Սոֆիա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիա Հովսեփյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 20, 1981(1981-04-20) (42 տարեկան)
Ծննդավայր Մեծ Մանթաշ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Սոֆիա Ազատի Հովսեփյան (ապրիլի 20, 1981(1981-04-20), Մեծ Մանթաշ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա Հովսեփյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։

2006 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի իրավաբանական հոգեբանության բաժինը։

2017 թվականին դարձել է նույն բուհի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ։

2007-2008 թվականներին եղել է «Հույսի կամուրջ» ՀԿ արտ թերապևտ, իսկ 2007-2018 թվականներին՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապևտ։

2007-2008 թվականներին եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող։

2008 թվականից էլ եղել է «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ։

Սոֆիա Հովսեփյանը 2009-2013 թվականներին եղել է «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Առողջ ապրելակերպ» ծրագրի դասավանդող մասնագետ, իսկ 2010-2011 թվականներին՝ «Փրկենք երեխաներին» ՀԿ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող։

2015 թվականին դարձել է «Հույս և օգնություն» ՀԿ «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան և խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց» ծրագրերի սեմինարավար։

2013-2015 թվականներին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ «Ներառական կրթության դժվարությունները և պատճառները» ծրագրի փորձագետ։

2013-2018 թվականներին եղել է «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ ներառական կրթության վերապատրաստող մասնագետ, իսկ 2015-2018 թվականներին՝ Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի դասընթացավար, խորհրդատու։

2016-2018 թվականներին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ վերապատրաստող մասնագետ։ 2016-2018 թվականներին «Հույսի կամուրջ» ՀԿ «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող։

2018 թվականից դարձել է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս։

2018-2019 թվականներին դարձել է Շիրակի մարզպետի տեղակալ։

2004-2007 թվականներին եղել է «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային կազմակերպության հոգեբան։

Սոֆիա Հովսեփյանը 2005-2011 թվականներին եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ուսուցանող։ Նա 2006-2011 թվականներին նաև եղել է «Հոգեբանների ակումբ»-ի անդամ, իսկ 2008-2011 թվականներին՝ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ գործող անդամ։

2009-2017 թվականներին ՀՀ դպրոցներում եղել է «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ։ 2009 թվականին՝ «Ճանաչիր քո երկիրը», 2011 թվականին՝ «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնությունների հիմնադիր անդամ։

2010 թվականին դարձել է «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», 2014 թվականին՝ «Ոչ թալանին» (Էլեկտրիկ Երևան), «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», 2015թ.՝ «Ապրանքներ անմիջապես գյուղերից», 2016թ.՝ «Աջակցություն թիկունքից առաջնագիծ», «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնությունների հիմնադիր անդամ, համակարգող։ Սոֆիա Հովսեփյանը 2014 թվականին դարձել է «Դեմ եմ» շարժման կրթության հարցերի համակարգող, իսկ 2016 թվականին՝ Կողբ և Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» և «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող։

2017 թվականի նա դարձել է «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր է «Իմ քայլը» կուսակցությունների թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ «Խաղանք և սովորենք», «Համընդհանուր ներառում» ուսումնաօժանդակ ձեռնարկների և մի շարք հոդվածների հեղինակ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.