Հայաստանի զինված ուժերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի զինված ուժերի պատմությունը, հայկական պետականության կարևորագույն կազմակերպության պատմությունն է։ Առանց զինված ուժերի թե՛ անցյալում, թե՛ ներկայումս անհնար է երկրի անկախության ու անվտանգության պաշտպանությունը։ Հազարամյակներ շարունակ, ինչպես ցանկացած այլ պետության, այնպես էլ Հայաստանի զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ։

Հայասա-Ազզիի թագավորության զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասա պետության տարածքը Ք.ա. XVI-XIII դարերում
Հայաստանը և հարևան երկրները Ք.ա. XV-XII դարերում

Հայասան՝ որպես վաղնջական հայկական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությանը հայտնի առավել վաղ հայկական պետականություններից մեկը Հայասան կամ Հայասա-Ազզիի թագավորությունն է։ Բնականաբար, այդ պետության զինված ուժերի պատմությունը կարելի է համարել հայկական զինված ուժերի ստեղծման եթե ո'չ վաղագույն փուլը, ապա` ամենավաղ փուլերից մեկը[1]։ Հայասան, կամ Հայասա–Ազզին, երկիր էր Հայկական լեռնաշխարհում։ Հիշատակվում է Ք. ա. XVI–XIII դդ. խեթական արձանագրություններում։

Հայասայի աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. ա. XVI–XIII դդ. խեթական արձանագրությունների տեքստերի տվյալների համաձայն` Հայասան գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև[2]։ Ավելի վաղ շրջանում տեսակետ կար, որ Հայասան, ինչպես նաև նրա դաշնակից Ազզին, միասին՝ Հայասա–Ազզի, զբաղեցնում էին ավելի փոքր տարածք։ Մասնավորապես, դրանց մեջ ընդգրկվել են Փոքր Հայք երկրամասի արևելյան մեծագույն մասը, Մեծ Հայք երկրամասի Բարձր Հայք նահանգը, Տայք նահանգի արևմտյան գավառները[3]։ Ամենյան հավանականությամբ՝ դա Հայասա–Ազզի թագավորության միջուկն էր, որի շուրջ հայասական թագավորները աստիճանաբար ՙհավաքեցին՚ Հայկական լեռնաշխարհի հարևան տարածքները[4]։

Հայասայի անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիշխող է այն կարծիքը (Ե. Ֆոռեր[5], Գրիգոր Ղափանցյան, Պ. Կրեչմեր[6], Նիկողայոս Ադոնց և այլն), որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից և խեթական «ասա»- վերջածանցից։

Հայասայի էթնիկական կազմը և լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասայի էթնիկական կազմի և լեզվի մասին տեղեկություններ համարյա չկան։ Տեղանունների և անձնանունների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լեզուն պատկանել է հնդեվրոպական խեթա–լուվիական խմբին (Սուրեն Երեմյան, Գևորգ Ջահուկյան)։ Հայասա տեղանունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվանման։

Հայասայի կարևորագույն քաղաքները և գավառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասայի կարևոր քաղաքներն են եղել Արխիտան (տեղադրվում է ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (հայկական աղբյուրների Ուռեն, ժամանակակից Բայբուրդից քիչ արևմուտք), Արիպսան, Դուկկաման (ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայում՝ Կամախ, Կեմախ), Ինգալավա–Թարխիգաման (հետագայում՝ Թորդան), Հայասան և Ազզին (ժամանակակից Երզնկայի մոտ)։ Վերջիններիս անունով Հայասական արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի երկիր» և «Ազզի քաղաքի երկիր»։ Հայասայի Ծուխապա գավառը տեղադրվում է Արաքսի ակունքների շրջանում։

Հայասանյի պետական կարգն ու կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողները տարբեր կարծիքներ ունեն Հայասայի պետական կարգի և կառուցվածքի մասին։ Ոմանք կողմ են նրան, որ Հայասան հանդիսանում էր ցեղային միություն։ Ուրիշները, մասնավորապես Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռոբերտ Ղազարյանը, գտնում են, որ Հայասան եղել է կենտրոնացված միապետություն՝ թագավորություն[7][8][9]։ Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից կազմված պետություն, ձևավորվել է Ք. ա. XV դ. երրորդ քառորդում։ Այն վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։

Հայասայի և Խեթական թագավորության միջպետական հարաբերությունները։ Պատերազմ և խաղաղ գոյակցություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. ա. XY–XIII դդ. Հայասան առնչվել է Խատտի պետության հետ։ Խեթական թագավոր Թուդխալիա III-ը (շուրջ 1400–1380 թթ. Ք. ա.) ժամանակավորապես իրեն է ենթարկել Հայասան, որտեղ թագավորել է Մարիյան (Մարիաս)։ Սակայն Հայասան շուտով թոթափել է Խեթական պետության տիրապետությունը, որովհետև Թուդխալիա III-ը ստիպված է եղել նոր արշավանք կատարել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (ԿարաննիսՎճռական ճակատամարտը տեղի է ունեցել «Կումմախայից ցած», որտեղ խեթերը լիակատար հաղթանակ չեն տարել։ Թուդխալիա III-ի հաջորդ՝ Սուպպիլուլիումա I (շուրջ 1380–1340 թթ. Ք. ա.), որը պատերազմներ էր մղում Միտանիի դեմ, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Խուկկանայի (Հուկկանա) հետ և քրոջը կնության տվել նրան։ Ըստ այդ դաշնագրի, Հայասայի թագավորը պարտավորվում էր հավատարիմ լինել խեթական թագավորին, տրամադրել ռազմական օգնություն, վերադարձնել Խատտիից փախած անձանց։ Խեթական թագավոր Մուրսիլ II-ի (շուրջ 1340–1320 թթ. Ք. ա.) օրոք վերսկսվել են խեթա–հայասական պատերազմները։ Ազզիի թագավոր Աննիյան (Աննիաս) ասպատակել է խեթական Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը։ Խեթական բանակը պաշարել է Ուրա ամրոցը, բայց, հավանաբար, չի կարողացել գրավել։ Մուրսիլ II-ը զբաղված էր Ասորեստանով, և Աննիյա թագավորը գրավել է խեթական Իստիտինա ամրոցը, պաշարել Կաննուվարան։ Պատերազմի միայն չորրորդ տարում է Մուրսիլ II-ին հաջողվել հնազանդեցնել Հայասան։ Ք. ա. XIV դարի 2-րդ քառորդից XIII դարի 2-րդ քառորդը ներառյալ Խատտիի կազմի մեջ են մտել ստորին Արածանիի և վերին Եփրատի ավազաններում ընկած Հայասայի գավառները։ Խեթական թագավոր Թուդխալիա IV-ի (Ք. ա. XIII դ. 2-րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հայասային հաջողվում է Խատտիի հետ սահմանը կրկին դարձնել Եփրատը, բայց խեթական թագավոր Արնովանդա III-ը (Ք. ա. XIII դ. վերջին քառորդ) վերանվաճում է այդ գավառները։

