Մանվել Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Գրիգորյան
հայ․՝ Մանվել Գրիգորյան
Manvel Grigoryan.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1956(1956-07-14) (62 տարեկան)
ԾննդավայրԱրշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՆազիկ Ամիրյան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս «Վարդան Մամիկոնյան» շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան և «Անբասիր ծառայության համար»

Մանվել Սեկտորի Գրիգորյան (հուլիսի 14, 1956(1956-07-14), Արշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ, հայտնի է որպես Գեներալ Մանվել), հայ ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2000), ԵԿՄ նախագահ (1999-2018)։ Եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012-2018)։ Ձերբակալված է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի հետ

1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։ 1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1988 թվականի գարնանը՝ Էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրա[3] պետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի դեկտեմբերից զբաղեցնելով ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը՝ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը հատուկ ուշադրություն է դարձրել զոհված, անհետ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական աջակցությանը, օգնել այս խավին ընդհուպ բուժման, աշխատանքով ապահովման, կրթություն ստանալու հարցերում; Մանվել Գրիգորյանի ջանքերով ակտիվորեն գործում են Պատանի երկրապահ եւ Երիտասարդ երկրապահ կառույցները; Այսօր արդեն ԵԿՄ-ն ունի ավելի քան 60 000 անդամ; Պատանի երկրապահների համար կազմակերպվում են հրամանատարասերժանտական դասընթացներ, ամառային ուսումնամարզական վարժանքներ; Մանվել Գրիգորյանի հեղինակությունն ու կազմակերպական ջիղը ահռելի նշանակություն ունեցան 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին; Մանվել Գրիգորյանի կոչով հազարավոր երկրապահ կամավորականներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, համալրեցին ջոկերի, դասակների, վաշտերի կազմն ու հնարավորություն տվեցին փակել հենակետերում բոլոր բացերը; Թերևս այդ պատճառով ադրբեջանական կողմի առաջխաղացման հետագա պլանները ձախողվեցին: 2017 թվականի փետրվարի 19-ից վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:

Չհաստատված անօրինական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ hetq.am լրատվականի հրապարակման՝ Մանվել Գրիգորյանը խոշոր բիզնեսմեն է և տիրապետում է հսկայական ֆինանսական և նյութական միջոցների[5]:

Արմավիրի մարզում իրականացրած բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն Արմավիրի մարզում, ըստ hetq.am լրատվականի հրապարակման, նրան են պատկանում «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն (գազալցակայանների շահագործում, խոշոր շինարարության կազմակերպում, այլ ոլորտներում գործունեություն), «Կուարլինի» ՍՊԸ-ն (ասֆալտ արտադրող ընկերություն), «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն, Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը, նախկին ամբուլատորիայի շենքը, նախկին մանկապարտեզի շենքը (շենքը քանդել և օգտագործում են հողատարածքը), Ակնա լիճը (Աղրլ լիճը) և հարակից տարածքները, Արմավիրի մարզի Ակնալճից Զարթոնք համայնք տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող հողատարածքները («Ակնալիճի կուղբաբուծական տնտեսություն»), Վաղարշապատի շուկան, հագուստի վաճառքի տոնավաճառը, խանութներ, տարածքներ[5]: Վաղարշապատում (Էջմիածին) և այլ վայրերում սեփականության իրավունքով տնօրինում է առանձնատներ ու այլ տեսակի շենք, շինություններ։ Նրան են պատկանում նաև բազմաթիվ ավտոմեքենաներ, այդ թվում՝ հնաոճ (FORD ECONOLINE E-150, GAZ 21R, GAZ 14 CHAYKA, GAZ 13 CHAYKA, PEUGEOT 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12)[5]: Սակայն ԵԿՄ լրատվության բաժինը փաստերով հերքում է hetq.am-ի հրապարակումը[6]:

Հարձակումներ ավտոմեքենաների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի շարք լրատվամիջոցների Մանվել Գրիգորյանի թիկնազորի անդամները հաճախակի հարձակվում են Գրիգորյանի համար անցանկալի տեղում կայանած ավտոմեքենաների վրա։ Հատկապես ծակում են ավտոմեքենաների անվադողերը։ Մինչ այժմ հայտնի չէ մի դեպք, որ Վաղարշապատում անվադողերի վնասելու գործով դատապարտվի[5][7][8][9]:

Հարցազրույցներից մեկում Գրիգորյանը հերքել էր անվադողերը ծակելու լուրերը՝ հայտարարելով. - «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»[8][9]:

