Զինված ուժեր
Զինված ուժերը (ԶՈւ), պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ[1][2]։ Զինված ուժերը օգտագործվել են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զավթելու, գաղութային ժողովուրդներ ստրկացնելու և հարստահարելու միջոց, նաև արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն[1][3]։ Հաճախ «զինված ուժեր» տերմինի փոխարեն լայն իմաստով կիրառվում է «բանակ» տերմինը։ Օրինակ՝ Չինաստանի զինված ուժերը կոչվում են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակ։ Խորհրդային Միության զինված ուժերը կոչվում էին պարզապես Կարմիր բանակ, իսկ 20-րդ դարի կեսից՝ ավելի հաճախ և պաշտոնապես՝ Խորհրդային բանակ։ Սակայն բանակը նեղ իմաստով նշանակում է ընդամենը ցամաքային զորքեր։ Իսկ առավել նեղ նշանակությամբ «բանակ» տերմինը նշանակում է մի քանի կորպուսից կամ դիվիզիաներից, բրիգադներից բաղկացած զորային միավորում։
Զինված ուժերի ֆինանսավորումը և ենթարկումը երկրի իշխանություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Որևէ պետության զինված ուժերը կառավարության (պետական իշխանության) կողմից ֆինանսավորվող մարտական ուժերի և ռազմական հաստատությունների ու կազմակերպությունների ամբողջություն են։ Ուստի նրանք կատարում են իրենց կառավարության (իշխանությունների) առաջադրած արտաքին և ներքին քաղաքական խնդիրները։ Նրանց հիմնական խնդիրն է համարվում պաշտպանել կառավարությունը (պետական իշխանությունը), պետական կարգը և այն երկիրը, որը ներկայացնում է այդ կառավարությունը (իշխանությունները)՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ագրեսորներից։
Տերմինի սահմանումը և ընդգրկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն սահմանմամբ՝ «զինված ուժերը», «ռազմական ուժերը» և «զինվորականությունը» հաճախ կիրառվում են որպես հոմանիշներ։
Սակայն, իրականում, «զինված ուժերի» մեջ որոշ երկրներում ներառվում են ո՛չ միայն «ռազմական ուժերը», այլև՝ «ռազմականացված ուժերը» կամ «կիսառազմական ուժերը»։
Այդ առումով հետաքրքիր է որոշ արևմտյան երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի մոտեցումը «Զինված ուժեր» հասկացությանը։ Ըստ այդմ՝ զինված ուժերը ոչ միայն «բանակն» է՝ «պետական մշտական զինված ուժեր» իմաստով, այլ նաև՝ ուրիշ հասարակական հաստատություններ, ինչպիսիք են, օրինակ՝ աշխարհազորը, վարձկան զորքերը, իսկ հակառակորդի կողմից երկրի զինակալման դեպքում՝ նաև ռազմականացված դիմադրության մարտիկները՝ պարտիզաննական ուժերը։
Զինված ուժ, զինված բռնություն և ռազմագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված բռնությունը կամ ռազմական բռնությունը սովորաբար զինված ուժի, ռազմական ուժի, զինված ուժերի կամ ռազմական ուժերի կիրառումն է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։
Զինված ուժերի կիրառման ուսումնասիրությունը կոչվում է ռազմական գիտություն կամ ռազմագիտություն։
Լայն առումով զինված ուժերի կիրառումը նշանակում է հարձակում և պաշտպանություն երեք «մակարդակով».
- ռազմավարական կամ ստրատեգիական,
- օպերատիվ կամ փոքր ռազմավարական,
- մարտավարական կամ տակտիկական։
Բոլոր երեք դեպքում էլ ռազմագիտությունը նպատակ ունի ուսումնասիրելու զինված ուժերի, ռազմական ուժի կիրառումը՝ դրված նպատակներին հասնելու համար։
Կազմակերպչական կառուցվածք և սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդի ժամանակներում շատ երկրներում (օրինակ՝ Բուլղարիայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Եգիպտոսում, Նիդերլանդներում) զինված ուժերը բաղկացած են երեք զորատեսակից.
Որոշ երկրներում զինված ուժերը բաղկացած են մինչև հինգ զորատեսակներից, ինչպիսին էին Խորհրդային Միության զինված ուժերը.
- ցամաքային զորքերից (բանակ),
- ռազմավարական նշանակության հրթիռային,
- հակաօդային պաշտպանության զորքերից,
- ռազմաօդային ուժերից և
- ռազմածովային նավատորմից։
Դրանք իրենց հերթին բաղկացած են զորատեսակներից և հատուկ զորքերից[4]։
Որոշ երկրներում, ինչպես Թուրքիայում, գոյություն ունի ժանդարմերիա կամ ռազմականացված ոստիկանություն, որը, փաստացի տվյալ երկրի զինված ուժերի մասն է կազմում։
Որոշ երկրներում զինված ուժերի կազմում չկա ռազմածովային նավատորմ կամ ռազմածովային ուժեր, պարզապես այդ երկրի՝ դեպի ծով ելք չունենալու պատճառով, ինչպես ժամանակակից Հայաստանի դեպքում։
Ամերիկայի Միացյալ նահանգներն ունի, փաստացի, զինված ուժերի հինգ զորատեսակ։ Դրանք հետևյալներն են.