Հայասայի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. ա. XIII դ. վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել էր առանձին ցեղային միությունների։ Թուդխալիա IV-ի ժամանակակից Ասորեստանի թագավոր Տուկուլտի–Նինուրտա I-ի և Ք. ա. XII – X դդ. ասուրական թագավորների արձանագրություններում Հայասան հիշատակվում է ասուրերեն Նաիրի անունով։ Ք. ա. IX դարում Հայասայի տարածքը ընդգրկվում է Վանի թագավորության (Արարատյան թագավորություն՝ Ուրարտու) կազմում։ Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ Ուրարտուն ասուրական արձանագրություններում հիշատակվում է նաև Նաիրի անունով[5][10][11][12][13][14][15][16][17][18]։

Հայկական բանակի ստեղծման և զարգացման վաղ դարաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հայկական առաջին պետականություն, կամ գոնե պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա հավաստի աղբյուրներում հիշատակված հայկական պետականություն՝ Հայասան կամ Հայասա-Ազզին, բնականաբար, դարձավ հայկական պետականության պատմության վաղագույն փուլը, իսկ նրա բանակի ստեղծմամբ, Ք.ա. XV դարում փաստացի ծնունդ առան և մի քանի դար շարունակ՝ XV-XIII դարերում ահեղ մարտական մկրտություն ստացան հայկական զինված ուժերը՝ որպես նորաստեղծ հայկական պետականության կարևորագույն հաստատություն[1]։ Այդ առաջին անգամ ձևավորված հայկական բանակի հզորության մասին են խոսում ժամանակի գերտերության՝ Խեթական թագավորության հետ Հայասայի երկարատև պատերազմների մասին հենց հակառակորդ պետության կողմից թողնված արձանագրություններում հավաստվող փաստերը[1]։ Այսպիսով, հայկական պետականության և նրա զինված ուժերի պատմությունը ունի առնվազն 3 500 տարվա պատմականորեն գրանցված հավաստի և փառավոր ուղի[1]։ Հաշվի առնելով պատմական մի շարք անժխտելի փաստերը, որոնք վերևում հիշատակված են, առավել հավանական է թվում, որ Հայասա-Ազզի ստեղծմամբ ստեղծվել էր միասնական հայկական պետականությունը, որի ընդամենը անուններից մեկն էր, կա՛մ օտարների կողմից գրանցված անվանումներից մեկն էր «Հայասան» կամ «Հայասա-Ազզին»[1]։ Մյուս անվանումներն էին Նաիրի, Վանի թագավորություն, Արարատյան թագավորություն, Ուրարտու, Արմենիա[1]։ Նկատի ունենալով դա, կարող ենք ենթադրել, որ Հայկական միասնական պետականությունը, ի դեմս Հայասա-Ազզի-Նաիրի-Ուրարտուի ժամանակի հզորագույն պետություններից մեկն էր, որը կարողանում էր միաժամանակ դիմակայել ռազմաքաղաքական ահեղ բախումներին՝ հարևան գերտերությունների՝ արևմուտքում Խեթական թագավորության, հարավում՝ Ասորեստանի թագավորության հետ[1]։ Ընդ որում, եթե նույնիսկ հաշվի չառնենք այն հայտնի փաստերը, որ Հայկական լեռնաշխարհի այդ հնագույն միասնական, հավանաբար՝ սկզբում՝ համադաշնային (կոնֆեդերատիվ), ապա՝ դաշնակցային (ֆեդերատիվ), իսկ վերջում՝ միասնական (ունիտար) պետականությունը կարողանում էր նաև նշանակալից հաղթանակներով դուրս գալ գրեթե հազարամյա այդ կոնֆլիկտներից, ապա հենց միայն այդ պետականության երկարատև՝ առնվազն Ք.ա. XVI դարից մինչև VI դարը՝ հազարամյա գոյության սոսկ փաստը ցույց է տալիս այդ պետականության կենսունակությունն ու հզորությունը, բնականաբար, նաև նրա զինված ուժերի հզորության բարձր աստիճանը[1]։

Հայասայի բանակի թիվը և կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Նրանց բանակը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։

Նաիրյան զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի տարածքը և այնտեղ գոյություն ունեցած հին մշակույթները:

