Նորա Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորա Սեդրակի Առուստամյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2018 դեկտեմբերի 9-ից[1]
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ լեզվաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1991(1991-09-26) (27 տարեկան)
Ծննդավայր Աշտարակ, Հայաստան
Հայր Սեդրակ Առուստամյան

Նորա Սեդրակի Առուստամյան (սեպտեմբերի 26, 1991(1991-09-26), Աշտարակ, Հայաստան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր (ԲՀԿ,ԲՀԿ խմբակցություն)[1]: Միջազգային խորհդարանական համագործակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 24-ին Աշտարակում, Հայաստանի Հանրապետություն:

  • 2012 թվականին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը, ստանալով «լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ-խորհրդատու» մասնագիտությունը:
  • 2014 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Միջազգայնագետ: 2012թ. վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում (Մեծ Բրիտանիա)։
  • 2014-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը:
  • 2017 թ. պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
  • 2018 թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ Արագածոտնի մարզի վարկանիշային ցուցակով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ կապված սկանդալը և Նորա Առուստամյանի պատգամավոր ընտրվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի են ունեցել ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրությունները, որին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: Արդյունքում ԱԺ-ն ստացել է 105 պատգամավոր[2], որոնցից 31 մանդատ ստացել է «Ծառուկյան» դաշինքը:

2017 թվականի մայիսի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորների մանդատ ստացած թեկնածուների, սակայն նիստն առանձնացավ նրանով, որ «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրած 23 թեկնածուներից 12-ը նոր դիմումներ էին ներկայացրել՝ պահանջելով չեղարկել հրաժարումի՝ իրենց չգրած դիմումն ու իրենց տալ մանդատները։ Այդ 12 պատգամավորների թվում էին՝ ՔԿՀ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդին, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, «Առաքելություն» կուսակցությունից՝ Մանուկ Սուքիասյանը, և ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանը[3]:

Այդ պատգամավորներից մեկը՝ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարել էր, որ նախքան ընտրությունները «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ստորագրել, որոնք էլ հետագայում ուղարկվել են ԿԸՀ: Արդյունքում ինքնաբացարկի դիմում ներկայացրած, այնուհետև դրանից հրաժարված 12 թեկնածուներից 4-ը մանդատ չստացան, քանի որ, ինչպես հետագայում հայտարարել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այդ 4 պատգամավորի ինքնաբացարկը չեղարկվել է, սակայն մանդատ չեն ստանում, քանի որ ուղղակի իրենց հերթը չի հասնում: Արդյունքում համապետական ցուցակով մանդատ ստացան Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Արթուր Մանուկյանը, տարածքային ցուցակով՝ Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը[3]։

Սակայն արդեն մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ մայիսի 3-ին ինքնաբացարկ դիմում ներկայացրած «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավոր՝ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը երկրորդ անգամ են ինքնաբացարկի դիմում ներկայացրել ԿԸՀ: Թե ինչու նրանք երկրորդ անգամ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին չի պարզաբանվել[4]: 2017 թվականի այդ երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին ԱԺ կանոնակարգի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա[5]: Մայիսի 31-ին ինքնաբացարկ ներկայացրած այդ երեք պատգամավորների փոխարեն մանդատներ ստացան ցուցակի հաջորդիվ պատգամավորները՝ Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանն ու Գևորգ Պետրոսյանը[6]:

Այդպիսով, Նորա Առուստամյան՝ որպես ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր ստանձնել է իր լիազորությունները 2017 թվականի մայիսի 30-ին՝ «Ծառուկյան» դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]:

Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, Նորա Առուստամյանի պատգամավոր ընտրվելու հարցը կարևոր է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար, քանի որ Առուստամյանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն և ընկեր Սեդրակ Առուստամյանի դուստրն է: Որոշ ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանն է անձամբ ստիպել Խաչիկ Մանուկյանին վայր դնել պատգամավորական մանդատը՝ հանուն Նորա Առուստամյանի[7]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]