- ցամաքային զորքեր (բանակ),
- ռազմածովային նավատորմ,
- ռազմաօդային ուժեր,
- ծովային հետևակ,
- առափնյա պահպանություն։
Նմանատիպ հնգաճյուղ կառուցվածք ունեն նաև Իտալիայի զինված ուժերը.
- ցամաքային զորքեր (բանակ),
- ռազմածովային նավատորմ,
- ռազմաօդային ուժեր,
- կարաբինյորներ,
- ֆինանսական ոստիկանություն։
Հնգաճյուղ կառուցվածք ունեն նաև Գերմանիայի զինված ուժերը.
- ցամաքային զորքեր (հեեր՝ բանակ),
- ռազմածովային նավատորմ (Մարինե),
- ռազմաօդային ուժեր (Լյուֆթվաֆֆե),
- Միացյալ պաշտպանական ուժեր,
- Բժշկա-սանիտարական ծառայություն։
Հնգաճյուղ կառուցվածք ունեն նաև Թուրքիայի զինված ուժերը.
- ցամաքային զորքեր (բանակ),
- ռազմածովային նավատորմ,
- ռազմաօդային ուժեր,
- ժանդարմերիա,
- առափնյա պահպանություն։
Կան մի շարք պետություններ, որոնց զինված ուժերն ունեն քառաճյուղ կառուցվածք։ Օրինակ՝ Նիդերլանդների թագավորությունը.
- Թագավորական ռազմածովային նավատորմ, de Koninklijke Marine,
- Թագավորական ցամաքային զորքեր (բանակ), de Koninklijke Landmacht,
- ռազմաօդային ուժեր, de Koninklijke Luchtmacht,
- Թագավորական ռազմական ոստիկանություն, de Koninklijke Marechaussee:
Զինված ուժերը կարող են լինել արհեստավարժ կամ պրոֆեսիոնալ, որոնց անձնակազմի անդամները բացի ռազմական գործողություններին նախապատրաստվելուց և դրանց մասնակցելուց, այլ որևէ գործունեությամբ չեն զբաղվում։
Սակայն կան նաև այնպիսի երկրներ, որոնց զինված ուժերը այսպես կոչված քաղաքացիական են, օրինակ՝ Շվեյցարիան` Շվեյցարական Համադաշնությունը։ Նման երկրների զինված ուժերը կամ այսպես կոչված քաղաքացիական բանակը իր գերակշիռ մասով իրականում իրենից ներկայացնում է ժողովրդական աշխարհազոր կամ միլիցիոն բանակ, որը անհրաժեշտության դեպքում մոբիլիզացվում է պատերազմի վարման համար։ Նման սկզբունքով գործող զինված ուժերի առավելությունը նրանց քիչ ծախսատարության մեջ է, իսկ թերություն կարող են տեսականորեն համարվել վարժանքների ու ուսուցման, ինչպես նաև կազմակերպվածության պակասը։ Թեպետ, գործնականում շատ հնարավոր է, որ նրանք զերծ լինեն այդ թերություններից։ Իսկ շվեյցարական զինված ուժերի կազմակերպման սկզբունքը տալիս է այն առավելությունը, որ խաղաղ ժամանակ երկիրն ունի համեմատաբար փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ, որի միջոցով իրականացվում է ազգաբնակչության նախապատրաստումը ռազմական ծառայության համար։ Պատերազմի դեպքում այդ փոքրաթիվ զինված ուժի վրա ավելանում են մոբիլիզացված աշխարհազորային զորամասերն ու զորամիավորումները, որոնց շնորհիվ տվյալ երկրի զինված ուժերի թիվը ծավալվելով հասնում է միլիոնի կամ նույնիսկ միլիոնների։ Նման զինված ուժերը հնարավորություն են տալիս մասնակցելու արդիական տոտալ պատերազմին։
Զինված ուժերի կառուցվածքային միավորներ. ստորաբաժանումներ, զորամասեր, զորամիավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]հ/հ | կառուցվածքային միավոր | անձնակազմի թվաքանակ | հրամանատարի կոչում | ՆԱՏՕ-ի երկրների մարտավարական քարտեզ-խորհրդանիշ |
---|---|---|---|---|
1. | Կրակային խումբ, թիմ | 3-4 | Եֆրեյտոր, լանս կապրալ | |
2. | Ջոկ, սքվոդ, սեկցիա | 8-13 | ջոկապետ, սերժանտ | |
3. | Դասակ, պլատոնգա | 20-55 | դասակապետ, լեյտենանտ | |
4. | Վաշտ, կոմպանիա | 80-225 | վաշտապետ, կապիտան, գլխապետ | |
5. | Գումարտակ, բատալիոն | 300-1.300 | գումարտակապետ, մայոր, փոխգնդապետ | |
6. | Զորագունդ, գունդ, ռեգիմենտ, բրիգադ | 2.000-5.000 | գնդապետ, կորոնել, բրիգադիր, բրիգադե-գեներալ, փոխզորապետ | |
7. | Զորաբաժին, դիվիզիա | 10.000-15.000 | զորապետ, դիվիզիոն-գեներալ, ավագ զորապետ, դեր-զորավար | |
8. | Զորաբանակ, բանակային կորպուս | 20.000-45.000 | փոխ-զորավար, կորպուսի գեներալ | |
9. | Դաշտային բանակ, համազորային բանակ | 400.000-1.000.000 | զորավար, բանակի գեներալ | |
10. | Ռազմական օկրուգ, ռազմաճակատ, բանակախումբ | 1.000.000-3.000.000 | ավագ զորավար, բանակի գեներալ | |