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Նաիրիի զինված ուժերը։ Նաիրին (աքքադ․ naru–«գետ» բառից), Ասորեստանից և Հյուսիսային Միջագետքի Կաշիյարի լեռնապարից (անտիկ աղբյուրներում՝ Մասիոս, այժմ՝ Տուռ–Աբդին) հյուսիս տարածվող «երկրների» («ազգագավառներ», ցեղային իշխանություններ) ընդհանրական անվանումն էր ասորեստանյան արձանագրություններում[19]։ Նաիրի «երկրներ» (matati Nairi) արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է Ասորեստանի Թուկուլտի–Նինուրտա I թագավորի (Ք․ ա․ 1243–1221) արձանագրություններից մեկում, որտեղ նա պատմում է Նաիրիի 43 դաշնակից «թագավորների» (ցեղային առաջնորդներ) ուժերի դեմ իր կռվի ու հաղթանակի մասին։ Ըստ Թգլատպալասար I թագավորի (Ք․ ա․ 1115–1077) արձանագրությունների, Նաիրիի 23 «թագավորների» դաշնակցությունը կազմող «երկրները» հարավ–արևելքից եզերել է Տումմեն (հին հայկական Տմորիք), հյուսիս–արևմուտքից՝ Դայաենին (հին հայկ․ Տայք)։ Ք․ ա․ XIII–X դդ․ ասորեստանյան սկզբնաղբյուրներում Նաիրի «երկրներ» անվանումը տարածվել է հիմնականում Վանա լճի («Նաիրի երկրների ծով») ավազանում, Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքների ու նրանց ակունքների շրջաններում ընկած «երկրների» վրա, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձին իշխանությունը և անվանումը (Տումմե, Կադմուխի, Մուշկի, Ալզի, Իշուա, Դայաենի և այլն)։ Ցեղակցական և դրացիական կապերի հիման վրա նրանք արտաքին վտանգի ժամանակ հաճախ սատարել են միմյանց, համատեղ պայքարել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ։ Ք․ ա․ IX դ․ Նաիրի «երկրները» մեծ մասամբ միավորվել են Վանի թագավորությանը (Բիայնիլի թագավորություն, Արարատյան թագավորություն, Ուրարտու), որի միապետը սկսել է կրել նաե «Նաիրի երկրների թագավոր» տիտղոսը (աքքադերեն արձանագրություններում)։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների, այնուհետև Նաիրի անվանումը կրել է Վանա լճից ու Հայկական Տավրոսից հարավ տարածվող «երկիրը», որն իր կենտրոնի անունով հաճախ կոչվել է նաե «Խուբուշկիա քաղաքի երկիր»։ Սալմանասար III թագավորը (Ք․ ա․ 859–824) Խուբուշկիայի թագավորին անվանում է «Նաիրի երկրի թագավոր»։ Նաիրի–Խուբուշկիայի Կակի (Կակիա կամ Գագի՞կ) թագավորը Ք․ ա․ 858-ին և 856-ին համառորեն դիմադրել է Ասորեստանին և պահպանել իր կիսանկախ գոյությունը։ Նրա հաջորդը՝ Դատին (Դատանա), Ք․ ա․ 829-ին, 828-ին և 821-ին հիշատակվում է որպես Ասորեստանին հարկատու թագավոր։ Մ․ թ․ ա․ IX դ․ վերջից Նաիրի–Խուբուշկիան եղել է հզոր Վանի-Արարատյան պետության գերիշխանության ներքո։ Ք․ ա․ 743–ին Թգլատպալասար III թագավորն այն նվաճել և միացրել է Ասորեստանի «Տուրտանի կուսակալությանը», որի կենտրոնն էր Ամեդու (Ամիդ) քաղաքը։ Ք․ ա․ VIII դ․ վերջին քառորդին Նաիրի–Խուբուշկիայի Յանզու թագավորը դեռևս հիշատակվում է որպես Ասորեստանի հարկատու։ Հաջորդ դարում Նաիրի–Խուբուշկիան հիշվում է Ասորեստանին թշնամի երկրների շարքում։ Ասորեստանի կործանումից (Ք․ ա․ VII դ․ վերջ) հետո Նաիրի–Խուբուշկիա անունը դադարել է գործածվելուց։ Այնուհետև այդ «երկիրը» եղել է հին հայկական միասնական պետության՝ Մեծ Հայքի հարավային նահանգներից մեկը[20][21][22][23][24]։ Դատելով Ք.ա. XIII-IX դարերի ընթացքում՝ գրեթե 400 տարի շարունակ իրենց անկախությունը պահպանելու և 43-23 երկրներից ցեղային կազմված մի ընդարձակ տարածքով ու բազմաքանակ բնակչությամբ, հարուստ ցեղային միություն լինելու հանգամանքից, Նաիրիի բանակը, չլինելով հանդերձ միասնական զինված ուժեր, այլ ունենալով ցեղային զորամասերից կազմված դաշնային բանակի բնույթ, այնուամենայնիվ ռազմական տեսակետից լուրջ ուժ է ներկայացրել։ Նաիրի երկրների մեծ մասի միավորումը Վանի թագավորության մեջ հիմք հանդիսացավ միասնական հայկական թագավորության և միասնական հայկական զինված ուժերի ստեղծման համար։ Նաիրի երկրի այն մասը, որը դուրս էր մնացել Վանի կամ Արարատյան թագավորության կազմից՝ Խուբուշկիան, շարունակում էր տիրապետել զգալի ռազմական ուժի, դրանով իսկ մնալով նաև լուրջ ռազմաքաղաքական գործոն Մերձավոր Արևելքում։ Հենց շնորհիվ դրա էլ նա կարողացել է անգամ Ասորեստանի և Վանի թագավորության միջև գտնվելու իր աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր դիրքում և այդ ժամանակվա երկու գերտերությունների ռազմաքաղաքական դարավոր հակամարտության պայմաններում Ք.ա. IX-VII դարերի ընթացքում պահպանել իր երբեմն նույնիսկ անկախ, երբեմն էլ՝ կիսանկախ դրությունը[1]։ Իր սպառազինությամբ և մարտավարությամբ Ք.ա. XIII-IX դարերի Նաիրյան երկրների բանակը և Ք.ա. IX-VII դարերում՝ կոնկրետ Խուբուշկիայի բանակը ամենայն հավանականությամբ շատ նման էր թե՛ Հայասա-Ազզիի, թե՛ Վանի թագավորության բանակներին[1]։ Դա բխում էր թե՛ նրանց միջև առկա էթնիկական և մշակութային սերտ կապերից և ծագումնաբանական ընդհանրություններից, թե՛ Հայկական լեռնաշխարհի ու ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանային պայմանների ընդհանրություններից[1]։

