Հետախուզություն
Հետախուզություն, թշնամու զորքերի (կամ մրցակցի) վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության և այլնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջությունը, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու, իր անվտանգությունն ապահովելու և նրա նկատմամբ առավելության հասնելու համար ռազմական ուժերի, ռազմական գործողությունների, քաղաքականության կամ տնտեսության բնագավառում։ Կազմակերպում է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորատեսակների հրամանատարությունը։ Հետախուզության միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարության միջոցների և ռազմական գործողությունների փոփոխման հետ։ Դրանց կատարելագործման համեմատ հետախուզության նշանակությունը անընդհատ մեծացել է։
Հետախուզությունը կարող է օգտագործել ինֆորմացիայի հավաքման ինչպես օրինական (օրինակ՝ բաց աղբյուրների տվյալների հավաքում և վերլուծություն, արտասահմանյան ռադիոկայանների ունկնդրում, հետախուզական արբանյակների օգնությամբ հետևում), այնպես էլ անօրինական միջոցներ, որոնք վերաբերում են «լրտեսության» և «ինֆորմացիայի գողության» ոլորտներին։
Թշնամու հետախուզության դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն։
Ըստ տարածական սկզբունքի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաքին հետախուզություն – տվյալների հավաքում արտասահմանյան երկրների և այն մասին, թե ինչ է տեղի ունենում նրանց տարածքներում,
- Ներքին հետախուզություն – սեփական երկրում հանցագործ գործունեության վերաբերյալ մասին տեղեկությունների հավաքում (անգլ.՝ domestic intelligence, անգլ.՝ criminal intelligence)։
Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռազմական հետախուզություն – գործող կամ հավանական հակառակորդի, նրա ռազմական ռեսուրսների, մարտական հնարավորությունների և խոցելիության, ինչպես նաև ռազմական գործողությունների թատերաբեմի մասին տվյալների ստացման և մշակման միջոցառումների համալիր: Այն բաժանվում է մարտավարական հետախուզության, որը ներառում է նաև ինժեներական հետախուզությունը, և ռազմավարական հետախուզության,
- Քաղաքական հետախուզություն – գործունեություն, որն ուղղված է օտարերկրյա պետության ներքին և արտաքին քաղաքականության մասին տեղեկություններ ստանալուն,
- Տնտեսական հետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտներն են արդյունաբերությունը, տրանսպորտը, առևտուրը, ֆինանսական և դրամավարկային համակարգերը, բնական ռեսուրսները և այլն,
- Արդյունաբերական լրտեսություն,
- Գիտատեխնիկական հետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտ են հանդիսանում օտարերկրյա պետությունների գիտատեխնիկական հիմնարկները և գիտատեխնիկական ներուժը,
- Գործարարական հետախուզություն,
- Արտաքին հակահետախուզություն – արտաքին հետախուզության տեսակ, որի օբյեկտներն են օտարերկրյա պետությունների հետախուզական ծառայությունները, դրանց գործունեության մասին տեղեկություններ կորզելը,
- Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և արտասահմանում նախապատրաստվող պետական հեղաշրջումների (սեփական երկրում) մասին տեղեկությունների ձեռքբերում,
- Միջազգային կազմակերպված հանցավորության մասին տեղեկությունների ձեռքբերում:
Ըստ օգտագործված միջոցների[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զորային հետախուզությունն իրականացվում է ռազմական գործողությունների ժամանակ հետախուզական ստորաբաժանումների, օգտագործվում են դիտակայանները, հետախուզական պարեկախմբերը, հետախուզական ջոկատները, հետախուզական խմբերը, որոնումներ, դարանակալում իրականացնող խմբերը, մարտի հետախուզում իրականացնող ստորաբաժանումներ, օգտագործվում է տեղի բնակիչների հարցումը, գերիների և փախչողների հարցաքննությունը, հակառակորդից զավթված փաստաթղթերի, տեխնիկայի և սպառազինության ուսումնասիրությունը,
- Գործակալական հետախուզությունը ներառում է հետախուզական մարմինների գործողությունները, որոնք ուղղված ենհակառակորդի մասին անհրաժեշտ տեղեկություններ կորզելու հատուկ միջոցների և գործակալների միջոցով,
- Տիեզերական հետախուզությունն արտասահմանյան բանակներում իրականացվում է Երկրի արհեստական արբանյակների (հետախուզական և օդերևութաբանական) միջոցով և համարվում է հետախուզության ռազմավարական և օպերատիվ մասշտաբի միջոց,
- Օդային հետախուզությունն իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով,
- Նավային հետախուզությունը կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկական միջոցներով,
- Ռադիոէլեկտրոնային հետախուզությունը ներառում է ինչպես բանակցությունների գրավումը՝ ռադիոհետախուզությունը, այնպես էլ կապի համակարգերի գրավումը տեխնիկական համակարգերի միջև և ռադիոճառագայթման աղբյուրների հայտնաբերումը՝ ռադիոտեխնիկական հետախուզություն,
- Կիբեռլրտեսություն։
Նշվում է նաև բաց աղբյուրների հիման վրա կատարվող հետախուզության մասին։ Այն իրականացվում է ոչ միայն հատուկ հետախուզական ծառայությունների, այլև պետական ու ոչ պետական այլ կազմակերպությունների կողմից։
Հետախուզական տեղեկատվության հավաքում և հետախուզական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետախուզական ցիկլը ներառում է՝
- Հետախուզական տեղեկատվության հավաքում,
- Ստացված տեղեկությունների ստուգում,
- Հետախուզական տեղեկատվության վերլուծություն։
- եզրակացությունների հասցնում շահագրգիռ ատյաններին:
ԱՄՆ-ում ընդունված է առանձնացնել հետախուզական ցիկլի հետևյալ տարրերը՝ տեղեկություններ հավաքման ցուցում, տեղեկատվության հավաքագրում, մշակում, տարածում և օգտագործում:
Հետախուզական գործունեությունը ներառում է տեղեկատվության հավաքումը, նրա արժանահավատության գնահատումը և առանձին փաստերի միավորումն ընդհանուր պատկերի մեջ: Վերլուծաբանները գնահատում և ինտեգրում են տեղեկատվությունը, մեկնաբանում դրա նշանակությունն ու նշանակալիությունը։ Ընդ որում, մեծ նշանակություն ունի ստացված տեղեկատվության արժանահավատության գնահատումը։ Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախուզությունը ստացված տեղեկատվության արժանահավատությունը գնահատել է A1-ից մինչև D5 տառերի և թվերի համակարգի միջոցով: Տառով նշվել է աղբյուրի հուսալիությունը, թվանշանով՝ իրականությանը տեղեկատվության համապատասխանության աստիճանը։ Այսպես, օրինակ, եթե գործակալը, որն աշխատում է հոսպիտալում, հայտնում է սպանվածների ու վիրավորների թվի մասին, ապա այդ ինֆորացիան նշվում է A տառով, իսկ եթե նա պատմում է որևէ նավի վնասվելու մասին, ապա այն ստանում է C տառը: Օդային հետախուզության լուսանկարները միշտ չէ, որ գնահատվել են ամենաբարձր գնահատականով, քանի որ այստեղ հնարավոր էին լուսանկարների ապակոդավորիչների սխալները: Այս տեղեկատվությունը կարող է ունենալ A2, B1 և ավելի ցածր գնահատականներ: Ընդ որում, ռադիոգրերի, հեռագրերի կամ հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ ստացված տեղեկատվությունը հաճախ գնահատվում է ամենաբարձր գնահատականով, սակայն հակառակորդը կարող է տեղեկատվություն տրամադրել հատուկ՝ իմանալով, որ նրա գաղտնագրերը հայտնի են կամ որ նրա հաղորդագրությունները հայտնվում են հակառակորդի մոտ:
ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Վ. Պլեթն իր «Ռազմավարական հետախուզության տեղեկատվական աշխատանքը» գրքում գրում է, որ փաստն ինքնին ոչինչ չարժե: Այն պետք է ներգրավվի համակարգում։ Վ. Պլեթը ներկայացնում է հետևյալ օրինակը. ահա մենք իմանում ենք, որ ԽՍՀՄ-ում տարեկան ինժեների որակավորում է ստանում 10 հազար մարդ, բայց այդ փաստն ինքնին ոչինչ չարժե, քանի որ հայտնի չէ, թե կոնկրետ քանի ինժեներ է անհրաժեշտ, ինչ չափով են նրանք օգտագործվում ռազմական գործում, քանի մարդ է ինժեների որակավորում ստանում ԱՄՆ-ում: Իսկ երբ այդ փաստը դրվում է իր նման մյուսների փաստերի համակարգում, միայն այդ ժամանակ է այն դառնում ինչ-որ հարցի պատասխան[1]։
Հավաքված տեղեկատվության տարրերը զգալիորեն տարբերվում են ճշգրտությամբ և ամբողջականությամբ: Բացի այդ, որքան էլ հավաստի լինեն հետախուզական տվյալները, դրանք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, ուստի դրանք պետք է պարբերաբար ստուգվեն և թարմացվեն։
Հետախուզությունը մեծ դժվարությունների է բախվում նույնիսկ խաղաղ ժամանակ տեղեկատվություն ստանալու ժամանակ։ Այսպես, վստահություն առաջացնող տեղեկատվության աղբյուրը կարող է սխալվել կամ միտումնավոր ապատեղեկատվություն հաղորդել։ Բռնապետական ռեժիմները հազվադեպ են թույլ տալիս բաց մամուլում իրենց երկրների մասին հավաստի և ամբողջական վիճակագրական տվյալների հայտնվելը, նման ռեժիմներով երկրներում հրապարակվող բոլոր նյութերը գրաքննության են ենթարկվում և հաճախ միտումնավոր խեղաթյուրված տեղեկություններ են պարունակում: Նման երկրների ամբողջական շրջաններփակ են լինում այցելության համար։ Ոչ ժողովրդավարական երկրներում զինված ուժերին վերաբերող գրեթե ցանկացած հարց համարվում է պետական գաղտնիք։
Այլ երկրներում հիմնական դժվարությունները կարող են լինել լեզվական արգելքը և հուսալի քարտեզների բացակայությունը։
Պատերազմի ժամանակ ավելի դժվար է ժամանակին հավաստի տեղեկություններ ստանալ հակառակորդի մասին։ Օդային և ցամաքային հետախուզությունը մարտական գործողությունների ժամանակ կարող է դժվար լինել հակառակորդի կողմից հակազդեցության կամ բարդ եղանակային պայմանների պատճառով: Անբարյացակամ տրամադրված տեղացիները կարող են ոչ հավաստի տեղեկություններ տալ կամ հրաժարվել տեղեկատվություն տալուց։ Ռադիոգրավումը կանխելու համար հակառակորդը կարող է օգտագործել բարդ կոդեր կամ ընդհանրապես արգելել իր ռադիոկայանների աշխատանքը (ռադիոլռության)։ Բացի այդ, հակառակորդը կարող է կիրառել քողարկում և ապատեղեկատվություն։
Դրա հետևանքով, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ, հակառակորդի մասին տեղեկությունները հաճախ լինում են սուղ, հատվածական, անհուսալի և հակասական։ Դրա համար անհրաժեշտ է հետախուզական միջոցառումների մանրակրկիտ պլանավորում և տեղեկատվության հնարավորինս մեծ թվով անկախ աղբյուրների օգտագործում։
Հետախույզի իրավաբանական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից ցանկացած անձ, որը հակառակ կողմի վերահսկողության տակ է հայտնվում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ (հակառակորդի քաղաքացիական հագուստով կամ համազգեստով), ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք չունի, և նրա հետ կարող են վարվել որպես լրտեսի, այսինքն՝ նրան կարող են ենթարկել քրեական հետապնդման:
Սակայն, եթե հետախույզը, որը հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի զինծառայող է, ժողովրդական աշխարհազորի անդամ կամ պարտիզանական շարժման մասնակից և հավաքում կամ փորձում է տեղեկատվություն հավաքել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, կրում է համապատասխան համազգեստ կամ ունի տարբերանշաններ, ապա նա ճանաչվում է որպես կոմբատանտ և գերի ընկնելու դեպքում ունի ռազմագերու կարգավիճակ:
Հակամարտության մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից այն անձը, որը չի բնակվում հակառակ կողմից գրավված տարածքում, և որն զբաղվում է այդ տարածքում լրտեսությամբ, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տարածքը բռնազավթվել է մինչև այն, երբ այն կրկին միանում է այն զինված ուժերին, որոնց այն պատկանում է:
Համապատասխանաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից հետախույզներ կարող են համարվել միայն ճակատային հետախույզները (հետախուզական-դիվերսիոն խմբերի անդամները), որոնք կրում են իրենց զինված ուժերի համազգեստը։ Բոլոր գործակալական հետախույզները, ըստ սահմանման, լրտեսներ են և ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Горбовский А., Семенов Ю. Без единого выстрела: Из истории российской военной разведки. — М.: Молодая гвардия, 1984. — 368 с.
- Леверкюн П. Германская военная разведка. Шпионаж, диверсии, контрразведка. — Минск: ФУИнформ, 2010. — 408 с.
- Кокарев К. А. Советские спецслужбы и Восток // Азия и Африка сегодня. — 2014, № 5, с. 77.
- Дегтярев К., Колпакиди А. Внешняя разведка СССР. — М.: Яуза, Эксмо, 2009. — 736 с. — (Энциклопедия спецслужб). — 4000 экз. — ISBN 978-5-699-34180-1
- Густерин П. У истоков советской разведки на Востоке // Азия и Африка сегодня. — 2012. — № 3 (656).
- Павел Густерин. Советская разведка на Ближнем и Среднем Востоке в 1920—30-х годах. — Саарбрюккен, 2014. — ISBN 978-3-659-51691-7.
- Долгополов Н. Гении внешней разведки. — М.: Молодая гвардия, 2004.
- Млечин Л. Служба внешней разведки. — М.: Эксмо, Яуза, 2004.
- Филби К. Моя тайная война. — М: Воениздат, 1980.
- Даллес А. Искусство разведки. — М.: Междунар. отношения — МП «Улисс», 1992.
- Черняк Е. Б. Пять столетий тайной войны. Из истории секретной дипломатии и разведки. — М.: Международные отношения, 1991.
- Роуан Р. У. Очерки секретной службы. Из истории разведки. — М.: Воениздат, 1946.
- Дроздов Ю. Записки начальника нелегальной разведки. — М.: Олма-Пресс, 2000.
- Колвин И., Пинто О., Захариас Э. Секретные миссии. — М.: Воениздат, 1964.
- Чехович А. Семь трудных лет. Воспоминания. — М.: Воениздат, 1975.
- Эйджи Ф. За кулисами ЦРУ. — М.: Воениздат, 1978.
- Аграновский В. Профессия — иностранец. — М.: Вагриус, 2000 ISBN 5-264-00248-7, ISBN 978-5-264-00248-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Статья «Военная разведка» в энциклопедии «Кругосвет»
- Н.Батюшкин Тайная военная разведка и борьба с ней. София, 1939 г.
- И.Дамаскин.100 великих разведчиков
- РСБ-Портал: Разведка, сыск, безопасность
- Кондратьев А. Е., Затуливетер Ю. С., Облачное будущее по-американски Информатизация на службе в разведке.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 371)։ ![]() |
|