11. | Ռազմաբեմ | 3.000.000-10.000.000 | Մարտավար-գեներալիսիմուս, հայերեն-Թուրթան-զորքի գլխավոր հրամանատար,(սպարապետ-պարսկերեն է), (մարաջախտ-արաբերեն է) |
Զինված ուժերի կառուցվածքի պատկերման սխեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ուժերի և նրանց զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների կառուցվածքը պատկերելու համար ստեղծվել են հատուկ մարտավարական և քարտեզագրական նշաններ, որոնց միջոցով կազմվում են համապատասխան սխեմաներ։ Օրինակ, ստորև ներկայացված է Հունաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի կառուցվածքային սխեման 2008 թ. հուլիսի դրությամբ։
Զինված ուժերի թվաքանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շուրջ 200 պետությունների (այդ թվում՝ ՄԱԿ-ի 193-անդամ պետությունների) զինված ուժերի թվաքանակը խիստ տարբեր է։ Կան երկրներ, որոնք ընդհանրապես զուրկ են զինված ուժերից (օրինակ՝ Իսլանդիայի Հանրապետությունը)։ Իսկ որոշ պետություններ պահում են ավելի քան 1 միլիոն անձնակազմով զինված ուժեր։ Վերջիններիս շարքում են գտնվում հինգ պետություններ։ Այնուհետև գալիս են ևս չորս պետություն, որոնց զինված ուժերի թիվը գերազանցում է կես միլիոնը։ Ստորև տրված են առավել մեծաթիվ զինված ուժեր ունեցող պետությունները։
1 միլիոնից ավելի թվաքանակով զինված ուժեր ունեցող երկրներ.
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը,
- Ամերիկայի Միացյալ Նահանգները,
- Ռուսաստանի Դաշնությունը,
- Հնդկաստանի Հանրապետությունը,
- Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (այսպես կոչված՝ Հյուսիսային Կորեա)։
0,5 միլիոնից ավելի թվաքանակով զինված ուժեր ունեցող երկրներ.
- Թուրքիայի Հանրապետությունը,
- Իրանի Իսլամական Հանրապետությունը,
- Պակիստանի Իսլամական Հանրապետությունը,
- Կորեայի Հանրապետությունը, (այսպես կոչված՝ Հարավային Կորեա)։
200 հազարից մինչև կես միլիոն զինանձնակազմ ունեցող պետությունների թիվն առավել մեծ է։ Ստորև թվարկված են դրանք.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
- Ֆրանսիական Հանրապետությունը,
- Իտալիայի Հանրապետությունը,
- Ճապոնական կայսրությունը,
- Ուկրաինան,
- Բրազիալիայի Միացյալ Նահանգները,
- Կոլումբիայի Հանրապետությունը,
- Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը,
- Սիրիայի Արաբական Հանրապետությունը,
- Թաիլանդի Թագավորություն,
- Բիրմա,
- Ինդոնեզիայի Հանրապետությունը,
- Վյետմանի Հանրապետությունը,
- Էրիտրեայի Հանրապետությունը,
- Բանգլադեշի Հանրապետությունը։
Զինված ուժեր չունեցող պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդորրա - Պիրենեյան լեռներում գտնվող արևմտաեվրոպական այս փոքրիկ երկրի պաշտպանությունը իրականացնում են նրա երկու մեծ հարևանները՝ Ֆրանսիան և Իսպանիան։
- Կոստա-Ռիկա - Կենտրոնական Ամերիկայի այս պետության Սահմանադրությամբ արգելված է զինված ուժերի ստեղծումն ու պահպանումը։ Սակայն պատերազմի դեպքում ստեղծվում է Ազգային Գվարդիա՝ ժողովրդական աշխարհազոր։
- Հայիթի - Կարիբյան ծովի այս այս կղզային պետությունը տնտեսական ճգնաժամի հետևանքով ի վիճակի չէ սեփական զինված ուժեր ունենալ։ Բավարարվում է ազգային ոստիկանության մարտական մի քանի ստորաբաժանումներով։
- Իսլանդիա - Հյուսիսային Եվրոպայի ծայրամասային այս կղզային պետության պաշտպանությունը իրականացնում են ԱՄՆ-ի զինված ուժերը։
- Կիրիբատի - խաղաղօվկիանոսյան փոքրիկ կղզային այս պետությունը պաշտպանվում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շնորհիվ։
- Լիխտենշտեյնի իշխանություն - Կենտրոնական Եվրոպայի այս գաճաճ պետության պաշտպանությունը և արտաքին քաղաքականությունը իրականացնում է նրա արևմտյան հարևան երկիրը՝ Շվեյցարիան։
- Մոնակոյի իշխանություն - Միջերկրական ծովի ափին գտնվող Արևմտաեվրոպական այս գաճաճ պետության պաշտպանությունը իրականացնում է իր հզոր հարևանը՝ Ֆրանսիան։ Ունի որոշ ոստիկանական և արարողակարգային գործառույթներ իրականացնող զինված ստորաբաժանում։