Վանի թագավորության զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի Թագավորությունը Ք.ա. 860-840 թթ.:
Վանի Թագավորությունը Ք.ա. 750 թթ.:
Վանի Թագավորությունը Ք.ա. 743 թթ.:
Վանի Թագավորությունը ներկայիս պետությունների քաղաքական սահմանների համեմատությամբ:
Վանի Թագավորությունը Ք.ա. 715-713 թթ.:

Հայաստանում դեռևս Վանի թագավորության (Ուրարտու, Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանում ստեղծվել է ուժեղ բանակ, որի միջուկը «արքայական» կոչված զորագունդն էր, հիմնական զորատեսակները՝ հետևակը, այրուձին ն մարտակառքերը։ Հետևակազորի կազմում եղել են սակրավորների, նիզակավորների, աղեղնավորների, հետախույզների և այլ միավորումներ։ Հետևակ զինվորները կրել են զրահներ, սաղավարտներ և վահաններ։ Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշվում է զորքի գլխավոր հրամանատարը («թուրթան») և այլ զինվորական պաշտոնյաներ («գնդապետ», «հիսնապետ»)[25]։

Վանի թագավորության զինված ուժերի կազմակերպումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերի կազմակերպումը, հանդերձավորումն ու ռազմական արվեստի կատարելագործումը մշտապես գտնվել են Արարատյան պետության, Վանի (Բիայնիլիի) կամ Տուշպայի արքունիքի հոգածության ներքո։ Վանի թագավորության պետական հզորության հիմքը եղել է ռազմունակ զորաբանակը, որի ստեղծումը թելադրվել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք գործոնների (արտաքին թշնամիների հարձակումները դիմագրավելու, միջազգային դիրքն ապահովելու, ռազմագերիներ ձեռք բերելու, կենտրոնախույս ցեղերի ընդդիմություններն ընկճելու, շահագործվող խավերին հնազանդեցնելու և այլն) անհրաժեշտությամբ։ Արարատյան թագավորության պետական հարուստ գանձարանները, ռազմավարչական կենտրոններում ամբարված մթերքները, մետաղահանքերի բուռն շահագործումն ու արհեստների (հատկապես զինագործության) զարգացումը Վանի արքաներին հնարավորություն են տվել պահելու մեծաթիվ զորաբանակ[26]։

Վանի թագավորության զինված ուժերի զորահավաքային ռեսուրսներ և բանակի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի արձանագրության, Սարդուր (Շարդուրի) Բ արքայի օրոք զինվորական ծառայության ենթակա այրերի թիվը երկրում հասել է ավելի քան 350 հազար միավորի[26]։

Վանի թագավորության զինված ուժերի կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակի կորիզը կազմել է արքունի մշտական ու կարգավարժ զորագունդը, որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում ու ամրոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորագնդին միավորվել են կուսակալների ու գավառակալների զորամասերը, ինչպես նաև երկրի ազատ բնակչությունից հավաքագրված աշխարհազորը[27]։

Վանի թագավորության զինված ուժերի սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիկները զրահավորվել են մետաղե թիթեղներով պատած լանջապանակներով, բրոնզե սրածայր սաղավարտներով և բրոնզե մեծ վահաններով, զինվել պողպատե սրերով, դաշույններով, երկաթաշեղբ նիզակներով, տեգերով ու կացիններով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով ու 36 նետ տարողությամբ կապարճներով[27]։

Վանի թագավորության զինված ուժերի զորատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակը կազմվել է հեծելակային, մարտակառքային և հետևակային զորամասերից, որոնք ստորաբաժանվել են, հիմնականում, ըստ զինվածության[27] Ասորեստանյան արձանագրություն– ներում նշվում են ուրարտացիների մեծ վարպետությունը մարտական ձիերի բուծ– ման և վարժեցման գործում[28]։ Ուստի պետք է ենթադրել, որ Վանի կամ Արարատյան թագավորության բանակն ուներ խիստ մարտունակ հեծելազոր և մարտակառքային զորքեր, որոնցից առաջին զորատեսակի ռազմունակության հիմքը կազմում էին բարձրորակ երիվարներն ու խիստ կարգավարժ, հմուտ ու քաջ հեծեալները, իսկ երկրորդինը՝ դարձյալ բարձրորակ մարտական ձիերն և հմուտ կառավարներն ու կառամարտիկները[1]։

Վանի թագավորության զինված ուժերի հրամանատարական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտերում զինված ուժերը գլխավորել են առաջին սպարապետը (աքքադերեն՝ «տուրտան» կամ «թուրթան»), նրա տեղակալը՝ երկրորդ սպարապետը։ Այլ կարգի հրամանատարներից հիշատակվում են «գնդապետներ», «հարյուրապետներ», «հիսնապետներ», «տասնապետներ»[27]։ Պետք է ենթադրել, որ հրամանատարական կազմը բաժանված էր որոշակի կատեգորիաների։ Մասնավորապես կար բարձրագույն հրամկազմ՝ սպարապետներ և զորավարներ[1]։ Ավագ սպայակազմ՝ գնդապետներ[1]։ Միջին սպայակազմ՝ հարյուրապետներ և հիսնապետներ[1]։ Կրտսեր հրամանատարական կազմ՝ տասնապետներ[1]։ Վերջիններիս որոշակիորեն կարելի է համեմատել ներկայիս ենթասպայական կամ սերժանտական կազմի հետ[1]։

Վանի թագավորության ամրաշինական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան թագավորության արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպան, համակարգի ստեղծմամբ[27]։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել ինչպես երկրի կենտրոնական, այնպես էլ՝ սահմանային շրջաններում[27]։ Երկրի խորքերը տանող բոլոր ուղիները խոչընդոտվել են պաշտպանական հենակետերի՝ բերդերի ու ամրոցների ցանցով, որոնք մշտապես գտնվել են բերդապահ զորամասերի հսկողության ներքո[27]։

