Գործ տալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործ տալ, ժամանակակից Հայաստանում քրեամերձ, կիսաքրեական և բուն քրեական տարրերի մոտ տարածված ժարգոնային արտահայտություն, որը արհամարհական երանգներով նկարագրում է քաղաքացուն հայտնի դարձած ենթադրյալ իրավախախտման փաստի մասին քննչական մարմիններին տեղեկություն տրամադրելու գործընթացը։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումարը իր ծոցագրպանի մեջ տեղավորող կաշառակեր քաղաքացուն պատկերող լուսանկար

Հավանաբար, եզրը ծագում է գողական օրենքից, որի կանոնները պարտավոր են կատարել այդ օրենք շրջանակում «ճշտով» ապրող մարդիկ։ 1930-ականներին ԽՍՀՄ-ում կոլեկտիվացման և սովի պատճառով մեծ թափ առած և տարածված հանցավոր տարրերի և հանցավոր խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման պատճառով հանցավոր խմբերը սկսել են համախմբվել ավելի կազմակերպված միությունների։ Հանցավոր աշխարհին միաձուլող հիմնական ուժն էր իշխանության դեմ ոչ քաղաքական հակազդման և չենթարկվելու տենդենցը։ Իսկ այդ հակազդման էլիտան են դարձել «օրենքով գողերը», որոնք ինքները իրենց անվանում էին մինչխորհրդային Ռուսաստանի հանցավոր ավանդույթների պահապանները[1]։ Գողական օրենքի հիմնական դրույթներից մեկն է՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության անթույլատրելիությունը։ Ժամանակի ընթացքում գողական աշխարհից ծագող որոշ եզրույթներ և արտահայտություններ դարձել են հանրության լայն շրջանակների ուշադրության առարկա, աստիճանաբար մաս կազմելով այդ հանրության քրեամերձ, կիսաքրեական տարրերի բառապաշարի, պահվածքի և մտածելակերպի մի մաս։ Նման իրադրությունը բնորոոշ էր Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետությունների բնակչությանը, շարունակություն գտնելով նաև 1990-ականներին անկախացած որոշ հանրապետությունների բնակչության մի մասի մոտ։

Նման քրեամերձ, կիսաքրեական, ինչպես նաև բուն քրեական տարրերի մոտ «գործ տալը», այսինքն՝ հանցագործության մասին պետական մարմիններին իրազեկելը, համարվում էր ամոթալի մի բան, իսկ «գործ տվողը»՝ իրազեկ քաղաքացին (եթե հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, ապա՝ ուղղակի պետության հետ համագործակցող քրեական տարրը) համարվում էր «գողական ընտանիքի» դավաճանը և ենթակա էր պատժի։

Բառի կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործ տալ» արտահայտությունը և դրա հետ կապված երևույթները Հայաստանի հասարակության հանրային քննարկման առարկա են դարձել 2017 թվականի հունիսի 7-ին, երբ նորընտիր Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցության նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ելույթ է ունեցել՝ նվիրված Ազգային Ժողովում «Ազդարարման համակարգի մասին» օրինագծին։ Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, որի օրինագիծը Հայաստանի Ազգային Ժողովին է առաջարկել Հայաստանի կառավարությունը։ Օրինագծով առաջարկվում էր քաղաքացիներին հաղորդել իրենց հայտնի դարձած կոռուպցիայի մասին փաստերը և օրենքի ներքո պաշտպանել այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին։ Կարապետյանը օրինագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր[2][3]։ Կարապետյանը օրինագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր[2][3].

Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում։ Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի։ Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ։ Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա։

Ուրեմն, նախ՝ ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք։ Ուրեմն, ի՞նչ է ասում ներքին ազդարարը... ազդարարի մասին ինչ է ասում դա։ Տեսեք. ասում ա՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատող կամ աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ։ Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև։ Այսօր մենք հայ ենք։ Բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են։ Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինստիտուտը, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա։ Եթե չի աշխատի՝ ապա ինչո՞ւ ենք մենք ուզում ընդունել այս օրենքի նախագիծը։ Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է։ Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք։ Եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա։ էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարներ խրախուսել ու սերմանել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի։ Թերևս այսքանը։ Եկեք հայ մնանք։ Շնորհակալ եմ[4]։

Այդ ելույթը քննադատության մեծ ալիք բարձրացրեց, արժանանալով քննադատության ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի[5][6], Իրավաբանների հայկական ասոցիացիա կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանի[7] և այլ գործիչների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Роулинсон П. Российская организованная преступность: краткая история // Российская организованная преступность: новая угроза? М., 2000. С. 75.
  2. 2,0 2,1 «Ազդարարի մասին» նախագիծը «գործ տալու» ինստիտուտ է. ՀՅԴ խմբակցության պատգամավոր
  3. 3,0 3,1 Ի՞նչ ասել է՝ «գործ տալ», էդ բառն ընդհանրապես հարկավոր է լեքսիկոնից հանել - Հրապարակ
  4. «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը
  5. «Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  6. Փաշինյանը ԱԺ-ում իրեն զգում է՝ ինչպես «Կոշ» քրեակատարողականում եւ խոսում գործ տվողների մասին
  7. Ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներ են․ Կարեն Զադոյանը՝ պատգամավորին