- Նաուրու - Օվկիանիայի այս կղզային պետության պաշտպանությունն իրականացնում է Ավստրալիան։
- Պալաու - Օվկիանիայի այս կղզային պետության պաշտպանությունն իրականացնում է ԱՄՆ-ն։
- Պանամա - Կենտրոնաամերիկյան այս երկիրը ունի միայն ոստիկանական ուժեր և պատերազմի դեպքում երկրի պաշտպանությունն իրականացնում է ԱՄՆ-ն։
- Սան Մարինո - Արևմտաեվրոպական այս գաճաճ պետության պաշտպանությունն իրականացնում է Իտալիան։ Կան որոշ զինված ստորաբաժանումներ, սակայն միայն ոստիկանական և ռազմա-արարողակարգային գործառույթներով։
- Վատիկան - Իտալիայի մայրաքաղաք Հռոմի տարածքում գտնվող այս գաճաճ պետությունը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գլխավորած պետությունն է։ Նրա պաշտպանությունն իրականացնում է Իտալիան։ Հռոմի Պապի շվեյցարական գվարդիան թեպետ զինված ստորաբաժանում է, սակայն նրա խնդիրը Հռոմի Պապի անձի և Առաքելական պալատի պաշտպանությունն է, ինչպես նաև արարողակարգային որոշ գործառույթներ։ Կա նաև ոստիկանական գործառույթներով ստորաբաժանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ուժերի ծագումը կապված է հասարակությունը դասակարգերի բաժանվելու և պետության առաջացման հետ[1]։ Նրանց զարգացումը, սպառազինումը, տակտիկան ու ստրատեգիան պայմանավորված են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով[1]։ Ստրկատիրական պետությունների զինված ուժերը կազմված էին ռազմական առաջնորդների կամ թագավորների մարտական ջոկատներից և ազատների աշխարհազորից[1]։ Ավելի ուշ երևաև եկան մշտական բանակներ[1]։ Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և այլուր ստեղծվեցին ռազմածովային նավատորմներ[1]։ Ցամաքային զորքերի հիմնական տեսակները հետևակն ու հեծելազորն էին[1]։ Վերջինս օժանդակ դեր էր խաղում[1]։ Սպառազինության տեսակներն էին թուրը, նիզակը, նետն ու աղեղը, պարսատիկը և այլն[1]։ Զարգացած ստրկատիրական պետությունների բանակներում՝ նաև նետող ու պարիսպ քանդող մեքենաները[1][4]։
Վաղ և զարգացած ֆեոդալիզմի շրջանում Արևմտյան Եվրոպայում բնատնտեսության տիրապետումն ու պետական ապարատի թուլությունը բացառում էին մշտական բանակ պահելու հնարավորությունը, յուրաքանչյուր ֆեոդալ ուներ իր զինված ջոկատները։ Կիևյան Ռուսիայում (9-11-րդ դարեր) զինված ուժերը բաղկացած էին իշխանների զորագնդերից (դրուժինաներ) և ժողովրդական աշխարհազորից, երբեմն օգտագործվում էին վարձկանները (վարյագներ, թյուրքական ցեղեր)։ Ֆեոդալական մասնատվածության ժամանակ (12-13-րդ դարեր) իշխանների զորքերի հիմնական մասը նրանց վասալների (բոյարներ) ջոկատներ էին, որոնց միանում էր նաև աշխարհազորը՝ արշավանքների ժամանակ։ Արևելքի պետությունները (արաբներ, սելջուկներ, թաթար-մոնղոլներ, թուրքեր) ունեին ավելի մեծ (մինչև մի քանի հարյուր հազար) ու մարզված բանակներ և աչքի էին ընկնում ավելի կուռ կազմակերպությամբ[4]։
15-16-րդ դարերում ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացման, քաղաքների առաջացման, կենտրոնացված պետությունների կազմավորման զուգընթաց Արևմտյան Եվրոպայում առաջ եկան պրոֆեսիոնալ վարձու բանակներ։ 17-18-րդ դարերում Եվրոպայի մի շարք երկրներում (Ֆրանսիա, Ավստրիա, Շվեյցարիա, Պրուսիա, Անգլիա, Իսպանիա և այլն) ստեղծվում են ազգային մշտական բանակներ։ Զինված ուժերն ստանում են ավելի կուռ կառուցվածք (բրիգադներ, գնդեր, գումարտակներ, վաշտեր և հեծելավաշտեր)։ 17-րդ դարում և 18-րդ դարի սկզբին Ռուսաստանում ստեղծվում են կանոնավոր բանակ և նավատորմ, մտցվում է զինվորների հավաք հարկատու դասից, գլխավորապես՝ գյուղացիությունից[4]։
1789-1794 թվականների Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստեղծվում է մասսայական բանակ, որը սկզբում հավաքագրվում էր կամավորներից, իսկ 1793 թվականից՝ հարկադիր զորահավաքներով։ 1798 թվականին Ֆրանսիայում, իսկ 19-րդ դարում Եվրոպայի մի շարք երկրներում մտցվեց ընդհանուր զինապարտություն[5]։
20-րդ դարում տեխնիկական նոր հայտնագործությունները խթանեցին ռազմական տեխնիկայի զարգացումը։ Զինված ուժերն ապահովվեցին զենքի նոր տեսակներով։ Տնտեսական զարգացումը խոշոր պետություններին հնարավորություն տվեց պահելու բազմամիլիոնանոց բանակներ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Ռուսաստանում կազմավորվեցին նոր զինված ուժեր։ 1918 թվականին Խորհրդային Ռուսաստանում մտցվեց աշխատավորների ընդհանուր զինապարտություն[5]։
1939-1945 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, զինված ուժերը ենթարկվեցին որակական նոր փոփոխությունների․ խիստ ավելացան զորքերի մեքենայացումն ու մոտորացումը, ստեղծվեցին ռեակտիվ հրետանի, բալիստիկ և թևավոր հրթիռներ, ռադիոլոկացիա։ Աճեց ռազմաօդային ուժերի դերը, հետագա զարգացում ապրեցին ռազմածովային ուժերը, ավելացավ սուզանավերի և ավիակիրների թիվը։ 1945 թվականին ԱՄՆ-ում, 1949 թվականին՝ ԽՍՀՄ-ում, ավելի ուշ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ն Չինաստանում երևան եկավ ատոմային զենքը։ Պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ռազմական խմբավորումներ (ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ և այլն)։ Ի հակակշիռ դրան, Եվրոպայի սոցիալիստական երկրները ստեղծեցին իրենց պաշտպանական կազմակերպությունը՝ միացյալ զինված ուժերով (Վարշավայի պայմանագիր, 1955)[5]։
Հայաստանի զինված ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի զինված ուժերի ներկայիս կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի զինված ուժերի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանի թագավորության զինված ուժեր
Հայաստանում դեռևս Վանի թագավորության (Ուրարտու, Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանում ստեղծվել է ուժեղ բանակ, որի միջուկը «արքայական» կոչված զորագունդն էր, հիմնական զորատեսակները՝ հետևակը, այրուձին ն մարտակառքերը։ Հետևակազորի կազմում եղել են սակրավորների, նիզակավորների, աղեղնավորների, հևտախույզների և այլ միավորումներ։ Հետևակ զինվորները կրել են զրահներ, սաղավարտներ և վահաններ։ Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշվում է զորքի գլխավոր հրամանատարը («թուրթան») և այլ զինվորական պաշտոնյաներ («գնդապետ», «հիսնապետ»)[5]։
- Երվանդունիների թագավորության զինված ուժեր
Ք․ ա․ VII դարում հայկական զորամասերը մասնակցել են դաշնակից Մարաստանի թագավորության, իսկ ապա՝ Աքեմենյան տերության մղած կռիվներին[5][6][7]։
- Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Արտաշեսյանների օրոք
Արտաշեսյանների օրոք (Ք․ ա․ 189թ. – Ք. հ․ 1 թ.) հաճախակի պատերազմների պատճառով Հայաստանը ստիպված Էր պահել մոտ 100 հազարանոց բանակ, որի կորիզն էր զրահավոր (ծանր) հեծելազորը (տես Այրուձի հայոց)[6]։ Ստվարաթիվ էր թեթև հեծելազորը[6]։ Զորքի գերակշիռ մասը պարսաձիգներից, նետաձիգներից և զրահավոր նիզակակիրներից բաղկացած հետևակն էր[6]։ Կային նաև պաշարողական տեխնիկա, սակրավոր զորամասեր, գումակ և այլն[6]։ Քաղաքներում ու բերդերում տեղակայվել են կայազորներ[6]։ Զինվորներին մշտական ծառայության դիմաց տրվել են հողաբաժիններ[6]։ Զորքի գլխավոր հրամանատարը թագավորն էր, որն ուներ իր գվարդիան, դրանիկ գունդը և հեծելակներից կազմված թիկնազորը[5][6][7]։
- Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Արշակունիների օրոք
Արշակունիների օրոք (66–428 թթ.) բանակի կորիզը արքունի գվարդիան Էր, որը Եղիշեն և Փավստոս Բուզանդը անվանում են «Մատյան գունդ», «Մատենիկ գունդ»[6][8][9][10]։ Տրդատ Գ (287–332) կատարեց ռազմական բարեփոխումներ և Հռոմեական կայսրության օրինակով հայոց զորքի հրամանատարությունը հանձնեց չորս զորապետների (նախկին մեկ գլխավոր հրամանատարի փոխարեն)։ Այս բարեփոխումից հետո, ինչպես երևում է նույն դարի Զորանամակից, Մեծ Հայքի զինված ուժերը բաղկացած են եղել սահմանակալ չորս (80 հազար հեծյալ) և մեկ արքունի (40 հազար հեծյալ) բանակներից[11]։ (Յուրաքանչյուր սահմանակալ բանակ կազմվել է 21–22 նախարարությունների զորամասերից և ունեցել 18–21 հազար մարտիկ[5][6][11]։ Հայոց մշտական զորքը համալրվել է ազատներից, որոնց համար զինվորական ծառայությունը եղել է ժառանգական, ծառայության դիմաց նրանք ստացել են կալվածներ և անշարժ գույք[6]։ Երկրում գործել են ռազմական դպրոցներ[6]։ Պատերազմների ժամանակ հետևակազորը համալրվել է ռամիկներից[5][6]։