Վանի թագավորության զինված ուժերի կապի համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորեստանյան արքա Սարգոն II-ը արձանագրում է, որ Արարատյան թագավորության բերդապահները խարույկային ազդանշաններով հեռավոր տարածությունից միմյանց հաղորդում էին ասորեստանյան զորքերի տեղաշարժերի մասին[27]։

Երվանդունիների թագավորության զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Երվանդունիների վերջին արքայի օրոք

Ք․ ա․ VII դարում հայկական զորամասերը մասնակցել են դաշնակից Մարաստանի թագավորության, իսկ ապա՝ Աքեմենյան տերության մղած կռիվներին[29][30][31]։

III դարի վերջում և II դարի սկզբում (մ. թ. ա.) հայոց Երվանդ թազավորը իր աթոռանիստը Արմավիրից տեղափոխում է նոր հիմնադրած Երվանդաշատ քաղաքը[32]։ Նոր մայրաքաղաք Երվանդաշատը գտնվում էր ՛այն վայրին մոտ, ուր Ախուրյան գետը թափվում էր Արաքսի մեջ։ Այդ մայրաքաղաքի մասին Մովսես Խորենացին գրում է. «...(Երվանդը) բլուրը պարսպում է, իսկ պարսպից ներս շատ տեղերում քարերը կտրել տալով իջեցնում է մինչև բլուրի հատակը, գետին (մակերևույթին) հավասար, այնպես որ գետից ջրերը հոսեն այդ փորված տեղը, խմելու ջուրը մատակարարելով։ Միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ պղնձե դռներ է դնում ու երկաթե սանդուղքներ՝ ներքևից մինչև վեր, մինչև դուռը, սանդուղքի վրա, աստիճանների միջև, թաքնված որոգայթներ է շինում, որպեսզի եթե մեկը կամենա գաղտնի բարձրանալ թագավորին դավելու նպատակով, բռնվի...»1։ Այսպիսով, այդ ժայռոտ բլուրի վրա բարձր պատերով կառուցված բերդը դառնում է անմատչելի[33]։

Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Արտաշեսյանների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյանների օրոք (Ք․ ա․ 189թ. – Ք. հ․ 1 թ.) հաճախակի պատերազմների պատճառով Հայաստանը ստիպված Էր պահել մոտ 100 հազարանոց բանակ, որի կորիզն էր զրահավոր (ծանր) հեծելազորը (տես Այրուձի հայոց)[29]։ Ստվարաթիվ էր թեթև հեծելազորը[29]։ Զորքի գերակշիռ մասը պարսաձիգներից, նետաձիգներից և զրահավոր նիզակակիրներից բաղկացած հետևակն էր[29]։ Կային նաև պաշարողական տեխնիկա, սակրավոր զորամասեր, գումակ և այլն[29]։ Քաղաքներում ու բերդերում տեղակայվել են կայազորներ[29]։ Զինվորներին մշտական ծառայության դիմաց տրվել են հողաբաժիններ[29]։ Զորքի գլխավոր հրամանատարը թագավորն էր, որն ուներ իր գվարդիան, դրանիկ գունդը և հեծելակներից կազմված թիկնազորը[29][30][31]։

Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Արշակունիների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց գահատոհմի օրոք:

Արշակունիների օրոք (66–428 թթ.) բանակի կորիզը արքունի գվարդիան Էր, որը Եղիշեն և Փավստոս Բուզանդը անվանում են «Մատյան գունդ», «Մատենիկ գունդ»[29][34][35][36]։ Տրդատ Գ (287–332) կատարեց ռազմական բարեփոխումներ և Հռոմեական կայսրության օրինակով հայոց զորքի հրամանատարությունը հանձնեց չորս զորապետների (նախկին մեկ գլխավոր հրամանատարի փոխարեն)։ Այս բարեփոխումից հետո, ինչպես երևում է նույն դարի Զորանամակից, Մեծ Հայքի զինված ուժերը բաղկացած են եղել սահմանակալ չորս (80 հազար հեծյալ) և մեկ արքունի (40 հազար հեծյալ) բանակներից[37]։ (Յուրաքանչյուր սահմանակալ բանակ կազմվել է 21–22 նախարարությունների զորամասերից և ունեցել 18–21 հազար մարտիկ[29][31][37]։ Հայոց մշտական զորքը համալրվել է ազատներից, որոնց համար զինվորական ծառայությունը եղել է ժառանգական, ծառայության դիմաց նրանք ստացել են կալվածներ և անշարժ գույք[29]։ Երկրում գործել են ռազմական դպրոցներ[29]։ Պատերազմների ժամանակ հետևակազորը համալրվել է ռամիկներից[29][31]։

Հայքի զինված ուժերը մարզպանության և արաբական խալիֆայության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզպանության և արաբական խալիֆայության տիրապետության շրջանում Հայքում պահպանվում էին նախարարական զորամիավորումները։ Պարսկաստանը, Բյուզանդիան, խալիֆայությունը, մոնղոլական իլխանները հարկադրել են հայերին կռվել իրենց դրոշի տակ, ձգտել են բնաշխարհից հեռացնել և սահմանափակել նրանց զորուժը։ Մշտական պատերազմները, դրանց ուղեկցող տնտեսական քայքայումը բացասաբար են անդրադարձել հայոց զինված ուժերի մարտունակության վրա[31]։

Մեծ Հայքի թագավորության զինված ուժերը Բագրատունիների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած ֆեոդալիզմի պայմաններում կատարելագործվել և ավելի են զարգացել հայկական զինված ուժերը։ Բագրատունիների Հայոց թագավորության զորքի թիվը հասել է մոտ 100 հազարի (այդ թվում և արքունի՝ մարզպանական զորքը), եղել են բոլոր այն զորատեսակները, պաշարողական տեխնիկան, որ կային Արշակունյաց շրջանում (մարտերում օգտագործվել են նաև լաստանավեր)[31]։

Հայկական տեղական թագավորությունների և իշխանությունների զինված ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

