Կորյուն Մկրտչյան
Կորյուն Լևոնի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | 1977 թվականի մարտի 7 |
Ծննդավայր | Երևանում |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ-կիբեռնետիկ, գինու փորձագետ, սոմելիե |
Աշխատանք | տնտեսագետ-կիբեռնետիկ, պատգամավոր |
Աշխատատու | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կորյուն Մկրտչյան (մարտի 7, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ-կիբեռնետիկ[2]։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականի մարտի 7-ին Երևանում։
Միչև 1998 թվականին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտական կիբեռնետիկայի բաժինում, 2001 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ բաժնի ասպիրանտուրան։ 2013 թվականին՝ Մոսկվայի «Էնոտրիա» գինու դպրոցը։ 2013 թվականին՝ «Ռեստորատորի Մոսկվայի տուն» բիզնես դպրոցը։ 2017 թվականին` ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։
Կիպրոսի մենեջմենթի միջազգային ինստիտուտի (CIIM) «Տնտեսական դեռեգուլյացիա և բաց շուկաներ» թեմայով երիտասարդ ղեկավարների համար նախատեսված Կիպրոսի կառավարության (2000 թվական, Նիկոսիա), ԵԽ և ԵՄ «Քաղաքացիական հասարակության առաջնորդների ցանց» (2009 թվական, Օդեսա) ծրագրերի մասնակից, վերապատրաստում է անցել Ֆրանսիայի «Ժարալդին» գինու և գաստրոնոմիայի ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Միշել Գարներոյի դասարանում (2013 թվական, Ֆրանսիա)։
1998-1999 թվականներին աշխատել է որպես «Ինեկոբանկ» ՓԲԸ ներդրումների վարչության տնտեսագետ, իսկ 1999-2001 թվականներին՝ «Հայներարտբանկ» ՓԲԸ ներդրումների և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ։ 2002-2004 թվականներին զբաղվել է գործարարությամբ։ 2004-2005 թվականներին ղեկավարել է «Երևանի Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ վերահսկողության ծառայության բաժինը։ 2005-2008 թվականներին՝ Քաղաքացիական և հասարակական զարգացման հիմնադրամի ծրագրերի բաժինը։ 2008-2012 թվականներին՝ «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ (Ernst & Young-EY) ադմինիստրատիվ և ֆինանսական բաժինը։ 2012-2013 թվականներին՝ Մոսկվայի «Արտվայն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։ 2013-2018 թվականներին՝ «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ ստրատեգիայի և զարգացման գծով տնօրեն, բիզնես խորհրդատվական ծառայությունների ղեկավար։ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից միչև 2019 թվականի հունվարի 10-ը աշխատել է Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում որպես պետի խորհրդական։
Կորյուն Մկրտչյանը բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (2008 թվական) և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2009 թվական) հայկական մասնաճյուղերի պատվավոր դոկտոր է և անդամակցում է բնական գիտությունների եվրոպական ակադեմիային (2009 թվական, Հանովեր, Գերմանիա), Հայաստանի երիտասարդ գինեգործների միությանը (2012 թվական), Ռուսաստանի սոմելիեների միությանը (2013 թվական) և Հայաստանի երիտասարդ գործարարների միությանը (2016 թվական)։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ։