Անդրանիկ Կարապետյան (պատգամավոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Կարապետյան | ||
| ||
---|---|---|
2017 ապրիլի 2-ից | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1983 (37 տարեկան) | |
Հայր | Կարապետ Կարապետյան |
Անդրանիկ Կարապետի Կարապետյան (ապրիլի 6, 1983), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[1]: Անկուսակցական է, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի ապրիլի 6-ին[1]:
Եղել է «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը[3]:
2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 6 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակով (Արմավիրի մարզ)[4]: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]:
«Ազդարարման համակարգի մասին» օրինագծի վերաբերյալ ելույթի հետ կապված սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԶԼՄ-ների և հասարակության լայն քննարկման և քննադատման առարկա դարձավ Ազգային Ժողովում Անդրանիկ Կարապետյանի 2017 թվականի հունիսի 7-ի ելույթը՝ նվիրված «Ազդարարման համակարգի մասին» օրինագծի ընդունմանը: Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, որի օրինագիծը ՀՀ Ազգային Ժողովին է առաջարկել ՀՀ կառավարությունը: Օրինագծով առաջարկվում է քաղաքացիներին հաղորդել իրենց հայտնի դարձած կոռուպցիայի մասին փաստերը և օրենքի ներքո պաշտպանել այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին: Կարապետյանը օրինագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր[5][6].
![]() |
Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում: Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի: Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ: Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա:
Ուրեմն, նախ՝ ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք: Ուրեմն, ի՞նչ է ասում ներքին ազդարարը... ազդարարի մասին ինչ է ասում դա: Տեսեք. ասում ա՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատող կամ աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև: Այսօր մենք հայ ենք: Բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինստիտուտը, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա: Եթե չի աշխատի՝ ապա ինչո՞ւ ենք մենք ուզում ընդունել այս օրենքի նախագիծը: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք: Եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա: էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարներ խրախուսել ու սերմանել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Թերևս այսքանը: Եկեք հայ մնանք: Շնորհակալ եմ[7]: |
![]() |
Այդ ելույթին կոշտ պատասխան տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հակադարձեց.
![]() |
Ես կարծում եմ, որ մեզ համար պետք է լինի կոնսենսուս, որ մենք ընդհանրապես թույլ չտանք, որ էս ամբիոններից հնչեն ելույթներ և խոսքեր, որոն պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով Հայաստանի Հանրապետության տեր և տնօրեն: Եվ ես ձեզ ասեմ պատասխանատու կերպով, որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, որ այդ «գործ տալու» մասին ազդարարողները իրենք սահմանված ժամանակ և ձևերում վազում և շատ ակտիվ «գործ են տալիս» իրենց իսկ տրամաբանության սահմաններում ստեր գրելով և մարդկանց նկատմամբ զրպարտագրեր և ամենավատ բաները անելով, հենց էդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, հենց էդ գողականները, ովքեր միֆ են ստեղծել: Իմ համոզմունքը հետևյալն է, որ չակերտավոր գործ տվողների դեմ պայքարողներն ամենամեծ գործ տվողներն են: Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր[8][9]: | ![]() |
Ելույթը քննադատության առարկա դառնալուց հետո՝ հունիսի 8-ին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հերթին փորձեց արդարացնել Կարրապետյանին.
![]() |
Նկատի ուներ, որ դա ի չարս չօգտագործվի: Մի քիչ երևի մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց: Իրականում մենք օրենքին կողմ ենք եղել և հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը մեր օրակարգի մեջ էլ է եղել... Այստեղ գործ տալու հարցը չէ, եթե իրական հանցանք կա, դա ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևով պետք է կոծկել, այլ բարձրաձայնել[10]: | ![]() |
2017 թվականի հունիսի 8-ին Կարապետյանի ելույթին արձագանքեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիա կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը.
![]() |
Ամոթալի է և պատվաբեր չէ, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը նման երևույթ է ունենում։ Ազդարարներն այն անձիք են, որոնք հայտնում են կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ տեղեկացնում են իրավապահ մարմիններին և հանրությանը, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Նրանք «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։ Պետությունը և հասարակությունը պետք է սատար կանգնի նրանց[11]: | ![]() |
Հատկանշական է, որ «Ազդարարման համակարգի մասին» օրինագծի վերաբերյալ դեմ ելույթ ունեցած Կարապետյանը 2017 թվականի հունիսի 8-ին՝ օրինագծի առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այդ նախագծին, իսկ հունիսի 9-ին՝ երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ նիստից բացակայել է[4][12]:
Համաձայն որոշ աղբյուրների, Կարապետյանի ելույթից հետո Դաշնակցությունը խզել է կապերը սեփական պատգամավորի հետ, Ազգային Ժողովում «իրենց սենյակներից էլ հեռու մի սենյակ» ուղարկել[13]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է[14]: Ունի մեկ դուստր։
Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորն է Մանվել Գրիգորյանը[15]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Անդրանիկ Կարապետյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ «ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-13-ին։ Վերցված է 2017-06-15
- ↑ Ովքե՞ր են նորընտիր տարածքային թեկնածուները
- ↑ 4,0 4,1 Ամբողջությամբ ընդունված հարցեր
- ↑ «Ազդարարի մասին» նախագիծը «գործ տալու» ինստիտուտ է. ՀՅԴ խմբակցության պատգամավոր
- ↑ ՀՅԴ պատգամավորն առաջարկեց «գործ չտալ» և «հայ մնալ»
- ↑ «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը
- ↑ Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր
- ↑ Փաշինյանը ԱԺ-ում իրեն զգում է՝ ինչպես «Կոշ» քրեակատարողականում եւ խոսում գործ տվողների մասին
- ↑ Մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց. Արմեն Ռուստամյանը՝ Անդրանիկ Կարապետյանի հայտարարության մասին
- ↑ Ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներ են․ Կարեն Զադոյանը՝ պատգամավորին
- ↑ «Գործ տալու» օրենքի նախագծի խոսեց դեմ, քվեարկեց կողմ. Անդրանիկ Կարապետյանի քվեարկությունը՝ լուսանկարով
- ↑ ՀՀԿ-ի հավատը, Ծառուկյանի ծանր հրետանին, անխոնջ ՀՅԴ-ն ու անհանգիստ Ելքը
- ↑ Ովքեր են նոր Խորհրդարանի երիտասարդ պատգամավորները
- ↑ [1]