X դ․ Հայաստանը քաղաքականապես թուլացավ և մասնատվեց առանձին թագավորությունների, որոնք ևս ունեին իրենց զինված ուժերը։ Սկզբնաղբյուրների տվյալներից երևում Է, որ հայկական թագավորությունների և իշխանությունների զորականները կրել են յուրահատուկ զգեստ։ Օրինակ, Կարսի թագավորության զորայինների զգեստները տարբերվում էին նաև իրենց գույնով (կարմիր համազգեստ)։ X դ․ հայ զորայինները զանգվածաբար մտել են Բյուզանդիայի զինված ուժերի մեջ, կազմել նրա լավագույն զորագնդերը։ XI դ․ կեսերին, սելջուկների արշավանքների ժամանակ հայ ռազմիկ ազատանին զանգվածաբար տեղափոխվել է Փոքր Ասիա, Կիլիկիա։ Հայաստանի բանակն արձակվել Է, նրան փոխարինել է բյուգանդական զորքը։ Սելջուկներին հակահարված են տվել Վանանդի կամ Կարսի թագավորությունը (ուր մնացել էր հայկական զորք) և Սասունին իշխող Թոռնիկյան գահատոհմի իշխանների 50 հազարանոց բանակը։ Թշնամուն դիմագրավել ևն նան Գուգարքի, Արցախի, Սյունիքի զինված ուժերը, որոնց զորավիգ է եղել հզորացող Վրաստանը[38]։

Հայկական զինված ուժերը Զաքարյանների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանների շրջանում հայ իշխանները ունեցել են իրենց զորամիավորումները[39]։

Կիլիկիայի հայկական պետության զինված ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի հայկական պետությունը XII–XIV դդ․ ունեցել է ավելի քան 60 հազարանոց բանակ։ Ռազմիկները զինավարժվել են, ստացել զինվորական կրթություն, կրել հատուկ համազգեստ, սաղավարտ, զրահ, վրայից՝ բրդե պարեգոտ։ Բանակի միջուկն Էր ձիավորների դասը, որին պատկանելու համար զինվորները հրապարակայնորեն քննություն են հանձնել ձիավարությունից։ Հեծյալները ծառայության դիմաց ստացել են հողակտորներ, ռոճիկ և բաժին՝ ռազմավարից[39]։

Հայկական ազգային զինված ուժերը համահայկական պետականության բացակայության ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանին տիրացած վաչկատուն ցեղերի հարատև ճնշման պայմաններում աստիճանաբար նվազել է հայ իշխանների զինական ուժը։ XV դ․ սկզբին Դոփյան, Օրբելյան և ուրիշ իշխանական տներ իրենց զորամասերով մասնակցել են թուրքմեն զորապետների վարած կռիվներին։ Իրենց զորաուժերն ունեին նաև Արցախում, Սյունիքում, Վասպուրականում (Արտազ գավառում), Սասունում, Զեյթունում, Համշենում պահպանված հայ իշխանները։ XVIII դ․ 1-ին քառորդում, դեպի Կովկաս Ռուսաստանի առաջխաղացման պայմաններում, ծավալվեցին հայկական զորամիավորումներ, որոնց նպատակն էր ռուսների օգնությամբ ազատագրել Հայաստանը։ Հայկական զորքերին հաջողվեց ազատագրել Սյունիքը, Արցախը, Գողթնը։ Ինքնապաշտպանական հենակետեր Էին բերդերը և բնական ամրությունները՝ «սղնախները», ուր համախմբված Էին հայկական զինված (որոնց միջուկն էին մելիքների ջոկատները)[39]։

1828-ին Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, որտեղ արդեն 1880-ական թվերից հայերը զինվորագրվել են պետական բանակին, մինչդեռ Թուրքիայում մինչև 1910-ը նրանց չէին զինվորագրում՝ փոխարենը վերցնելով տուրք[39]։

Հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում, նրա մասը կազմող Կիլիկիայում ստեղծել է ինքնապաշտպանական ջոկատներ, պաշտպանվևլ թուրք և քուրդ բեկերից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական, եվրոպական և ամերիկյան բանակներում կռվել է ավելի քան 300 հազար հայ զինվոր ու սպա։ Ռուսաստանում, որի բանակում հայերն ունեին գրեթե 260 հազար զինվոր ու սպա, բացի դրանից հայերը կազմակերպել են ազգային կամավորական զորագնդեր (տե՛ս Կամավորական շարժում 1914–1918թթ.)[39], որոնք ինքնուրույն զորամասեր էին և հիմք դարձան 1918-ին վերստեղծված հայկական պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության բանակի համար։

Հայաստանի առաջին հանրապետության բանակը, 1918-1920[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին հանրապետության բանակն ուներ իր ռազմական կանոնագիրքը՝ կազմված ռուսականի սկզբունքներով[39]։ Գրեթե անընդմեջ կռիվների պայմաններում, չնայած հրամկազմի ջանքերին, ռազմական ուսուցման պակասի և բարոյալքման, Խորհրդային Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի վարած քայքայիչ քաղաքականության պատճառով, այն չդարձավ մարտունակ զինված ուժ։ Այնուամենայնիվ, հենց հայկական բանակն էր, ինչի հաղթական կռիվների շնորհիվ (Սարդարապատր, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտեր) հնարավոր եղավ դարերի ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը;

Հայկական լեգեոն (Արևելյան Լեգեոն)[խմբագրել | խմբագրել կոդը]

1916-ի աշնանը ֆրանսիական բանակի կազմում հայ կամավորներից (ինչպես նաև արաբներից) կազմակերպվեց առանձին զորամաս՝ Արևելյան Լեգեոն, որը մասնակցեց Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի ազատագրման մարտերին, ապա Կիլիկիայում կռվեց քեմալական զորքերի դեմ[39]։