- Հայքի զինված ուժերը մարզպանության և արաբական խալիֆայության օրոք
Մարզպանության և արաբական խալիֆայության տիրապետության շրջանում Հայքում պահպանվում էին նախարարական զորամիավորումները։ Պարսկաստանը, Բյուզանդիան, խալիֆայությունը, մոնղոլական իլխանները հարկադրել են հայերին կռվել իրենց դրոշի տակ, ձգտել են բնաշխարհից հեռացնել և սահմանափակել նրանց զորուժը։ Մշտական պատերազմները, դրանց ուղեկցող տնտեսական քայքայումը բացասաբար են անդրադարձել հայոց զինված ուժերի մարտունակության վրա[5]։
- Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Բագրատունիների օրոք
Զարգացած ֆեոդալիզմի պայմաններում կատարելագործվել և ավելի են զարգացել հայկական զինված ուժերը։ Բագրատունիների Հայոց թագավորության զորքի թիվը հասել է մոտ 100 հազարի (այդ թվում և արքունի՝ մարզպանական զորքը), եղել են բոլոր այն զորատեսակները, պաշարողական տեխնիկան, որ կային Արշակունյաց շրջանում (մարտերում օգտագործվել են նաև լաստանավեր)[5]։
- Հայկական տեղական թագավորությունների և իշխանությունների զինված ուժերը {Հիմնական|Հայկական տեղական թագավորությունների և իշխանությունների զինված ուժերը}}
X դ․ Հայաստանը քաղաքականապես թուլացավ և մասնատվեց առանձին թագավորությունների, որոնք ևս ունեին իրենց զինված ուժերը։ Սկզբնաղբյուրների տվյալներից երևում Է, որ հայկական թագավորությունների և իշխանությունների զորականները կրել են յուրահատուկ զգեստ։ Օրինակ, Կարսի թագավորության զորայինների զգեստները տարբերվում էին նաև իրենց գույնով (կարմիր համազգեստ)։ X դ․ հայ զորայինները զանգվածաբար մտել են Բյուզանդիայի զինված ուժերի մեջ, կազմել նրա լավագույն զորագնդերը։ XI դ․ կեսերին, սելջուկների արշավանքների ժամանակ հայ ռազմիկ ազատանին զանգվածաբար տեղափոխվել է Փոքր Ասիա, Կիլիկիա։ Հայաստանի բանակն արձակվել Է, նրան փոխարինել է բյուգանդական զորքը։ Սելջուկներին հակահարված են տվել Վանանդի կամ Կարսի թագավորությունը (ուր մնացել էր հայկական զորք) և Սասունին իշխող Թոռնիկյան գահատոհմի իշխանների 50 հազարանոց բանակը։ Թշնամուն դիմագրավել ևն նան Գուգարքի, Արցախի, Սյունիքի զինված ուժերը, որոնց զորավիգ է եղել հզորացող Վրաստանը[12]։
- Հայկական զինված ուժերը Զաքարյանների օրոք
Զաքարյանների շրջանում հայ իշխանները ունեցել են իրենց զորամիավորումները[13]։
- Կիլիկիայի հայկական պետության զինված ուժերը
Կիլիկիայի հայկական պետությունը XII–XIV դդ․ ունեցել է ավելի քան 60 հազարանոց բանակ։ Ռազմիկները զինավարժվել են, ստացել զինվորական կրթություն, կրել հատուկ համազգեստ, սաղավարտ, զրահ, վրայից՝ բրդե պարեգոտ։ Բանակի միջուկն Էր ձիավորների դասը, որին պատկանելու համար զինվորները հրապարակայնորեն քննություն են հանձնել ձիավարությունից։ Հեծյալները ծառայության դիմաց ստացել են հողակտորներ, ռոճիկ և բաժին՝ ռազմավարից[13]։
- Հայկական ազգային զինված ուժերը համահայկական պետականության բացակայության ժամանակաշրջանում
Հայաստանին տիրացած վաչկատուն ցեղերի հարատև ճնշման պայմաններում աստիճանաբար նվազել է հայ իշխանների զինական ուժը։ XV դ․ սկզբին Դոփյան, Օրբելյան և ուրիշ իշխանական տներ իրենց զորամասերով մասնակցել են թուրքմեն զորապետների վարած կռիվներին։ Իրենց զորաուժերն ունեին նաև Արցախում, Սյունիքում, Վասպուրականում (Արտազ գավառում), Սասունում, Զեյթունում, Համշենում պահպանված հայ իշխանները։ XVIII դ․ 1-ին քառորդում, դեպի Կովկաս Ռուսաստանի առաջխաղացման պայմաններում, ծավալվեցին հայկական զորամիավորումներ, որոնց նպատակն էր ռուսների օգնությամբ ազատագրել Հայաստանը։ Հայկական զորքերին հաջողվեց ազատագրել Սյունիքը, Արցախը, Գողթնը։ Ինքնապաշտպանական հենակետեր Էին բերդերը և բնական ամրությունները՝ «սղնախները», ուր համախմբված Էին հայկական զինված (որոնց միջուկն էին մելիքների ջոկատները)[13]։
1828-ին Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, որտեղ արդեն 1880-ական թվերից հայերը զինվորագրվել են պետական բանակին, մինչդեռ Թուրքիայում մինչև 1910-ը նրանց չէին զինվորագրում՝ փոխարենը վերցնելով տուրք[13]։
Հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում, նրա մասը կազմող Կիլիկիայում ստեղծել է ինքնապաշտպանական ջոկատներ, պաշտպանվևլ թուրք և քուրդ բեկերից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական, եվրոպական և ամերիկյան բանակներում կռվել է ավելի քան 300 հազար հայ զինվոր ու սպա։ Ռուսաստանում, որի բանակում հայերն ունեին գրեթե 260 հազար զինվոր ու սպա, բացի դրանից հայերը կազմակերպել են ազգային կամավորական զորագնդեր (տե՛ս Կամավորական շարժում 1914–1918թթ.)[13], որոնք ինքնուրույն զորամասեր էին և հիմք դարձան 1918-ին վերստեղծված հայկական պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության բանակի համար։
- Հայաստանի առաջին հանրապետության բանակը, 1918-1920
Հայաստանի առաջին հանրապետության բանակն ուներ իր ռազմական կանոնագիրքը՝ կազմված ռուսականի սկզբունքներով[13]։ Գրեթե անընդմեջ կռիվների պայմաններում, չբնայած հրամկազմի ջանքերին, ռազմական ուսուցման պակասի և բարոյալքման, Խորհրդային Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի վարած քայքայիչ քաղաքականության պատճառով, այն չդարձավ մարտունակ զինված ուժ։
- Հայկական լեգեոն (Արևելյան Լեգեոն)
1916-ի աշնանը ֆրանսիական բանակի կազմում հայ կամավորներից (ինչպես նաև արաբներից) կազմակերպվեց առանձին զորամաս՝ Արևելյան Լեգեոն, որը մասնակցեց Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի ազատագրման մարտերին, ապա Կիլիկիայում կռվեց քեմալական զորքերի դեմ[13]։
- Հայկական Կարմիր բանակ
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, 1920-ի դեկտեմբերի 5-ին, Հեղկոմի առաջին հրամանով վերակազմվեց Առաջին հանրապետության բանակը և ստեղծվեց հայկական կարմիր բանակ։ Այն հիմնականում կազմված էր հայ աշխատավորներից։ Հաստատվեցին բանակի քաղաքական վարչություն, ռազմական կամ զինվորական կոմիսարներ, ստեղծվեց Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ (1922-ից՝ զինվորական կոմիսարիատ)։ Ազգային հրամանատարական կադրեր պատրաստելու համար ստեղծվեց հայկական Դիվիզիային կից հրամնատարական դպրոց[13]։
- Հայկական ազգային զորամասերը Սովետական բանակում
1922 թվականին Խորհրդային Հայաստանը միացավ ԽՍՀՄ-ին։ Ընդ որում՝ հայկական հանրապետությունը նախապես միավորվեց անդրկովկասյան հարևան հանրապետությունների հետ՝ կազմելով Անդրկովկասի Սովետական ֆեդերատիվ հանրապետությունը։ Արդյունքում Հայաստանը զրկվեց իր անկախության վերջին մնացորդներից, այդ թվում՝ սեփական, թեկուզ և Կարմիր բանակ ունենալու իրավունքից։ Հայկական ազգային զորամասերը տարրալուծվեցին խորհրդային բանակի մեջ։
Հետագայում Խորհրդային Միության զինված ուժերի կազմում գործում էր 76-րդ լեռնահրաձգային՝ փաստորեն հայկական ազգային դիվիզիան[13]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով և հատկապես նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելով ստալինյան ռեժիմը ստիպված եղավ տարբեր հանրապետություններում վերականգնել նրանց ազգային զորամասերը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ձևավորվեցին 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ և այլ ազգային դիվիզիաներ։ Հայ ռազմիկները հերոսաբար մարտնչեցին ֆաշիստական զավթիչների դեմ։ 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիան մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը[13]։ Այդ դիվիզիայի վերջին հրամանատարն էր գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։
