Jump to content

Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրում, տեղի է ունեցել 1993 թվականի մարտին։

Մարտական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողությունն իրականացրել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը, օժանդակել են Մեհմանա-Կուսապատ ճանապարհների խաչմերուկում տեղակայված 1-ին և 2-րդ գումարտակները, իսկ Հաթերքի ուղղությունից՝ 4-րդ ՊՇ ստորաբաժանումները։

Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հիդրոհանգույցի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով այնտեղ էր կենտրոնացրել իր զինուժի ճնշող մասը և համալրել զինտեխնիկայով։ Նպատակ ունենալով կանխարգելել ղարաբաղյան զինուժի տեխնիկայի առաջխաղացումը՝ հակառակորդը պայթեցրել և ականապատել էր դեպի հիդրոհանգույց տանող բոլուր ճանապարհները։ Ղարաբաղյան զինուժի հրամանատարությունը վճռել է հակառակորդին անակնկալ հարված հասցնել թիկունքից։ Այդ առաջադրանքն իրականացրել է 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Ղազարյանը, որը մի խումբ ազատամարտիկների հետ աննկատ շրջանցել է հակառակորդի դիրքերը և հանկարծակի գրոհել թշնամու վրա։ Միաժամանակյա համաձայնեցված հարձակումը ճակատից և թիկունքից հանկարծակիի է բերել թշնամուն, գրկել հրամանատարությանը գործողությունները վերահսկելու հնարավորությունից, հակառակորդի զինվորների մեջ խուճապ առաջացրել։ Պաշտպանությունը ճեղքվել է, ղարաբաղյան ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սարսանգի հիդրոհանգույցը։ Մարտադաշտում կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ՝ հակառակորդը զիջել է դիրքերը և սկսել նահանջել։

Սարսանգի ուղղությամբ գործող Կենտրոնական ՊՇ-ին մարտի 1-ին փոխարինել է կամավորականներից կազմված մի ստվար ջոկատ, ադրբեջանական հրամանատարությունը, օգտվելով ջոկատի անփորձությունից, անցել է հակահարձակման և վերագրավել Սարսանգի հիդրոհանգույցը վերահսկող հայկական զորքերի դիրքերը։

Արցախի ղեկավարությունը, գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը, մարտի 4-ին Ստեփանակերտից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխել նոր ուժեր։

Ըստ մշակված հակահարձակման օպերատիվ պլանի՝ հիդրոհանգույցի վերագրավման ռազմական գործողությունը հաշված ժամերի ընթացքում իրականացրել են կենտրոնական ՊՇ-ի հետախույզները, և ղարաբաղյան ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Սարսանգի հիդրոհանգույցի դիրքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։