Հայկական Կարմիր բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, 1920-ի դեկտեմբերի 5-ին, Հեղկոմի առաջին հրամանով վերակազմվեց Առաջին հանրապետության բանակը և ստեղծվեց հայկական կարմիր բանակ։ Այն հիմնականում կազմված էր հայ աշխատավորներից։ Հաստատվեցին բանակի քաղաքական վարչություն, ռազմական կամ զինվորական կոմիսարներ, ստեղծվեց Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ (1922-ից՝ զինվորական կոմիսարիատ)։ Ազգային հրամանատարական կադրեր պատրաստելու համար ստեղծվեց հայկական Դիվիզիային կից հրամանատարական դպրոց[39]։

Հայկական ազգային զորամասերը Սովետական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Խորհրդային Հայաստանը միացավ ԽՍՀՄ-ին։ Ընդ որում՝ հայկական հանրապետությունը նախապես միավորվեց անդրկովկասյան հարևան հանրապետությունների հետ՝ կազմելով Անդրկովկասի Սովետական ֆեդերատիվ հանրապետությունը։ Արդյունքում Հայաստանը զրկվեց իր անկախության վերջին մնացորդներից, այդ թվում՝ սեփական, թեկուզ և Կարմիր բանակ ունենալու իրավունքից։ Հայկական ազգային զորամասերը տարրալուծվեցին խորհրդային բանակի մեջ։

Հետագայում Խորհրդային Միության զինված ուժերի կազմում գործում էր 76-րդ լեռնահրաձգային՝ փաստորեն հայկական ազգային դիվիզիան[39]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով և հատկապես նացիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելով ստալինյան ռեժիմը ստիպված եղավ տարբեր հանրապետություններում վերականգնել նրանց ազգային զորամասերը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ձևավորվեցին 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ և այլ ազգային դիվիզիաներ։ Հայ ռազմիկները հերոսաբար մարտնչեցին ֆաշիստական զավթիչների դեմ։ 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիան մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը[39]։ Այդ դիվիզիայի վերջին հրամանատարն էր գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Հայկական զինված ուժերը 1991 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1991 թվականին սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Դրան նախորդել էր հայկական զինված ուժերի փաստացի ստեղծումը՝ 1988-1991 թվականներին։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991-ից հետո այդ գործընթացն ստացավ պաշտոնական բնույթ։

1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝

  • 1-ին փուլ, որը տևել է 1988 թ․–ի փետրվարից 1992 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
  • 2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․–ի հունիսից 1994 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
  • 3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․–ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության նոր փուլ, որը շարունակվում է մինչև օրս։ ՀՀ Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ զինված ուժերը համալրում են 18 տարին լրացրած երիտասարդների զինակոչի, ինչպես նաև պայմանագրային ծառայության միջոցով, իսկ ժամկետային ծառայությունը սահմանված է 2 տարի[40]։

ՀՀ ԶՈւ-ն կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, hակաօդային պաշտպանության զորքերից և սահմանապահ զորքերից[40]։ ՀՀ ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ԶՈՒ-ն գլխավորում է պաշտպանության նախարարը[40]։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պաշտպանում է ԼՂՀ Պաշտպանական բանակը[40]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Разин Е. А. История военного искусства, в 3-х т. — СПб.: Полигон, 1999.
  • Строков А․ А․, История военного искусства, ТТ․ 1-3, М․, 1955–67․
  • Дельбрюк Ганс - История военного искусства. [13].
  • Սարգսյան Ս․ Վ․, Հայ ռազմական արվեստի պատմությունից, Երևան, 1969:Jump up ↑ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
  • Արզումանյան Ն․ Ա․, Հայկական սկզբնաղբյուրներում հիշատակվող «Մատեան գունդ» զորամասը, «ՊԲՏ», 1973,№ 2։
  • Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1971։
  • Դանիելյան Ա․ Մ․, Տրդատ 3-րդի զինվորական ռեֆորմը, «ՊԲՏ», 1974, №4։
  • Ռաֆայել Թադևոսյան։ Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր։ Երևան, 2012։
  • ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ – Ա, ԵՐևԱՆ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ, 2008. ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Ք.հ. III դ. վերջը պատերազմների, արշավանքների ու ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական և մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը։
  • Մեր հաղթանակները – Բ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2009. ընդգրկված է IV-Xդդ. պարսկական և արաμական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը։
  • ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ – Գ, ԵՐևԱՆ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ, 2011. ընդգրկված է XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում մեր μանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը և վերլուծությունը։
  • Մեր հաղթանակները – Դ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012. ընդգրկված է XVIII-XX դդ. ժամանակաշրջանը։ Հատորը սկսվում է 1720-ական թթ. Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի հաղթանակների նկարագրությամբ և ավարտվում Արցախյան պատերազմում արձանագրված փայլուն և համոզիչ հաղթանակներով։ Հատուկ տեղ է հատկացվում ինչպես ֆիդայական շարժմանը, այնպես էլ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական և պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին։

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Forrer E., Hajasa– Azzi, «Caucasica», 1931.
  • Kretsehmer P., Die nationale Name der Armenier, ««Հանդէս Ամսօրեայ», 1933, թիւ 7–18:
  • Капанцян Г. A., Хайаса – колыбель армян, Eреван, 1947.
  • Джаукян Г. Б., Хайаский зяык и ее отношение к индоевропейским языкам. Eреван, 1964.
  • Хачатрян B.H., Хайаса и Наири, «Լրաբեր հասարակական գիտությունների», Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1973, համար 11։
  • Хачатрян B.H., Наири и Армина, «Լրաբեր հասարակական գիտությունների», Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1976, համար 8։
  • Gotze A., Die Annalen des Mursilis, «Mitteilungen der Vorderasiatisch–Aegyptischen Gesellshaf», 1933, N° 38.
  • Friedrich I., Staatsvertrage Hatti–Reiches, II, «Mitteilungen der Vorderasiatisch–Aegyptischen Gesellshaf», 1930, 34.
  • Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 6։ Հայասա։ Հոդվածի հեղինակ՝ Վալերի Ն. Խաչատրյան, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու։
  • Վալերի Ն. Խաչատրյան, Հայաստանի տեղանունները հայ պատմիչների երկերում, Երևան, «Նաիրի», 2015, 184 էջ։