- Հայկական զինված ուժերը 1991 թվականից հետո
1991 թվականին սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Դրան նախորդել էր հայկական զինված ուժերի փաստացի ստեղծումը՝ 1988-1991 թվականներին։ 1991-ից հետո այդ գործընթացն ստացավ պաշտոնական բնույթ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության նոր փուլ, որը շարունակվում է մինչև օրս։ ՀՀ Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ զինված ուժերը համալրում են 18 տարին լրացրած երիտասարդների զինակոչի, ինչպես նաև պայմանագրային ծառայության միջոցով, իսկ ժամկետային ծառայությունը սահմանված է 2 տարի[14]։ ՀՀ ԶՈւ-ն կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, hակաօդային պաշտպանության զորքերից և սահմանապահ զորքերից[14]։ ՀՀ ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ԶՈՒ-ն գլխավորում է պաշտպանության նախարարը[14]։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պաշտպանում է ԼՂՀ Պաշտպանական բանակը[14]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
- Փավստոս Բուզանդ, Պատմություն Տայոց, Երևան, 1968։
- Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1971։
- Սարգսյան Ս․ Վ․, Հայ ռազմական արվեստի պատմությունից, Երևան, 1969։
- Արզումանյան Ն․ Ա․, Հայկական սկզբնաղբյուրներում հիշատակվող «Մատեան գունդ» զորամասը, «ՊԲՏ», 1973,№ 2։
- Դանիելյան Ա․ Մ․, Տրդատ 3-րդի զինվորական ռեֆորմը, «ՊԲՏ», 1974, №4։
- Строков А․ А․, История военного искусства, ТТ․ 1-3, М․, 1955–67․
- Разин Е. А. История военного искусства, в 3-х т. — СПб.: Полигон, 1999.
- Дельбрюк Ганс - История военного искусства. [1].
- Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Երևան, 1967։
- Էնգելս Ֆ․, Избранные военные произведения, М․, 1958․
- Военный энциклопедический словарь. — М.: Военное издательство Министерства обороны СССР, 1984. — 863 с. с илл.;
- Савинкова О. Социальный институт армии и его отражение в современной литературе / О. Савинкова // Слово — текст — смысл : сб. студен. науч. работ / Урал. гос. ун-т, [Филол. фак.]. — Екатеринбург, 2006. — Вып. 2. — С. 55—58.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի զինված ուժեր
- Վրաստանի զինված ուժեր
- Թուրքիայի զինված ուժեր
- Ադրբեջանի զինված ուժեր
- Իրանի զինված ուժեր
- Ռուսաստանի զինված ուժեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Строков А․ А․, История военного искусства, ТТ․ 1-3, М․, 1955–67․
- ↑ Разин Е. А. История военного искусства, в 3-х т. — СПб.: Полигон, 1999.
- ↑ Генерал-майвор Разин Е. А. История военного искусства, в 3-х т. — СПб.: Полигон, 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 692
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Սարգսյան Ս․ Վ․, Հայ ռազմական արվեստի պատմությունից, Երևան, 1969։
- ↑ 7,0 7,1 Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
- ↑ Արզումանյան Ն․ Ա․, Հայկական սկզբնաղբյուրներում հիշատակվող «Մատեան գունդ» զորամասը, «ՊԲՏ», 1973,№ 2։
- ↑ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
- ↑ Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1971։
- ↑ 11,0 11,1 Դանիելյան Ա․ Մ․, Տրդատ 3-րդի զինվորական ռեֆորմը, «ՊԲՏ», 1974, №4։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693-694(չաշխատող հղում)
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 694
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II: Զինված ուժեր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինված ուժերը հայկական հանրագիտարանում
- Զինված ուժեր հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինված ուժեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 692)։ |