Հրաչ Աբգարյանի վրա հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 29-ին Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի 1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց դաժան ծեծի ենթարկվեց Վաղարշապատի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը[7][10][11]: Աբգարյանը գնումներ կատարելու նպատակով մեքենան կայանել էր հանրախանութի դիմացի կայանատեղիում և մտել խանութ։ Խանութից դուրս գալիս, նկատելով, որ մի խումբ անձինք ծակում են իր ավտոմեքենայի անվադողերը, փորձել է կանխել։ Սակայն նշված խումբը, որը Մանվել Գրիգորյանի թիկնազորի մաս էր կազմում, հարձակվել և ծեծի է ենթարկել Աբգարյանին[7][10][11]: Ծեծին միացել է նաև Մանվել Գրիգորյանը, ով մինչ այդ իր մեքենայում նստած հետևել է իր թիկնազորի կողմից Աբգարյանին ծեծի ենթարկելու գործընթացին։ Մեքենայից դուրս գալուց հետո նա միացել է իր թիկնազորին և ոտքերով հարվածներ հասցրել գետնին ընկած Աբգարյանին[7][10][11]:

Դեպքի մասին լայն հասարակությանը հայտնի է դարձել միայն օրեր անց լրատվամիջոցների հրապարակումներից հետո[7][10][11]:

2016 թվականի հունվարի 9-ին shamshyan.com լրատվամիջոցում հոդված հրապարակվեց, որտեղ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց Մ.Գրիգորյանի կողմից Հ.Աբգարյանին ծեծի ենթարկելու լուրերը։ Նա մասնավորապես հայտարարեց, որ «Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հո թուրք չի՞, որ գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծեծել տա կամ ծեծի: Գեներալը բարձրացրել և պատրաստ է ձեռք բարձրացնել միայն ու միայն թուրքերի վրա»:[12] 2016 թվականին հունվարի 13-ին Աբգարյանը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի ծեծել[13]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Մանվել Գրիգորյանը բերման ենթարկվեց և ձերբակալվեց, ինչի մասին համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի անհապաղ տեղեկացվեց ՀՀ ԱԺ նախագահը[2]: Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգեց երկու ամսով[14]։ 20.12.2018թ. դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը 25 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանավայրից։ ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին 79 հրացան, ատրճանակներ, հակատանկային ականանետեր, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, 3 ավտոպարկ, վայրի կենդանիներ (արջեր, վագրեր, ջայլամներ), բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ[15] և նամակներ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 8 զավակ։ Որդիներից Կարեն Գրիգորյանը Վաղարշապատ քաղաքի նախկին քաղաքապետն է[16]։ Կինը ազատամարտիկ, ՀՀ բանակի գնդապետ Նազիկ Ամիրյանն է[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան — 2004. — 865 p.
  2. 2,0 2,1 16.06.2018 ՀՀ ԱԱԾ հաղորդագրություն
  3. «Հադրութի բնակչության գնահատականը Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)» 
  4. Մանվել Գրիգորյանը ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից
  5. 5,0 5,1 5,2 5,3 Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները:
  6. http://lurer.com/?p=156344&l=am
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Գեներալ Մանվելը կնոջ եւ երեխայի աչքի առաջ դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետին. ՉԻ:
  8. 8,0 8,1 «Եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը». Մանվել Գրիգորյան. «Հրապարակ»:
  9. 9,0 9,1 Էջմիածնում սխալ կայանած մեքենաների անիվները ծակում են:
  10. 10,0 10,1 10,2 10,3 Գեներալի հերթական «զոհը» նախկին քաղաքապետն է:
  11. 11,0 11,1 11,2 11,3 «ՉԻ». Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետին:
  12. Արդյո՞ք գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծել է տվել Էջմիածնի նախկին քաղաքապետին և ո՞ւմ վրա է նա պատրաստ ձեռք բարձրացնել:
  13. «Ինձ ոչ ոք ծեծի չի ենթարկել. Էջմիածնի նախկին քաղաքապետը գնացել է ոստիկանություն»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2018-02-10 
  14. «Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով»։ 17.08.2018 
  15. Armenian Public TV (2018-06-17), ԱԱԾ խուզարկության սենսացիոն մանրամասները, https://www.youtube.com/watch?v=aqwuHxq1yYM&t=2s, վերցված է 2018-06-17 
  16. «Քաղաքապետ » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք»։ ejmiatsin.am։ Վերցված է 2018-06-17 
  17. Մանվել Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել. «Ժողովուրդ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png