Меликишвили Г․ А․, Наири–Урарту, Тбилиси, 1954։

  • Ադոնց Ն․, Հայաստանի պատմությունը, Երևան, 1972։
  • Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), Москва, 1959․
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8, Նաիրի։ հեղինակ՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Ս․ Տիգրանի Երեմյան։ էջ 145-146։ [3]
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693։ Զինված ուժեր։ Հոդվածի հեղինակներ՝ Հ.Գրիգորյան, Վ.Վարդանյան։ [4]
  • Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 13։ Էջ 95։ Ուրարտու (Արարատյան թագավորություն)։ Հոդվածի հեղինակ՝ Մաքսիմ Ա. Կատվալյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական հանրագիտարանի Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս։ [5]:
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693-694։ [16]
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1968։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։
  2. Հայասա։ Վ․Խաչատրյան։ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6, էջ 134։
  3. Հայասա։ Հայասա–Ազզի։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։ Հատոր 3, Էջ 329։
  4. Մնացական Ռ․ Խաչատրեան, ռազմական պատմաբան, գնդապետ։ Հայասա–Ազզի բանակը։
  5. 5,0 5,1 Forrer E., Hajasa– Azzi, «Caucasica», 1931.
  6. Kretsehmer P., Die nationale Name der Armenier, ««Հանդէս Ամսօրեայ», 1933, թիւ 7–18:
  7. Հայասայի (Ազզիի) պատմության ուսումնասիրությունը Արևմտյան պատմագիտության մեջ։ ՀՀ ԳԻտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Օտարազգի հայագետների դերը հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության մեջ։ Գիտաժողովի նյութեր։ Երևան, 2017։ [1]
  8. Древнее государство Хайаса это Армения?! историк Роберт Казарян․ Jun 6, 2020․[2]
  9. Հնագիտական տվյալներ Պատմական Հայասա–Ազզիի տարածքից։ Ռոբերտ Ղազարյան։ Երևան, 2004։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ «Պատմա-բանասիրական հանդես» (3). էջեր՝ 228-234։ ISSN 0135-0536։[3] Արխիվացված 2020-06-11 Wayback Machine
  10. Капанцян Г. A., Хайаса – колыбель армян, Eреван, 1947.
  11. Джаукян Г. Б., Хайаский зяык и ее отношение к индоевропейским языкам. Eреван, 1964.
  12. Хачатрян B.H., Хайаса и Наири, «Լրաբեր հասարակական գիտությունների», Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1973, համար 11։
  13. Хачатрян B.H., Наири и Армина, «Լրաբեր հասարակական գիտությունների», Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1976, համար 8։
  14. Kretsehmer P., Die nationale Name der Armenier, «Հանդէս Ամսօրեայ», Վիեննա, 1933, թիւ 7–18:
  15. Gotze A., Die Annalen des Mursilis, «Mitteilungen der Vorderasiatisch–Aegyptischen Gesellshaf», 1933, N° 38.
  16. Friedrich I., Staatsvertrage Hatti–Reiches, II, «Mitteilungen der Vorderasiatisch–Aegyptischen Gesellshaf», 1930, 34.
  17. Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 6։ Հայասա։ Հոդվածի հեղինակ՝ Վալերի Ն. Խաչատրյան, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու:[4]
  18. Վալերի Ն. Խաչատրյան, Հայաստանի տեղանունները հայ պատմիչների երկերում, Երևան, «Նաիրի», 2015, 184 էջ։
  19. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8, Նաիրի։ Հոդվածի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս․ Տիգրանի Երեմյան։ էջ 145։ [5]
  20. Ղափանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Երևան, 1940։
  21. Меликишвили Г․ А․, Наири–Урарту, Тбилиси, 1954։
  22. Ադոնց Ն․, Հայաստանի պատմությունը, Երևան, 1972։
  23. Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), Москва, 1959․
  24. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8, Նաիրի։ հեղինակ՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Ս․ Տիգրանի Երեմյան։ էջ 145-146։ [6]
  25. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693։ Զինված ուժեր։ Հոդվածի հեղինակներ՝ Հ.Գրիգորյան, Վ.Վարդանյան։ [7]
  26. 26,0 26,1 Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 13։ Էջ 95։ Ուրարտու (Արարատյան թագավորություն)։ Հոդվածի հեղինակ՝ Մաքսիմ Ա. Կատվալյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական հանրագիտարանի Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս։ [8]:
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 13։ Էջ 95։ Ուրարտու (Արարատյան թագավորություն)։ Հոդվածի հեղինակ՝ Մաքսիմ Ա. Կատվալյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական հանրագիտարանի Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս։ [9]:
  28. Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 13։ Էջ 95։ Ուրարտու (Արարատյան թագավորություն)։ Հոդվածի հեղինակ՝ Մաքսիմ Ա. Կատվալյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական հանրագիտարանի Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս:[10]:
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 Սարգսյան Ս․ Վ․, Հայ ռազմական արվեստի պատմությունից, Երևան, 1969։
  30. 30,0 30,1 Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693
  32. Սարգիս Սարգսյան։ ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ էջ 22։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [11]
  33. Սարգիս Սարգսյան։ ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ էջ 22-23։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [12]
  34. Արզումանյան Ն․ Ա․, Հայկական սկզբնաղբյուրներում հիշատակվող «Մատեան գունդ» զորամասը, «ՊԲՏ», 1973,№ 2։
  35. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1968։
  36. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1971։
  37. 37,0 37,1 Դանիելյան Ա․ Մ․, Տրդատ 3-րդի զինվորական ռեֆորմը, «ՊԲՏ», 1974, №4։
  38. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 693-694
  39. 39,00 39,01 39,02 39,03 39,04 39,05 39,06 39,07 39,08 39,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3-րդ, էջ 694
  40. 40,0 40,1 40,2 40,3 «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II: Զինված ուժեր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]