Պողոսյանի անմիջական նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի գործարանում կազմավորվեց վերանորոգման առաջին ստորաբաժանումը։ Դեռևս ձևավորման նախնական փուլում գտնվող ինքնապաշտպանության ուժերի համար դա բավականին կարևոր ձեռնարկում էր, քանի որ որոշ ժամանակ անց հենց այդ ստորաբաժանման հիմքի վրա պետք է կազմավորվեր բանակի ապագա վերանորոգման-վերականգնողական բազան։

-Յուրան ուներ վառ երևակայություն և միշտ ձգտում էր ուղեղում ծնված յուրաքանչյուր լավ միտք կյանքի կոչել,-պատմում է ականատեսը։ -Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ Թաղլարում էինք, տեսնելով մարշալ Խանփերյանցի տուն թանգարանի առջև կանգնեցված ինքնաթիռ-հուշարձանը, ասաց. «Մի քիչ ազատ ժամանակ ունենամ, ինքնաթիռը բերելու եմ մարտական վիճակի և մենք ունենալու ենք նաև մարտական օդուժ...»։

1992 թվականի սկզբներին, մարտական գործողությունների աշխարհագրությունը՝ գնալով, ընդլայնվում էր, զրահատանկային ուժերի դերն օր-օրի ավելի էր զգացվում։ Իսկ Յուրան ինքնապաշտպանական ուժերի տրամադրության տակ եղած սակավաթիվ զրահակիր ուժերից մեկի հրամանատարն էր... Երբ Շուշիի ազատագրման և դրան նախորդած մարտերում գործողության մեջ դրվեց միասնական հրամանատարության ներքո ստորաբաժանումների ղեկավարման գործընթացը։ Յուրի Պողոսյանը դարձավ այդ մարտավարությունը ողջունող առաջին կամավորական զինվորներից մեկը... Բայց չհասցրեց ըմբոշխնել կանոնավոր բանակի հզորությամբ կերտված հաղթանակների բերկրանքը...

1992 թվականի հունիսի 12-ին Ասկերան-Նախիջևանին ճակատային գծում ընդհատվեց հերոս հայորդու երկրային կյանքը։

-Ընկերներ շատ ենք կորցրել, հերոսներ շատ ենք կորցրել, բայց ինձ համար Յուրի Պողոսյանը լավագույնների մեջ եղել է լավագույնը, -տարիներ անց հերոսի հիշատակին վիրված հանդիսավոր միջոցառումներից մեկի ժամանակ խոստովանել է Յուրայի մարտական ընկեր, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, -Նա եղել է լավագույններից լավագույնը և՛ որպես հրամանատար, և՛ որպես ընկեր, և՛ որպես ընտանիքի զավակ ու ծնող։ Հերոսի հիշատակին նվիրված այսօրվա միջոցառումը, համոզված եմ, ոչ այնքան իրականացվում է Յուրային հիշելու և մեծարելու համար, թեկուզ դա ևս շատ կարևոր է, որքան սերունդներին ցույց տալու և անընդհատ հիշեցնելու, որ եղել է ու կա այդպիսի հերոս, և անհրաժեշտ է դաստիարակվել հենց նմանների օրինակով... Չէ՞ որ մեր ազգը դրա կարիքն ունի... Այո՝, մեր ազգը Յուրայի պես հերոսների կարիք շատ պիտի ունենա, որպեսզի կարողանանք պահել ու պաշտպանել մեր հողն ու երկիրը...

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]