Քրեական գործի հարուցման փուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրեական գործի հարուցման փուլ, քրեական դատավարության ընդհանուր խնդիրների լուծում, որոնք ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածում։ Քրեական գործի հարուցման փուլի նշանակությունն այն է, որ հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները հանցագործությունները և հանցագործին բացահայտելու համար, իսկ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքների առկայության դեպքում որոշում կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Քրեական գործի հարուցման փուլը ներառում է՝

  • հարուցման նախապատրաստում,
  • բուն հարուցում։

Քրեական գործի հարուցման նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի՝ Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։ Քրեական գործի հարուցման նախապատրաստման ընթացքում կարող են կատարվել Նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և եթե այդպիսիք կատարվել են սահմանված կարգով, ապա ձեռք բերված տվյալները կարող են դիտվել որպես ապացույցներ։

Քրեական գործի հարուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերը նշված միջոցառումներից հետո ընդունվում է պատճառաբանված որոշում քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին։ Այսպիսով՝ քրեական գործի հարուցումը համարվում է անհրաժեշտ պայման, որպեսզի կարողանան քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձին։ Քրեական գործի հարուցումը իրավական հիմք է հանդիսանում, որպեսզի կատարվեն օրենքով նախատեսված քննչական գործողությունները և կիրառվեն դատավարական հարկադրանքի միջոցները։

Ինչպես քրեական գործի անհիմն հարուցումը, այնպես էլ անհիմն մերժումը դիտվում են որպես օրինականության կոպիտ խախտումներ։ Քրեական գործի հարուցումից պետք է տարբերել քրեական հետապնդում հասկացությունը։ Քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, այն դատավարության փուլ է, իսկ ահա քրեական հետապնդումը իրականացվում է անձի նկատմամբ. այն դատավարական մեղադրական գործառույթ է։ Քրեական հետապնդումը սկսվում է այն ժամանակ, երբ ունենում ենք կասկածյալի կամ մեղադրյալի ֆիգուրա։